«Գրողուցավ» կայքում ամենաօրյա ռեժիմով գրվող «Կորոնաֆուտբոլ» թիմային վեպին անդրադարձել է «media.am»-ի լրագրող, արվեստի քննադատ Նունե Հախվերդյանը «Կորոնաֆուտբոլ ենք խաղում, գրում նամակ Պարետին ու կազմում քրոնիկոններ» հոդվածում․
«Կորոնաֆուտբոլը» որպես խմբային վավերագրական վեպ
«Գրողուցավ» գրական հանդեսը մի քանի տարի առաջ դադարեցրել էր իր գործունեությունը:
«Պատճառը որոշակի ճգնաժամն էր, որ առկա էր քաղաքականության ու գրականության հարաբերություններում, մի տեսակ դադար էր, վերարժևորման պահ: «Գրողուցավը» ստեղծվել էր, երբ գրականությունը եփվում էր ինքն իր հյութի մեջ՝ գրական թերթերում ու հանդեսներում ու կարիք ուներ դուրս գալու իր պատյանից, դրվելու քաղաքական կոնտեքստի մեջ», – պատմում է հանդեսի հիմնադիր, գրող Արփի Ոսկանյանը:
Պատյանից դուրս գալու, նոր ժանրեր ու լեզու ստեղծելու հետաքրքիր առիթ դարձավ կորոնավիրուսը:
Ծագեց «Կորոնաֆուտբոլ» գրական-վավերագրական նախագիծը, ավելի շուտ խմբային վեպը, որը գրվում է փոխանցումներով, իրար պատասխանելու ռիթմով:
Ամեն ինչ սկսվեց Մեսրոպ Հարությունյանի մի կարճ պատմվածքից, որտեղ նա հիշատակում էր իր ընկերներին ու նրանց մասին զվարճալի դատողություններ անում։ Ընկերները որոշեցին պատասխանել:
«Խմբային վեպ գրելու գաղափարը նոր չի, քսաներորդ դարի համաշխարհային գրականությունը տվել է նման օրինակներ, այստեղ նորույթը պայմանավորված է եզակի իրավիճակով, որ բերել է իր հետ կորոնավիրուսի համաճարակը, դրա հետ կապված սահմանափակումներով, ճնշիչ մեխանիզմի գործարկմամբ և այլն»,- ասում է Արփին։
Վեպը ոճավորված է ֆուտբոլային խաղի կանոններով, մասնակիցները ոչ թե պարզապես մասնակցում են կամ իրենց բաժին տեքստն են գրում, այլ բառացիորեն խաղում են տեքստի հետ, լեզվի ու մտքի, իրար պաս են տալիս տեքստը, ինչպես կփոխանցեին ֆուտբոլի գնդակը, ընդունում են այն, գոլ են խփում և այլն։ Հընթացս նաև վավերագրում են արտակարգ դրության սահմանափակումներն ու Covid19 վարակի տարածման ընթացքը։
Այս պահին տեքստը գրում են վեց հոգի, որոնք պարբերաբար մարտահրավեր են ուղարկում իրենց ընկերներին՝ հորդորելով նրանց միանալ ու խաղալ իրենց հետ:
«Սա ոչ միայն մտավոր զբաղմունք է, այլև զվարճանք և ինչ-որ առումով նույնիսկ լուրերի թողարկում։ Անկեղծ ասած՝ ես դադարել եմ հետևել պաշտոնական հաղորդագրություններին այն մասին, թե ինչ իրավիճակ է տիրում կորոնավիրուսի հետ մղվող ճակատամարտի առաջնագծում ու թիկունքում։ Բոլոր արժեքավոր նորություններն իմանում եմ «Կորոնաֆուտբոլից», որը նաև ապահովում է իմ օրվա ընտիր տրամադրությունը, հետևաբար՝ նաև բարձրացնում դիմադրողականությունս»,- ասում Արփին։
Նա պատմում է, որ եթե նախկինում օրը 24 ժամ հետևում էր նոր վարակվածների, բուժվածների, գրանցված մահերի վիճակագրությանն ու զանազան ինֆոգրաֆիկաների, հիմա պարզապես հետևում է կորոնաֆուտբոլի լսարանի քանակական տատանումներին։
«Կորոնաֆուտբոլից» բացի «Գրողուցավը» Covid19-ի հետ կապված մեկ այլ ծրագիր ունի՝ տպագրում է մարդկանց պատմությունները արգելափակման պայմաններում: Դրանք գեղարվեստական ստեղծագործություններ, շարադրություններ, խոհեր կամ այլ բան են։
Արփին վստահ է, որ երբ փոխում ես քո առաջ դրված խնդիրը, անխուսափելիորեն ստեղծվում են նաև նոր ֆորմաներ, հնարավոր է՝ նաև ժանրեր։ Ժամանակին, այդպես առաջացան քաղաքական հանելուկի կամ պաստառ-պատմվածքի ժանրերը.
«Ընդհանրապես շատ դժվար է նոր բան սպասել ամորֆ ու հոմոգեն միջավայրից։ Իհարկե, կստեղծվեն գեղագիտական տեսանկյունից լավ տեքստեր, գեղեցիկ տեքստեր, պրոֆեսիոնալ «սարքած» տեքստեր, անկեղծ տեքստեր և այլն, բայց որպեսզի գրականությունը մի տեղից գնա մի ուրիշ տեղ, պիտի փոխվի կոնտեքստը։ Հիմա փոխվում է»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։
Նկարը՝ media.am-ի