Կորոնաֆուտբոլ

ԿՈՐՈՆԱՖՈՒՏԲՈԼ18/ Ապրիլչորսյան խաղ / Գրիգոր Գրիգորյան

Հետաքրքիրը գիտես ո՞րն ա, ախր ես ջրալի մրգեր շատ եմ սիրում։ Մեր ձախ հարձակվող Մեսենց տանը, դե իմ Վերժին հորքուրիս տունը Մեղրիում, ֆանտաստիկ բաղչա կա։ Կառալյոկի(ինչ ապուշ բառ ա արքայանարինջը), թզի, դեղձի, նռան ծառերն իրար կողք կողքի շարված լուռ ու հնազանդ սպասում են աշնանը, որ իրենց քաղցրահամ պտուղները հերթով մեզ տան։ Ասում են՝ Մեղրիում հիմա կիվի են աճացնում, բայց բանանի մասին դեռ խոսք չկա, չորացած բանանը բանի պետք չի։ Մեղրիում չորացած բաներ առհասարակ չեն աճում։ Ինչի՞ միտքս ընկավ Մեղրին։ Մեր Սաթիկը, Մեսի հալալ և իմ երկպորտ քույրիկը, էն օրը կարանԾինի մասին էր հիշել, ու իմ միտն էլ էկավ մի անգամ Մեղրիում կարանԾին անցած քաղցր հիշողություն։ 80-ականների վերջի բան եմ պատմում, թուրքերի հետ կռիվը նոր-նոր պիտի սկսեր։ Տնաշենի Մեսը, Սաթն ու Վաչը(դե, պարզ ա՝ Վաչը ով ա) շատ էին սիրում կարդալ, երբ գալիս էին մեր տուն՝ Էրևան, ամեն մեկը մի գիրք վերցնում էր ու մի անկյունում կիսապառկած «կռծում» էր էջերը։ Հիմա ես իբր Տիկո ախպորս հետ էկել եմ Մեղրի՝ ամառային արձակուրդ անցկացնելու, էս գերազանցիկներն ընթերցանության ժամ են կարգել ու ցերեկը գրքերը ձեռներին մի յանի վրա դնջանում են։ Տիկոն էլ կպել ա սրանց, «Նավապետ Բլադը» թևի տակ ֆռֆռում ա։ Առաջին օրը Վերժին հորքուրս ձեն չհանեց, երկրորդ օրը հույս ուներ՝ կֆայմեմ(Երևանցուն որտեղի՞ց ֆայմ), երրորդ օրը չդիմացավ«Անգլուխ ձիավորը» տվեց ձեռս ու ասեց՝ քեզ երեք օր ժամանակ՝ կարդաս ու պատմես։ Ամբողջ երեք օր կարանԾինի մեջ էի, ինքնակազմակերպվել ու առաջին հարկի ինձ հատկացված ննջարանում «Անգլուխ ձիավորի» գլուխն էի փնտրում։ Ու էդպես տասը-տասնմեկ տարեկանում ես կարդացի իմ առաջին գիրքը՝ Վերժին հորքուրիս շնորհիվ։

Գիտե՛մ՝ շատ եք որոնել, շատ եք տանջվել, բայց ոչ մի արդյունքի չեք հասել։ Դրա համար Էս ամենը պատմում եմ, որ պարզ լինի, թե Մեսի «ֆուտբոլային» առաջին մարզիչն ով ա եղել։ Նման տեղեկատվությունները վիկիպեդիաներում չեն լինում։

Մարզիչ ասեցի՝ հիշեցի Հրաչ պապիս, նարդու ու բլոտի իմ առաջին մարզիչն ա եղել։ Ամառային արձակուրդներին մի ամսով գնում էինք գյուղ՝ Յայջի, Սևանի մոտի գյուղերից ա(նոր անունը Զովաբեր ա, բայց հեչ չեմ սիրում)։ Հրաչ պապս աշխատավոր մարդ էր, առավոտ հինգից ոտի էր կանգնում ու մինչև մութն ընկնելը գործ անում։ Թե գործ չէր լինում՝ անպայման մի բան գտնում էր ու սկսում բզբզալ։ Հաճախ ինձ կամ Տիկո ախպորս կանչում էր ու նարդի էր խաղում հետներս։ Պարտվել չէր սիրում։ Հենց պարտվում էր, սկսում էր զառին քֆրտել։ Էլ տիրունան, էլ հերումեր, ես էլ վատ դրության մեջ էի հայտնվում։ Բայց մի անգամ նենց ջղայնացրեց՝ տեղս չէի գտնում։ Հաղթում էի, մեկ էլ նորից սկսեց զառին ինչ ասես չասել։ Սկսեցի հատուկ տարվել, դե վսյո տակի ամոթ ա, ճի՛շտ ա, էրեխա էի, բայց արդեն հասկանում էի, որ սիրուն բան չի ստացվում։ Տարվեցի, տարվեցի, տարվեցի՝ վերջը թայլեն հաղթեց։ Մեկ էլ հելավ ոտի, կոշտ մատերով մազերս խառնեց ու ինքնագոհ ասաց. «Ջահե՛լ, գնա խաղալ սովորի»։ Ջղայնացա, տեղս չէի գտնում, ասեցի՝ արի մի հատ էլ խաղանք։ Ինքն էլ թե՝ Տիկոյի հետ խաղա, ուժեղացի մի քիչ, նոր կգաս հետս կխաղա․․․ Տիպ էր պապին, սիրում էի շատ։

Էս մի պատմությունն ինչի՞ հիշեցի։ Երևի նրա համար, որ ուղիղ 32 տարի առաջ այս օրը, երեկոյան կողմ մահացավ իմ մյուս պապը՝ Աշոտ դային՝ Վլադ պապայիս, Վերժին հորքուրիս ու Էդիկ հոպարիս պապան։ Ութ տարեկան էի։ Կուչ էի էկել բազկաթոռի խորքում ու գլուխս ափերի մեջ առած սուտ-սուտ լաց էի անում։ Ութ տարեկան էրեխա էի, էդպես էլ աչքերիցս արցունք չեկավ։ Չգիտեի կորստի արժեքը․․․

Ու այսպես մեր մեծերի մասին հիշելով, մախատը հետևում խրած Կորոնայից նրանց պաշտպանելու մասին մտածելով՝ ինձ համար համեստ կանգնած էի Գրողուցավի աջ անկյունում, երբ լսվեց Արփիի սուլոցն ու Գիլանցը գռադային ուժեղ փոխանցումով գնդակը դեպի ինձ ուղարկեց։ Խաղը կրկին սկսված էր։ Երկրորդ խաղակեսը խոստանում էր թեժ լինել։

Please follow and like us: