Կար ժամանակ (հե՜յ գիտի ջահել վախտեր), ամուսնուս հետ մի խելքի էինք, էլ Վիվառո, Էլ Տոտո, «ստավկեք» կէնեինք, ադիբուդին թասերը լիցքավորած՝ կնստեինք երրորդ հարկի վարձով տան մեր լայնէկրան հեռուստացույցի առաջն ու ոգևորված «բալետ կէնեինք» ֆուտբոլի աշխարհի առաջնության էսինչ թիմին,էնինչ թիմին, հարևաններին դիվադադար կէնեինք մեր ոգևորությամբ, էն ժամանակ ո՞վ կմտածեր՝ էսօրն էլ կընկնինք, արի ու տես, հլը աշե հլը՝ բնությունը, թե եսիմ որ սև ցավը պտի մե անտեսանելի կորոնագնդակ ծեփեր, պասերով զարկեր, ալամ-աշխարհի դարպասները «օպտըվի» գրավեր,սաղիս սարքեր ակամա ֆուտբոլիստ ու դարպասապահ,մենք էլ՝ ցավը գրող դառնայինք (Արփիի գրողուցավը տանիմ,մեկուսացած օրերներս կփարատե․․․):
Եվ ըսպես ամեն մեկս մեր հերթին ֆուտբոլ խաղցողի զգացումով (է ո՞վ կրնա ըսե՝ էդ անտեր կորոնացավը ուրդից ուր կարող է իրա գնդակը վերցնե ու տշե հենց քու դարպասդ)՝ էլի հիշեցի հորս «կառոննի»(ու՞մ մտքով կանցնիր՝ էս բառից կարող է և վախենանք) խոսքը՝ընպես էրա, որ ո՛չ շիշը վառվի,ո՛չ քյաբաբը։
Անկեղծ ըսած՝ միշտ էլ աշխատել եմ ըդպես ապրիմ, որ հեչ մե հարցում ծայրահեղ չէղնիմ, բայց մարդ ենք, համբերություն կա, բան կա, երեկ, օրինակ, սուպերմարկետում մեկմ վայթե առյուծի ալկոգել էր խմել, դիմակով աշխատողին կըսե՝ «այ ցավդ տանեեեեմ, էսի սաղ շոու աաա, արհեստական խուճապ ու պանիկա են տարածում (մեռածը ինչ էլ բառեր գիտե), վիրուս-միրուս չկա, սաղ սուտ բաներ աաա»։ Ես կյանքիս մեջ առաջին անգամ ափսոսեցի, որ ֆուտբոլիստ չեմ ,ու գնդակ էլ չկա մոտս թարսի պես, մե հատմ տշեի էս անդարդ գավռագիտունի դարպասը, ձենը կտրեր։ Համ էլ տատիս ըսած՝խելըռի բաղարջը ջուխտ է, ըսոնց պես անդարդներին գրող էլ չի կպնի․․․Վերջը ելա վազելով, հավանական կորոնագնդերը ալկոգելով ընձնից վանելով՝դիմակս ուղղեցի ու զանգեցի քրոջս, թե՝ Գյումրի ի՞նչ կա-չկա։ Ըսեց՝ մազալու ես, աղջի ջան, ի՞նչ պտի էղնի, թափ-թազա, ժավելաջրով ախտահանած անեկդոտ կա․ կըսե՝ քաղաք կխոսան, որ էս ամեն ինչը գոնե դրական կողմ ունի՝ էն, որ երշիկեղենի մեջ, ջանս որ դու ես, զուգարանի թուղթ հաստատ չկա։ Հըբը էս մեկը․ ընկերն ընկերոջը կսե ՝ախպեր, կոռոնա ունի՞ս, էս էլ թե՝ կոռոնան ո՞ւմ շունն է, որ ունենանք, բայց դե, ըսենք թե ունինք, հետո՞․․․ Հետո ըսա՝ չինակա՞ն է, թե՞ պարսկական, կսե՝ ձեռ կառնի՞ս, ծո՛, մերը մաքուր իտալական է․․․
Ըստեղ են ըսել՝ թու-թու-թու։
Նորից հիշեցի մեր ինստիտուտի մոտերն ապրող թուղթուգիր բացող Վարդուշին, հենց որ նեղը կընկնիր, կըսեր՝բախտի բան է։ Հըմի ես էլ կըսեմ՝բախտ բաժնող, գոնե էս հարցում էլ մեզի աչքաթող էրած էղնիս, ու հեռավար ուսուցման ժամերին վատ վայֆայի ձեռը կրակն ընկած դասատուի պես ըմբռնումով մոտենաս․․․ տատիս ըսած՝պառվի ուլերի պես անցողիկ, փասափուսեն հավաքե, իզութոզով կորի էս ամեն ինչը։
Լավատեսական անուղղելիությամբ, սակայն, համապատասխանաբար պիտի ասվի՝չկա չարիք, առանց բարիք․ էս ամեն ինչը մանավանդ Չինաստանի կողմերի շուն ու կատվի, տարատեսակ գելուգազանի սրտով էղավ, գիտես, օղուլ, որովհետև հըմի իրանց էլ հեչ մարդ չի կրնանա մորթե ու ուտե․․․
Մինչ ես արդեն բառ-գնդակս ընդմիջման կուզեի ղրկեի, ընկերուհիս գրեց,թե՝Մար, ձևաթուղթդ լրացրա, արի օնլայն կոֆե խմենք։ Ըստեղ վերջակետ դնեմ, էրթամ գրողուցավս սուրճով կտրեմ․․․ Հե՜յ գիտի ժամանակներ․․․
