– Էսա մութն ընգնիլ տի, էկեք վազենք, որ հասցնենք…
Արևը գլորվելով անհետանում է սարերի թիկունքում, մենք հևասպառ իջնում ենք վերևի թաղերից ու վազում դեպի Տափի Դուզը: Գյուղում ցերեկները սաստիկ շոգ է լինում, արևը խանձում է մեր դեմքը, թևերը, ոտքերը, ու մեր աչքերը պսպղում են ուլունքների նման: Երեկոյան երկու-երեք ժամ ենք ունենում փողոցներում խաղալու համար: Խաղ, որ տոն է, որին սպասում ենք առավոտյան աչքներս բացելուն պես, ողջ օրն ապրում երեկվա խաղի դրվագներով ու անհամբեր սպասում հովն ընկնելուն:
Տափի Դուզը Աքորի գյուղի սկիզբն է՝ երբ քաղաքից ես գալիս, և վերջն է՝ երբ գյուղից ես գնում: Դաշտեր են՝ արևածաղիկների, եգիպտացորենի` կանաչ, սիրուն, ընդարձակ: Մենք ընկնում ենք փողոցի մեջտեղն ու խաղալով, վազելով գնում, մի դաշտից մյուսն անցնում, այդպես մի քանի ժամ, մինչև մութը լիարժեք իջնում է գյուղի վրա ու հուշում, որ տուն գնալու ժամանակն է:
Ամենասպասված, նվիրական ակնթարթն է, երբ թափանցում ենք ցանկապատներից ներս, արևածաղիկ պոկում ու փախչում: Գյուղի չորս կողմը հողամասեր են՝ քարքարոտ, բայց մշակված, բոլորս այգի ունենք, և մեր ծնողներն արևածաղիկներ են ցանել այնտեղ մեզ համար, բայց մեզ գրավում է հենց հովիտների սիրունությունը, որ ընկերներով «արշավի» ենք գնում, որ հանդուգն արարք ենք անում, վտանգ կա մեր արարքի մեջ, հաղթահարում ենք, «սխրագործում» և հերոսանում մեր աչքերում:
Երբ արևածաղիկները ձեռքներիս դուրս թռանք դաշտից, ձայներ լսեցինք և պատսպարվեցինք, երբևէ չէինք բռնվել, և մեր ծրագրերի մեջ չէր բացահայտվելը: Ձայնը հուզված էր ու բարձր.
– Թշնամին էլի ա հարձակվել, Արցախից մի քանի գյուղ էլ ա հայաթափվել, օգնության հասած տղերքը լավ կռվում են, կարացել են հետ շպրտեն թշնամուն ու որոշել են մի քանի օր շունչ քաշեն, հանգստանան: Վերին Շենում հրսանիք են նշելիս էլել, երբ թշնամին էլի ա հարձակվել, տղերքը վեր են կալել զենքերն ու վազել դբա կրակոցնին, ռումբերի ու ականների պայթյուննին ա էլել, տանկերի ու ուղղաթիռների վայնասուն: Անդրանիկը տեհել ա, որ տղերքը կրակի տակ են, ու նրանցից մինը վիրավոր ընգավ, իրան կորցրած սկսելա կրակիլը: Ուղղաթիռի դղրդոցա ա լսվե, Անդրանիկը հրացանը պահել ա ուղղաթիռի վրա ու դրդակել սաղ փամփուշտնին, ուղղաթիռն օդում վառվել ա, տղերքը Անդրանիկին գդել են ընգած` հայացքը երկնքին… Անդրանիկն Արցախ մտած առաջին ջոկատների մեջ էր, կամավոր գնաց, քանի տարի ա` պաշտպանում ա մերոնց, մեր հողն ու ջուրը:
Արևածաղիկն ընկավ ձեռքիցս, մեր գյուղի Անդրանիկը՝ Անդրանիկ Պետրոսյանը, գնացել է վտանգավոր տեղ, մահացու վտանգավոր տեղ հայերին պաշտպանելու, որ իր ընտանիքից չեն, իր հարազատները չեն: Քաջ է Անդրանիկը, այդ վտանգավոր տեղում հիմա շատ տղաներ կան, որ հրացանը ձեռքներին վազում են ռմբակոծող ուղղաթիռների հետևից, պաշտպանում են ինձ նման երեխաներին ու վիրավոր, խոցված ընկերներին:
Մեր գյուղացիները հուզված խոսելով դաշտերից գնում են դեպի գյուղամեջ, մենք էլ սուսուփուս, մի քիչ հեռավորություն պահելով, բայց որ լսենք զրույցը, քայլում ենք նրանց հետևից:
Հասկացել էի, որ մարդիկ պաշտպանում են իրենց երեխաներին, ընտանիքի անդամներին: Ինձ հայրս, մայրս ու եղբայրս էին թևի տակ առնում: Ես ոչ մեկին դեռ պաշտպանած չկամ, տան փոքրն եմ: Երբեմն թաղում խաղալիս երբ մեզնից մեկը վնասվածք էր ստանում ու լացում, մեր ծնողները, մեր մեծ քույրերն ու եղբայրները գալիս էին մեզ գրկում, տանում տուն ու մյուս երեխաներին նախատում՝ կոպիտ ու անզգույշ խաղալու համար: Խաղալու ընթացքում հաճախ էի նկատում․ երբ ընկերներիցս հետ էի ընկնում, չէի հասցնում վազել, սայթաքում էի քարերին ու ծերպերին բարձրանալիս, եղբայրս անհանգիստ հետևում էր, սպասում, որ վեր կենամ ու հավասարվեմ մյուսներին, իսկ եթե լաց էի լինում և ուժասպառ նստում, հասնում էր, ձեռքիցս բռնում ու տանում առաջ: Անվտանգ էի ինձ զգում, որ եղբայրս միշտ մոտակայքում է, ու ինձ հետ վատ բան չի պատահում:
Հիմա Անդրանիկի ընտանիքն առանց նրա պահպանության է մնացել, նա գնացել է իր ապահով ու ջերմ տնից, թողել արևոտ ու խաղաղ մեր գյուղը, ուղևորվել շատ հեռու, մեր սարերից ու անտառներից այն կողմ, որտեղ թշնամի կա, որտեղ անօգնական ու վիրավոր մարդկանց պաշտպանելիս, երբ գրկում և ուզում են տուն տանեն, խոցվում են ու մահանում:
Գիտեի, որ մարդիկ մահանում են, երբ ծերանում են, երբեմն երիտասարդ մարդիկ էլ են մահանում, երբ ծանր հիվանդանում են կամ դժբախտ պատահարների զոհ դառնում: Բայց առաջին անգամ էի լսում, որ մարդն իր կամքով, առանց ստիպելու գնա մյուսներին փրկելու, իմանալով, որ ամեն քայլը մահվանը դեմդիմաց հանդիպելն է:
Քայլ առ քայլ մոտենում ենք գյուղամեջին, երևաց մեր տունը, որն առաջին անգամ իմ աչքին դարձավ հզոր, ուրիշ, գերբնական, ասես ամրոց ու ապարանք լիներ, որոնց հանդիպում էի մուլտֆիլմերում ու հեքիաթներում: Իմ տունը մինչ այս պահն ինձ համար թաքստոց էր, որտեղ թաքնվում էի, երբ ամառվա շոգից թուլացած ցատկում էի ներս ու հենվում սառը պատին, որտեղ ջերմանում էի՝ ձմեռվա սառնամանիքից փախչելով ու սառած ոտքերս վառարանի տակ ուշքի բերելով: Այս թաքստոցում երազներ էի տեսնում ու հիանում աստղազարդ երկնքով: Ծվարում ու կուչ էի գալիս իմ տանը, երբ կարկուտի հատիկները շխկշխկալով ընկնում էին տանիքին, ու ես վերմակի մեջ թաքնված հրճվում էի, որ տաք է իմ տանը, ու կարող եմ քնել՝ ինչքան ուզեմ: Իմ տնից մորս սարքած անուշ ուտելիքների բույրն էր սփռվում, հասնում ինձ ու կանչում տուն: Բայց հիմա զգացի, որ ոչ միայն իմ պատսպարանն է, այլ՝ հայրենիքը, ու եթե թշնամին փորձի խոցել, վնասել, մեր գյուղի, կողքի գյուղերի, ու սարերից այն կողմ գտնվող քաղաքների ու գյուղերի տղամարդիկ գալու են պաշտպանեն:
Մտա տուն ու վազեցի մորս գիրկը: Գլուխս դրի ծնկներին ու լաց եղա: Լաց էի լինում Անդրանիկի ու իր մայրիկի՝ Մանիկ տատիկի համար, որ այլևս չի կարողանալու ձեռքերի մեջ առնել իր տղային ու համբուրի ճակատը, լաց էի լինում Անդրանիկի երեխաների համար, որ կարոտած սպասելու են հայրիկի վերադարձին, լաց էի լինում Արցախում ընկած տղաների համար, որ փրկության վազելիս՝ խոցվում էին, և լաց էի լինում իմ գյուղից ու սարերից հեռու ապրող մարդկանց համար, որոնց տների վրա կրակում էին, սպանում ու ստիպում լքել ծննդավայրը:
Գյուղը չքնեց այս գիշեր: Թաղերում հավաքված պատմում էին Անդրանիկից.
– Շատ էր կարդում Անդրանիկը, գրականություն շատ էր սիրում, բա ինչքան ճարպիկ ու ուժեղ տղա էր:
Լուսաբացն առաջվա նման արագ ու զվարթ չեկավ: Առաջին անգամ էր, որ խաղի փոխարեն այլ պատկեր էր օրորվում գլխումս՝ Անդրանիկի պատմությունը: Խաղերի ամենավառ պատկերները խամրել էին և ինձ առաջվա նման չէին ուրախացնում: Երեկոյան, երբ արևը չքացավ, մենք քայլեցինք դեպի Տափի Դուզը, որոշել էի՝ երբ հասնենք դաշտերին, ասեմ, որ այլևս արևածաղիկներ չթռցնենք ուրիշների այգիներից, ամաչում էի մեր արարքից: Երբ մոտեցանք ցանկապատներին, սիրտս սկսեց թպրտալ, բայց մենք հասանք դաշտերին ու անցանք անձայն՝ առանց ցանկապտներին նայելու:
