Թեա Թոփուրիա/Մի օր բոլոր հողերը հետ կբերենք

***

Այս կյանքը
այսպես՝ անլվա բերված սեղանին,
ցանկացած տոն կփչացնի, գիտես։
Ինչով ուզում ես եփիր,
ինչով ուզում ես համեմիր,
թեկուզ տան մեծության կաթսա դիր կրակին։
Էդքան ապուրի մեջ էլ կգտնվի մի գդալաչափ՝
անխուսափելի մահվան համով։

***

Եթե մի օր պատահի այնպես, որ
ժամանակը շրջվի կռունկների երամի պես,
քսան կիլոգրամ նիհարեմ,
տեղավորվեմ ուսանողական ջինսիս մեջ,
հետ բերեմ գրավյալ նարինջները,
ծովն էլ այնտեղ լինի՝ պատշգամբի մոտ,
ասես ոչ մի տեղ չէր էլ կորել,
ինչ-որ մեկն ինձ իրոք սիրի,
քնի իմ մասին մտածելով՝ որտե՞ղ եմ, ո՞նց եմ…
Մայրս, տատս, մորաքույրներս
լինեն այնքան ջահել, որքան նկարում…
Դեռ չիմանամ, որ Աստված ամենից շատ է պետք,
ու առանց աղոթքի դուրս գամ առավոտյան տնից…
Կվերադառնա՞ այն թեթևությունը,
որ մի ժամանակ կարծես թե ունեի։
Ու այնքան հեռու է այդ ժամանակը,
որ չգիտեմ էլ՝ իրո՞ք եղել է, թե՞ ինձ թվաց։

***

Մի օր բոլոր հողերը հետ կբերենք՝ նույնիսկ այն,
որ արտագաղթածներն են տարել բուռ-բուռ։
Սահմանից այն կողմ թաղված մեր մեռելները
իրենց գերեզմանները կբերեն հետները։
Թռչունները բները կքանդեն
ու հողի կոշտ կտորները հետ կշպրտեն մեզ։
Իսկ մենք բոլորին կհարցնենք՝ ի՞նչը ձեզ ստիպեց,
չէ՞ որ այս փշրանքները չէինք էլ հաշվում։
Ինչո՞ւ վեր կացաք գերեզմաններից,
այնտեղ տա՞ք չէր ձեր ոսկորների համար։
Հիմա որտե՞ղ պիտի թաղվեք,
որդերը որտե՞ղ են ձեզ ուտելու։
Կասեն՝ սրա համար ենք մեռել,
սրա համար էլ հարություն առանք։

***

Այն ժամանակ հագածս կոշիկները
հենց նույն ամառ պոկվեցին,
շապիկը հազիվ մի տարի դիմացավ,
կիսաշրջազգեստն անցյալ տարի դեն նետեցի,
իսկ պատմությունը… այնքան թարմ է ու հստակ,
ասես ոչ թե հենց նոր է պատահել,
այլ դեռ չի էլ պատահել։

***

Գոնե պատուհանը փակեի,
առաջին հարկն է, գող չմտնի։
Դուռը փա՞կ է տեսնես, շունը հո քնած չի՞։
Ո՞վ է տեսել՝ այսպես անժամուպատարագ
ընկնել ու քնելուց առաջ քնել։
Առաջ երազում էի քնելուց առաջ,
հիմա դա էլ անհամացավ
երկար ծամած ուտելիքի պես․
ոչ մի երազանք էլ չիրականացավ։
Ինչ-որ տեղ՝ հեռվում, ծփում է մի տուն,
Սրա պես չէ՝ ամեն ինչ մի սենյակում խցկած։
Այն մեկը մեծ է, լուսավոր սենյակներով։
Այնտեղ ամուսինն ու երեխաներն են։
Երբ դեռ երազում էի, լավն էին։
Արդեն՝ չէ։
Ու մնաց տունն առանց մարդկանց։
Գրողը տանի դրանց էլ։
Ի՞նչ ստացվեց,
կյանքս մսխեցի նրանց վրա,
ու նույնիսկ գոյություն էլ չունեն։

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *