Աշտարակի դրամատիկական թատրոնը ներկայացրել է դրամատուրգ Արթուր Միլլերի «Պատահար Վիշիում» պիեսի հիման վրա բեմադրված «42-24» ներկայացումը։ Սա փիլիսոփայական հզոր հայտ է՝ ուղղված ժամանակակից մարդուն։ Ներկայացման գործողությունները զարգանում են սահմանափակ տարածքում։ Այստեղ բեմը չի փոխվում, ինչը ստեղծում է կլաուստրոֆոբիկ զգացողություն։ Հանդիսատեսը հերոսների հետ միասին երկու ժամ շարունակ առանց ընդմիջման ապրում է տագնապալի սպասման մեջ։ Սա ֆիզիկական և հոգեբանական փորձություն է, որն ընդգծում է իրավիճակի անելանելիությունը։
Ներկայացման վերնագիրը` «42-24», հստակ ուղերձ է․ 1960-ականներին գրված պիեսը պատմում է 1942-ի իրադարձությունների մասին, սակայն ռեժիսոր Գոռ Մարգարյանը կամուրջ է գցում դեպի մեր օրերը: Միլլերի հիմնական գաղափարն այն է, որ «քաղաքակիրթ աշխարհում մարդիկ հաճախ թույլ են տալիս, որ ոճիրներ կատարվեն՝ ինքնախաբեությամբ հավատալով, թե դա պարզապես «փաստաթղթերի ստուգում է»: 2024 թվականի հիշատակումը հուշում է, որ անտարբերությունն ու բյուրոկրատական սառնասրտությունն այսօր նույնքան վտանգավոր են, որքան 80 տարի առաջ:
Ռեժիսոր Գոռ Մարգարյանը հրաժարվում է արտաքին էֆեկտներից՝ ամբողջ ուշադրությունը կենտրոնացնելով սպասման վրա։ Ներկայացման լարվածությունը կառուցվում է ոչ թե արտաքին գործողությունների ինտենսիվության, այլ ժամանակի դանդաղ, գրեթե անտանելի հոսքի միջոցով։ Սպասումն այստեղ վերածվում է բեմական գործողության հիմնական շարժիչ ուժի. յուրաքանչյուր դադար, լռություն և հայացք աստիճանաբար կուտակում են ներքին ճնշում՝ հանդիսատեսին ներքաշելով նույն հոգեբանական փակուղու մեջ, որտեղ հայտնվել են կերպարները։ Բեմանկարչական լուծումները (բեմանկարիչ՝ Նելլի Բարսեղյան) առանձնանում են զուսպ, բայց արտահայտիչ պայմանականությամբ։ Տարածքում գրեթե չկան ավելորդ առարկաներ, սակայն յուրաքանչյուր դետալ ունի իր դրամատուրգիական գործառույթը։ Բեմը վերածվում է ոչ այնքան իրատեսական միջավայրի, որքան բարոյական ընտրությունների և մարդկային ճակատագրերի հատման կետի։ Առարկայական միջավայրը չի ձգտում պատմական միջավայրի ճշգրիտ վերարտադրությանը, այլ ստեղծում է անհանգստության, անվստահության և մշտական սպառնալիքի զգացողություն։ Հատկապես ուշագրավ է բեմական տարածքի կազմակերպումը։ Թվում է՝ գործողությունը սահմանափակվում է մեկ սենյակով, սակայն այդ փակ տարածությունից անդին անընդհատ զգացվում է մեկ այլ՝ անտեսանելի աշխարհ, որի գոյությունը երբեք չի երևում, բայց մշտապես ազդում է հերոսների վարքի և որոշումների վրա։ Այս երկշերտ տարածական կառուցվածքն է, որ ներկայացմանը հաղորդում է հավելյալ լարում. ամենասարսափելին մնում է բեմից դուրս, իսկ հանդիսատեսի երևակայությունն ինքն է լրացնում այդ դատարկությունը։

Մարգարյանի ռեժիսուրայում կարևոր տեղ ունի նաև դերասանական անսամբլը։ Այստեղ չկան ընդգծված անհատական դերակատարումներ․ յուրաքանչյուր կերպար ընդհանուր կառուցվածքի անբաժանելի մասն է։ Ռեժիսորը դերասանների հետ աշխատում է առավելապես ներքին գործողության մակարդակում՝ հրաժարվելով ընդգծված հուզական պաթոսից։ Լարվածությունը ծնվում է մարմնի մանր շարժումներից, ձայնի փոփոխվող ինտոնացիաներից, լռությունից և հայացքներից, որոնք հաճախ ավելի խոսուն են, քան արտաբերվող տեքստը։ Դերասանական անսամբլի մեջ հատկապես առանձնանում են Միշա Հակոբյանի, Արթուր Վարդանյանի և Գեղամ Պետրոսյանի մարմնավորած կերպարները։ Դերասաններին հաջողվում է զերծ մնալ արտաքին հուզական էֆեկտներից՝ կերպարների ներքին լարվածությունն ու բարոյական երկընտրանքը փոխանցելով բնական, զուսպ և համոզիչ խաղով։
Կոմպոզիտոր Նարեկ Կոսմոսի հեղինակային երաժշտությունը ներկայացման ողնաշարն է: Այն ոչ թե պարզապես ուղեկցում-ձայնակցում է գործողություններին, այլ ստեղծում է ձայնային թակարդ: Ներկայացման ողջ ընթացքում հնչող երաժշտությունը սառն է ու անողոք:
Ռեժիսորը չի սահմանափակվում պատմական փաստի բեմական վերարտադրմամբ, այլ ստեղծում է բարոյական տարածք, որտեղ հանդիսատեսը ստիպված է ինքն իրեն հարց տալ՝ ի՞նչ կանի մարդը, երբ բռնությունն իրականացվում է օրենքի, կարգի կամ պետական հրահանգի անվան տակ։
«42-24»-ը նախևառաջ մարդու բարոյական բնույթի մասին ներկայացում է։ Այն չի փորձում համոզել, որ պատմությունը դասեր է տալիս. ընդհակառակը, այն հուշում է, որ բռնությունն ու անտարբերությունը տարբեր ժամանակներում պարզապես փոխում են իրենց ձևերը, բայց չեն անհետանում։ Ներկայացումը նաև հիշեցնում է մարդու գոյության ամենացավոտ հակասություններից մեկը. մենք չենք ընտրում մեր ազգությունը կամ ժամանակաշրջանը, սակայն հաճախ հենց այդ հանգամանքներն են որոշում մեր ճակատագիրը։ Այդ իմաստով «42-24»-ը ոչ միայն պատմական դրամա է, այլև բարոյափիլիսոփայական անդրադարձ պատահականության, պատասխանատվության և մարդկային արժանապատվության թեմաներին։
Ներկայացման ավարտից հետո դահլիճից դուրս ես գալիս ոչ այնքան կոնկրետ կերպարների ճակատագրերով, որքան քեզ հետ տանելով անհանգստացնող հարցեր։ Ինչպե՞ս պահպանել հավատարմությունը սեփական արժեքներին, երբ շուրջդ քայքայվում են բոլոր բարոյական հենարանները։ Որտե՞ղ է ավարտվում վախը և սկսվում անձնական պատասխանատվությունը։
«42-24»-ը հիշեցնում է, որ պատմությունը կրկնվում է ոչ միայն այն պատճառով, որ գոյություն ունի բռնությունը, այլև այն պատճառով, որ գոյություն ունի լռությունը։ Այդ իմաստով ներկայացումը ոչ այնքան անցյալի մասին է, որքան մեր ներկայի և մեր վաղվա մասին։

