Ադամի մանկությունը/Ջորջո Ագամբեն

Մեր մշակույթի մարդու շուրջ պատկերացումն անհասկանալի է, եթե զանց առնենք, որ նրա հիմքում մանկություն չունեցող մարդն է՝ Ադամը: Ըստ Ծննդոց գրքի պատումի (narrazione)՝ Տերն արարում է Ադամին և դնում Եդեմի1 այգում, ում հետ խոսում է, կարգադրություններ տալիս2, նրա համար ընկեր է ստեղծում, որպեսզի նա մենակ չմնա3: Եվ միայն մեծահասակը, և իհարկե ոչ մանուկը, կարող էր անվանել այգու բոլոր կենդանիներին:

Զարմանալի չէ, որ մանկությունից զուրկ էակը չի կարող անմեղ կենալ և ճակատագրորեն դատապարտված է մեղքի և մեղանչման: Հավանաբար հոռետեսությունը, որը քրիստոնեական Արևմուտքին դատապարտում է երջանկությունն ու լրումը հավիտյան ապագային հետաձգելու-կախակայելու, ծագում է այս յուրօրինակ պակասությունից։ Ըստ այսմ, Ադամը դուրս է գալիս ի բնե մանկութենազուրկ էակ։ Եվ հնարավոր է՝ այս թերության պատճառով է, որն ավելի ինքնատիպ է, քան ցանկացած մեղսանք, որ մի կողմից մանկությունն ամենքիս համար անհնարին երջանկության կարոտի վայր է, իսկ մյուս կողմից՝ սոցիալական կազմակերպման թերի վիճակ, որը պետք է բարեկարգվի և դաստիարակվի ցանկացած գնով: Եվ եթե հոգեվերլուծությունը մանկանը տեսնում է որպես յուրաքանչյուր ջղախտի (nevrosi) թաքնված սուբյեկտ, սա, թերևս, հենց այն պատճառով է, որ մեր ներսում ինչ-որ տեղ գործում է մանկություն չունեցող մարդու ադամական հարացույցը (paradigma adamitico)։

Սա նշանակում է, որ Արևմուտքի հիվանդության՝ ասել կուզի՝ մանկությունը ճնշելով իրեն մանկության դատապարտող մեծահասակների մշակույթի բուժումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե կարողանանք Ադամին վերադարձնել իր մանկությունը։

2026 թվականի ապրիլի 13


Թարգմանությունն իտալերենից՝ Սահակ Գալոյանի

  1. «Եւ տնկեաց Աստուած զդրախտն յԵդեմ՝՝ ընդ արեւելս, եւ եդ անդ զմարդն զոր ստեղծ» (Ծննդ. Բ, 8)։ ↩︎
  2. «Եւ պատուիրեաց Տէր Աստուած Ադամայ եւ ասէ. Յամենայն ծառոց որ է ի դրախտիդ՝ ուտելով կերիցես։ Բայց ի ծառոյն գիտութեան բարւոյ եւ չարի՝ մի՛ ուտիցէք, զի յորում աւուր ուտիցէք ի նմանէ՝՝ մահու մեռանիցիք»  (Ծննդ. Բ, 16, 17)։ ↩︎
  3. «Եւ կոչեաց Ադամ անուանս ամենայն անասնոց, եւ ամենայն թռչնոց երկնից, եւ ամենայն գազանաց վայրի. բայց Ադամայ ոչ գտաւ օգնական նման նմա։ Եւ արկ Տէր Աստուած թմբրութիւն ի վերայ Ադամայ, եւ ննջեաց. եւ առ մի ի կողից նորա եւ ելից ընդ այնր մարմին։ Եւ շինեաց Տէր Աստուած զկողն զոր առ յԱդամայ ի կին, եւ ած զնա առ Ադամ» (Ծննդ. Բ, 20-22)։ ↩︎
Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *