Ջորջո Ագամբեն/Արևմուտքի քերականությունը

1942 թվականի իր հոդվածում Լուի Ռընուն1 պնդում էր, որ «հնդկական մտածողությունը հիմնված է քերական բնույթի տրամաբանության վրա»։ Երեք ստորոգությունները (categorie), որոնց, ըստ հնդկական փիլիսոփայության, բաժանվում է ողջ իրականությունը՝ նյութ, հատկություն և գործողություն (sostanza, qualità, azione), անվիճելիորեն բխում են լեզվի քերականական վերլուծությունից՝ գոյական, ածական և բայ։ Պանինիի2 սանսկրիտի ​​քերականությունը և Պատանջալիի3 մեկնաբանությունները նախորդում են հնդկական փիլիսոփայական տեքստերի մեծ մասի ի հայտ գալուն։

Կարելի է մտածել, թե որքանով է սա առնչվում հունական փիլիսոփայությանը, որն ընկած է մեր մշակույթի հիմքում։ Այս ենթադրությունը, կարծես, հակասում է այն ավանդույթին, որը խոսքի մասերի հայտնաբերումը, և, հետևաբար, քերականության գյուտը վերագրում է Պլատոնին և Արիստոտելին։ Այս հակասությունն ի չիք է դառնում, երբ պարզվում է, թե դրանով ինչ էր նկատի առնվում. նախքան փիլիսոփա դառնալը Պլատոնն ու Արիստոտելը պետք է լեզվաբան լինեին:

Արևմուտքը ծայրեծայր քերականական քաղաքակրթություն է, որը լեզվի վերլուծությունը և դրա համակարգայնացումը քերականության տիրույթում դարձրել է աշխարհի իր ընկալման և բնության նկատմամբ իր տիրապետության հիմքը։ Գիտությունը, որը դարձել է Արևմուտքի կրոնը, ենթադրում է, ինչպես ցանկացած կրոն, անվանական-գոյական աշխարհ, որտեղ գոյաբանությունը, այսինքն՝ այն իրողությունը, որ գոյն արտահայտվում և կարգավորվում է լեզվով, բաժանված է տիրույթների, որոնցից յուրաքանչյուրը գտնվում է առանձին գիտության իրավասության ներքո։ Հետևաբար, Արևմուտքի ճակատագիրը ներդրված է հնդեվրոպական քերականության մեջ՝ իր դեպքերով և աստիճանակարգային կախվածության տրամաբանական-շարահյուսական հարաբերություններով, որոնցում, իր լեզվի հետ միասին, Արևմուտքը ձևակերպում է իր մտածողությունը։

Հնարավոր է՝ այս է պատճառը, որ Չինաստանին հայացք ուղղելը, ասել կուզի՝ մի մշակույթի, որը չի վերլուծել կամ կառուցել իր լեզուն քերականության շրջանակներում, այլ դրանում տեսնում է միավանկ բառեր՝ առանց որևէ քերականական հոդակապի, կօգնի մեզ բացահայտել նոր գաղափար, եթե ոչ փրկություն այն մռայլ ճակատագրից, որը մեզ համար անհայտ կերպով պատրաստել է լեզվի տրամաբանական վերլուծությունը, որը, ոչ պատահականորեն, մեզ սովորեցնում են տարրական դպրոցում։

20 ապրիլի, 2026 թ.

Թարգմանությունը իտալերենից եւ ծանոթագրությունները՝ Սահակ Գալոյանի

  1. Լուի Ռընու (Louis Renou, 1896-1966) – ֆրանսիացի նշանավոր հնդկաբան։ ↩︎
  2.  Պանինի (पाणिनि, մոտ մ․թ․ա․ V դ․) – հին հնդիկ լեզվաբան, հին հնդկական լեզվաբանության հյուսիսային դպրոցի ներկայացուցիչ և ժամանակակից կառուցվածքային լեզվաբանության, գեներատիվ քերականության, նշանագիտության և տրամաբանության նախակարապետներից մեկը։ Նա սանսկրիտական ​​«Ութնամատյանի» («अष्टाध्यायी», «Aṣṭādhyāyī») քերականության հեղինակն է։ ↩︎
  3.  Պատանջալի ( पतञ्जलिः, մոտ մ․ թ․ ա․ 200 – մոտ մ․ թ․ ա․ 150) – հին հնդիկ փիլիսոփա և բանասեր։ Պատանջալին համարվում է սանսկրիտով գրված մի շարք կրոնական և փիլիսոփայական տրակտատների հեղինակ, որոնցից ամենահայտնին «Յոգա սուտրաներն» են՝ հնդկական յոգայի դասական դպրոցի հիմնական տեքստը։ ↩︎
Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *