***
Սա երգ է մատյաններում չցուցակվող մահվան մասին,
Որտեղ չեն լացում, ողբում, զռռում ու տհաճ աղմուկը գցում գլուխներս․
Այստեղ սեղմումներից անբարբառ են բոլորը,
Փնչոց անգամ չի լսվում,
Իրար հետ չեն խոսում,
Շարքով իրար կողք չեն կանգնում, նայում դիակին,
Ոչ էլ ափսոսում են գալու կամ ավելի շատ գնալու համար:
Ամենքն իր աշխարհում է,
Ընդունել են՝ անզգայության արդյունքում մտածված է, արդարացված:
Սա երգ է առանց սև ժապավենների մահվան մասին,
Ցույց չեն տվել «Shant TV»-ի վազող տողով,
Հարազատների facebook-յան էջին հոգեհանգստի տեղի մասին հայտարարությամբ
Ոչ էլ աշխատավայրի սգո տրամադրությամբ՝ անժամանակ մահվան կապակցությամբ։
Սա երգ է գերեզմաններից զերծ մահվան մասին,
Քահանան հանգուցյալի անմեղության ու երկնային արքայության մասին լոլոներ չի կարդում,
Դագաղը բռնողների կարիք չկա,
Հոգեհացի վրա էլ խնայվել է, «հյուրեր» չկան։
Սա երգ է ինքդ քեզ հայտարարած մահվան մասին,
Ընթացքն առանց ծեսի է՝
Թաքուն, դժգույն, աննվագ։
Սա երգ է մահվան մասին,
Ազդակն ազնվությունն է
Ապրելու անիմաստությունը խոստովանելու համար:
***
Ամենածանոթ փողոցներով հյուրի նման կքայլեմ,
Ականջներումս օտար երաժշտությունը փրկության կաթիլ կդառնա,
Կփոխարինի հարազատ ձայներին՝
Նույնությունից դառնացած,
Դատարկված,
Անզգայացած:
Երանի ծովերին,
Քեզ իրենց գիրկն են առել,
Իսկ ես խեղդվում եմ այս ցամաքում:
Երկկենցաղ չդարձա էլի:
***
Վստահ եմ՝
Չես մտածում՝
Սառը ցնցուղներդ եռման աստիճանով եմ ընդունում,
Որ սպիրտի դառնահամը հետ տալ ստացվի,
Ու քեզ թքեմ՝
Մեջիցս,
Գլխիցս,
Մտքիցս:
***
Զնդանի մեջ մարմնիս այրոցները քամի դառնալով
Փչեցին դեպի քո անապատներ,
Տոթը, տրտմությունն ու փոշին վխտացին։
Դատարկությունը,
Դատարկությունը,
Դատարկությունը…
Չլցվեց:
Հոգուս ազատ թողեցի:
Հավաքածս էլ թափվեց:
***
«Ի՞նչ» չասես էլ,
Ձայնդ կփակեմ դամբարանում,
Որտեղ զոհերիդ ես թաղել,
Խնկարկել ես,
Աղոթել ես,
Հոգիներին հանգստություն մաղթել:
Ի միջի այլոց,
Լավ տեղավորվեցիր,
Գլուխդ դրեցի մեջը,
Հրմշտեցի,
Վայրկյանում լռություն տիրեց,
Հեշտ ռադ եղար:
Իմ թուլամորթ,
Մորթապաշտ,
Խղճուկ ու անհաղորդ,
Աչքերդ փոս են ընկել,
Մարմինդ սառել է,
Մեռել ես:
Հավատա ինձ՝
Չկաս,
Գոյությունդ թաղեցի քնիս մեջ:
***
Տեսադաշտն ընդլայնվել է
Գիշերվա անչափելիության հաշվին,
Պատահմամբ նոր դեմքեր են հայտնվել՝
Տձև, լուռ ու հեգնական:
Հների հետ կողք կողքի են՝
Դնջացած, հով, ապահով:
Ձուլվել են, որ խոշտանգեն
Մարմինները,
Մտքերը,
Մեզ:
