Գրիգոր Գրիգորյան/Ապրիլ

— Ամեն ինչ փոխվել ա, ախպե՛րս, հիմա էլ հին աշխարհը չի։ Ուզո՞ւմ ես ջրի վրա մնաս՝ պիտի ճկուն լինես, պիտի մի քիչ խելոք լինես, հասկանո՞ւմ ես։ Խելոքը չհասկանաս խելացի, հասկացի՝ ճարպիկ, բջոտ։ Ըտենց չեղար՝ կուտեն, մկան պես կտրորեն։

— Մկա՞ն, թե՞ կռիսի։

— Այ էդ տարբերությունները պիտի զգաս։ Չէ՛, հենց պիտի կռիս լինես, որ մկան պես չճզմվես, տեղ կա՝ պիտի խոսաս, տեղ կա՝ պիտի լռես, պետք լինի՝ նաև գլուխ պիտի կախես, ինչու չէ՝ շողոքորթես, ամբիցիաներդ մի կողմ դնես ու իրավիճակին համահունչ քեզ դրսևորես։ Էդ ա, թռիչքի ուրիշ ճամփա չունի, ախպե՛րս։

— Բայց դե, ամեն մեկը չի կարա․․․ կամ կարող ա չի ուզում էդպիսին լինի․․․

— Մուկո՛ւչ ջան, ուշադիր ինձ լսի․ աշխարհում հիմա ամեն ինչի որակը ընկել ա, առաջ մի հատ լավ ֆիռմեննի կոշիկ էիր առնում, ասենք՝ Արմանի կամ Գուչի, մի քանի տարի հագնում էիր, որակի հիմնական չափանիշը երկարակեցությունն էր։ Իսկ հիմա, առնելուց 2-3 ամիս հետո, ինչ ֆիռմա էլ լինի՝ ճղվում ա, մաշվում, մի խոսքով՝ արդեն պիտի նորը առնես։ Ու ըտենց ամեն ինչը՝ հագուստ, ավտո, հեռախոս, տեխնիկա․․․ Գիտես ի՞նչ՝ պատահական ա էս ամենը․ մարդիկ հատուկ են անում, որ դու ամեն տարի նոր Այֆոնի հետևից գնաս, մեքենա փոխես ու էդպես։ Նույն բանը մարդկային հարաբերություններն են դարձել, չես կարա նույն մարդկանց հետ երկար ընկերություն անես, նույն միջավայրում անցկացնես ու առաջ գնաս։ Պիտի փոխես, ախպե՛րս, անընդհատ պրպտաս, բոլորի հետ տաս-առնես, գցես-բռնես, հասկանաս՝ ում հետ ինչ հարաբերություն ունենաս, ում հետ ընկերություն անես, ում՝ ինչ նվիրես, ում՝ ինչ լավ ու վատ բառ ասես․ գողի հետ գողական լինես, բոզի հետ՝ բոզական, իսկ ինտիլիգենտի հետ․․․ չէ, դրանցից հեռու, օգուտ չկա։

— Եսիմ, Ռա՛ֆ, մարդ կա՝ արժանապատվությունն ավելի բարձր ա դասում, քան մնացած էն բաները, որ դու նշում ես․․․

— Արժանապատվություն․․․ Ինչ հրաշալի բառ ա․․․ Ուղղակի բանի պետք չի, ցա՛վդ տանեմ։ Չնայած՝ օգտագործելու տեսակետից, որպես գործիք, կարևորություն ունի․ քո արած ամեն արարքը պիտի ներկայացնես հենց արժանապատվության ծնունդ։ Մեկին գցես, մյուսին խաբես, նույնիսկ կոշիկ լիզես, անցյալդ մոռանաս, սրբությունդ պղծես՝ պիտի ներկայացնես, որ հենց արժանապատվությունից դրդված ես անում, իլյուզիա պիտի ստեղծես։ Թե չէ իրական արժանապատվությունից ոչ մի օգուտ չկա, արժանապատվությունը մեր օրերում հավասարվել ա հիմարության։ Ու սա էլ հենց արժանապատվության տրանսֆորմացիան ա մեր դարում․ նույնն ա, որ ամբողջ շաբաթ մեղք ես գործում՝ կիրակի օրը գնում ես պատարագի, մաքրվում ես ու պատրաստվում նոր շաբաթվան. աշխատող մոդել ա, ախպե՛րս, ու էս էլ հենց պրոգրեսն ա։

— Բայց կան մարդիկ, որոնք դեմ են, չեն ընդունում էդ մոդելը, էդ պրոգրեսը․․․

— Էդ մարդիկ, որ դրոշակ դարձրած իրանց էշն են առաջ քշում, ոչ մի բանի չեն հասնում։ Եթե չփոխվեն, չդառնան բոլորի նման՝ ուղղակի դուրս կշպրտվեն դաշտից։ Ու շպրտվում են։ Իրանք իրանցով, մի քանի հոգով, կասեն-կխոսան-կնեղվեն ու նույն ջարդած տաշտակի առաջ կմնան։ Պիտի ամեն տեղ ճկուն լինես, Մուկո՛ւչ ջան, ուզենք, թե չուզենք՝ քաղաքականությունն ամեն տեղ խցկվել ա։ Բոլորս էլ գիտենք, որ քաղաքականությունից ուժեղ պոռնկություն չկա, Ծերեթելիի ապրանքները դեմները հեչ են։ Երևի մի քիչ կոպիտ կհնչի, բայց դե էդ պոռնկությունը մեր ընտանիքներ ենք մտցրել, մարդկային հարաբերություններում էլ նույն կեղտոտ գործիքներն ենք օգտագործում. էդ ա, չենք կարա դրանից խուսափենք․․․

Մուկուչը նախընտրեց լռել։

— Մուկո՛ւչ ջան, ոնց ասի՝ պիտի գնամ Օպերա, տղերքը ինձ են սպասում. հիմա դու կարո՞ւմ ես ինձ տանել։

— Ինչ կա՞ Օպերա։

— Էն կինոյի նման՝ ամեն տարի, նույն օրը, համարյա նույն ժամին տղերքով հավաքվում ենք քաղաքի կենտրոնում ու․․․ դու էն ասա՝ կտանե՞ս։

— Հա, խնդիր չի։ Բենզին լցնենք ու գնանք։

— Հենց էս աջի վրա մեր ախպոր բենզակալոնկեն ա, համ էլ քաղաքի ամենաէժան բենզինն ա։

— Բայց լա՞վն ա։

— Հա, նորմալ տղա ա։

— Ընկերդ չէ, բենզինը։

— Բենզինը՝ բոմբ, ես մենակ ըտեղից եմ լցնում։

Բենզալցակայանի աշխատողը, որի դեմքի վառելիքաբույր կնճիռները պատմում էին նրա երկար տարիների աշխատանքային փորձի մասին՝ մոտեցավ սև Օպելին։

— Մռդո՛ ախպեր, բարևներ։ Իմ հաշվին մի 5 լիտր լից, կես լիտր էլ կոլայի շշի մեջ թալի, իջնում ենք Օպերա՝ տղերքը սպասում են։

— Աչքիս վրա, Ռա՛ֆ ջան․ որի՞ց լցնեմ։

— Էն էժանից, — աչքով արեց Ռաֆիկն ու 500-անոց մետաղադրամը դրեց աշխատողի ափի մեջ․ — Բայց մարդու չասե՛ս։

— Ոնց կասես, թագավո՛ր ջան, մեկ ա՝ սաղ էլ սրանից են լցնում։

Սև Օպելը շարժվեց Մաշտոցի պողոտա։ Երբ մեքենան արդեն մոտենում էր Օպերայի հրապարակին՝ Ռաֆիկն ասաց․

— Մուկո՛ւչ ջան, Սայաթ Նովա չհասած աջով մտնում ես Օպերայի բակ, տղերքը շլանգբաումը բացել են տվել։ Քշում ես ուղիղ մեջտեղ, էն 2 արձանների արանքում մի տեղ կկանգնես՝ իջնենք։

— Բա ոստիկան չկա՞, չե՞ն բռնի։

— Ա՛յ ախպեր, մի վախեցի, էսօր էն օրն ա, որ ինչ ուզենք՝ կանենք․ պրյամոյ քշի Օպերայի բակ։

Ռաֆիկն իջավ մեքենայից ու գնաց իրեն ընդառաջ եկող մարդկանց։ Մի քանիսին համբուրեց, հետո սահուն կերպով անցավ գրկախառնումներին, իսկ վերջում ընդհանուր բարևեց բոլորին ու կորավ մարդկանց բազմության մեջ։ Մուկուչը մեքենայի մեջից ուշադիր հետևում էր ամբոխի անցուդարձին։ Մեկ էլ մարդկանց արանքներից Ռաֆիկը դուրս եկավ։

— Մուկո՛ւչ, ա՛յ Մուկուչ, բագաժնիկից էն կարմիր դրոշը բեր, սկսում ենք։

Մուկուչը դուրս եկավ մեքենայից, բացեց «բագաժնիկը», վերցրեց կարմիր դրոշն ու գնաց դեպի մարդկանց ամբոխը։ Ռաֆիկը վերցրեց դրոշը, բացեց ու շպրտեց ասֆալտին։ Կողքից մի քանի հոգի վառեցին կրակայրիչները և արդեն ուզում էին մոտեցնել դրոշին, երբ Ռաֆիկը կտրեց դիմացները։

— Սպասե՛ք, ուզում եմ ուժեղ, շատ ուժեղ բոց լինի։ Մուկո՛ւչ ախպեր, ավտոյից էն բոմբ բենզինը բեր, դրանով լավ բոց ա լինում․ հանրապետության ամենալավ բենզինն ա, տղե՛րք, մեր ախպերն ա ներմուծում, — ասաց տղամարդն ու աչքով արեց ակցիայի մասնակիցներին։

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *