Ըստ գրականագետ Ջ. Սքոթ Բրայսոնի՝ էկոպոեզիան բնության պոեզիայի մի տեսակ է, որին հատկանաշական է կենսակենտրոն հայացքը, որն ընդունում է աշխարհի փոխկապակցված բնույթը, արտահայտում է բնության հանդեպ խորին խոնարհում և ակնածանք, թերահավատորեն է վերաբերվում գերռացիոնալության ու տեխնոլոգիաներին և նախազգուշացնում է բնության քայքայման, կլիմայական փոփոխության և կենսաբազմազանության կորստի հետևանքով առաջացող մոտալուտ էկոլոգիական աղետների մասին: Էկոպոեզիան վերելք ապրող ժանր է աշխարհի տարբեր կողմերում ստեղծագործող ժամանակակից հեղինակների շրջանում։
Մերի Պողոսյան
Ֆաթիմա Ասղարը՝ բանաստեղծ , կինոռեժիսոր, մանկավարժ, հարավասիական ծագմամբ ամերիկացի մուսուլման գրող է։ Ասղարը «Եթե նրանք գան մեզ համար» (2018) բանաստեղծական ժողովածուի և «Հետո» չապբուքի հեղինակն է։ Նա նաև «Դարչնագույն աղջիկներ» վեբ-սերիալի սցենարիստն ու համաստեղծողն է, որը արժանացել է «Էմմի» մրցանակի և ներկայացնում է գունավոր կանանց միջև ընկերությունները։
Ասղարը նաև համապրոդյուսեր և սցենարիստ է եղել «Ms. Marvel» սերիալի «Time and Again» դրվագում, իսկ նրա ստեղծագործությունները հրապարակվել են PBS, NPR, Time, Teen Vogue, Huffington Post և այլ լրատվամիջոցներում։ 2011 թվականին, Ֆուլբրայթ կրթաթոշակի շրջանակում Բոսնիա և Հերցեգովինայում գտնվելու ընթացքում, որտեղ նա ուսումնասիրում էր թատրոնը ցեղասպանությունից վերապրած երկրներում, Ասղարը ստեղծել է բանավոր պոեզիայի REFLEKS խումբը։
Ասղարը Dark Noise Collective-ի անդամ է և Kundiman Fellowship-ի մասնակից։ 2017 թվականին նա ստացել է Poetry Foundation-ի Ruth Lilly and Dorothy Sargent Rosenberg բանաստեղծական կրթաթոշակը և ընդգրկվել Forbes-ի «30-ից ցածր 30 անուն» ցուցակում։
Չգիտեմ՝ ինչը մեզ ավելի շուտ կսպանի. ռասայական պատերա՞զմը, թե՞ այն, ինչ արել ենք Երկրի հետ
Ուստի հաշվում եմ հույսերս. մեղուները վերադառնում են,
մեկը՝ հարմար տեղավորված մանուշակագույն ծաղկի մեջ,
որի կողքով անցա քեզ հասնելու համար.
քո սիրելի գույնը մանուշակագույնն է, Փրինսինը՝
նարնջագույնն էր1, ու երկուսս էլ դժվարանում ենք հավատալ .
այսօր այգին կանաչ է, մենք խոտը սովորական բան ենք համարում,
տերևները քրքջում են մեր շուրջը. քո գլխի հետևում
մի թիթեռ է նստած ծառին.
այնտեղ էր մեր ողջ զրույցի ընթացքում. իմ հին բնակարանի մոտ
թիթեռների մի արգելոց կար, որտեղ ես կարդում էի,
ու երկու աղջնակ նստում էին կողքս. դու մի անգամ թիթեռ
բռնեցիր, բայց չգիտեիր՝ ինչ կերակրել,
ուստի նրան բանտեցիր տարայի մեջ ու նվիրեցիր
հավանածդ աղջկան։ Հարցրի՝ սատկե՞ց։ Ասում ես՝ սիրում ես մտածել,
թե երկար կյանք ապրեց։ այո՛, նա երկար կյանք ապրեց։
Թարգմանեց Մերի Պողոսյանը
