Քեթի Ջետնիլ-Կիջիները (Kathy Jetñil-Kijiner) բանաստեղծուհի, կլիմայական ակտիվիստ և մշակութային գործիչ է Մարշալյան կղզիներից: Նա միջազգային ասպարեզում հայտնի դարձավ 2014 թվականին ՄԱԿ-ի Կլիմայի գագաթնաժողովի ժամանակ իր հզոր ելույթով, որտեղ ներկայացրեց իր դստերը նվիրված «սիրելի մատաֆելե փեյնամ» բանաստեղծությունը՝ բարձրաձայնելով օվկիանոսի մակարդակի բարձրացման պատճառով իր հայրենի կղզիների գոյությանը սպառնացող վտանգի մասին:
Մարշալյան կղզիները գտնվում են կլիմայական ճգնաժամի առաջնագծում, քանի որ այս պետությունը բաղկացած է ավելի քան 1000 ցածրադիր կղզյակներից և ատոլներից: Օվկիանոսի մակարդակի բարձրացումը մշտական սպառնալիք է ստեղծում երկրի գոյության համար՝ հանգեցնելով ափամերձ տարածքների էրոզիայի, գյուղատնտեսական հողերի աղակալման և խմելու ջրի պաշարների ոչնչացման: Բացի բնական աղետներից և թայֆուններից, կղզիները կրում են նաև ԱՄՆ միջուկային փորձարկումների ծանր ժառանգությունը: Այսօր Մարշալյան կղզիների բնակչությունը կանգնած է «կլիմայական փախստական» դառնալու իրական վտանգի առաջ,
Ջետնիլ-Կիջիները «Jo-Jikum» կազմակերպության համահիմնադիրն է, որը կրթում և ներգրավում է մարշալցի երիտասարդներին բնապահպանական խնդիրների լուծման գործում: Նա հրապարակել է բանաստեղծությունների մեկ ժողովածու, որտեղ նրա գիրը վարպետորեն միահյուսում է բնիկ ժողովրդի ավանդական առասպելները, ժամանակակից սոցիալական իրականությունը և գոյաբանական վախը՝ կորցնելու հայրենի հողն ու մշակութային ինքնությունը: Նրա ոճը` օգտագործել սակավ կետադրություն և հիմնականում փոքրատառեր, հնարավորինս պահպանվել է հայերեն թարգմանության մեջ:
Մերի Պողոսյան
սիրելի մատաֆելե փեյնամ
սիրելի մատաֆելե փեյնամ1,
դու անատամ ժպիտների յոթ ամսական արևածագ ես
քաչալ` ձվի պես և բուդդայի
որոտի պես բուդիկներով և կայծակի պես ճիչերով
այնքան ոգևորված բանաններով, գրկախառնություններով և
ծովալճակի մոտ մեր առավոտյան զբոսանքներով
սիրելի մատաֆելե փեյնամ,
ուզում եմ պատմել քեզ այդ ծովալճակի մասին՝
արևածագին թիկնած այդ վճիտ, քնկոտ ծովալճակի
տղամարդիկ ասում են, որ մի օր
այդ ծովալճակը կկլանի քեզ
ասում են՝ այն կկրծի ափագիծը,
կծամի հացենուդ արմատները,
կուլ կտա ծովապատնեշներիդ շարքերն
ու կկրճտացնի կղզուդ փշրված ոսկորները
ասում են՝ դու, քո դուստրը
և քո թոռնուհին նույնպես
կթափառեք արմատախիլ,
ձեր միակ տունը` ձեր անձնագիրը
սիրելի մատաֆելե փեյնամ,
մի՛ լացիր,
մայրիկը խոստանում է քեզ
ոչ ոք
չի գա ու քեզ չի կլանի
ոչ մի ագահ կետ-կորպորացիա, որ շնաձկում է քաղաքական ծովերում,
բարոյազուրկ բիզնեսների ոչ մի բռնություն բեմի ետևում,
ոչ մի աչքախուփ բյուրոկրատիա չի հրելու
այս մայր օվկիանոսին
եզրագծից այն կողմ
ոչ ոք չի խեղդվի, բալիկս,
ոչ ոք չի տեղահանվի,
ոչ ոք չի կորցնի
իր հայրենիքը
ոչ ոք չի դառնա
կլիմայական փախստական
կամ գուցե ասեմ՝
«այլևս» ոչ ոք
պապուա նոր գվինեայի քարթերեթ կղզիաբնակներ
և սողոմոնյան կղզիների տարո2 կղզիաբնակներ
ես օգտագործում եմ այս պահը
ձեզանից ներողություն խնդրելու համար,
մենք այստեղ գիծ ենք քաշում
որովհետև, բալիկս, մենք կռվելու ենք՝
մայրիկդ, հայրիկդ,
բուբու ջիմման3, քո երկիրն ու նախագահը նույնպես,
բոլորս կռվելու ենք
ու թեև պլատինե տիտղոսների հետևում
թաքնված մարդիկ կան, որ
սիրում են ձևացնել,
թե մենք գոյություն չունենք,
որ մարշալյան կղզիները,
տուվալուն,
կիրիբատին,
մալդիվները
և հայյան թայֆունը ֆիլիպիններում
և պակիստանի, ալժիրի, կոլումբիայի հեղեղները
և բոլոր փոթորիկները, երկրաշարժերն ու ցունամիները
գոյություն չեն ունեցել
այնուամենայնիվ
կան նրանք,
ովքեր տեսնում են մեզ
պարզված ձեռքեր
բարձրացող բռունցքներ
բացվող պաստառներ
որոտացող բարձրախոսներ
իսկ մենք
ածխատար նավերն արգելափակող կանոեներ ենք
մենք
արևային գյուղերի փայլն ենք
մենք
անցյալի ֆերմերի պարարտ, մաքուր հողն ենք
մենք
դեռահասների մատների ծայրերին ծաղկող խնդրագրեր ենք
մենք
հեծանիվ քշող, հինը վերամշակող,
վերաօգտագործող ընտանիքներ ենք
երազող, նախագծող, կառուցող ինժեներներ ենք
նկարող, պարող, գրող արվեստագետներ ենք
և մենք տարածում ենք խոսքը
ու փողոցներում են հազարները
քայլերթի ելած պաստառներով
ձեռք-ձեռքի տված
վանկարկելով փոփոխություն՝ ՀԻՄԱ
ու նրանք քայլում են քեզ համար, բալիկս
նրանք քայլում են մեզ համար
որովհետև մենք արժանի ենք ավելիին, քան ուղղակի
գոյատևումն է
մենք արժանի ենք
բարգավաճման
սիրելի մատաֆելե փեյնամ,
աչքերդ ծանրացել են
քնկոտության բեռից
փակիր աչքերդ, բալիկս
և քնիր խաղաղությամբ
որովհետև մենք քեզ հուսախաբ չենք անի
կտեսնես
Թարգմանությունը՝ Մերի Պողոսյանի
Հեղինակի կատարումը անգլերեն`
- Հեղինակի դստեր անունն է, որը բաղկացած է իր և ամուսնու ծննդավայրերի տեղանուններից: ↩︎
- Այս երկու կղզիների բնակչությունը տարհանվել է օվկիանոսի մակարդակի բարձրացման պատճառով: ↩︎
- Տատիկ-պապիկ (ծ.թ.) ↩︎
