Այրին, որի ամուսինը ողջ է/Արփինե Վարդանյան

Նովելը կամ նորավեպը  պատմողական, փոքր  ծավալի արձակ ստեղծագործություն է, որտեղ դեպքերը  զարգանում են շատ արագ, իսկ վերջաբանը լինում է անսպասելի։ Ժամանակակից գրականության մեջ նովելը և պատմվածքը հաճախ դժվար է սահմանազատել։  Այդ պատճառով էլ նովելը  նաև օգտագործվում է որպես պատմվածքի հոմանիշ կամ համարվում է նրա տարատեսակ։

Հայ գրականության մեջ նովել ժանրով հանդես  է եկել Գրիգոր Զոհրապը։  Զոհրապի նովելները լույս են տեսել 3 ժողովածուով՝ «Խղճմտանքի ձայներ» (1909 թ.), «Կյանքն ինչպես որ է» (1911 թ.), «Լուռ ցավեր» (1911 թ.): Հետևելով ռեալիզմի ուղղությանը՝ Զոհրապը կյանքը պատկերել է այնպես, ինչպիսին կա՝ իր բազմաշերտ կողմերով։ Ուստի, Զոհրապի նովելներում կան և՛ սոցիալական, և՛ սիրային, և՛ խոհափիլիսոփայական գործեր։ Բայց Զոհրապի, այսպես ասած, «կատարելությունը», ինչպես ցույց տվեց ժամանակը, միայն նովելի ժանրին տիրապետելը չէ։ Զոհրապը թողել է գործեր, որոնք մինչև օրս արդիական են։ Այդ գործերից է «Այրին» նովելը։

Ուշադրություն դարձնենք, թե ինչպես է սկսվում նովելը․ գիշեր, անձրև․․․․ Հեղինակը հենց սկզբից հակասական վերաբերմունք է ձևավորում ընթերցողի մոտ։ Չգիտես՝ ինչի սպասես, ավելի ճիշտ, ինչ է թաքնված այդ խավարի տակ։ Ի վերջո, գալիս է առավոտը։ Նոր օր, երբ լույսը դեռ չբացված, ծանոթանում ենք Մարտիրոսի հետ, որը կարգի է բերում խանութը, որտեղ աշխատում է։ Մարտիրոսը երիտասարդ է, հազիվ տասնինը տարեկան։ Պոլիս էլ եկել է աշխատելու, ինչպես շատերը։ Իսկ գյուղում սպասում է դեռատի կինը՝ Զարդարը։ Բայց Մարտիրոսի՝ քաղաքում հայտնվելն ու այնտեղ ապրելը դառնում է հանգամանք, որն էլ դառնում է Մարտիրոսին  «թելադրողը»։ Այս առումով Մարտիրոսը կարծես «ձայն չունենա»․ եկել է, պետք է մնա և ինքն էլ գնում է հոսքի հետ։

Բայց միևնույն ժամանակ կան Խաչոյի նմանները, որոնք քաղաքի հոսքին տրվում են, թե չեն տրվում, այնուամենայնիվ, վերադառնում են գյուղ։ Սա ընտրությու՞ն է։ Երևի՝ այո՛։ Իսկ Մարտիրոսը, որը երիտասարդ հասակում հայտնվում է ոչ միայն քաղաքում, այլև կանանց խանութում, դառնում է մեկը, որը կյանքից, աշխարհից անտեղյակ, թեև զարմանալով, բայց թողնում է, որ այդ հոսանքը տանի իրեն։ Կհիշի՞ Զարդարին։ Դրա մասին խոսք էլ չի գնում, մանավանդ կանանց միջավայրում․ «Հաճախորդներ, մեծ մասամբ կիներ, համարձակ, երեսնին բաց, ամեն ազգե․․․ շպարված ներկված, միշտ գեղեցիկ ու ա՛լ ավելի գեղեցիկ լինելու հետամուտ․․․»։  Ավելին, անփորձ, երիտասարդ ու ամաչկոտ Մարտիրոսը իր հերթին դառնալու է այդ կանանցից մեկի սիրեկանը։ Սիրեկան, որը ավելի շատ զոհ է թվում։ Այս դերը կարգավիճակ է, որը առաջին հերթին ընտրվում է հարուստ տիկնոջ կողմից։  Ուստի, հեղինակի այս ընդգծումը շատ տրամաբանական է թվում․ «Եվ այս զբոսանքներուն մեջ մոլորված, հայրենի տնակին մեջ թողած օրինավոր ամուսինը չէր հիշեր այլևս»։ 

Իսկ Զարդարը պետք է սպասի, սպասի ու հուսա։ Հույսը չի մարի անգամ, երբ գյուղ վերադարձողների մեջ Մարտիրոսը չլինի։ Մարտիրոսը անում է իր ընտրությունը, իսկ Զարդա՞րը։  Զարդարը չի  ընտրել իր այս կյանքը, բայց ինքն էլ է տրվում ընդհանուր հոսքին․ «Իրեն  չէին հարցուցեր երբեք, թե կուզե՞ր այն մարդը, զոր իրեն սահմանած էին»։ Զարդարի կերպարով  ընդգծվում է նաև հայ կնոջ դերը ընտանիքում՝ դեր, որտեղ խոնարհ ու հլու լինելը պարտադիր պայման է․ «Իր մշտնջենապես կրավորական  դերին մեջ գավառացի հայ կինը գանգատելու անգամ զորություն չունի»։ Մնում է միայն համակերպվելը՝ սպասելով ամուսնուն, պահելով ամուսնու ծնողներին՝ կենցաղի մեջ սպանելով կանացի հրապույրն ու երիտասարդությունը։ Բայց կարծես այդպես էլ պետք է լինի, կարծես դա սովորական բան է․․․ 

Առհասարակ,  նովելում դու էլ ես ընկնում «հոսքի տակ», կարծես հանձնվում ես դեպքերին  ու  ժամանակին։ Իսկ ժամանակը ոչ միայն անողոք է, այլև կնճիռների հետ  արտացոլում է ներկան,  որի ընտրությունը դեռ երիտասարդ տարիքում ես կատարել։ Ե՛վ Մարտիրոսը պետք է ծերանա ու հարուստ կանանց էլ չհետաքրքի, և՛ Զարդարը պետք է շարունակի սպասել, թեև ամուսինը չի գալու։ Ըստ էության, յուրաքանչյուրը ստանում է իր հասանելիքը․ ինչի՞ հույս ունի Մարտիրոսը, երբ զվարճացնում է հարուստ կանանց, ինչի՞ հույս ունի Զարդարը, երբ շարունակում է մնալ ու սպասել։ Արդյունքում Մարտիրոսը ինչ-որ աղախնու հետ  է թաքուն ամուսնանում, որովհետև հարուստ կանանց ծեր տարիքում էլ չի հետաքրքրում, իսկ Զարդարն էլ պետք է մնա նույն տեղում․ ընտրությունը  երբեք իրենը չի եղել, որովհետև ի սկզբանե հնազանդվողի դերում է եղել։ Զոհրապը խոսում է ընտրության, դրա բացակայության, գուցե նաեւ ընտրության բացակայության թվացյալ լինելու մասին։

Արտի  այն ճանապարհը, որտեղից ճանապարհել է  Մարտիրոսին,  դառնում է խորհրդանշական․ տարիներ են անցնում, Զարդարի տխուր ու միօրինակ կյանքը սգավորի պես է անցում, բայց հայացքը միշտ այդ ճանապարհին է։ Ինչու՞։ Վերջին  մխիթարանք, հույս, որ․․․ Եվ նովելն էլ այս իմաստով  ընթերցողին է թողնում հետոն, թեև հետո, ըստ էության, չկա էլ, ամեն ինչ պարզ է։  «Այրին դեռ կսպասեր» ,- ձևակերպումն  էլ ոչ միայն Զարդարի սպասելուն դատապարված կյանքն է ընդգծում, այլև թախիծ ու կարեկցանք է առաջացնում․ կարծես դու տեսնում ես այն իրականությունը, որը Զարդարը համառորեն չի տեսնում։ Արդյո՞ք խաբում է ինքն իրեն հանուն հույսի։ Հեղինակը այս հարցի պատասխանը չի տալիս՝ ասես չցանկանալով զրկել նրան հույսից։

Լինելով  ռեալիզմի հետևորդ՝  կյանքի այս կամ այն կողմը իրական լույսի տակ ներկայացնելը առաջնահերթ է հեղինակի համար։ Մարտիրոսը ու Զարդարը միակ զույգը չեն, թեև Խաչոներ էլ կան, որ հետ են գալիս գյուղ։ Բայց չէ՞ որ արտագնա աշխատանքի մեկնելը կար ու կլիներ․ «Գացողները կշարունակեին Պոլսեն դառնալ, ու պատանիներ կերթային պանդխտության տառապանքներուն պակասը լեցնելու մայրաքաղաքի մեջ» ։

Զոհրապը «Այրին» պատմվածքը գրել է 1888 թվականին, հեռավոր 19-րդ դարում, բայց չնայած ժամանակային այս կտրվածքին, պատմվածքը արդիական է նաև մեր օրերում։ Արտագնա աշխատանքը շատերի համար հիմա էլ է սոցիալական պայմանները բարելավելու միջոց, բայց սոցիալական խնդրից առաջացած այս ապրելակերպն ավելի խորքային  խնդիրներէբացում ու, կարելի է ասել, ճակատագրական որոշումների առջև է կանգնեցնում մարդուն։ Սոցիալական խնդրով պայմանավորված նոր կյանքն է թելադրողը դառնում՝ անգամ առաջին պլանից  դուրս մղելով  հենց բուն սոցիալական խնդիրը։  Չէ՞ որ Մարտիրոսը ու շատերը /նաև մեր օրերում/ ոչ միայն չվերադարձան ու չեն վերադառնա, այլև ֆինանսապես էլ չեն օգնի/չեն  օգնում իրենց թողած «այրիներին»։ Իսկ «այրիները» որդեգրում են  մի դեր, որը պարտադրված ու թելադրված է ոչ միայն կյանքի հանգամանքներով, այլև սեփական ընտրությամբ։

Please follow and like us: