Երբ Մերի Ուլսթոնքրաֆթը վերջապես գնահատվի ըստ արժանվույն, ենթադրելի է, որ նա ներկայացվի որպես ամենահզոր ու ինքնատիպ անգլիագիր արձակագիրներից մեկը։ Գործը, որով հիմնականում նրան ճանաչում են այսօր, նրա 1792 թվականին գրած «Կնոջ իրավունքների պաշտպանություն»-ը է, որը Ուոլսթոնքրաֆթին ներկայացնում է որպես բանավիճային ֆեմինիզմի ամենանշանակալի ներկայացուցիչը։ Բայց նա շատ ավելին է գրել, և ծանոթությունը նրա այժմ արդեն քիչ-քիչ տպագրվող ամբողջական ժառանգության հետ կարող է իսկապես ոգեշնչել վերանայելու անգլիական ռոմանտիզմի պատմությունը՝ դրանում ընդգրկելու համար դարավերջի/դարասկզբի կին գրողներին, որոնք Ուոլսթոնքրաֆթի նման (ինչպես նաեւ Ջեյն Օսթինի, Էնն Ռեդքլիֆի, Մարիա Էդգեվորթի, Ֆրենսիս Հոջսոն Բրնեթի) գրել են արձակ գեղարվեստական գրականություն, տրակտատներ, նամակներ, էսսեներ և օրագրեր, այլ ոչ թե պոեզիա։ «Ես ստիպված եմ մտածել, որ իմ գրվածքներում կա ավելի արժեքավոր բան,- գրել է նա Գոդվինին 1796 թվականին,- քան այն մարդկանց ստեղծագործություններում, որոնց դու ջերմ գովեստների ես արժանացնում։ Ես նկատի ունեմ՝ ավելի շատ միտք, կոչիր այն ինչպես ուզում ես, ավելի շատ իմ սեփական զգայարաններով արված դիտարկումներ, իմ երևակայության հետ համադրումներ, իմ սեփական զգացմունքների զեղումներ, քան պարզապես սառը մտավոր աշխատանք այլ գրողների զգայարաններով ու երեւակայությամբ ձեռք բերված նյութի հիման վրա»։
Մերի Ուոլսթոնքրաֆթի գրական գործունեությունը սկսվեց 1787 թվականին, երբ նա քսանութ տարեկան էր, և ավարտվեց տասը տարի անց՝ նրա մահվամբ, որ տեղի ունեցավ ծննդաբերության ժամանակ։ Այդպիսով նրա դարաշրջանի մեծագույն իրադարձությունը եղավ French Revolution-ը, և որպես կանանց, քաղաքականության և կրոնի հարցերի շուրջ արմատական մտածող՝ նա դասվում է անգլիական յակոբինների շարքը։ Որպես գրող՝ նա ժամանակակիցն էր Ռոբերտ Բըրնսին եւ Ուլիյամ Բլեյքին, որոնց, ինչպես եւ իրեն, դժվար է դասակարգել։ Ռոմանտիզմի նախակարապետ բնորոշումը չափազանց թույլ է նրանց եռանդուն ինքնատիպության համար, սակայն սովորաբար անգլիական ռոմանտիզմի սկիզբը կապում ենք 1798 թվականին հրատարակված «Քնարական բալլադներ» ժողովածուի հետ։ Ուիլյամ Ուոլդսվորթը և Սեմյուել Թեյլոր Քոլրիջը ավելի քան տասը տարով երիտասարդ էին Մերի Ուոլսթոնքրաֆթից, որի հետմահու տպագրված «Երկերը» նույնպես լույս տեսավ 1798 թվականին։
Փիլիսոփա Ուիլյամ Գոդվինը՝ Ոււլսթոնքրաֆթի ամուսինը նրա կյանքի վերջին հինգ ամիսների ընթացքում, չորս հետմահու հատորներում ընդգրկել էր Ուոլսթոնքրաֆթի ամենահզոր վեպը՝ անավարտ «Մարիան», ինչպես նաև նրա բազմաթիվ սիրային նամակները, որոնք իսկապես բացառիկ են, և «Արհեստական ճաշակ» էսսեն, որը տպագրվել էր 1797 թվականի ապրիլին «Ամսագիր»-ում։ Էլեոնոր Ֆլեքսները ենթադում է, որ այս էսսեն, որի համար Գոդվինը ավելի ճշգրիտ վերնագիր գտավ՝ «Պոեզիայի եւ բնության սքանչելիքներից ստացած մեր վայելքի մասին»,, հնարավոր է ազդած լինի ռոմանտիկ բանաստեղծների վրա։ Համենայնդեպս արժե նշել, որ Ուիլյամ Ուորդսվորդի «Թինթերյան աբբայություն»-ից մեկ տարի առաջ Մերի Ուոլսթոնքրաֆթը բանաստեղծին անվանել է «ուժեղ, զգացմունքների մարդ», որը «մեզ տալիս է հենց իր մտքի պատկերը այն պահին, երբ միայնակ էր՝ զրուցելով ինքն իր հետ և արձանագրելով տպավորությունը, որ բնությունը թողել էր իր սրտի վրա»։
Որպես արձակի ոճաբան՝ Ուոլսթոնքրաֆթը, իհարկե, լինելով կին, մեծ մասամբ ինքնուս էր։ Շտապողականությունը, ավելորդ բառերի առատությունը և չհամակարգվածությունը՝ վարձու գրողի հատկանիշները, նրա ամենավատ թերություններն են, որոնցից ազատ չէ նրա ոչ մի հատոր։ Նա չափազանց շատ էր հրապարակվում․ գրական գործունեության ընդամենը մեկ տասնամյակի ընթացքում լույս տեսան նրա ութ գիրք՝ գեղարվեստական և ոչ գեղարվեստական, ինչպես նաև թարգմանություններ ու գրախոսություններ, քանի որ գրելը նրա ապրուստի միակ միջոցն էր։ Լինելով կին գրող՝ նա լուրջ էր մոտենում ոչ միայն իրեն, այլև իր հարազատներին, կարիքավոր ընկերներին, իր արտամուսնական երեխային և վերջում նաև իր ամուսնուն պահելու պատասխանատվությանը։ Անխոհեմ Ուիլյամ Գոդվինը շտապեց նրա գործերը տպագրության հանձնել անմիջապես նրա մահից հետո, որովհետև, ինչպես միշտ, սուր ֆինանսական դժվարությունների մեջ էր, իսկ Ուոլսթոնքրաֆթը նրա խնամքին էր թողել երկու երեխա՝ իր ստեղծագործությունների հետ միասին։ Այսպիսով, գրական աշխատանքով ուրիշներին աջակցելու գործը Մերին շարունակեց նույնիսկ իր մահից հետո։
Իր լավագույն դրսևորումներում Ուոլսթոնքրաֆթի արձակի ոճն առանձնանում է ուժով,, արժանապատվությամբ, կրքոտ համառությամբ, ձևի պարզությամբ և երաժշտականությամբ, որոնք հենց իրենն են։ Սակայն նրա ոճին համարժեքներ կարելի է գտնել նրա երկու ժամանակակիցների մոտ՝ Հենրի Ֆյուզելի, որի հանդեպ նա մի ժամանակ անհեռատես սեր էր տածում, և Ուիլյամ Բլեյքի, որը պատկերազարդել էր նրա գրքերից մեկը։ Կարելի է ենթադրել, որ երբ նրա ամբողջ ստեղծագործությունը, ներառյալ նամակները, ամբողջությամբ հասանելի դառնան, արձակից կազմված մի փոքր, բայց փայլուն հատոր կընտրվի և կպահպանվի, և Մերի Ուոլսթոնքրաֆթը վերջապես կհաստատվի իր իսկական տեղում՝ որպես գրող, ինչպես նաև որպես ֆեմինիստ։ Արդեն հիմա նրա մասին կարելի է ասել շատ ավելին, քան այն չոր հիշատակումը, որը ես գտնում եմ անգլիական գրականության ամենատարածված անթոլոգիաներից մեկում. «Մերի Ուոլսթոնքրաֆթը արմատական հեղինակ էր, Ուիլյամ Գոդվինի կինը և Փերսի Շելլիի երկրորդ կնոջ մայրը»։
Ջինա Լուրիան ընտրել և օգտակար ներածականներ է գրել «Ֆեմինիզմի վեճը Անգլիայում 1788-1810 թվականներին» վերատպագրությունների ուշագրավ շարքի համար. քառասունչորս աշխատանք ութսունինը ֆաքսիմիլային հատորներով, որ գրել են Ուոլսթոնքրաֆթն և նրա ժամանակակիցները, որոնք դարավերջին ու դարասկզբին վեպերով և տրակտատներով բանավիճում էին կնոջ բնույթի, կրթության, ճակատագրի և իրավունքների հարցերի շուրջ: Շարքի յոթ՝ Ուոլսթոնքրաֆթի հատորները (ութը, եթե հաշվենք նաեւ Գոդվինի 1798 թվականի հուշագրությունը իր կնոջ մասին) հնարավորություն են տալիս անձամբ ծանոթանալ Մերի Ուոլսթոնքրաֆթի հետ՝ առաջին ձեռքից, տեսնել նրան այնպիսին, ինչպիսին եղել է 1792 թվականի իր հայտնի «Պաշտպանությունից» առաջ և հետո. որքան էլ կարճ լիներ նրա գրական կյանքը, նա հասցրեց փոխվել և զարգացում ունենալ։
Ջինա Լուրիան ընտրել և օգտակար ներածականներ է գրել «Ֆեմինիզմի վեճը Անգլիայում 1788-1810 թվականներին» վերատպագրությունների ուշագրավ շարքի համար. քառասունչորս աշխատանք ութսունինը ֆաքսիմիլային հատորներով, որ գրել են Ուոլսթոնքրաֆթն և նրա ժամանակակիցները, որոնք դարավերջին ու դարասկզբին վեպերով և տրակտատներով բանավիճում էին կնոջ բնույթի, կրթության, ճակատագրի և իրավունքների հարցերի շուրջ: Շարքի յոթ՝ Ուոլսթոնքրաֆթի հատորները (ութը, եթե հաշվենք նաեւ Գոդվինի 1798 թվականի հուշագրությունը իր կնոջ մասին) հնարավորություն են տալիս անձամբ ծանոթանալ Մերի Ուոլսթոնքրաֆթի հետ՝ առաջին ձեռքից, տեսնել նրան այնպիսին, ինչպիսին եղել է 1792 թվականի իր հայտնի «Պաշտպանությունից» առաջ և հետո. որքան էլ կարճ լիներ նրա գրական կյանքը, նա հասցրեց փոխվել և զարգացում ունենալ։
Նրա առաջին գիրքը՝ «Մտորումներ դուստրերի դաստիարակության մասին (1787), լի է անակնկալներով, սկսնակի համար ապշեցուցիչ ինքնավստահությամբ, խստությամբ ու վճռականությամբ, որոնցից Ուոլսթոնքրաֆթն ինքը շուտով հրաժարվում է հանուն ոճային բամզմաշերտության։ Որեւէ նոր բան չկար միայն կնոջ կրթությանը վերաբերող մանկավարժական տրակտատի մեջ, բայց նոր էրայն, որ դա կին էր գրել, եւ Մերի Ուլսթոնքրաֆթը դա ամբողջությամբ արել է առաջին դեմքով՝ հաստատելով իր սեռը, ինչպես ինքն իրեն։ Նրա համար այս երկուսը՝ ինքն ու իր սեռը միշտ անքակտելի են եղել։ «Ես ցանկանում եմ, որ նրանց սովորեցնեն մտածել,- ասում է ՄերիՈւլսթոնքրաֆթը՝ քսանութ տարեկան, չամուսնացած վարժուհին։ Մինչեւ գրող դառնալը նա իր ապրուստը հոգում էր դաստիարակչուհու եւ վարժուհու աշխատանքներով։
«Քիչ են ապրուստը հոգալու միջոցները, եւ դրանք նվաստացուցիչ են»,- գրում է նա «Դուստրերի դաստիարակության» ամենազարմանալի գլխում՝ վերնագրված «Նոր ձեւով դաստիարակված եւ ճակատագրից լքված կանանց դժբախտ վիճակը»։ «Ծառաներից բարձր, սակայն նրանց կողմից լրտես համարվող, որոնց միշտ հիշեցվում է իրենց ստորադասությունը տերերի հետ զրույցների ժամանակ»։ Ուոլսթոնքրաֆթի կծու դիտարկումները դաստիարկչուհիների ու վարժուհիների շահագործման մասին կարող են կարգախոսներ լինել գրքերի համար, որ կես դար հետո գրել են Շառլոտա եւ Էնն Բրոնտեները, որ կիսում էին թե նրա կատաղի սերը անկախության հանդեպ, թե, որ պակաս կարեւոր չէ, յորքշիրյան դաստիարակությունը։ Բայց Ուոլսթոնքրաֆթը տարբերվում էր վիկտորիանականներից սնուցող մայրերի ու պարտաճանաչ դուստրերի հանդեպ ունեցած իր վերաբերմունքով։ «Ես կարծում եմ,- ասում է նա,- որ մայրական քնքշությունը նույնքան սովորության հարց է, որքան բնազդի»։ Նա պահանջում էր կանանց համար կենցաղային գործերից բացի նաեւ մտավոր աշխատանքի իրավունք․ «Ես չեմ կարող պատկերացնել, որ դրանք անհամատեղելի են»։ Եվ նա շատ խիստ էր աղջկա կուսական սրտի զգացմունքայնության վերաբերյալ․«Ես շատ հեռու եմ սերը անդիմադրելի համարելուց»։
Կույսի սիրտը նաեւ նրա առաջին գեղարվեստական վեպի թեման էր՝ «Մերիի», որ լուս տեսավ հաջորդ տարի՝ 1788-ին։ Մեկ կծու, մեկ քնարական ոճով գրված գրքում Ուոլսթոնքրաֆթը ծնունդից մինչեւ մահ հետեւում է միայնակ, երիտասարդ ժառանգորդուհուն՝ նորաձեւ դաստիարակության զոհին, որին ստիպում են ամուսնություն կնքել, իր մեջ զզվանք առաջացնող եւ կարծես այդպես էլ չընդհատված․ «Երբ ամուսինը ցանկանում էր բռնել նրա ձեռքը կամ սիրո խոսք հիշեցնող ինչ-որ բան էր ասում, նա անմիջապես սրտխառնոց ու գլխապտույտ էր զգում, թվում էր՝ ուշագնաց կլինի»։ Մի քանի էջ անց աղջիկը հանգչում է՝ մխիթարվելով կույսի երազանքով դրախտի մասին, որտեղ ոչ պսակ կա, ոչ ամուսնություն։
«Մերին» բավականին չհղկված եւ թերի գեղարվեստական գործ է, ավելի շատ ճեպագիր, քան վեպ, բայց այն պարունակում է զարմանալի եւ ինքնատիպ հատվածներ, օրինակի համար՝ կանանց պատանեկության կրոնական խանդավառության նկարագրությունը՝ առաջ ընկնելով Ջորջ Էլիոթից։ Նախաբանը ինքնին կարևոր փաստաթուղթ է գրականության պատմության համար, քանի որ այնտեղ Ուոլսթոնքրաֆթը հայտարարում է իր մտադրությունը խոսելու «ընտրյալների» անունից և ստեղծելու վեպի նոր տեսակ, որտեղ «ցուցադրվում է մտածելու ունակություն ունեցող կնոջ միտքը»։ Սակայն այս հավակնությունը իրականությանը մոտ չեկավ մինչև «Մարիան»՝ Ուոլսթոնքրաֆթի վերջին վեպը։
«Մերիի» եւ «Մարիայի» միջեւ ընկած տասնամյակը ողբերգական ձեւով փոխեց Մերի Ուոլսթոնքրաֆթին, փոխեց նրա հայացքները կապված սիրո ու կրոնի հետ, ինչպես նաեւ նրա գրողական հմտությունները։ Նա անդադար ստեղծագործում էր եւ 1788-ից 1797 թվականն ընկած ժամանակահատվածում ստեղծել է հարյուրավոր ակնարկներ, ինչպես նաեւ մի մանկավարժական աշխատություն, երեք թարգմանական գիրք ֆրանսերենից ու գերմաներենից (նա ֆրանսերենի առումով հիմնականում ինքնուս էր, իսկ գերմաներենի՝ ինքնուս էր ամբողջությամբ), նա նաեւ արիաբար հանրային վիճաբանության բռնվեց ՝ պատասխանելով Էդմունդ Բըրքի «Մտորումներ Ֆրանսիայի հեղափոխության մասին» աշխատությանը։
Այնուհետև տպվեց «Ի պաշտպանություն կնոջ իրավունքների»-ն՝ գործ, որը նրան բերեց համաշխարհային ու տևական համբավ և որը դարձել է ֆեմինիզմի առանցքային գրություններից՝ նրա ժամանակներից մինչև մեր օրերը։ 1792 թվականին Ուոլսթոնքրաֆթը արդեն լիովին տիրապետում էր կնոջ թեմային, հատկապես կանանց թերություններին, որոնց հանդեպ նա միաժամանակ խիստ էր և ըմբռնող։ Նա նաև ձևակերպեց հասարակության խիստ մեղադրական պատկերը՝ նրա սահմանափակումներով, դաստիարակությամբ և շահագործմամբ, որոնք կնոջը դարձնում էին այն, ինչ նա էր, այլ ոչ թե այն, ինչ կարող էր լինել։ Նա պահանջում էր կրթություն և աշխատանք, ինչպես նաև քաղաքական, սեռական և ամուսնական իրավունքներ իր սեռի համար՝ բոլոր տարիքի և սոցիալական խավերի կանանց աննախադեպ լայն ընդգրկմամբ։
1792 թվականի վերջում Ուոլսթոնքրաֆթը մեկնում է Ֆրանսիա՝ սեփական աչքով տեսնելու հեղափոխությունը։ Նրա «Ֆրանսիական հեղափոխության ծագման և ընթացքի պատմական ու բարոյական դիտարկումը, և դրա ազդեցությունը Եվրոպայի վրա» աշխատությունը լույս է տեսնում երկու հրատարակությամբ՝ 1794 և 1795 թվականներին։ Երկրորդ հրատարակությունը վերջերս վերահրատարակվել է ֆաքսիմիլե տարբերակով, Ջանեթ Մ. Թոդի գիտական ներածությամբ։ Պրոֆեսոր Թոդը բացատրում է գրքի ընդհանուր առմամբ հիասթափեցնող որակը մի կողմից 1789 թվականի իրադարձություններից Ուոլսթոնքրաֆթի հեռավորությամբ (նա ստիպված էր ապավինել երկրորդ ձեռքի տեղեկություններին), մյուս կողմից՝ Ահաբեկչության շրջանի իրադարձություններին նրա չափազանց մոտ լինելով, ինչը հանգեցրեց ֆրանկաֆոբիայի ծանր դրսևորմանը։ Ուոլսթոնքրաֆթը մեղադրում էր ֆրանսիացիներին՝ նրանց հիստերիան, անգրագիտությունն ու թատերական մակերեսայնությունը, մեղադրում էր այն բռնության համար, որը նա հրաժարվում էր վերագրել հեղափոխական գաղափարախոսությանը։ «Ազգային բնավորությունը, թերևս, ավելի շատ է ձևավորվում նրանց թատերական զվարճանքներով, քան սովորաբար պատկերացնում են… զարմանալի՞ է, որ գրեթե ամեն ինչ ասվում և արվում է բեմական տպավորության համար»։
Ուոլսթոնքրաֆթի ոճը Ֆրանսիական հեղափոխությանը նվիրված նրա գրքում հազվադեպ է հետաքրքիր լինում, և միայն այն հատվածներում, որտեղ, իրադարձությունները սթափ շարադրելու փոխարեն նա տրվում է սեփական՝ բավական թատերական հռետորական պոռթկումներին։ «Մենք պետք է լիովին ազատվենք նախնական մեղքի վայրենի ավանդույթից ծնված բոլոր պատկերացումներից՝ խնձորը ուտելուց, Պրոմեթևսի գողությունից, Պանդորայի արկղի բացումից և մյուս առասպելներից…, որոնց վրա քահանաները կառուցել են իրենց ահռելի խաբեության կառույցները…»։ Մարդկության զարգացման մասին նրա երկարաշունչ զեղումները ցավալիորեն միամիտ են, երբ նա դիմում է անցյալին, սակայն երբեմն ուշագրավ են՝ ապագայի մասին խոսելիս։ Նա դատապարտում է ոչ միայն թագավորներին ու ազնվականներին, այլև ձևավորվող «հարստության արիստոկրատիային» և «առևտրի կործանարար ազդեցությանը» վերագրում է աշխատանքի ապամարդկայնացումը՝ նոր ծագող արդյունաբերական դարաշրջանում․ «այդպես մարդկանց ամբողջ խմբեր վերածվում են մեքենաների, որպեսզի սուր հաշվենկատը հարստանա, և բնության յուրաքանչյուր վեհ սկզբունք արմատախիլ է արվում, երբ մարդը ստիպված է իր կյանքն անցկացնել մետաղալար ձգելով, ասեղի ծայր սրելով, մեխի գլուխ դնելով կամ թուղթը հարթ մակերեսի վրա փռելով»։
Ֆրանսիայում գտնվելու ընթացքում Մերի Ուոլսթոնքրաֆթը սիրահարվում է Գիլբերթ Իմլեյին՝ ամերիկացի արկածախնդրի, կամ ավելի ճիշտ սիրահարվում է սիրուն։ Այն, ինչ Քեյթ Շոպենը անվանում էր Արթնացում, իսկ Էմիլի Դիքինսոնը՝ Փառք, Ուոլսթոնքրաֆթին հասավ երեսուն տարեկանում, վերացրեց նրա սրտի կուսությունը և փոխակերպեց արձակը։ 1790-ականների կեսերին գրած նամակներում նա ձևավորում և պահպանում է մի ոճ, որը միավորում է խստությունն ու կիրքը՝ դանդաղ, ձևական խորհրդածությունը՝ արծաթափայլ երաժշտականությամբ։ «Սերը իմ սրտի կարիքն է,- գրում էր նա 1795-ին։- Վերջերս ինձ ավելի ուշադիր եմ քննել, քան երբևէ, և տեսնում եմ, որ խլացնելը չի նշանակում խաղաղեցնել միտքը։ Հանգստության ձգտելով՝ գրեթե ոչնչացրել եմ հոգուս ամբողջ էներգիան, գրեթե արմատախիլ արել այն, ինչը նրան արժեքավոր է դարձնում… Խաղաղությունը վերագտնելու ցանկությունը (հասկանո՞ւմ ես ինձ) ստիպել է մոռանալ իմ սեփական զգացմունքների հանդեպ եղած հարգանքը՝ սրբազան զգացմունքները, որոնք այն բերկրանքների վստահ ավետաբերներն են, որոնց վայելելու համար ես ստեղծված էի»։
Ուոլսթոնքրաֆթի կյանքի ընթացքում հրատարակված վերջին գիրքը նրա «Նամակներ Շվեդիայում, Նորվեգիայում և Դանիայում կարճ բնակության ընթացքում» (1796) ժողովածուն էր։ Այս նամակներից որոշները հիասքանչ են և արժանի վերահրատարակման, քանի որ ներկայացնում են փոքրիկ էսսեներ՝ ամբողջովին ներծծված ռոմանտիզմով՝ Սկանդինավիայի վայրի բնապատկերների և կոպիտ կանանց ու տղամարդկանց մասին։ Սակայն նրա ամենահուզիչ և ամենագեղեցիկ սիրային նամակները լույս տեսան միայն մահվանից հետո։ Իմլեյին ուղղված նամակները (ինչպես դրանք կոչվում էին վիկտորիանական շրջանում) ընդգրկված են Ուոլսթոնքրաֆթի 1798 թվականի «Հետմահու աշխատություններ» ժողովածուի երրորդ հատորում։ Իր նախաբանում Գոդվինը դրանք համեմատում է Գյոթեի «Վերթերի» հետ՝ որպես «բոցավառ երևակայության ծնունդ և կրքով լի սրտի արտահայտություն»։
Իմլեյին հասցեագրված նամակները վկայում են Ուոլսթոնքրաֆթի անզուսպ կապի, համարձակ կրքերի, հպարտ անկախության և դավաճանության մասին, նրա դժվարությունների (և բերկրանքների)՝ կապված ապօրինի ծնված դստեր խնամքի, նրա աղքատության և ինքնասպանության փորձի հետ։ Սակայն դրանք բողոք նամակներ չեն, անգամ ոչ այնքան մտերմիկ նամակներ, որքան գրականություն՝ միջնադարյան Էլոիզի ավանդույթի մեջ (որ ոգեշնչել էր Ռուսոյին)․ կնոջ՝ կրքի և դրա հետևանքների իրավունքի խիզախ, ուրախ տոն՝ լավագույնը ամենավատի հետ միասին։ «Ո՜հ, բարեկա՛մս,- գրում է Մերի Ուոլսթոնքրաֆթը,- դու չգիտես այն անասելի հաճույքը, այն նրբագույն վայելքը, որ ծնվում է զգացմունքի և ցանկության միասնությունից, երբ ողջ հոգին և զգայարանները հանձնվում են կենդանի երևակայությանը… Այս զգացումները… ինձ թվում են հանճարի տարբերակիչ հատկանիշը, ճաշակի հիմքը և բնության գեղեցկությունների նկատմամբ այն նուրբ ըմբռնման աղբյուրը, որի մասին ուտողների, խմողների և երեխաներ ծնողների ամբոխը, անշուշտ, ոչինչ չի պատկերացնում»։
«Հետմահու աշխատություններ»-ի համատեքստում հնարավոր է գնահատել Ուոլսթոնքրաֆթի ուսմունքը օրենքի ու կրոնի պայմանականություններից, սեփականության կապանքներից ազատ սիրո մասին եւ այդ ուսմունքի ազդեցությունը երիտասարդ Պերսի Շելլիի վրա, որը, թվում է, կարդացել էր նրա գրած ամեն ինչ և մասամբ գրավվել էր Մերի Գոդվինով, որովհետև նա լեգենդար մոր դուստրն էր։ Այդ ուսմունքը ներթափանցում է Ուոլսթոնքրաֆթի սիրային նամակներ և, անքակտելիորեն խառնված լինելով նրա «Ի պաշտպանություն կնոջ իրավունքներ»-ից ավելի արմատական ֆեմինիզմի հետ, դառնում է «Կնոջ սխալները կամ Մարիա» վեպի հիմնական թեման, որի վրա նա աշխատում էր մահվան պահին։
Թեպետ կարելի է հանդիպել երկար ու կոպիտ հատվածների՝ կերպարների գծագրման մեջ ուրվագծային և կառուցվածքով ոչ այնքան հավասարակշռված, սակայն գործն ընդհանուր առմամբ հագեցած է ինքնատիպությամբ և կրքով։ Ինքնատիպ են ոչ միայն գաղափարները, այլև դրվագները․ Ուոլսթոնքրաֆթը վեպում ներառել է աբորտ և շնության դատավարություն (թեև ոչ այն վիժումը, որը ծրագրել էր, բայց չհասցրեց գրել)։ Ձևական առումով ևս «Մարիա»-ն ինքնատիպ է, քանի որ Ուոլսթոնքրաֆթը գոթական վեպի՝ Ռեդքլիֆյան տարրերը ծառայեցնում է ֆեմինիստական նպատակների։ Վեպի սկզբում հերոսուհին փակված է խելագարանոցում, որը շատ է հիշեցնում Ուդոլֆոյի ամրոցը։ Մնացածի մեծ մասում Մարիան փախչում է անասնական կրքերով առաջնորդվող, շահամոլ ամուսնու հալածանքներից՝ տղամարդկային չարության ռեալիստական մարմնացումից, որը տիկին Ռեդքլիֆը երևակայությամբ պատկերել էր որպես Մոնտոնի և Սկեդոնի։
Իր հերոսուհու միջոցով, որը «Մարիա»-ի սկզբում բացահայտ ու հպարտ կերպով շնանում է, Ուոլսթոնքրաֆթը հարձակվում է ամուսնության ինստիտուտի վրա։ Նա հռչակում է կնոջ իրավունքը՝ բավարարելու իր սեռական ցանկությունները, և պնդում է, որ կինը իրավունք ունի այս հարցերում կրթելու իր դուստրերին, ինչպես Մարիան է անում վեպում։ «Քեզ, աղջի՛կս, սրտով, որ դողում է քո ապագա վարքի համար,- գրում է Մարիան իր դստերը, որից նրան բռնի կերպով բաժանել են,- երբ վիպագիրներն ու բարոյախոսները որպես առաքինություն են գովաբանում կնոջ բնավորության սառնությունը և կրքի բացակայությունը և ստիպում են նրան ենթարկվել սիրեկանի կրքին՝ զուտ խղճահարությունից կամ ապագա սառը հարմարավետությունը ապահովելու նպատակով, ես զզվում եմ։ Նրանք կարող են լինել «լավ կանայք»՝ այդ արտահայտության սովորական իմաստով, և ոչ մի վնաս չտալ… բայց նրանց պակասում է երևակայության այն կրակը, որը ծնում է զգայունություն և դրական առաքինություն»։
Նույնիսկ «Հետմահու աշխատություններից» հետո դեռ կային Ուոլսթոնքրաֆթի անտիպ գրություններ՝ հիմնականում նամակներ, որոնք Շելլիի ընտանիքում փոխանցվել էին մինչև ներկայիս լորդ Աբինգերին։ Այդ նյութերի և այլ փաստաթղթերի հիման վրա Ռալֆ Մ. Ուորդլը 1951-ին ստեղծեց Մերի Ուոլսթոնքրաֆթի առաջին և մինչ օրս ամենակարևոր գիտական կենսագրությունը։ Իսկ 1966-ին նա ավելացրեց կանոնին մի գործ, որը, ըստ էության, ևս մեկ հետմահու հրապարակում է․ սա «Godwin & Mary»-ն է՝ Ուորդլի կազմած Մերի Ուոլսթոնքրաֆթի և Ուիլյամ Գոդվինի նամակագրությունը այն մեկ տարվա ընթացքում (1796-ի հուլիսից մինչև 1797-ի օգոստոս), երբ նրանց բարեկամությունը դարձավ սիրավեպ, սիրավեպը՝ կիրք, կիրքը՝ միություն, իսկ նրանց կապը՝ չափազանց ոչ ավանդական ամուսնություն, որի ընթացքում նրանք ապրում էին բավական հեռու միմյանցից՝ շարունակելով նամակագրությունը։ Ուորդլը՝ հիանալի խմբագիր, տալիս է այնքան մեկնաբանություն, որքան անհրաժեշտ է, որպեսզի այս հարաբերությունը բացվի ինքն իրեն՝ նամակների միջոցով։ Եվ նա չի փորձում մեկնաբանել սիրո հուզիչ ավարտը՝ այն գրությունը, որտեղ Մերի Ուոլսթոնքրաֆթը հանգստացնում է Գոդվինին՝ ասելով, որ բարեհաջող ծննդաբերել է իրենց երեխային։
«Godwin & Mary»-ն մինչ այժմ տպագրվում է՝ բարեբախտաբար, որովհետև այն ամենահեշտ, և անկասկած ամենահաճելի մուտքն է դեպի Մերի Ուոլսթոնքրաֆթի կյանքն ու արձակը։ Այն պարունակում է նրա ամենապայծառ սիրային նամակներից մի քանիսը և ընթերցողին տալիս է հաճույքը՝ տեսնելու, թե ինչպես այս խիզախ կնոջ կյանքում վերջին ամիսներին հայտնվում են հանդարտ երջանկության պահեր։ Իր ներածության մեջ Ուորդլը ճշգրիտ մատնանշում է «Godwin & Mary» նամակագրության միակ առավելությունը «Իմլեյին ուղղված նամակների» նկատմամբ․ «մենք այստեղ չենք լսում մի ձայն, որ աղաղակում է դատարկության մեջ, այլ երկու մարդկանց, որոնք մտերմորեն զրուցում են… երկուսն էլ անհատապաշտներ, բայց աստիճանաբար ձևավորող մի սեր, որը… քնքուշ հոգատարության և փոխադարձ հարգանքի միավորում էր՝ ուժգնացած կրքոտ պահերով…»։
Ես կավելացնեի, որ որպես սիրային նամակներ՝ դրանք, հավանաբար, եզակի են նաև նրանով, որ կրում են կնոջ հղիության ռիթմերի զարկը՝ այդ «ոչ էլեգանտ բողոքը», ինչպես Ուոլսթոնքրաֆթը չոր հեգնանքով գրում էր Գոդվինին, «որը դեռևս ոչ մի վիպագիր չի հիշատակել որպես սենտիմենտալ հույզի հետևանք»։
Մերի Ուոլսթոնքրաֆթի կյանքի ամենակարևոր իրադարձությունը 1787 թվականին Լոնդոն մեկնելն էր, իր առաջին վեպի ձեռագիրը ձեռքին՝ ներկայացնելու իրեն արմատական հրատարակիչ Ջոզեֆ Ջոնսոնին և պահանջելու լրիվ դրույքով աշխատանք՝ որպես գրող։ «Ուրեմն, ես դառնալու եմ նոր սեռի առաջին ներկայացուցիչը»,- գրում էր նա իր քրոջը։ Պրոֆեսոր Ուորդլը հիշեցնում է, որ նա պատմության մեջ ինքնուրույն ապրուստ վաստակող առաջին կին գրողը չէր, սակայն նա, հավանաբար, առաջիններից էր, որն այսքան մենակ պայքարեց Գրաբ Սթրիթում իր տեղը գտնելու համար, Լոնդոնում հիմնեց իր սեփական տունը՝ առանց ընտանեկան աջակցության կամ ընկերակցության, առանց ամուսնու կամ սիրեկանի՝ չունենալով այլ պաշտպանություն անխուսափելի սեռական վիրավորանքներից՝ իր արժանապատվությունից բացի, և առանց որևէ հովանավորի՝ բացի այն հրատարակչից, որի համար տասը տարի անդադար աշխատեց։ «Լսե՞լ եք որևէ բնակարանի մասին, որ գուցե հարմար լինի ինձ»,- գրում էր նա Ջոնսոնին մի նամակում, որը Գոդվինը ներառել էր «Հետմահու աշխատությունների» չորրորդ հատորում։
«Ես հաճախ եմ մտածում իմ կյանքի նոր ծրագրի մասին… Ես վճռել եմ։— Ձեր սեռը սովորաբար ծիծաղում է կանանց վճռականության վրա, բայց թույլ տվեք ասել ձեզ, որ ես երբեք որևէ կարևոր բան կատարելու որոշում չեմ ընդունել, որին հետո վճռականորեն չհետևեի… Ես տենչում եմ մի փոքր խաղաղություն և անկախություն։ Ամեն պարտավորություն, որ ստանում ենք մեր մերձավորներից, նոր շղթա է, այն զրկում է մեզ մեր բնածին ազատությունից և նվաստացնում միտքը, մեզ դարձնում է պարզապես ճիճուներ։ Ես գետնաքարշ լինել չեմ սիրում»։
Նա ցանկանում էր իր սեռին սովորեցնել գետնաքարշ չլինել։ Իր սեփական կյանքի, ինչպես նաև իր քույրերի, ընկերների, աշակերտների և գործատուների կյանքի դիտարկումներից, ինչպես նաեւ փիլիսոփաների աշխատությունների ընթերցանությունից, որոնց շրջանակին նա ձգտում էր պատկանել, Ուոլսթոնքրաֆթը հասկացավ կանանց կյանքի վրա իշխող սոցիալական պայմանները և դատապարտեց ինստիտուցիոնալացված ճնշումը՝ մի սոցիալական փաստ, որը նա առաջիններից էր ամբողջականությամբ ըմբռնելու և որի փոփոխության համար նրա գրությունները մեծ դեր խաղացին։
Կենսագիրներն ու խմբագիրները չեն կարող ավելի վատ ծառայություն մատուցել Մերի Ուոլսթոնքրաֆթին և ֆեմինիզմի պատմությանը, քան նրա հրատարակված գործերը անձնական վրեժխնդրություն ներկայացնելը, նրա «Ի պաշտպանություն»-ը, մանկավարժական գրությունները և արձակը ներկայացնելով որպես ընդամենը ապացույց, թե նա ամբողջ կյանքում անձնական վիրավորանք ուներ։ Իհարկե, նա դժգոհություններ ուներ․ նրա հայրը հիմար ու դաժան մարդ էր՝ ժամանակի արատներով, խորթ մայրը՝ տհաճ, մանկությունը՝ անկայուն՝ ֆինանսական դժվարությունների և հաճախակի տեղափոխությունների պատճառով, կրթությունը՝ կարճ և թերի, համալսարաններն ու մասնագիտությունները փակ էին նրա առաջ, որովհետև նա կին էր, նա ստիպված էր աշխատել և օգնել ընտանիքին դեռ տասնինը տարեկանից, և, որովհետև կին էր, ոչ մի հարգարժան, անկախ և արժանավայել վարձատրվող աշխատանք հասանելի չէր նրան։ Սակայն եթե Մերի Ուոլսթոնքրաֆթը պարզապես ամբողջ կյանքում բողոքեր իր անձնական դժվարություններից, որոնք բնորոշ էին իր ժամանակի միջին խավի անամուսին անգլիացի կանանց մեծ մասին, ապա դժվար թե արժանի լիներ կենսագրության։ Այնուամենայնիվ, նրա ամենավերջին կենսագիրները, անհասկանալի պատճառներով, նրան ներկայացնում են որպես նյարդային, չարացած բողոքավոր, այլ ոչ թե իր սեռի պաշտպան, փիլիսոփա-մարտիկ, և այդ կենսագրությունները որոշ շրջանակներում արժանացել են բարձր գնահատանքի՝ պատճառներով, որոնք արդեն կարելի է հասկանալ,։
Ուոլսթոնքրաֆթի ուսումնասիրությունների համար այսօր ամենակարևոր ուղղությունը ոչ թե կենսագրական գուշակություններով զբաղվելն է, ոչ թե նրա ընտանեկան վեճերի և դպրոցական ընկերությունների սակավաթիվ վկայությունները մանրազնին քննելը, այլ՝ նրա հասուն գրականությունը կարգավորելն ու այն տեղադրելն այն բացառիկ ժամանակաշրջանի մեջ, որի կանանց պատմությունը այդ գրությունները զարդարում են։
Ջանեթ Թոդը կազմել է Ուոլսթոնքրաֆթի մատենագիտությունը, որը ներառում է նաև նրա գործերի նկատմամբ ժամանակակից և տասնիններորդ դարի արձագանքները, և իր Մերի Ուոլսթոնքրաֆթի Ֆրանսիական հեղափոխությունը» գրքի նախաբանում Թոդը կարևոր համեմատություններ է անցկացնում հեղափոխական իրադարձությունների անմիջական նկարագրությունների հետ, որոնք տվել է Հելեն Մարիա Ուիլյամսը․ նրա «Նամակներ Ֆրանսիայից» հատորները լայնորեն ընթերցվում էին Անգլիայում 1790-ականներին։
Ջինա Լուրիան իր Feminist Controversy վերահրատարակությունների շարքում ներառում է նաև Հելեն Մարիա Ուիլյամսի «Ջուլիա» վեպը (1790)։ Նա հասանելի է դարձնում նաև Ուոլսթոնքրաֆթի ժամանակակիցների՝ Մերի Հեյզի, Ամելիա Օփիի, Էլիզաբեթ Հեմիլթոնի, Հաննա Մորի, Մերի Բրունթոնի, Ջեյն Ուեսթի և շատ ուրիշների վեպերն ու տեսական աշխատությունները։ «Ի պաշտպանություն Կնոջ իրավունքների» գործում Ուոլսթոնքրաֆթը որպես իր ամենակարևոր նախորդ է նշում պատմաբան և մանկավարժ Քեթրին Մակոլեյին, որի մասին Աբիգեյլ Ադամսը դեռ 1771 թվականին հեռավոր Մասաչուսեթսի Բրեյնթրի քաղաքից գրում էր․ «Իմ սեփական սեռից մեկը՝ այսքան նշանավոր մի ոլորտում, որը այսքան անսովոր է… Ես հետաքրքրություն ունեմ իմանալու նրա կրթությունը և այն, թե ինչն էր առաջինը դրդել նրան ձեռնամուխ լինել մի ուսումնասիրության, որը մինչ այդ երբեք հանրությանը ներկայացված չէր իր սեռի և իր երկրի որևէ ներկայացուցչի կողմից, բայց այժմ՝ ի պատիվ երկուսի էլ, այսքան հիանալի կերպով իրականացվել է նրա կողմից»։
Ուոլսթոնքրաֆթի ժամանակաշրջանը՝ տասնութերորդ դարի ռոմանտիկ, հեղափոխական վերջը, աշխարհի կանանց համար բացառիկ ժամանակ էր․ կանանց, ինչպիսիք էին տիկին դը Ստալը, Ֆանի Բերնիին, Էնն Ռեդքլիֆը, Աբիգեյլ Ադամսը, Մարիա Էջվորթը, տիկին դը Ժենլիսը, ինչպես նաև Ջեյն Օսթինը, որը Ուոլսթոնքրաֆթի մահվան պահին արդեն գրում էր, թեև դեռ չէր հրատարակվում։ Կանանց՝ դեպի պրոֆեսիոնալ գրական կարգավիճակ վերելքը դարաշրջանի բնորոշ երևույթ էր՝ լայն հետևանքներով սոցիալական, մտավոր և գրական պատմության մեջ։
Այս թեման վերջին շրջանում առանձնահատուկ ուշադրության է արժանացել ֆրանսիացի հետազոտողների կողմից։ Ֆիլիպ Սեժուռնեն մանրամասն և խորը վերանայել է «Կանանց վեպը Անգլիայում՝ 1740-ից 1800 թվականներին» թեման․ նրա ժամանակագրական մատենագրությունը ներառում է մոտ հարյուր կին հեղինակ՝ հետռիչարդսոնյան շրջանից, երբ կին վիպագիրները սկսեցին թվով գերազանցել տղամարդ հեղինակներին Անգլիայում։ Երբ Սեժուռնեն գնահատում է «Մարիա»-ում առկա նորարարական անկեղծությունն ու կտրուկ սոցիալական քննադատությունը, նա այն համեմատում է նույն ժամանակաշրջանի այլ փիլիսոփայական վեպերի հետ՝ Մերի Հեյզի, Էլիզաբեթ Ինչբոլդի և Հելեն Մարիա Ուիլյամսի գործերի կողքին։
Ֆեմինիստը Ուոլսթոնքրաֆթի ժամանակի «նոր կնոջ» միայն մեկ կերպարն էր, և նրա իրավունքների պաշտպանությունը՝ միայն հետևանքներից մեկը։ «Կանացի ճակատագիրը տասնութերորդ դարի վեպում»— այսպես է կոչվում Պիեռ Ֆոշերի չափազանց ծավալուն, բայց նույնքան հարուստ ուսումնասիրությունը, որը նա բնորոշում է որպես «վիպական գինեկոմիֆոլոգիայի փորձ»։ Ֆոշերը հետևում է կնոջ գիտակցության աճին վեպի տարածքում և այն առասպելական ճնշմանը, որով այդ գիտակցությունը փոխակերպում է առաքինության, սիրո, ընտանիքի, կրթության, գիտելիքի, արվեստի, երջանկության և հերոսության մասին պատկերացումները։ Այստեղ կանացի սեռական կրքի հաստատումը հանդես է գալիս որպես արմատական ֆեմինիզմի հիմնադրույթ՝ ոչ միայն Ուոլսթոնքրաֆթի Անգլիայում, այլև Գերմանիայում և Ֆրանսիայում՝ դարաշրջանի շրջադարձային տարիներին։
Էլլեն Մոերս
Աղբյուրը՝ https://www.nybooks.com/articles/1976/02/19/vindicating-mary-wollstonecraft/
Թարգմանությունը՝ Գայանե Պողոսյանի
