Նար-Դոսի «Մեր թաղը» պատմվածաշարը, որը հեղինակն այնքան էլ չի հավանել, սոցիալական բազմաբնույթ հարցեր է բարձրացնում, որտեղ մարդը ոչ միայն բախվում է սոցիալական խնդիրների, այլև սոցիալական կոնտեքստով ու «խավով» էլ ձևավորվում են նրա աշխարհայացքն ու ապրելակերպը։ Կերպարները իրենց մտածելակերպով աշխարհը տեսնելու ու ընկալելու իրենց դիտանկյունն ունեն և նույնիսկ երբմեն չեն էլ հասկանում, որ իրենց կործանման պատճառը հենց այդ դիտանկյունն է։ Օրինակ՝ «Սաքուլն ուխտի գնաց» պատմվածքը․ հերոսը ի վերջո մահանում է, քանի որ գրբացի համար փող հայթայթելը հնարավոր է լինում, բայց բժիշկի համար՝ ոչ։ Եվ ոչ միայն նշված պատմվածքում, այլև ուրիշ գործերում սոցիալական վատ պայմաններին զուգակցված է հերոսների կարծրատիպայնությունն ու տգիտությունը («Ինչպես բժշկեցին»)։ Հանդիպում ենք նաև բռնության ու դրա ծանր հետևանքներով դեպքեր («Թե ինչ եղավ հետո, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց», «Հոպոպ»), իսկ երբեմն մարդու բարոյական անկումը կապված է խմիչքի ու հարբեցողության հետ («Հոգուն վրա հասավ», «Սև փողերի տոկոսը»):
«Ադամամութին» պատվածքը պատմվածաշարի գործերից է։ Պատմվածքի առաջին նախադասությունից ծանոթանում ենք հերոսուհու՝ Շուշանի հետ, որի արտաքին նկարագրությանը՝ նիհար, պստիկ, կուչ եկած, հաջորդում է ոչ պակաս խղճուկ տան նկարագրությունը։ Նկարագրություն, որի ընթացքում հեղինակը կարծես ինքն իրեն «ուղղում է»՝ ընդգծելով, որ ավելի շուտ խրճիթ է, քան տուն։ Խրճիթի խղճուկ պատկերն էլ լրացնում է եղանակը, որի նկարագրությունը Նար-Դոսը պատմումի ընթացքում հա հիշեցնելու է․«Աշուն էր: Ցուրտ քամին շրխկշրխկացնելով շարժում էր դուռը և սվսվալով ներս մտնում տախտակների արանքներից»:Բայց ցրտի, քամու նկարագրությունն էլ ինքնանպատակ չէ․ այն լրացնում է ընտանիքի վիճակը ու ընդգծում ողջ ողբերգությունը։ Եվ Շուշանը պետք է տնքա քամու ոռնոցի հետ, իսկ ցավը ոչ միայն պետք է ավելի սաստիկ դառնա, այլև ցուրտը ինքը պետք է «մասնակիցը» դառնա այն ամենին, ինչը կատարվում էր և դեռ պետք է կատարվեր։
Ընտանիքը երեխաների կարիք չունի, բայց դեռ մեկն էլ պետք է ծնվի։ Ուրա՞խ են դրա համար։ Իհարկե, ո՛չ։ Պատճառն էլ, թերևս, ակնհայտ է․ «Ո՞ւմ համար, ինչի՞ համար, ի՞նչ օրումն էին արդեն եղածները, որ մեկն էլ պիտի ավելանար»: Սոցիալական պայմաններն այնքան վատ են, որ ծնողական սիրո արտահայտման համար էլ կարծես թե տեղ չի մնում։ Ի՞նչ է անում հայրը՝ «տավար քշող» Կարապետը, երբ տեսնում է, որ մեծ որդուն գողության համար ոստիկանը տանում է․ «Հախդ ա, շան որդի, – ասաց հայրը և անցավ գնաց»: Ուշադրություն դարձնենք նաև, թե Շուշանը ինչպես է արտահայտվում իր երեխաների մասին, երբ մեծ աղջիկը՝ Սոնեն, հարուստի տանը աշխատել ու հաց է բերել տուն․ «Տուր էդ լակոտներին՝ ուտեն»։ Հեղինակը նաև «շտապում է» նշել, որ սաստիկ ցուրտ է, իսկ Շուշանի ցավերը գնալով ուժեղանում են։ Բայց հեղինակը Շուշանին «արդարացնելու» միտում չունի կամ էլ գուցե փորձում է արդարացնե՞լ։ Իսկ «լակոտները» շտապում են հափշտակել հացը՝ այն հացը, որի համար աշխատել է Սոնեն։ Այս առումով Սոնեն ինչ-որ տեղ իրեն հպարտ է զգում, որ հաց է տուն բերել։ Ավելին, այդ հպարտությունն իրեն ուժ կիրառելու իրավունք է տալիս պահանջելու մնացածից, որ իրեն սպասեն, որ իրեն լսեն․ «Ձեռ չտաք, թե չէ, կսպանեմ» ։ Ի վերջո, «լակոտները» հացը ուտում են ու քնում, բայց Շուշանի համար գիշերը դաժան ու տառապալից է դեռ լինելու։ Առանց «տատմոր», ինչպես նախորդ երեխաներին, պետք է հերթական երեխան լույս աշխարհ բերի։ Հեղինակը նորից շտապում է ընդգծել պատճառը, թեև ինքնին արդեն պարզ է պատճառը․ «Մենակ էր, ոչ ոք չուներ, որ օգներ: Երկու երեխա այդպես, առանց «տատմոր» օգնության էր բերել, որովհետև աղքատ էր»: Սա էլ դեռ ամենը չէ։ Սոցիալական վատ պայմանները միայն հաց չունենալը կամ տատմոր օգնությանը դիմել չկարողանալը չէ․ «Նույն այդ աղքատությունն էր պատճառը, որ մինչև այժմ ծնած բոլոր երեխաներն ամիսներով «հարամ» էին մնացել. — մարդ չէր ճարվում, որ «հալալեր» — կնքահայր դառնար»: Սա արդեն առաջ է բերում մի նոր խնդիր․ օտարում, հասարակությանից դուրս մղում։ Այս նկարագիրն էլ իր հերթին է շեշտադրում դեռ չկնքված երեխայի սպասվելիք կյանքը։ Կյանք, որտեղ ծնվելով արդեն դատապարտվում ես դուրս մղված ու օտար լինելուն՝ սպասելով ինչ-որ մեծահարուստների ողորմածությանը։ Եվ հեղինակը նորից ու նորից նշում է․ «Ցուրտն էլ մյուս կողմից էր նեղում» կամ «Իսկ քամին գնալով ավելի ու ավելի սաստկանում է և շվացնում խրճիթի հայտնի չէ ո՜ր ծակից»:
Պատմվածքը կամաց-կամաց, քամու հետ համընթաց է իր հանգուցալուծմանը հասնում․ «Ադամամութին, երբ հարևանի բակում աքաղաղն սկսեց կանչել իր ծուղրուղուն, Սոնեն աչքերը բաց արեց և գլուխը հանեց վերմակի ու յափնջու տակից»: Եվ Սոնեն էլ պետք է ականատեսը լինի, թե ինչպես է մայրը խեղդում նորածին երեխային՝ երեխայի, որին վիճակված չէ անգամ մի կտոր հաց ունենալ։ Սոնեն ցնցված է։ Իսկ մայրը գիտակցու՞մ է, թե ինչ է անում․ «Մայրը՝ ամբողջ մարմնով խոնարհված նրա վրա, ատամները պինդ սեղմել էր իրար և ձեռքերով հուպ էր տալիս մանկան կոկորդը, շարունակ կրկնելով սեղմած ատամների միջից. «Ի՞նչ եմ անում… ի՞նչ եմ անում… քիչ ունե՞մ… քե՞զ ոնց պահեմ… քե՞զ ոնց պահեմ…»: Արդարացնու՞մ է իրեն, թե՞ ելք է փնտրում։
Մանուկը ձայն էլ չի հանի։ Սոնեն էլ անզորությունից կճչա։ Նար-Դոսը կարծես պատմվածքի հենց սկզբից «պատրաստում էր» ընթերցողին, որ լավ վերջաբանի չսպասեք, որ նոր կյանքն էլ ինչ-որ նորի ու ավելի լավի սկիզբը չէր լինելու, այլ զուտ լրացնելու էր այն աղքատիկ պատառիկը կյանքի, որտեղ հացի մի կտորը հափշտակելով են իրար ձեռքից ուտում։ Եվ այստեղ է, որ հատվում է սահմանը, որտեղ բարոյականը, մայրական «քնած» բնազդը ու սոցիումի ստորին շերտում գտնվելը եթե չի էլ արդարացնում մոր ոճրագործությունը, բայց մեղադրել էլ չես կարող, կարծես հենց դու էլ զգում ու մրսում ես, կարծես դու էլ քաղցած ես ու չես ուզում, որ էլ ինչ-որ մեկն էլ քաղցած լինի․․․
Նար-Դոսը լինելով հոգեբանական ռեալիզմի հետևորդ՝ կյանքը պատկերել է այնպիսին, ինչպիսին կա՝ ընդգծելով նաև հոգեբանական կոնտեքստը։ «Ադամամութին» պատմվածքն էլ կյանքի մի դրվագ է, որտեղ մարդը պարտվում է սոցիալական վատ պայմանների թելադրանքով, իսկ հոգեբանական տեսնակյունից այն «բացված է» այնքանով, ինչքանով որ թույլ է տալիս ժանրը։ Այնինչ Նար-Դոսի մյուս գործերում («Պայքար», «Մահը», «Սպանված աղավնի» ) հոգեբանական շերտերը առավել խորությամբ է ի ցույց դրվում։Ադամամութը եկավ ու եղավ նոր կյանքի վերջը։ Իսկ լույսը մի օր կբացվի՞։ Չբացվե՛ց, գոնե այս պատմվածքում, գոնե ինչ-որ մեկի համար։
