Արփինե Խաչատրյան/Արփինե Վարդանյանի «Մենք ձեզ կզանգահարենք» գրքի մասին

«Մենք Ձեզ կզանգահարենք»։ Այս խոսքերը հաճախ են լսել բոլոր այն մարդիկ, որոնք մեծ հույսով գնացել են աշխատանք փնտրելու։ Բայց սրանք սին ու կեղծ խոստում պարունակող խոսքեր են, որոնք հերքվել են նույն պահին։ Ձեր գնալուց հետո Դուք մոռացվել եք, Ձեզ ոչ ոք չի զանգահարի։

Այդպիսին են նաև Արփինե Վարդանյանի գրքի հերոսները։ Նրանք հետաքրքիր են, նրանց մասին խոսում են, քննարկում, իսկ հետո մոռանում։ Նրանք ամենաշատն իրենց ընտանիքի զանգին են սպասում, բայց ընտանիքի անդամներն էլ բոլորի նման ասում են․ «Մենք Ձեզ կզանգահարենք»։

Արփինե Վարդանյանի գիրքը պայքար է գոյություն ունեցող բարքերի, կարծրատիպերի, մարդկանց դեմ։ Ինչպես գրքի խմբագիր Արփի Ոսկանյանն է ասում, Արփինե Վարդանյանը գրում է այն թեմաներով, որոնց մասին ընդունված չէ գրել, այլ միայն բամբասել սուրճի սեղանի շուրջը կամ ֆեյսբուքյան կանանց խմբերում։

Այս գրքում պայքար է ինքնահաստատման, երկնքի տակ քո տեղն ունենալու, ազատության, սիրո, բայց հիմնականում պայքար ինքդ քո դեմ, որովհետև շրջապատող աշխարհին, բարքերին ու մարդկանց հակադրվելու ուժ ու իրավունք չունես։

Սա գիրք է կյանքի մասին՝ առանց գունազարդումների։ Այս գիրքն ընտանիքի միջուկն է, ներսը` այն, ինչն օտարների աչքից հեռու է պահվում։ Ինչպիսին է այդ ընտանիքը․ հաճախ երջանիկ թվացող, բայց ներսում՝ տխուր, հաճախ քննադատվող, բայց ներսում՝ սիրով լցված։Արփինեի պատմվածքներում ընտանիքն է՝ իր անդամներով` մայր, հայր, երեխա, տատիկ, սկեսուր․․․։

Պատմվածքներում հանդիպում ենք հարբեցող, թույլ, սիրո կարոտ, հոգատար մայրերի։ Նրանց միավորում է մի գիծ․ բոլորն անսահման սիրում են իրենց երեխաներին։ Մոր և աղջկա կապն Արփինեի պատմվածքներում հաճախ կտրված է։ «․․․կան բաներ, որ մամաներին չեն պատմում, կան բաներ, որ մամաները չպետք է իմանան, առհասարակ, որովհետև իրականում հենց իրենք՝ մամաներն էլ չեն ուզում իմանալ, որ իրենց երեխաները վաղուց է, ինչ երեխաներ չեն․ մեծացել են»։ Աղջիկները հակադրվում են մայրերին, մայրերը չեն ընդունում աղջիկների արարքները։ Իսկ ինչո՞ւ։ Գուցե աղջիկների ըմբոստությունը մայրերին հիշեցնում է այն, ինչն իրենք են ցանկանում, բայց ի վիճակի չեն, որովհետև իրենք ընտրել են լուռ հնազանդվողի կյանքը։

«Մեկ, երկու, մեկ, երկու․․․․էլի քայլերս եմ հաշվում ու այդ հաշիվների մեջ նորից այնքան-այնքան եմ խառնվել, որ ինքս ինձ էլի չեմ գտնում, նորից»,- մտածում է Արփինեի հերոսուհին ու կարոտում մորը, որովհետև հայրն արգելել է շփվել իր հետ։

Արփինեի պատկերած հայրերը ևս տարբեր են։ Պատմվածքներից մեկում ներկայացվում են հոր ջերմ զգացմունքները որդու հանդեպ։ Արփինեն անդրադառնում է նաև այս նուրբ թեմային, երբ հայրերի, առհասարակ տղամարդկանց զգացմունքային լինելը քննադատվում ու ծաղրվում է մեզանում։ Այսինքն՝ մի կողմից մենք դեմ ենք դուրս գալիս քննադատող, ծեծող տղամարդու կերպարին, մյուս կողմից՝ զգացմունքային, հոգատար տղամարդուն։

Տատի թեման պատմվածքներում զուգակցվում է սկեսրոջ թեմային։ Այս հնարքով Արփինեն թույլ է տալիս մի մարդուն տեսնել տարբեր դիտանկյուններից։ Սիրելի տատ և միաժամանակ չհանդուրժող, փնթփնթան սկեսուր։ Արփինեն անդրադառնում է ընտանեկան գրեթե բոլոր խնդիրներին․ ֆիզիկական և հոգեբանական բռնություն, սեռով պայմանավորված աբորտ, աուտիզմ ունեցող երեխա․․․․։

Արփինեի գրեթե բոլոր պատմվածներում կարելի է հանդիպել սիմվոլների։ Ամենահաճախ հանդիպողը սուրճն է։ Սուրճը դառնում է սիրո արտահայտման միջոց։ «Իրեն էլ դե չէր եփել, սուրճը չէր հերիքել, իսկ Արուսի մի բաժակն էլ․․․ գոնե այս անգամ չպետք է թափեր»։ Սև սուրճը կարծես դառնում է կյանքի խորհրդանիշ․ երբեմն՝ սիրո, երբեմն էլ՝ ցավի։ «Ուղղակի թափվող սուրճի նման մեր սերն էլ անցավ, ու մնաց միայն սուրճի դառնահամը»։ Սուրճը հաճելի է, նաև՝ դառը, ինչպես կյանքը։ «Սուրճը միշտ դառն եմ խմում, որ դառնահամ զգամ։ Երևի դա էլ հենց կյանքի համն է»։

Սեր չստացած հերոսներն ուժ չունեն պայքարելու, նրանց մնում է խղճահարությունն իրենք իրենց նկատմամբ։ Երբեմն նրանք ընդդիմանում են, բողոքում, ուզում են ցույց տալ, որ խեղճ ու ձայնազուրկ չեն, բայց դրանով ավելի ուժգին են ընդգծում իրենց խեղճությունը։

«Այդ օրը, երբ Լաուրան մեռավ, սուրճը դառն էր ստացվել»։ Սուրճի դառնության մեջ Անոյի անզորությունն է, կռիվն ինքն իր դեմ։

Սուրճին զուգահեռ տեսնում ենք նաև աղը՝ մեր կյանքի անբաժան մասը։ «Աղն է, որ շատ է մեր կյանքում»,- ասում է Արփինեի հերոսուհին։

Գիտակցումը, ափսոսանքը միայն մահից հետո է գալիս։ Ինքնասպանությունը հաճախ դառնում է Արփինեի հերոսների միակ փրկությունը։ Առաջին հայացքից թվում է, թե միջավայրն է մարդուն տանում ինքնասպանության, բայց հիմնական ուղեկցողներն ընտանիքի անդամներն են։ Հերոսները մեղադրված ու չընդունված են իրենց հարազատների կողմից։ Մահը դառնում է սթափեցնող ձայն, թվում է փրկություն մյուսների համար, թմբիրից հանող ձայն։ Բայց դա ընդամենը մի պահ է, հետո նորից մարդիկ ընկղմվում են նույն խնդիրների մեջ։ Ու պատահական չէ, որ պատմվածքներում հանդիպող գրեթե բոլոր շիրմաքարերը մոռացված ու անտեսված են։

Ընտանիքի թեման շատ նուրբ թելերով կապվում է Հայրենիքի թեմային։ Արփինեն համարձակություն է ունեցել անդրադառնալ նաև այնպիսի թեմաների, որոնց մասին մենք սովորաբար լռում ենք․ պատերազմ, շրջափակում, գերիներ ու անհետ կորածներ, հերոսներ․․․ Պատերազմի թեման զուգակցվում է գերեզման չունենալու թեմայի հետ, անհետ կորածների թեման՝ հավերժ սպասման։

Արփինեի գիրքն ընթերցելիս անընդհատ աչքիս առաջ ուսանողական այն տարիներն էին, երբ մի քանի ժամ Արփինեի հետ ուսանողական նույն լսարանում լինելու հնարավորությունն եմ ունեցել։ Ու գիրքն ընթերցելու ամբողջ ընթացքում իմ գլխում մի միտք էր պտտվում․ինչքա՜ն արդիական, ինչքա՜ն կյանքից վերցրած են այս դրվագները։ Ինչու չէ, գուցե երբեմն նույնիսկ իր կյանքից։

Լսարան էր մտնում մեր «դասախոսներից » մեկը, ով հպարտանում էր, որ իր խոսքից չենք էլ կարող ենթադրել, թե որ մարզից է, ինչ բարբառի կրող, որ երբեք պետք չէ բարբառով խոսել, պետք է աշխատել ու փոխել արտասանությունը։ Ու հաջորդ ժամին ներս էր մտնում Արփին՝ Շիրակի անուշ բարբառով, հպարտությամբ, որ մարզից է, որ հայ լեզվի հարստության՝ բարբառի կրող է։

Պատկերացրեք, թե որքան մեծ էր զարմանքս, երբ Արփինեի գրքի վերջին էջերում կարդացի իր ուսանողական կյանքից մի դրվագ, երբ մի նիշ ցածր էր ստացել բարբառով խոսելու պատճառով։ Հուսամ, որ վերոնշյալ դասախոսն է եղել, այլապես ափսոսանքս մեծ կլինի, որ նման մտածելակերպի դասախոսները շատ են։

Արփինեի գիրքն իր, իրեն շրջապատող մարդկանց, իմ, քո և բոլորիս կյանքն է, որովհետև չկա մի մարդ, որ բախված չլինի ինչ-որ մի խնդրի ու կարծրատիպի։ Ուղղակի ոմանք ընտրում են հնազանդվողի, դժգոհողի ու բողոքողի դերը, մյուսները՝ պայքարողի ու կարծրատիպեր կոտրողի, երրորդներն էլ՝ բամբասողի։

Այս գրքում ամեն մի հերոս պայքարի, ընդդիմանալու իր ձևն ունի։ Մեկը մազերն է ներկում, մյուսը կարճ հագնում, երրորդը՝ ծեծում։ Բայց թերևս ամենալավ տարբերակն Արփինեի առաջարկածն է․ «Ուղղակի պետք է կանգնել սառը ցնցուղի տակ ու թույլ տալ, որ առաջին սարսուռից հետո մարմինդ հետզհետե ընտելանա սառը ջրին»։ Պետք է պարզ ճակատով կանգնել եկող խնդիրների առաջ, ընդունել կյանքն ու ապրել առանց կարծրատիպերի, ազատ։ Չէ՞ որ մեզ ընդամենն ապրելու մի կյանք է տրված։

Please follow and like us: