Գրիգոր Գրիգորյան/PORN HUB-ի տիրակալները

Էրեբունի թանգարանում  աղմուկ հանած (բառիս բուն իմաստով) ռուս զույգը, տեղի ունեցածի հնչեղությունից ոգևորված, որոշել էր շարունակել իր արժեքաստեղծ գործունեությունը մեր մայրաքաղաքում։ Պատմամշակութային տարածքում հաջողություններն ամրապնդելու համար անկաշկանդ զույգն այս անգամ պարզունակ մի որոշման էր հանգել՝ որպես արտադրական տարածք ընտրելով քաղաքի այգիներից մեկը։ Մետրոյի կամայական կայարանում իջնելով՝ երիտասարդ տղան ու աղջիկը դուրս եկան ապակյա դռներից և հանդարտ քայլերով ուղղվեցին մոտակա հանրային այգին։ Զույգը պատկերացում անգամ չուներ, թե ուր է գնում և ինչի հետ է բախվելու։

Թավշյա հեղափոխությունից հետո երկրում ձևավորված կատարյալ դեմոկրատիան ու անթերի ժողովրդավարությունը բազմաթիվ դրական փոփոխություններ էին մտցրել մարդկանց հանրային կյանքում։ Վախի ու ըկճվածության մթնոլորտն իսպառ վերացել էր, քաղաքացիների շնչուղիներն արդեն ամբողջությամբ կլանում էին մայրաքաղաքային փոշոտ օդը՝ առանց որևէ ներքին հոգեբանական խոչընդոտի։ Մարդկանց ճռճռան գրառումները շարունակում էին գունավորել սոցիալական հարթակները, հուզական պաթոսն ու քարոզչական պոպուլիզմը դեռ արթուն էին մարդկանց սրտերում: Հասարակ քաղաքացու համար այլևս փակ դռներ չկային, տարատեսակ արգելքները փոշիացել էին ոչ միայն քաղաքացիների գլխներում, այլ նաև բոլոր ֆիզիկական ճաղավանդակները քանդվել էին մասնավոր, նույնիսկ պետական նշանակության վայրերում։ «Առանց ճաղավանդակների» քաղաքականությունը ներթափանցել էր ամենուր, պետական կարևոր նշանակության շենքերը ևս քանդել էին ուզուրպատորական իշխանության խորհրդանիշ հանդիսացող պաշտպանիչ ճաղերն ու փշալարերը։ Այս աննախադեպ փոփոխության արդյունքում մայրաքաղաքը հարստացել էր ևս մեկ գեղեցիկ՝ Ազգային Ժողովի շենքը զարդարող բավական ընդարձակ այգով, որը դարձել էր հասարակ քաղաքացիների սիրելի վայրերից մեկը․․․

Շրջանցելով մնացած անկարևոր մանրամասները՝ ասեմ, որ մեր ստեղծագործ զույգը պատահականորեն հայտնվել էր վերևում նկարագրած ընդարձակ այգում։ Իրերի հաջող դասավորությունից ոգևորված, ռուս զույգը լիարժեքորեն չհագենալով Էրեբունի թանգարանում արարած քաջագործությամբ, ավելի հեռու էր գնացել՝ որոշակիորեն փոխելով նախնական մտադրությունը․ որևէ խոչընդոտի չհանդիպելով՝ տղան ու աղջիկը մտել էին Ազգային Ժողովի շենք։ Առավել հարմար տեղ փնտրելով՝ նրանք հայտնվել էին լրագրողների համար նախատեսված ապակեպատ գեղեցիկ սենյակում, որի հենց դեմուդեմ երևում էր նիստերի դահլիճը։ Որքան մեծ զարմանք էին ապրել երիտասարդները, երբ Ազգային Ժողովի նիստերի դահլիճում տեսել էին իրենց գունեղ աթոռներին անհանգիստ նստած պատգամավորներին։ Բախտի բերմամբ, կամ հակառակը, այդ օրը Ազգային Ժողովի քառօրյայի վերջին օրն էր՝ հարցուպատասխանի ժամը, որտեղ կառավարության ներկայացուցիչները պատասխանում էին պատգամավորների հնչեցրած հարցերին։ Ամեն ինչ իդեալական էր, բախտը ժպտում էր արկածախնդիրներին և մինչ նրանք պատրաստվում էին հերթական սիրողական նկարահանումն իրականություն դարձնել, հերթը հասավ կառավարության անդամներին ուղղված ընդդիմության ներկայացուցիչների հարցերին։

Ընդդիմություն-իշխանություն սեռական ակտը սկսվեց առանց ավելորդ նախապատրաստությունների։ Նախերգանքային շոյանքներն ու արթնացնող սիրախաղերն իսպառ անտեսելով՝ ընդդիմադիր պատգամավորների նախահարձակ կրքոտ պոռթկումը անմիջապես ժայթքեց նիստերի դահլիճում։ Նմանօրինակ սկիզբը լրագրողների սենյակում հայտնված աղջկան ստիպեց լիզել շուրթերն ու ավելի հետաքրքիր զարգացումների սպասումներ ունենալ։ Իր հերթին, իշխանական մեքենան՝ ի պատիվ իրեն, առանց որևէ ընկճվածության ընդունեց ուժգին հարձակումն ու, որպես պատասխան ընդդիմադիրների վայրենական հեշտասիրության, մատրոսովյան «ցից դոշով» դիմավորեց «զուգընկերոջ» նախահարձակ գործողությունները։ Երկու կողմից էլ ջանք չէին խնայում՝ իրենց անասնական սկիզբն ու շարունակությունն ի ցույց դնելու համար, մեկմեկու ոչ երկրային հաճույք պատճառելու ցանկությունն ու տենչանքն աստիճանաբար դուրս էր գալիս ընդունելիի սահմաններից։ Տեսարանն այնքան էր գրավել արկածախնդիր զույգին, որ ստիպել էր նրանց` շարժումներին սովոր մարմիններին գամվել տեղում և բացբերան հետևել ագրեսիվ սեռական ակտի անակնկալ վայրիվերումներին։

— Չտո՞ էտը, — հայացքը չկտրելով դահլիճից՝ հարցրեց ռուս աղջիկը։

— Էտը բեզժալըստնիյ ինցեստ, ձետկա՛, — անվրդով պատասխանեց տղան։

Գաղափարական ապտակների ու նվաստացուցիչ հայհոյանքների մեկմեկու լրացնող զուգորդումը, դահիճից տառապյալի դեր ստանձնելու վայրկենական վերափոխումները նիստերի դահլիճի հեշտագին մթնոլորտը պահում էին անկշիռ լարվածության մեջ։ Ընդդիմադիրների մերկապարանոց ու ստորացուցիչ վարքագծին իշխանության ներկայացուցիչները, չարաշահելով իրենց զբաղեցրած հարմար դիրքը վերևից (բոլոր իշխանությւոնների նախընտրած դիրքը), պատասխանում էին հեգնաժպիտ, կրքոտ պոռթկումներով, ինչը հաճույք էր պատճառում 2 կողմերին էլ, քանզի այս «տիկի-տակա» խաղն առաջացնում էր անասելի ազատ ներթափանցումներ, որից 2 կողմերն էլ զրկված են եղել վերջին 30 տարիների ընթացքում։ Շիկացած մթնոլորտն արդեն հասել էր գագաթնակետին, վավաշոտ խոնավությունը դահլիճի սահմաններից դուրս էր գալիս, և գրեթե բոլոր պատգամավորներն արդեն ոտքի վրա էին։ Գեթ փոքրիկ հպում, աննշմար մի կայծ էր պակասում, որպեսզի վերջապես դուրս հորդեր այդքան հմտորեն պահված հեշտացասումը՝ առաջացնելով դարերի խորքից սերնդե-սերունդ ժառանգած անասնական ոռնոցներ։ Այդ թեժ պահին, երբ մասնատված կրակի օջախները միավորվելու ու միասնական բոցկլտալու թթվածնի ուղի էին փնտրում, իշխանական կողմից մեկը կանգնեց ամբիոնի սեղանին և, որպես իսկական առաջնորդ-սերմնաբջիջ, 2 ձեռքերը տնկեց ընդդիմության ուղղությամբ ու շատ բարձր գոռաց․ «Հառաաա՜ջ»։

Միլիվայրկյանների ընթացքում իշխանաընդդիմադիր կոշտ սիրախաղը վերածվեց հասարակ ներոնյան օրգիայի։ Ապակեպատ սենյակում ռուս զույգը ընկճված նստած էր և հուսահատությունից չգիտեր ինչ անել։

— Սլիշ, Վա՛ս, անի ե՞սծ վ Porn hub, — հարցրեց աղջիկը։

— Նեա, սլիշկոմ ժոստկո, Լուսկա՛, սլիշկո՜մ… — տխրաձայն պատասխանեց տղան։

— Մդաաա՜․ զնայեշ, Վասիլի՛յ, պո սռավնենիյու ս նիմի մի պռոստո լուզեռի։

Please follow and like us: