Կորոնաֆուտբոլ

ԿՈՐՈՆԱՖՈՒՏԲՈԼ94/ Պատմելու կիրքը/ Արփի Ոսկանյան

– Այն մարդիկ, որ անցյալ տարի մահացել են այլ հիվանդություններից, այս տարի մահացել են կորոնավիրուսից,- հայտարարել է վարչապետը, եւ դա նույնքան ճշմարիտ է, եթե ասեր՝ այն ուժերը, որ մահացել են 2018-ին հեղափոխությունից, այս տարի մահանում են քաղաքական հալածանքներից։ Պատմությունը, ինչպես գիտենք, կրկնվում է, սակայն երկրորդ անգամ՝ իբրեւ ֆարս։ Եվ ահա, այս պատմության կրնության ամենազվարճալի պահին, երբ մարդ պիտի ադի-բուդին վերցնի ու նայի, թե ոնց է Գագիկ Ծառուկյանը նստում անցումի դեղին զեբրին, կորոնաֆուտբոլն ավարտվում է։ Այո, դուք սխալ չլսեցիք, այս պահին ավելացված ժամանակի չորրորդ րոպեն է, եւ հաշված փոխանցումներ են մնացել։
Գիտեմ, ոչինչ չի հուշում ավարտի մասին․ խաղը իր գագաթնակետին է, ինչպես, ցավոք, նաեւ կորոնավիրուսը։ Կորոնաֆուտբոլիստներից շատերի երկրորդ շնչառությունն է բացվել, տրիբունայից հանդիսատեսը լրացուցիչ ժամանակ է պահանջում, փոխարինողների համարյա մի ամբողջ նոր թիմ պատրաստ է նոր ուժերով վերսկսել խաղը, եթե հոգնածները զիջեն, բայց այս դաշտում հոգնած չկա, այս դաշտում զիջող չկա․․․
Ծանր է մրցավարի վիճակը, մի կողմից հնչող ձայներն ասում են՝ լավ բանը պիտի ավարտ ունենա, չի կարող հավերժ շարունակվել ու Արմեն Շեկոյանի՝ «Առավոտում» տպված «Հայկական ժամանակ» վեպն են օրինակ բերում, մյուս կողմից ձայներն ասում են՝ հա դե ինչի՞ եք ավարտում, թողեք իր հունով գնա, ու էլի Շեկոյանի վեպն են բերում որպես օրինակ։
Իմ առաջին՝ «Ծիկ» գիրքը բացող մի արձակ բանաստեղություն ունեմ, որ սկսվում է «Եկե՞լ ես, շատ մի հապաղիր դռան մոտ, շուտ ներս մտիր» տողով եւ ավարտվում այսպես․ «Միայն երկար մի մնա այնտեղ, ուր հյուր ես»։ Երբ ծանոթացա Արմեն Շեկոյանի հետ, փոխանակվեցինք գրքերով, ես նրան իմ «Ծիկը» նվիրեցի, նա ինձ՝ իր «Անտիպոեզիան», որի վրա մակագրեց․ «Արփիին, որը շուտ չի հեռանալու, որովհետեւ տանտերն է»։
Ինձ միշտ հետաքրքրել է Շեկոյանի՝ իր կախվածությունների ու մոլուցքների հետ վարվելու կերպը։ Մինչ նա պոեմներ էր ձոնում դրանց, ես կատաղի պայքար էի մղում իմոնց դեմ․ դեռ ծխող չդառած՝ փորձում էի թողնել ծխելը, հազիվ սիրահարված՝ փոձում էի վերջ տալ հարաբերություններին, եթե երկու օր վրա-վրա հարեւանի հետ սուրճ էի խմում կամ նույն սրճարանն էի գնում, ու երրորդ օրը ոտքերս ինձ տանում էին այդտեղ, սկսում էի անհանգստանալ, որ չլինի, թե սովորություն է ձեւավորվում։ Ու կապ չունի, թե խոսքն ինչին էր վերաբերում՝ գրելո՞ւն, սովորելո՞ւն, թե՞, ասենք, ինքնամոռաց զրուցելուն։ Հատկապես զրուցելուն, որովհետեւ դրա դեմ ես անզոր էի, ինձ հետ զրույցի մեջ ներքաշվելով՝ հյուրերս չէին կարողանում գնալ, եւ տանտերերը ինձ բառացիորեն գերի էին պահում, եթե ես էի հյուրը։
Շատ տարիներ առաջ Արմեն Շեկոյանի հետ հանդիպեցինք Ծաղկաձորի «Գրողների տանը»։ Երբ Ալլան՝ այն ժամանակ տնօրենից հետո երկրորդ մարդը, ինձ ուրախ-ուրախ հայտնեց, որ Արմեն Շեկոյանն է եկել, ու նրան իմ կողքի սենյակն է տվել, ես մի քիչ լարվեցի։ Մի երկու տարի առաջ գրական միջավայրի մասին մի կեղտոտ, երգիծական պատմվածք էի գրել, որը կարդալուց հետո շատ գրողներ, անգամ այնպիսիք, որոնց պատմվածքը գրելիս մտքիս ծայրով էլ անց չէի կացրել, նեղացել էին ինձնից, շատերը՝ նաեւ Նիկոլից, որ «Հայկական ժամանակում» տպել էր պատմվածքս։ Դրանից, իհարկե, Նիկոլն իրեն վատ չէր զգացել, զարմացել էր, զանգել ու ոգեւորված պատմում էր, թե ինչ անսպասելի փոթորիկ է առաջացրել պատմվածքս։ Այդ պատմվածքից հետո Շեկոյանին չէի տեսել ու վստահ չէի, որ նեղացած չի լինի։ Բայց մարդը ոչ միայն շատ ուրախացավ ինձ տեսնելով, այլեւ նախաճաշից հետո առաջարկեց իրար հետ սրճել ու քննարկել թե պատմվածքը, թե այն օրերի անցքերը եւ իրավիճակը գրողական համայնքում։ Այս հարցերի պարզաբանումը ձգվեց մինչեւ ճաշ։
Մյուս հարեւանս, որ էլի գրող էր, թեպետ անունն առաջին անգամ էի լսում ու հիմա էլ չեմ հիշում, դրա համար պայմանականորեն անվանեմ՝ անհայտ գրող, ճաշարանում մեզ տեսնելով՝ բազմանշանակ ժպտաց․ «Ես էս ինչքան բան իմացա ձեր զրույցից, հիմա կարամ ասեմ, որ ամեն ինչ բոլորի մասին գիտեմ»։ Նա մինչ այդ ինձ ասպետական ռեւերանսներ էր անում՝ փորձելով դյութել բանաստեղծական խոսքի վեհությամբ՝ վստահաբար ոչ մի տող կարդացած չլինելով ինձնից, բայց բարակ պատի մյուս կողմից լսելով, թե ինչեր եմ քննարկում, մի տեսակ ազատ ոճի էր անցել․ «Էդ ինչքան խոսացիք, տո, ո՞նց ա հնարավոր, ապշելու բան, ուղիղ երեք ժամ»։ Սակայն ինչ խղճուկ պատկերացումներ ուներ այդ անհայտ պոետը հնարավորի սահմանների մասին։ Ինչպես կռահեցիք, ճաշից հետո ես ու Շեկոյանը որոշեցինք նորից սրճել, ու դա տեւեց մինչեւ ընթրիք։ Ընթրիքին հարեւան անհայտ պոետը կատակելու հալ այլեւս չուներ եւ նայում էր ինձ անթաքույց․․․ սարսափով։ Սակայն չէր պատկերացնում, որ ես ու Շեկոյանը նյութը դեռ չենք սպառել եւ ընթրիքից հետո էլ ենք բամբասելու մինչեւ կեսգիշեր, եւ նույնը՝ հաջորդ օրը, եւ այդպես՝ մի քանի օր։
Մոտ հինգ օր տեւած այդ զրույցի ընթացքում մեր ուշադրությունից դուրս չմնաց իրենից քիչ թե շատ ինչ-որ բան ներկաացնող ոչ ոք, քննարկեցինք բոլոր դիպվածները, որ տեղի էին ունեցել քաղաքական ու հանրային թատրոնի կուլիսներում, եւ շատ տարիներ առաջ ձեռք բերած այդ գիտելիքը ինձ այսօր էլ օգնում է հասկանալ մեր քաղաքական դաշտում տեղի ունեցող անհեթեթություններն ու չզարմանալ։ Սակայն ասել, որ այդ զրույցը միայն ինֆորմացիայի փոխանակում էր, սխալ կլինի, ոչ մեկին էլ ի վերջո հետաքրքիր չէ մերկ տեղեկությունը, այլապես մարդիկ կբավարարվեին կարճ լուրեր կարդալով եւ չէին կարդա հոդվածներ, առավել եւս՝ գրականություն ու փիլիսոփայություն։ Մեր արածը բազմակողմանի եւ ստեղծարար քննությունն էր դեպքերի, մարդկանց, նրանց հարաբերությունների, եւ այդ իմաստով մաքրամաքուր բանավոր գրականություն էր, որը փորում է թվացյալ ճշմարտությունները՝ վերջին ճշմարտությանը հասնելու հույսով եւ կամ անլուծելի հարցեր առաջադրում։ Շեկոյանը նույնիսկ զգուշացրեց, որ մեր զրույցը առավոտները համառոտագրում է, որ հետո գրի «Հայկական ժամանակ» վեպում։ «Սրան մի հատոր կգնա»,- ասում էր։
Սակայն մենք գնալով անառողջ կախվածության մեջ էինք ընկնում մեր էդ զույցներից, իսկ ես, ինչպես արդեն ասել եմ, կախվածությունների դեմ պայքարելու մոլուցք ունեի ու ինչ-որ մի պահի, երբ հավանաբար Շեկոյանը ոտը կախ էր գցել ֆոյեում՝ ինչ-որ ծանոթ գրողի ոնցությունն իմանալու, ծլկեցի մի հարկ վերեւ՝ Կարինե Խոդիկյանի սենյակ, որտեղ վերջինս հյուրընկալել էր նկարչուհի Թենի Վարդանյանին, եւ ուր նրանք օրեր շարունակ փորձում էին բերման ենթարկել ինձ՝ ապարդյուն, իհարկե, հայտնի պատճառներով։ Կարինեն ու Թենին շատ լավն էին, շատ հետաքրքիր, փորձում էին ինձ համեղ զրույցներ հյուրասիրել, բայց ո՞նց ասեմ․․․ Նրանց հետ հնարավոր չէր լիաթոք բամբասել, ու ես չէի կարողանում ազատվել զգացողությունից, որ բաց եմ թողնում իմ սիրած սերիալի հերթական սերիան, որը կրկնություն չի ունենալու։ Թմրանյութի չափաբաժինը չստացածի տխրությամբ եւ թմրամոլությունից բուժվողի անվստահությամբ՝ հուշիկ քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թեւ, մոտեցա իմ դռանը, բանալին զգուշորեն մտցրի կողպեքի մեջ, անաղմուկ բացեցի ու զգուշորեն փակեցի դուռը, մեկ էլ հեռախոսը զնգաց․
– Արփի՞, էս ո՞ւր էիր։
– Կարինեի ու Թենիի մոտ։
-Լեւի էիր գնացե՞լ։
Եվ էլի շարունակվեց մեր զրույցը։ Ինչ վերաբերում է մյուս հարեւանիս՝ անհայտ պոետին, առաջին օրերին նա բողոքն արտահայտում էր բարձր հոգոցներով, հետո սկսեց աղմուկով շրխկացնել դռները, հետո սկսեց չնկատել մեզ միջանցքում ու ճաշարանում հանդիպելիս, եւ դատելով Ալլայի՝ իմ կողմ ուղղված զգուշավոր հայացքներից, չէր դիմացել, բամբասելու մեղքին էր տրվել վերջինիս հետ։ Երրորդ թե չորրորդ օրը սկսեց թխկացնել պատը ու բարձր փնթփնթալ, եւ վերջապես ինչքան կոկորդում ուժ կար՝ բղավեց․
-Հերիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիք աաաաաաաաաաաաաաաաաաա․․․
Կարճատեւ լռությունից հետո, որ տիրեց իմ սենյակում, Շեկոյանը խոսեց․
– Գիտե՞ս ինչի ա սենց վատանում։ Որովհետեւ էսքան մարդուց խոսացինք ու իրանից չխոսացինք։
Եվ սկսեց պատմել անհայտ պոետի կյանքն ու ստեղծագործությունը։ Հաջորդ օրը մենք այդ անհայտ պոետին այլեւս չտեսանք։
Անկեղծ ասած՝ այն, ինչ մենք խոսեցինք, ոչ թե մի, այլ երեք հատորի նյութ էր։ Հետագայում ես պարբերաբար բացում էի «Առավոտը» ու փորձում տեսնել՝ չի սկսե՞լ արդյոք Շեկոյանը գրել այն։ Բայց նա դեռ դեգերում էր իր երիտասարդության տարիներով, ու քանի որ տեսնում էի, որ այդ տարիները գրելը նրանից ավելի շատ ժամանակ է խլում, քան խլել էր այդ տարիները ապրելը, հասկանում էի, որ ծաղկաձորյան այդ օրերին շուտ չի հասնելու։
Վերջերս իմացա, որ Շեկոյանը էլ չի գրում իր վեպը, շատ տխրեցի․․․ Արմեն Շեկոյանն ինձ համար շատ թանկ մարդ է, ու հատկապես այս օրերին, երբ աշխարհի վերջը կախվել է բոլորիս գլխավերեւում, ես ուզում եմ ուղարկել նրան իմ հոգու ջերմությունն ու սերը։ «Առավոտում» նրա վեպը մեր կյանքին կայունություն հաղորդող բաներից էր, անկախ նրանից՝ կարդում էինք, թե ոչ։ Ու հիմա, փաստորեն, «Կորոնաֆուտբոլն» է հավակնում զբաղեցնել այդ սուրբ տեղը։ Կուզենայի զանգել նրան եւ խորհուրդ հարցնել՝ եզրափակե՞լ, թե՞ շարունակել, որովհետեւ գիտեմ, թե ինչ խորհուրդ կտար, ու դա հենց այն խորհուրդն է, որ ես ուզում եմ լսել։ Բայց եթե մենք շարունակենք «Կորոնաֆուտբոլը», այն չի տարածվի «Գրողուցավից» դուրս, չի դառնա համազգային ու միջազգային, ինչպես ասում է Ջալոյանը, իսկ ո՞վ իմանա, միգուցե սա մեր միակ հնարավորությունն է ինչ-որ մի վարակ նվիրելու աշխարհին։ Առողջացնող ու երջանկացնող վարակ։ Վարակ, որի դեմ պատվաստանյութ չկա, զի հենց ինքն է պատվաստանյութը։
Ուստի մենք, ինչպես եւ խոստացել էինք, ավելացված եւս մի քանի պասերից հետո կավարտենք խաղը, ու կավարտենք այն տասնմեկ մետրանոց հարվածաշարով՝ պենալներով։ Մնացեք մեզ հետ։

Please follow and like us: