Կորոնաֆուտբոլ

ԿՈՐՈՆԱՖՈՒՏԲՈԼ93/ Բազմալեզու ֆուտբոլը/ Քրիստինե Սողիկյան

Հարավալբիոներեն մի լավ արտահայտություն կա՝ “to live on borrowed time”: Բառացի թարգմանությամբ՝ կնշանակի «ապրել պարտք վերցրած ժամանակի հաշվին»։ Մի քիչ մտածելով՝ հանգում ես եզրակացության, թե բոլորիս կյանքն էլ, թերևս, պարտք վերցրած ժամանակ է։ Բայց այդ խոշոր պարտքի մեջ երբեմն փոքր պարտքեր էլ են լինում։ Այ հենց հիմա, երբ «վերևի պադստանցիում» վթար է, հոսանք չկա, ու զումով հերթական կիրակնօրյա ժողովս խափանվեց։ Ու ես ինքս ինձնից պարտք եմ վերցնում մի քիչ ժամանակ՝ արագ կորոնաֆուտբոլի դաշտ վազելու։ Գաղտնիք բացեմ՝ մտմտում ենք ինչ անել։ Լավ է՝ Շեքսպիրի Համլետի լինել, թե՞ չլինելն էլ կա, ու պարտքով տրված վերջին հինգ դարերին անընդհատ հենց այդ ձևակերպմամբ մարդիկ մտմտում են ու մտմտում։ Բայց դե մտմտալը միշտ գոյությանը զուգահեռ բան է, քանի դեռ մտմտում ես՝ լինե՞լ, թե՞ չլինել, ուրեմն՝ լինում ես։ Ու քանի որ լինում ենք ու դեռ կանք, ես էլ վազում եմ ներս ու ասում՝ էս ի՞նչ մի լեզվական փոխանցումներ են առանց ինձ։ Միջիս լեզվաբանին այսպիսի մարտահրավեր նետելը կարգին լուրջ բան էր, ասեմ։
Այսօրվա պատումս նեղընտանեկան է, հո ուրիշներից հետ չե՞մ մնալու։ Մոտ ինը տարի առաջ մեր ընտանիքը համալրվեց մեր վերջին համալրման համար հրավիրված դայակով, որ ծագումով ղարաբաղցի է։ Ու մեր տանը ղարաբաղցու կողի ու «իմ չէ-ն հա չի դառնա» թեմայով խոսակցությունները դարձան սովորական մի բան, քանի որ մինչ էդ, «ղարաբաղցի lights» որակվող (Շահումյանի Երիշենից, Մռավասարի կարոտը հոգում վառ պահած, իրենց գյուղի ամեն փողոցի ամեն անկյունը վաթսուն տարվա հեռվից հիշող, «թե աչքերս փակեմ, մեր գյուղի հատակագիծը կգծեմ, հա՜») սկեսրայրիս ավելացել էր նաև թունդ ղարաբաղցին։ Ու բացի կողից ու «հա-ու-չէ»-ի թեմայից ավելացել էր նաև դրվագ-դրվագ «ղարաբաղերենը», որն ինձ համար սկզբում անմեկնելի էր։ Հիշում եմ՝ ամուսնուս տատը դեռ նորահարս ժամանակս խոսում էր հետս, ինչ-որ բան էր ասում, իսկ ես, չհասկանալով, լայն ժպտում էի ի պատասխան։ Ու բոլորը քրքրջում էին՝ թե հարց ա տալիս, պատասխան տուր, մի ժպտա։ Տատը երևի մտածում էր՝ այքյուս զրոյական կլինի։
Թունդ ղարաբաղերեն առաջին նախադասությունը լսելով շիվարել էի․
– Խոխան բնական եկա՞լ ա։
Մտածում եմ՝ խոխան – երեխան, եկա՞լ ա – եկել ա, մեծ խելք պետք չի ոնց որ։ Բայց այ գալու բնականի ու արհեստականի մասին լուր չունեի, մտածում եմ՝ բնական գալը ոտքով կամ մեքենայով գալը կլինի երևի, բա արհեստականը ո՞րն է։ Եթե դուք էլ դեռ չեք հասկացել, ասեմ՝ «բնական գալը» բանակից գալն է, իսկ այնտեղ, որտեղ «բնական» են գալիս ու գնում, բանակը կյանքի մի մասը չէ, բանակը կյանքն է, որ կա։
Բայց բանակին զուգահեռ մեր հայաստանյան կյանքում բոլոր լայթս և թունդ «ղարաբաղերեն» երկխոսությունները կամ իմ հասցեին կատակային «մըր հարսի հմար խլոպուզ ըմ պիրալ, ճղոպուր ըմ պիրալ» արտահայտությունները սկսեցին ամփոփվել իմ ծաղրական «դե հա, լյոխ առմյանսկի յազիկը տյուք ըք սըխրանիտ ըրալ» արտահայտությամբ, մինչև մի պայծառ ու գեղեցիկ օր թունդ ղարաբաղցին ինձ հակադարձեց, թե՝ «տյուք լյուզու չունե՞ք, ծըր լյուզվավ խոսաք»։ Ասեմ՝ կյանքում քիչ է լինում, որ ես պատասխան չունենամ։ Էս էդ քիչ դեպքերից մեկն էր։ Բայց ինչպես ասում են՝ ես էլ աննկուն եմ ու կողահաստ, հետո՞ ինչ, որ ղարաբաղցի չեմ, ու այսպիսի վերբալ պարտությունը ինձ հանգիստ չէր տալիս։
Համալսարանումս հայտնի հայագետներից մեկի պատվին լսարան էր բացվում, ու միջոցառման պաշտոնական մասին սպասելիս խոսում ենք, դրվագներ ենք հիշում կյանքից։ Ու ինչ-որ պահի հայերենի բարբառների ու դրանց՝ լեզվի գանձը ու հարստությունը լինելու մասին խոսք գնաց։ Բնականաբար պատմեցի իմ ողորմելի պարտության պատմությունը։
Ի պատասխան, մեր հայագետի շատ կոլորիտային կինն ասաց․ «Ուրեմն կգնաս, կասես՝ լեզու ունենք, բայց աչքներս ձերի վրա ա»։
Այ էսպես, աչքներս իրենց լեզվին, ու ոչ միայն լեզվին, այլ նաև քաջությանը ու համառությանը ու գոյատևման պայքարի կամքին տնկած էլ ապրում ենք։
Ու հույս ունենք, որ մի օր խոնարհումի արժանացող հպարտ քաղաքացին կհասկանա, որ ամեն մեկիս լեզուն ու բարբառը մեր հարստությունն են, որ փայփայանքի է արժանի։ Ամեն անգամ, երբ Աշտարակում ծնված ու մեծացած տղաս ասում է՝ «մյեռ տուն», զգում եմ, որ այդ գանձից մի կտոր էլ մեր տանը կա, փոքր ու աննշան, ընդամենը մի ճստիկ գանձ, բայց փայած ու փայփայած, որ մի կերպ է «սըխռանիտ» եղել։
Պարտքով մեզ տրված էս ժամանակում, որի մի մասն էլ արտակարգ ենք անցկացնում, կանգ առնենք ու հիշենք, որ մեր փայփայածը ավելի մեծ գանձի, մեր ինքնության մի կտորիկն է, տարբեր փոխակերպումներով, տարբեր տոներով ու շերտերով, մենք ենք՝ անկախ մեր գտնվելու տեղից, մարզից, քաղաքից, դաշտի անկյունից, հանդերձարանից ու պահեստայինների նստարանից։
Մեր այս ֆուտբոլն էլ հենց մեր բազմալեզու ինքնությամբ է հարուստ, եթե չեք նկատել, կարդացեք այս խաղը՝ ամենասկզբից։

Please follow and like us: