Սիրում եմ Ֆրանկֆուրտը: Ինչքան մշակույթների հետ եմ ծանոթացել էստեղ: Էստեղ ռուսերենը դարձել ա առօրյա լեզուներիցս մեկը: Էստեղ մեր հարևան ժողովուրդների հետ ավելի շատ եմ շփվել, քան Հայաստանում: «Հասմի՜կ, ո՞նց ես, Հայաստանից լավ լուրեր չեմ լսում», – նեղված-ցավակցելով կանչում ա վրացի Զաքարիան մի ծանոթ իրանցու հետ կանաչ լույսի տակ ինձ ընդառաջ փողոցն անցնելուց: «Դուք ո՞նց, է՛, կարողացաք»,- առանց բարև-բարլուսի սպիտակ նախանձ եմ արտաշնչում առ Զաքարիան ես: «Ոնց եմ քեզ հասկանում»,- ասում են կողքովս անցնող իրանցու աչքերը: Ես ու Զաքարիան ամեն տարի որոշում ենք ուսխորհրդի կազմակերպած կիկերի՝ սեղանի ֆուտբոլի հաջորդ մրցաշարի համար լավ պարապել ու մասնակցել նույն թիմով, անունն էլ պիտի դնենք «Ջորջո-Արմանի»:
Վրացուհի Դիանան ինձ մի անգամ պատմեց, թե հայերը Վրաստանում հայտնի են որպես մոլի սուրճ խմողներ, խնդրեցի սովորացնի՝ վրացերեն ոնց են ասում՝ դու հո հայ չես: Երբ նույն օրը սրճարանում հանդիպեցինք մեկ այլ վրացուհու՝ Նատիային, որն իր սուրճի երկրորդ բաժակին էր անցել, ես ինձ չկորցրեցի, թե՝ ինչքան շատ ես սուրճ խմում, լսի, շեն խոմ սոմեխի ար խար, հո դու հայ չես: «Գանձո ջան», – գերմաներեն շաց՝ գանձս, սիրելիս, բառի մեր համատեղ վրացերենահայերեն թարգմանությամբ հռհռում ա Դիանան:
Ադրբեջանցի Լեյայի, արմատներով զազա Դիլեքի ու օս Էմինեի հետ զվարճանում ենք հայերենի ու թուրքերենի-ադրբեջաներենի դարձվածքների նույնության վրա: «…Հետո մեր դասախոսն ասեց, թե… – մնացածը գերմաներեն չի թարգմանվում, փորձում եմ կարկատած թուրքերենովս նմանակել՝ Ռուստամըն բօյունա öլյուրյում (Ռուստամի բոյին մեռնեմ), ճիշտ ա՞, ասում ե՞ք տենց»: «Ասում ենք», – կչկչում ա Դիլեքը: «Օղրա՛շ ջան, նաթա՞րսան (ո՞նց ես)», – կատակով բարևում ենք իրար ես ու Լեյան: «Օղրաշ օղրաշու ռոզն»: «Ելենա ջան», – ասում ա Էմինեն ռուս Ելենային: «Ջան»-ը կամաց-կամաց մտնում ա ինստիտուտի խոսակցական:
Սիրում եմ Ֆրանկֆուրտը: Առաջին հայացքից posh-ոտ, խայտաբղետ ու խառախուռը էս քաղաքում ուզածդ գործունեություն, լեզու, մշակույթ կգտնես: Չնայած «խայտաբղետի» վրա բրյուսելցի ընկերներս վայթե մի կուշտ ծիծաղեն: Իսկ գիտեի՞ք, որ Ֆրանկֆուրտը, բանկերի քաղաք լինելով, նաև շատ կանաչ ա:
«Մարդիկ վերանայում են իրենց պատկերացումները, նրանց ժամանակ է հարկավոր, պետք է ուսումնասիրեն, փորձեն հասկանալ: Այս խնդրին հեշտ լուծումներ չկան»,- լսում եմ հերթական յութուբ-հոլովակում «Սև կյանքերն էլ հաշիվ են» շարժման հիմնադիրներից մեկի խոսքը: Վարակ թե ցույց, ցույց թե վարակ … Մի քիչ գցել-բռնելուց հետո որոշեցի, որ վարակվածների թվաճը Գերմանիայում կայունացել ա, դիմակ կհագնեմ, մարդկանց չեմ մոտենա: «Բլեք լայվզ մեթը»,- մեկ համարձակ, մեկ կարկամելով գոչում ենք դիմակավորված բազմության հետ հեծանիվների զնգզնգոցի ուղեկցությամբ՝ Ֆրանկֆուրտի կենտրոնական՝ մեկ թափթփված, մեկ խնամված փողոցները լցնելով: Ինչ-որ մեկը պարբերաբար ծնկի ա գալիս առաջին շարքերում, բոլորը հետևում են նրան, բռունցքները լուռ վեր պարզում: Մի պահ մտքումս ավելի ուշադիր եմ անդրադառնում՝ սև կյանքերը հաշիվ են, սև կյանքերը հաշիվ…. Իհարկե՛, հաշիվ են, բա էլ ի՞նչ: Տարօրինակ ա, որ 21րդ դարում դեռ կարիք կա ասելու՝ թողեք մարդիկ շնչեն: Բառի բուն իմաստով:
Ցույցից հետո խոսքի եմ բռնվում ընկերներիս հետ: Ֆրանկֆուրտի Լայպցիգեր փողոցի մի անկյունում՝ նույնանուն մետրոյի հարևանությամբ, անօթևանների համար համաճարակի օրերին ուտելիք ու հագուստ են թողնում քաղաքի բնակիչները, նաև Գլխավոր կայարանի ու Էշենհայմեր աշտարակի մոտ (ավանակների հետ բոլոր համընկնումները պատահական են): Էդ մասին ինձ, Կիարային ու Շարլոտեին ոգևորված պատմում ա Լաուրան՝ չորրորդ անդամը թատերական խմբակից ժառանգություն մնացած հրաշալի քառյակի, որի հետ միշտ հետաքրքիր, արդիական, զվարճալի ու ոչ էնքան թեմաներ են լինում քննարկելու: Իսկ իր դասընկերուհի Ջինան, թեև գերմաներենից դասարանի գերազանցիկն էր, պատմում ա Լաուրան, բայց նոր հանդիպելիս մարդիկ մինչ օրս ճշտում են՝ գերմաներեն խոսում ա, թե չէ, քանի որ սևամորթ ա: Վաղ տարիքից Գերմանիայում մեծացած քչախոս ու նրբանկատ Ջինան, որի հետ մի անգամ Ֆրանկֆուրտի գարեջրատներից մեկում ջրիկացել, ձախով ձեռքի ուժ էինք կպնում:
– Հաս, ի՞նչ ես անում, միացի քոչարի պարենք, է՛, ֆուտբոլ խաղանք, կամ՝ քոչարի պարելով ֆուտբոլ խաղանք, – մինչ ես պահեստայինների նստարանին հարմար տեղավորված՝ կորոնա-օրագիրս եմ էս ու ուրիշ խառնիփնթոր, կապակցված ու անկապ հուշ-մտքերով գրոտում, տեսադաշտ ու խաղադաշտ ա լողում բաղնիքից հետ եկած Անահիտը:
– Ան, էս գրելը ինչ լավ բան ա, լրիվ թերապիա:
– Բա ինչ ա, որ թերապիա չի,- ասում ա Անահիտն ու ինձ կորոնա-տետրակիս հետ միասին հանում ա, պահեստայինները թողնում տղաներին, գնդակը առաջս ա գլորում, թե՝ քեզ տեսնենք: Պահո՜, գնդակից փախնել աչքիս էլ չի լինի: Ուժերս լարում եմ, աչքերս փակում ու … Վազքո՜վ, Ֆորե՛ստ, վազքո՛վ: Ֆուտբոլ, գնդակ, վազք, քոչարի, Բեռլին, տրակտորներ … Տրակտորնե՜ր՝ գնա գալիս եմ, վերջը չի երևում: Մտքերով ընկնում եմ հեռավոր 2019 թվական: Էլի ցույց: Տրակտորների շուխուռ-սիգնալի ու անանցանելի խցանումների պատճառով ավտոբուսից դուրս ենք թռել՝ ես ու Կարապետյան Նարինեն, ու մի խումբ այլ ճարահատյալների հետ մի-մի ճամպրուկ քաշ տալով վազ ենք տալիս դեպի Բեռլինի Թեգել օդանավակայան: Գյուղացիներ են: Բողոքում են ընդդեմ պարարտանյութերի օգտագործման արգելքի, որն ուղղված էր շրջակա միջավայրի պաշտպանությանը: Տրակտոր, մեքենա, մարդ, լրիվ լցվել են փողոց ու մայթ, իրար վրա ու իրար քիթ, հեչ ոնց որ գերմանացի չլինեն: Հիմա էլի մեկը կասի՝ բայց Գերմանիայում թուրքերը, արաբները, մուսուլմանները …. Էլի սկսվեց՝ կասեմ ես … Նառ, տրակտորների դեմո (ցույց) էլ տեսանք: Ազդանշաններից էլ հո տեղ ու դադար չկա: Էդ անիծվածները սկզբում հատուկենտ էին՝ մեկը, երկուսը, երեքը, հետո գնալով շատանում են՝ մեկ-երկու-երեք, մեկ-երկու-երեք, ինչպես կասեր Ռեյ Բրեդբերին, չորս, հինգ, տասը, տասնհինգ, քառասուն, հարյուր … Ինչքան վազում ենք՝ էնքան շատանում են, ինչքան շատանում են, էնքան ավելի քիչ ենք ուզում հավատալ տրակտորների գոյությանը… Հետո լուրերով գրեցին, թե հինգ հազարն էին: «Չգիտեմ, մեզ ընդամենը չորս հազարն ա հանդիպել,- կատակում էր Նառան,- սրանից հետո ոչխարների տեղ տրակտորներ եմ հաշվելու քնելու համար»:
Գնդակը առաջս, տետրակս թևիս տակ, գրիչը ականջիս հետևում՝ գլորվում եմ Կորոնաֆուտբոլի դաշտով, քնած թե արթուն, չգիտեմ էլ՝ ուր, մենակ գիտեմ, որ շտապում եմ, որ ինքնաթիռից ա, թե դարպասից, չուշանամ … «Մենք բոլորս կապված ենք ճակատագրի մի թելով. ես երբեք չեմ կարող լինել այն, ինչ կարող էի լինել, եթե դու իրավունք չունես լինել այն, ինչ կարող էիր լինել», – Մարտին Լութեր Քինգ Կրտսերի բառերն եմ կարդում ինչ-որ գրառման մեջ: Իսկ ֆեյսբուքում դեռ ինքնամոռաց վիճում են, ամեն մեկս իր սոցիալական պղպջակ-բաբըլում լռված՝ Նիկոլն ու անկիրթները, աջերն ու ձախերը, Չերչիլն ու Ջորջ Ֆլոյդը… Մեկ էլ որտեղից որտեղ մեր ղափանցին, դափ-դատարկ մարզադաշտում նստել, ոտքերը կախել, արևածաղիկ ա չրթում ու երգում ա.
– Իմ բաբըլը քո բաբըլին վնաս չէ, վըը՜նաս … «Չէ», – ինչպես մի անգամ ծիծաղելով ասել էր թեթև հայերեն իմացող ադրբեջանցի մի ծանոթս, երբ նրան ինչ-որ օդանավակայանում հայի տեղ դնելով հարցրել էին՝ ապե հայ ե՞ս:
Տանանինա՜նա, ավելացնում ա Անահիտը: Աման, աման:
… Ֆրանկֆուրտում ցերեկները նորից երկարել են, մինչև ինը՝ լույս-լույս:
Իսկ Երևանում հիմա սև-սաթի գիշեր ա, Կասկադի ուսին՝ սիրուն լուսին:
Երևան ջան: Գանձո ջան: Բարև:
Կարոտով՝ Հասմիկ:
ԿՈՐՈՆԱՖՈՒՏԲՈԼ91/ Գանձո ջան/ Հասմիկ Սարգսյան
Please follow and like us: