Քանի բոլորը զբաղված են չիներենի՝ իրենց գիտելիքների լավացմամբ, քանի Արփին բացակայությունս չի ֆիքսել ու ես էլ դաշտից վտարված չեմ, քանի թուլացել է մարմինս ու բացարձակ տարածությունում լող են տալիս հուշերս, ինձ համար դի՜նջ լռված եմ սաունայում։ Նայում եմ թովիչ մեղեդու զուգակցությամբ դիմացի պատին գլորվող վիդեոները, ահա Նիագարան, ահա Շվեդական կորած մի գյուղ, ահա հեռավոր Չինաստանը, ջրից դուրս են սողոսկում կոկորդիլոսները, որոտում է կայծակը, փայլում է ծիածանը, շնչում եմ առողջարար եթերային յուղերի անմահական բույրը, լցնում դրանք թոքերս, խորը արտաշնչում, համրում մարմնիս վրա առաջացող փայլփլուն ջրի գնդիկները։ Կյանքը գեղեցիկ մի ընթացք է, բարեկամ, երբեմն միայն հարկավոր է կանգ առնել, խորը շունչ քաշել, գնահատել ունեցածն ու վայելել ձեռքբերումները։ Երբեմն զառիվերով վերեւ ենք սլանում, երբեմն դեպ ներքեւ ենք սուրում, երբեմն էլ դե ֆուտբոլիստ ենք։ Կար ժամանակ երբ հրացանակիր էինք, կար ժամանակ՝ ֆիդայի, կար ժամանակ՝ ուսանող, կար ժամանակ՝ ֆոտոլրագրող։ Իսկ հիմա սա-ու-նա, սաունա, եթերային յուղեր, մարմինս օծում եմ մեղրաբույրով, միտքս ինձնից անջատ մարզումներ է անում։ Գոլորշին օդում պար է բռնում, դուռը բացվում է, տեսնում եմ Արփիի խաղաղ դեմքը.
-Ամեն ինչ նորմա՞լ է ձեզ մոտ,- կիսապաշտոնական, կիսաընկերական հարցնում է Արփին։
-Իհարկե՜,- դանդաղ ծորում եմ ես,- դաս լեբեն իստ շյոն։
Դեռ երեխա ժամանակ հեռավոր Դուշանբեում տաջիկ երեխաների ընկերակցությամբ ցատկոտելով բարձրանում, իջնում էի սաունայի աստիճաններով, հաշվելով, թե որ աստիճանին ամենաշատը քանի րոպե ենք դիմանում, սպասելով, որ լողացողները իրենց պատմությունները թրջեն, լվան օճառաջրի մեջ, պարզաջրեն, ուղարկեն Դուշանբինկա ու մենք էլ գնանք տատիս տուն՝ համով թեյ խմելու։ Մորս տատին չէի սիրում։ Բայց երկու տարի առաջ թողեցի տուն, երեխաներ ու ամուսին, վերցրի լուսանկարչական սարքս, գնեցի թանկ տոմսն ու գնացի գտնելու Նախշունի գերեզմանը, որը Տաջիկստանի քաղաքացիական պատերազմից հետո այցելուներ քիչ ուներ։ Նախշունը, այդ անչափ ուժեղ կինը, ով Էդուլլուից հարս էր եկել Բլութան, ունեցել տասը որդի ու մեկ դուստր, որդեգրել եւս մեկին, մի օր՝ մորս ամուսնացնելուց հետո, վերցրել է տատիս, մորաքույրներիս ու քեռուս, փակել Բլութանի իրենց տան դուռը, տեղափոխվել Դուշանբե։ Նախշունը թագուհի էր։ Նախշունին էին ենթարկվում բոլորն անխտիր։ Մորս ցեղում մեծերի հանդեպ ունեցած հարգանքը ծեսի է վերածվում։ Ես նման բան ոչ մի այլ տեղ չեմ տեսել։ Նախշունը մորս անչափ էր սիրում, իսկ նրա երեխաներին՝ ոչ։ Ասես մենք մեր ծնունդով ինչ-որ օրինաչություն էինք խախտել տիեզերքում։
Երազում միշտ մի գերեզման էի այցի գնում, միշտ նույնը։ Միշտ փորձում էի կռահել, թե այդ ու՞մ գերեզմանն եմ փնտրում ես այդքան ժամանակ։ Երբ գալիս էր գիշերը, երազիս առաջին կադրերի հայտնվելու ընթացքում անօգնական ասում էի՝ էլի նույն երազը, ինչի՞ համար, այս ու՞ր եմ գնում ես ամեն անգամ կեսգիշերին։ Ահա հիմա բարձրանում եմ սարի դոշով, ահա այստեղից աջ եմ թեքվում, ահա այստեղ մեր ցեղի առաջնորդն է թաղված։ Չգիտես ինչի միշտ տղամարդ էի պատկերացնում մեր առաջնորդին։ Այսպիսով, կտրեցի կիլոմետրեր, հասա Դուշանբեի հայկական անխնա գերեզմանատուն (հատկապես ցցուն երեւում ա հրեական չափազանց խնամված գերեզմանոցի կողքով անցնելուվ հետո), հայտնվել եմ սեփական երազում։ Նույն արահետը, նույն քարերը, նույն գերեզմանը։ Փաստորեն ինձ էր սպասում Նախշունը, փաստորեն ինձ էր կանչում նա։ Արցունքները գլորվում են դեմքովս։ Բայց կորոնաֆուտբոլում արցունքներ եթե կան էլ, ապա միայն ուրախության, էնպես որ կտրվեմ Դուշանբեից ու անցնեմ առաջ։
Աբովյանի Չափիչի երկրորդ հանրակացարանի չորրորդ հարկի մեր բնակարանից մենք դիտում էինք ստադիոնում ընթացող բոլոր խաղերը։ Իմ բոյը չէր հերիքում, աթոռ էի դնում, արգելում էին։ Մեր հանրակացարանում սաունա չկար, իսկ այ ընդհանուր բաղնիք կար։ Բաղնիքն այդ սակայն արժեր հազար սաունա։ Չէ, ես ամենեւին լուրջ եմ ասում։ Դեռ ներս չմտած՝ գոլորշին փակում է տեսողությունդ, քեզ ողջագուրվում են խալխի շամպունների ու մազերի հոտերը։ Բաղնիքն առաջին հարկում էր։ Մեծ, ընդարձակ բաղնիք էր, արհեստական լուսավորությամբ։ Սրբիչ, օճառ, երեխաներ, թասեր, ոմանք կեղտոտ լվացք, լիքը բամբասանքներ կամ ուղղակի օրվա ուրախ պատմությունները կանայք հավաքում էին, մտնում բաղնիք։ Չեմ նկարագրելու շատ մանրամասներ, նախ ինձ դաշտից դուրս կհանեն, երկրորդն էլ շատ ծավալուն կստացվի։ Միայն մի փոքրիկ դրվագ պատմեմ, թե ինչպես երեխաներից մեկը տուն գնալով ոգեւորված գոչել ա։
-Պապա՜, մենակ տեսնեիր, թե Վարդուշ տոտայի ծիծիկները ինչ մեծ էին։
Կանայք իրար մեջք էին պրտում, միմյանց զիջելով պարզաջրվում ու լվանում մազերը։ Մի մեծ կարմիր թասում նստած բաղնիքային իրարանցմանն էր թամաշա անում իմ հասակակից՝ հինգ-վեց տարեկան Գոքորիկը։ Ու մինչ կանայք իրենց մերկությունը կարմրացնելով լողանում էին, Գոքորը չոփչոփիկ էր անում թասում։ Գոքորիկը մեծ տղա էր ու ուրեմն իր արական ներկայությամբ խաթարում էր բաղնիքի իգականությունը։ Մինչեւ մի օր կանայք միաձայն Գոքորիկի մորն արգելեցին Գոքորիկի մուտքը մարզադաշտ, է՜, բաղնիք։
-Թող հոր հետ գնա, մեծ տղա ա արդեն,- անդրդվելի էին կանայք։
-Բայց երեխա է,- առարկում էր մայրը։
-Ինչ երեխա, չե՞ս տեսնում՝ ո’նց է տնտղում բոլորիս բարեմասնությունները։
Այդ օրվանից կանխվեց նրա մուտքը բաղնիք։ Լավ էր։
Բաղնիքի փոքր պատուհանը կանայք երբեմն-երբեմն բացում էին՝ ներսի գոլորշին դուրս հանելու։ Շենքի հետեւում կուտակվում էր արական սեռը, անհամբեր սպասելով պատուհանի բացվելուն։ Առավել համարձակներն իրենք էին հրում պատուհանը դեպի ներս, իբր պատահաբար բացվում էր բաղնիքի փայտե անհրապույր պատուհանը, տղաները հռհռում էին, վազում՝ իրենց հետեւից տանելով կանանց կանոնիկ եռահարկ անեծքները։ Բայց չաղ Սաթոն ելքը գտել էր։ Կանգնում էր պատուհանի մոտ՝ եռման ջրով թասը ձեռքին, ով դիտմամբ բացեր պատուհանը համապատասխան վերաբերմունքի էր արժանանում ու թրջված մկան կերպարանքով վազում աստիճաններով վերեւ պարտությունը թաքցնելու։
-Սաթո, վառվելու են, գոնե մի քիչ գոլ արա ջուրը։
Սաթոն երկաթե հայացքն էր տարուբերում, նա անդրդվելի էր։
Մի անգամ էլ Սաթոն իր տղային գտավ պատուհան բացողների մեջ։ Կանայք էլ բողոքել են, թե բա Սաթո ջան գիտես, տղադ էլ ա էդ դելեգացիայի մեջ, որ հա պատուհանն են բացում։
Սաթոս սուսուփուս լողացել ա, հագել շորերը, բարձրացել տուն, կանչել որդուն, մերկացրել լիքը մարմինն ու ասել՝ նայիր, նայիր ինչքան կուզես, տեսնեմ ինչ ունեն էդ կանայք, որ ես չունեմ, տեսնեմ՝ ինչ ա ուզածդ։ Էդպես էդ դեպքից հետո Սաթոյի որդին ճիշտ ուղու վրա կանգնեց, համենայն դեպս կանայք էդպես էին մտածում։
Ուզում եմ գրել հաջորդ դրվագը երեւանյան ու գերմանական սաունաներից, սակայն կրկին ներս է մտնում Արփին։ Այս անգամ եթերային յուղերի փոխարեն դեղին քարտը ձեռքին։
-Անահիտ,- դու պահեստայինների նստարանին լռված էիր հերիք չի, հիմա էլ սա-ու-նա, էս նեղ մաջալին, երբ կորոնան հարձակվել է դարպասի վրա, երբ պարետն ակնկալում է աշխարհի օգնությունը, երբ վարչապետը՝ լինելով վարակակիր, շարունակ հայտնվում է ինչ-ինչ տեղերում՝ վտանգելով այլոց առողջությունը, լռվել ես սա-ու-նայում։ Դե արագ վազիր խաղադաշտ։ Չեմ մոռանում գլխիս քաշել տակառի մեջ կուտակված սառցաջուրը, կրճատում եմ տեքստիս երկրորդ կեսը, հագնում մարզաշապիկս ու քոչարի պարելով մտնում կանաչի մեջ։ Տանանինանանա, ընկերներ, տանանինանա՜։