ԿՈՐՈՆԱՖՈՒՏԲՈԼ64/Կորոնաասուլիս/ Գրիգոր Գրիգորյան

Ձայնս ո՞նց է, ռա՛ս, ռա՛ս, ռա՛ս։ Լավ է ոնց որ։ Սեղանը դնենք դաշտի կենտրոնում, դաշնամուրն էլ դնենք կողքին։ Ըհը՛, շատ լավ է, Մարինե՛ ջան, էն փոքր սևերի մասին մոռացի ու Բրամսից սկսենք։ Երեք, երկու, մեկ, գնացինք։
Բարև ձեզ, ֆուտբոլասե՛ր բարեկամնե՛ր, հուսամ առողջ եք։ Ձեզ երկար չեմ սպասեցնի և այդքան սպասված ասուլիսն արդեն կարող ենք համարել սկսված։
Փաստ #1 – Որպես բացում, ուզում եմ նշել ամենակարևոր ձեռքբերման մասին, «Կորոնաֆուտբոլը» ոչ միայն եկավ լրացնելու ֆուտբոլի բացակայությունն աշխարհում(դե, Բելառուսը վաղուց մեր երկրագնդից չէ), և հաջողությամբ իրականություն դարձրեց այդ պատասխանատու առաքելությունը, այլ նաև լիարժեքորեն փոխարինեց ֆուտբոլին, և հիմա դեռ մեծ հարց է՝ ֆուտբոլասերներն անհամբերությամբ սպասելու են ֆուտբոլային հաջորդ «Էլ Կլասիկոյի՞ն», թե՞ «Կորոնաֆուտբոլի» հերթակա փոխանցմանը։
Փաստ #7 – Մեզ մոտ մոնոպոլիաներն այլևս պատմություն են, ինչպես խոստացել էինք՝ արտոնյալներ այլևս չեն լինելու և մեզ հաջողվել է այս ուղղությամբ կոնկրետ միջոցներ ձեռնարկել․ կորոնաթիմում արդեն ունենք երկու Մարինե, երկու Գևորգ, և պատկերացնո՞ւմ եք՝ նույնիսկ երկու Արփի, սա աննախադեպ իրողություն է նորօրյա կորոնաաշխարհում։
Այդ պահին մեկը, շատ էլեգանտ ու թանկանոց վերնաշապիկով, բայց ներքևում միայն կարմիր սրտիկներով տռուսիկով վազեց դիմացներովս։ Իտալիայի դրոշակը օդում թափահարելով՝ գոռաց․ «Ստի վերջը, ստի վերջը, կորոնավիրուս չկա, ստի վերջը․․․»։ «Էս ո՞վ էր»,- հարցրի Մարինեին։ «Էս ո՞վ էր»,- Մարինեն հարցրեց դաշնամուրի տակի սև փոքրիկներն։ «Եսիմ որ Վատիկանի շունն էր»,-հարավտիզբոներեն պատասխանեցին փոքրիկները։ «Հա՜»,- հևացի ես։ «Մալադեց փեսա»,- ասաց Մարինեն, ու մենք շարունակեինք մեր ասուլիսը։
Փաստ #21 – Միջազգային մամուլը, բառացիորեն, օրական ռեժիմով հետևում է մեր խաղին, բոլոր հեղինակավոր պարբերականների առաջին էջերին պատկերված են լինում մեր թիմի խաղացողների նկարները։ Հատկանշական է նշել, որ Մեսրոպի և Գիլանցի նկարը Քիմ Քարդաշյանի հետ զգալիորեն բարձրացրել է Քարդաշյան քույրերի վարկանիշը, և այսօր ամերիյան հեղինակավոր «Հայվան»(HIGH ONE) կինոմագնատը բանակցություններ է վարում Մեսրոպի և Գիլանցի հետ՝ Բիլզերյանի վարկանիշի բարձրացման նախագծում ևս մասնակցություն ունենալու շուրջ։
Փաստ #43 – Վերջապես մենք ունեցանք այնպիսի կարևոր փաստաթղթեր, ինչպիսիք են «Հորդորակ»-ը և «Տերմինաբանական բառարան»-ը։ Մեզ շատ են քննադատում ընդդիմադիր գործընկերները՝ չկանոնակարգված փոխանցումներ կատարելու մեջ, բայց հիմա ես ուզում եմ՝ մենք բոլորս սա հստակորեն արձանագրենք, այս փաստաթղթերը աներկբա իրողություներ են, և դա ժխտել ոչ մեկը չի կարող, որքան էլ որ ցանկանա։
Կրկին խաղադաշտում հայտնվեց կարմիր տռուսիկավորը։ Իր լեն-լփոշ թումբանով էլի վազելով եկավ դիմացներս ու սկսեց ջանասիրաբար գոռալ․ «Ստի վերջը, ստի վերջը գալու է, չկա համաճարակ, չիպերը հանեք մեր մեջից»։ Ու խելակորույս փախավ։ «Էս ի՞նչ էր ասում»,- հարցրի Մարինեին։ Մարինեն նայեց ներքևի սևերին, նրանք էլ․ «Բարբաջում է, պատահում է, էսքան տարի տնփեսա է եղել խեղճը»։ «Հա՜»,- հևացի ես։ «Արջերի կեր դառնաս»,- ասաց Մարինեն, ու ես խնդրեցի Մարինեին Բրամսը փոխարինել Շտրաուսով։
Փաստ #69 – Մենք ավանդապաշտ հայեր ենք, էս համարի փաստ չունե՛նք ու չե՛նք ունենալու։
Փաստ #74 – Հարկ եմ համարում մի փոքրիկ նախապատմություն մեջբերել այս փաստն արձանագրելուց առաջ։ Մեր կողմից շատ սիրելի Առնոլդ Շվարցնեգերը մեր թիմի Հովիկին դատի էր տվել, լսելով իր կերտած դասական հերոսի հիշատակումը Կորոնափոխանցումներից մեկի ժամանակ և չխորանալով բուն նյութի մեջ՝ չմտածված շտապողականություն էր թույլ տվել։ Դե, մենք արդեն բոլոր նյութերը պատրաստել էինք, փաստահավաք խումբը ամբողջությամբ ներգրավված լինելով գործընթացի մեջ՝ վկաներ էր գտել, նույնիսկ Շվարցնեգերի հետ շփված շրջանակն էինք մեկուսացրել արդեն(որոշների թեստը նույնիսկ դրական էր ցույց տվել), բոլորը մեր հյուրանոցներում են գտնվում մինչև այս պահը, և հենց այդ ժամանակ «Տերմինատորը», նույն ինքը՝ Առնոլդը, զանգեց ինձ ու մաքուր ուրդուերենով ներողություն խնդրեց ամբողջ հայ ժողովրդից։ Կարդացել էր Հովիկի պատումն ու անշրջելիորեն փոխել իր որոշումը։ Եվ արդեն պատրաստվում էր Հովիկի անձնական հաշվին մի կլորիկ գումար փոխանցել, որպես բարոյական փոխհատուցում, բայց ես իհարկե հայկական չուզողություն դրսևորեցի, և ասացի՝ մենք այստեղ փողի համար չենք խաղում այս խաղը։ Այնպես հուզվեց, այնպես տվայտվեց, ասաց՝ ես նրա փոխարեն գրկեմ Հովիկին՝ պինդ-պինդ, այնքան պինդ, որ մեջքի ոսկորների ճտճտոցը լսվի։ Եվ իհարկե ես պատրաստվում եմ Հովիկին գրկել, ուղղակի դեռ չեմ որոշել, թե ինչպես եմ նրան բացատրելու «կլորիկ գումարը չփոխանցելու» պահը, բայց ես ուզում եմ մեկընդմիշտ ասել, որ Կորոնաֆուտբոլից» հետո վերադարձ հնին չի՛ լինելու, կոռուպցիան տեղ չունի՛ մեր Գրողուցավում, Հովի՛կ ջան։
Փաստ #92 – Մախսուդյան Արփին արդեն մոտ է նրան, որ իմանա, թե ինչ է «խաղից դուրս»-ը։ Համաձայնվեք, սա «Կորոնաֆուտբոլի» բացառիկ ձեռքբերումներից է։
Այդ պահին սրտիկներով տռուսիկով դրոշակակիրը ուժեղ գոռալով վազում էր խաղադաշտի աջ անկյունով, ավելի շուտ՝ փախչում էր, քանի որ հետևից 3 խոշոր արջ էր վազում։ «Առը՛ հա։ Արջերը որտեղի՞ց հայտնվեցին»,- հարցրի Մարինեին։ «Էս ի՞նչ չիշիկի հոտ է»,- ավելացրեց նա։ «Պարզ չի՞, տակն ա արել նրբիկը, իսկ արջերը չիշիկի հոտը լավ են զգում»,- պատասխանեցին սև փոքրերը։ «Հա՜, – հևացի ես,- դե, ուրեմն անցնենք Մոցարտին, երևի ճիշտ կլինի արդեն Ռեքվիեմը նվագենք»,- Մարինեին խնդրեցի ես։
Այսքանով մեր աուլիսի 100 փաստերի մասն ավարտենք ու անցնենք հարցերի պատասխանին․․․

Please follow and like us: