ԿՈՐՈՆԱՖՈՒՏԲՈԼ49/ Դըմփ-դըմփ-հու/ Իզաբելա Ավետյան

Ըհը, ահա ես էլ եմ հայտնվում «Գրողուցավ»-ի դաշտում և ինքս ինձ շնորհավորում նման համարձակության համար, որը, իհարկե, չես համեմատի ալկոգել խմելու համարձակության հետ։ Բայց, այնուամենայնիվ, այստեղ եմ, դե ուրեմն սկսեցինք։
Չէ, ժողովուրդ ջան, նախ ասեմ, Թագաժահրի տիրապետության այս օրերին ինչ լավ է, որ «Կորոնաֆուտբոլը» կա մեր կյանքում։ Պատկերացնում ե՞ք, սա էլ որ չլիներ, մեր կյանքը նույնը կլիներ, ինչ, ասենք, Հայաստանի ազգային հավաքականի համար հերթական մարզչի նշանակումը․ այսինքն՝ անիմաստ։
Սովորաբար միջին վիճակագրական մարդու առավոտը սկսվում է մեկ գավաթ թարմ սուրճով, որի բույրը կարծես լցնում է նրա ողջ օրը։ Համաձայն եմ ։ Բայց մարդ էլ կա, դեռ աչքերը լրիվ չբացած, ավելի ճիշտ՝ սկզբում մեկը, հետո մյուսը բացելով, ձեռքն է առնում հեռախոսը և ստուգում, թե ինչպես է ընթանում խաղը։ Это я, но… не летом , а во время կառանծին։
Հա, ուրեմն դեռ Մեսրոպ Հարությունյանի սովորական ժամից ուշ արթնանալու և ջրալի մրգի ակնարկներով «Գրողուցավի» դաշտի կենտրոնում հայտնվելու պահից սկսած ես հարմարավետ տեղավորվել եմ աջ տրիբունայում որպես հանդիսատես ու այստեղ․․․ սպասում եք, որ ասեի լուռ հետևում եմ խաղին՞։ Չէ, հա։ Հո Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնում չե՞մ։ Ֆուտբոլն ու՞ր, լուռ հետևելս ու՞ր։ Եվ այնպես եմ աղմկում, ձայնս գլուխս գցում առավոտյան, որ հայրիկս, իր մեկ գավաթ սուրճը թողած, խոհանոցից քայլում է դեպի իմ
ննջասենյակ, դռան հետևից մեկ միավոր սոցիալական հեռավորությունից ձայն է տալիս՝ ամեն ինչ լավ է՞։
– Ամեն ինչ հոյակապ է,- ամբողջ օրվա դոզան ստացած և հաճույքախեղդ եղած պատասխանում եմ ես։
Հիմա աղմկելու շարունակությունը․ գործընկերներիս հետ խոսում էինք պաս պահելու մասին, ինձ հարցնում են՝ պաս պահելո՞ւ եմ։ Ոչ, ֆուտբոլ եմ նայելու։ Աղջիկ ջան, հասկացանք, որ նորմալ մարդկանց աշխատասենյակի պատերին որակավորման սերտիֆիկատներ, վկայագրեր, դրանց նման բաներ են լինում փակցված, իսկ քո պատին՝ յուրաքանչյուր զույգ տարի փոխվող Մունդիալի կամ Եվրոյի պաստառ-օրացույց, ու որոշ ֆուտբոլիստների ընտանեկան լուսանկարներին ավելի շատ ես հետևում, քան աշխատանքիդ վերաբերող կարևոր կայքերի նորություններին, բայց ի՞նչ կապ ունի պաս պահելը ֆուտբոլ նայելու հետ։ Շատ անմիջական։ Պաս պահելիս հոգիդ նույնպես պետք է մաքուր պահես, այսինքն հայհոյել չես կարող։ Ես էլ ֆոտբոլն առանց «կոնկրետ» բառեր օգտագործելու նայել չեմ կարող։ Բայց ազնիվ, ազնիվ խոսք, Նևզորովի մասին ընդհանրապես չէի լսել, Վարդիշաղ տատի «տասնչորս հարկանի անեծքաքֆուրները որպես ֆոլկլորի մասնիկ» թեմայով դիսերտացիայի նյութից էլ այնքան հեռու եմ, ինչքան հեռու գտնվեց Հայատանի հավաքականը Եվրո 2020-ից։ Իմ բառապաշարի հիմնական կազմում տեղ են գտել դմբոյի մեկը, դամբուլ, դոդ գլուխ, դեբիլներ ածականները, ծայրահեղ դեպքերի համար՝ խաղն այլևս անհնար է փրկել բացականչությունը, որ անխնա դաշտ եմ նետում լարված հանդիպումների ժամանակ։
Թավշյա ժամանակաշրջան թևակոխումից մի քանի ամիս էր անցել, հերթական անգամ նյարդերս լարված, արդեն ոչ նստած, այլ կանգնած՝ հետևում եմ խաղին։ Ես ֆուտբոլիստների գործողություններին եմ հետեւում, զարմուհիս ՝ իմ։ Օդում մի քանի անգամ բարձր հնչեցրել եմ դըըը հնչյունը, սակայն դադար
եմ տվել․ տուգանայինի մատույցներում թեժ պայքար է, սպասում եմ՝ ինչով կավարտվի իրավիճակը, գնդակը դարպասում կհայտնվի՞, թե՞ ոչ, ըստ դրա էլ համապատասխան ընտրեմ բառս, հանկարծ կողքիցս բարձր լսում եմ․
– Դըմբ-դըմբ-հու, դըմբ-դըմբ-հու․․․
Շրջվում եմ, զարմուհիս է (ում հետ համատեղ ջանքերով ընտանիքի անդամներին
օգնել ենք բացահայտել , որ «Բարսելոնան» ոչ միայն Կատալոնիայի սիրտն է, չքնաղ քաղաք, ալյլ նաև՝ Ֆուտբոլային մեծագույն ակումբ), ծիծաղելով վրա է բերում, թե․
– Կարծեցի դա ես ուզում ասել․․․
Տո՛, տո ես այդ բառերը իսկի Հրապարակ իջնելիս չեմ ասել։ Տես է, նա չի մարսել էն դեպքը, երբ «Էլկլասիկոյի» ժամանակ (հուսամ բոլորը գիտեն՝ դա ինչ է, թե՞ Գրիգորին խնդրեմ պարզաբանի), ուղիղ կարմիր քարտ ցույց տվեցի ու խաղադաշտից, էհ․․․․ հյուրասենյակից նրան հեռացրի։ Հեռացնելն էլ մեղմ ասեցի՝ վռնդեցի։
Հա, առանց աղմուկի հնարավոր չէ յոլա գնալ։ Գիտեք, թե վերջերս ինչպիսի աղմուկ, ինչ տեսակ աղաղակ բարձրացրեց գիտության և կրթության գերագույնի հայտարարությունը, որ ականջներս մինչև հիմա դըմբդըմբում են։
Ի դեպ , Էս դըմբդըմբոցը էն «դըմբ-դըմբ-հու»-ի հետ կապ չունի։ Տնաշենը, թե․
– 2019/2020 մրցաշրջանը համարում եմ ավարտված, մինչև մարտի 13-ը կայացած խաղերի արդյուքներով էլ այս տարի գավաթակիր դառնում է․․․
Թու, էս պահը նորից ասեմ, հա՞։ Ուրեմն, էսպես․
– 2019/2020 ուսումնական տարին համարում եմ ավարտված, մինչև մարտի 13-ը ստացած գնահատականների արդյունքով փակվում է կիսամյակը ու փոխադրման քննություններ չեն լինելու։
Խոսքը դեռ չավարտած՝ բոլոր տրիբունաներից ուսուցիչներն ու ծնողները, որոնց գերակշիռ մասը կանայք են, միանգամից աղմուկի ալիք բարձրացրին։ Այդ աղմուկի մեջ զարմիկիս հետ եմ խոսում, որ 9-րդ դասարանում է սովորում, թե սովորում էր․․․ Հենց դա էլ ուզում էինք պարզել։
– Փաստորեն քննություն չեմ հանձնելու, հորքուր,- ասում է նա։
Չէ, արդի դպրոցի մեր սանը, նորագույն տեխնոլոգիաները թողած, քննության դարդուցավով չէր տապակված, բայց բնական է, որ անհանգստացած, մի քիչ էլ պատրաստված կլիներ։ Այստեղ արդեն չդիմացա, ես էլ իմ դարդուցավը հիշեցի․
– Տո՛ այ տղա ջան, այ ցավդ տանեմ, ակումբային ֆուտբոլը դադարեցվեց, գավաթայինները հլը մի կողմ, չեմպիոնների լիգայի խաղերը չտեսանք, էլի ոչինչ, բայց հասկանում ե՞ս, «Եվրո2020»-ը հետաձգվեց, հիմա փոխադրման քննության եղածն ի՞նչ է, որ հնարավոր չլինի չեղարկել։ Պահհհհ, այսինքն հյուսիստիզբոներեն՝ подумаешь: Կյանքում ավելի կարևոր քննություններ էլ են լինում, ասենք, օրինակ
Գյուլբուդաղյանցի՝ որպես հավաքականի մարզիչ կարիերա հարթելու համար որակավորման փուլի հանդիպումները, մինչև ֆիններից պարտություն կրելու պահը, ավելի ճիշտ կլինի ասել՝ դրան նախորդած՝ պաժառնիկներին (թարգմանելու հավես չունեմ) պարտվելու պահը։ Հեշտ չի, դեռ տարվա սկզբից ինձ տրամադրել էի, որ ամռանը եղանակին համահունչ վայելելու եմ թեժ ․․․ հլը մի րոպե, ի՞նչ մտածեցիք։ Չլինի՞ ՝ Մալդիվների փիրուզե ափին ալիքների հետ ռոմանտիկ երեկո։ Չնայած սա էլ չէր խանգարի, բայց եկեք չմոռանանք ինչի համար ենք հավաքվել։ Ես ընդամենը ուզում էի ասել՝ ֆուտբոլային երեկոներ, այն էլ էկրանի առջև։ Չէ, իրոք հասկանում ես՝ ինչքան լավ է, որ «Կորոնաֆուտբոլը» կա մեր կյանքում։
Այսպիսով, սիրելի Ֆուտբոլասեր և ֆուտբոլ չսիրող ժողովուրդ (Արփի Ոսկանյան, Ամի Չիչակյան ջաններ, ничего личного), սիրով կշարունակեի, սակայն, այստեղ լսվում է Արփիներից Ոսկանյանի սուլիչի ձայնը, ինչը նշանակում է՝ վերջ, խաղն ավարտված է։ Հիշեցնեմ, ձեզ հետ միասին արտակարգ պայմաններում այսօր խաղին հետևում էինք «Գրողուցավի» արտակարգ արենայից։ Սակայն ես չեմ շտապում հրաժեշտ տալ, քանի որ առջևում մեզ ավելի հետաքրքիր հանդիպումներ են սպասվում։ Մնացեք մեզ հետ, մնացեք տանը։

Please follow and like us: