ԿՈՐՈՆԱՖՈՒՏԲՈԼ50/ Մայիսի 4-ից հետո /Ամի Չիչակյան

Միամիտաբար հավատում էի, որ իմ ինքնամեկուսացած կյանքը բաժանվելու է երկու փուլի՝ մայիսի 4-ից առաջ և հետո։ Մարդիկ կլսեն կորոնապարետին ու կանեն ճիշտ հակառակը, ինչպես անում էին մայիսի 4-ից առաջ, երբ մեր ամբողջ բակը լցված էր մարդկանցով՝ ու շանս՝ Լոկիին ման տալու համար պետք է անցնեինք մի քանի անցակետերով։ Ու վայն եկել, մեզ տարել էր, թգ մի բան այնպես չանեինք։  
Մեր անցակետերը հիմնականում ունեն տարիքային ցենզ  ու բաշխված են ըստ սեռերի։ Իհարկե, լինում են բացառություններ, բայց դրանք համատարած բնույթ չեն կրում։ Եվ մինչև հաջորդ անցակետին հասնելը ժամանակ ես ունենում հոգեպես պատրաստվել սպասվելիք մարտահրավերներին։ 
Եվ այսպես` առաջին փորձությունը զրուցարանում է։ Այստեղ են հավաքվում հիմնականում 12+ տղաները, որոնք քննարկում են առօրյա կենցաղթաղային հարցեր։ Մինչև կորոնավիրուսը, առավոտյան ժամերին այս մի զրուցարանը գրեթե միշտ ազատ էր կամ զբաղեցված էր տարբեր սեռի, հավատամքի, տարիքի և աշխարհահայացքի մարդկանցով, բայց կորոնավիրուսից հետո օրվա ընթացքում այն գրեթե երբեք ազատ չի լինում։ Մարտի վերջերին կենցաղաթաղային թեմաները կամաց-կամաց սկսեցին սպառվել, իսկ երիտասարդները ստիպված պետք է ինչ-որ մի բանով զբաղվեին. 
– Երկաթե դապաս։ 
– Վոռոտ։
– Արա, չէ, հայերեն։ 
– Սովե՞տ։ 
– Չէ, վայ, էլ ո՞նց ասեմ։ Ժամանակը պրծավ …
Հաջորդ օրը․
– Նեթֆլիքսը մի ամիս ձրի ա տալիս։ Ակտիվացրել եմ։ 
– Դե լավ ա, ամեն ինչ կունենաս։ 
– Game of Thrones դրանով կարողանո՞ւմ ես նայել։  
– Հլը չեմ փորձել: 
Մի օր էլ ականջս ռուսերեն խոսք լսեց։ Դու մի ասա՝ «Ալիաս» խաղի հայերեն տարբերակից երևի ձանձրացել են, անցել են ռուսերենի։ Էստեղ գրեթե ոչ ոք ուշադրություն չի դարձնում մեզ, ու երևի միակ բացասական կողմը միմյանց ներկայության անհարմարությունն է։ 
Երկրորդը նստարան է՝ զրուցարանից ոչ շատ հեռու։ Այստեղ են հավաքվում բակի կանայք և տատիկները՝ Սուսանի գլխավորությամբ։ Սուսանին չէի ճանաչի, եթե չլիներ Լոկին, ու եթե նա չփորձեր ինձ նկատողություն անել, թե ինչո՞ւ շան փոխարեն երեխա չեմ պահում։ Եվ ո՞վ կմտածեր, որ այդ վեճը մի օր կվերածվեր ընկերության, և Սուսանը հերիք չի ինքը կսիրեր Լոկիին, թոռներին էլ կթողներ Լոկիի հետ շփվել։ 
Եթե առաջին կետում ոչ մեկը մեզ չէր նկատում, երկրորդ կետում, աննկատ անցնելը գրեթե անհնար է։ Էստեղ անպատրաստ՝ առանց իմ, Լոկիի ու իմ ու Սուսանի ընդհանուր ծանոթների անձնական կյանքի մասին զեկույցի անցնելը արգելվում է, որոշ դեպքերում նույնիսկ պատժվում։ 
Կորոնավիրուսին էլ էստեղ թերահավատորեն են մոտենում.
– Ի՞նչ կորոնավիրուս, ինձ ոչ մի բան էլ չի կպնի։
– Էդ սուտ բաներ են, պետությանը փող են տալիս։
– Բարեկամիս հարևանի ծանոթի քենին մարդ ա ճանաչում, որ փող են առաջարկել, որ գրեն կորոնավիրուս ա։
– Հանգիստ տնից դուրս արի, ջահել աղջիկ ես, քեզ բան չի լինի
– Էդ թերթերին մի հավատա, սաղ ծախված են։
– Մեր Իտալիայի բարեկամը ասում ա …
Այս և հաջորդ անցակետերի մեջ կարող են ի հայտ գալ խոչընդոտներ՝ փոքր երեխաների տեսքով, որոնք փորձում են Լոկիին տանջել, կանանց տեսքով, որոնք Լոկիին տեսնելուց վայ-վույ են անում, մի մայթից մյուսն են տելեպորտ լինում այնպես, որ մեկ-մեկ ինձ թվում է, որ իրականում Լոկին վախենալու տեսքով պիտբուլ է կամ դոբերման, այլ ոչ թե կենսուրախ կոկեր սպանիել։ 
Եվ վերջապես երրորդ և վերջին անցակետում ենք՝ էլի զրուցարան է, այստեղ տարիքային ցենզը հիմնականում 50+ է։ Սա էլ կարող է վտանգավոր լինել, քանի որ բակի տղամարդիկ և պապիկները, որ բակի մշակմամբ են զբաղվում, Լոկիի մեջ պոտենցիալ թշնամի են տեսնում։ Իրականում, ամենաանհասկանալի անցակետն է, երբեք չես հասկանա՝ իրենք գո՞հ են, թե՞ դժգոհ, կամ ընդհանրապես ուշադրություն դարձնո՞ւմ են, թե՞ չէ. իրենց ուշադրության հիմնական առարկան նարդին է, երբեմն էլ՝ խաղաքարտերը։
Ու ամեն օր այս բոլոր փորձությունները չանցնելու համար, պարզապես որոշեցի ստեղծարարություն դրսևորել ու Լոկիի հետ կեսգիշերն անց դուրս գալ մեր ամենօրյա զբոսանքներին, երբ գրեթե ոչ ոք փողոցում չկա։ Պարզվեց՝ միայն ես չեմ այդքան խելացի, ու շատ շների տերեր ևս դիմել էին այդ հնարքին։ 
Ու վերջապես եկավ մայիսի 4-ը, առավոտ աչքերս բացելու պես առաջին բանը, որ արեցի՝ պատշգամբ վազելն էր՝ տեսնեմ Սուսանն ու իր թիմը իր մշտական տեղո՞ւմ է, թե՞ չէ, ինչպես և ենթադրում էի՝ նստարանը ազատ էր, ասեմ ավելին՝ ֆուտբոլի դաշտ դարձած կայանատեղիում մարդ չկար, հերիք չի՝ մեքենայիս կողքը գնդակը թողել ու գնացել էին պարետի որոշումը բոյկոտելու։ Ինքնագոհ կրկնելով, որ հանկարծ՝ չմոռանամ, թե ինչ հանճարն եմ ես, Լոկիին աչքով տվեցի, և տնից դուրս եկանք։ 
Բակում պարզվեց բան էլ չի փոխվել, ուղղակի Կորոնաֆուտբոլի հերթական ֆուտբոլային հանդիպումն է։ Մեծից փոքր, Սուսանից մինչև նարդի խաղացող Վալոդ, զրուցարանի երիտասարդներից մինչև բակի պուճուրները մի քանի շարքով կանգնած էին դաշտից այս կողմ։ Ու ի՞նչ անձնական կյանք, ի՞նչ Նեթֆլիքս, ի՞նչ բակի խոտերը փչացնող սարսափազդու շուն, ոչ մեկն էլ չնկատեց, որ մենք իրենց անցակետով ենք անցնում։ 
– Պաս տուր դրան։
– Լավ ա, շատ լավ ա։ Տենց էլ շարունակի։
– Այոոոոոոոո։
Չհասցրեցի տեսնել, վերջը՝ մեր հերոսները գոլ խփեցի՞ն, թե՞ չէ։ Մի քիչ ականջս կախ գցեցի լսեմ, թե ինչ են ասում ֆուտբոլը նայելու ժամանակ, ոնց լսեցի, էդպես էլ մոռացա։ Լավ է, պարոն Հարությունյանը ֆուտբոլային տերմինաբանությունը բացատրեց, չնայած մեջն ինչ, ոնց կարդացի, էդպես էլ մոռացա։ 
Միայն մի բանի հետ համաձայն չեմ. «դաշտ, որոշ բարբառներում՝ «կալ»-ը» պարտադիր չէ, որ սովորաբար 100-ից 115 մետր երկարություն եւ 60-65 մետր լայնություն ունենա։ Իրականում, «դաշտը» կարող է հարյուր անգամ ավելի փոքր լինել, իսկ խաղացողները լինեն ընդամենը երկուսը, որոնք կկառավարեն 22 մինի ֆուտբոլիստներին։ Էստեղ «ավուտ»-ներն են խնդիրը, «գնդակը» դաշտից դուրս թռավ, էլ «գնդակ»-ի տերը չես։ «Բալեյշչիկներն» էլ գալիս ու գլխիդ են հավաքվում, բարձր մեկնաբանում են հերիք չի, չեն էլ թողում, որ շարժվես, ու արդյունքում «վռո»-ն «գոլ» ա ուտում, «բեկ»-ը, «պոլզաշիտնիկ»-ը կամ «հարձակվող»-ը պասը բաց են թողնում։ Ձեր էդ մեծ դաշտում նման վերաբերմունք կհանդուրժեի՞ք։ Բայց դե առավելություններ էլ կան՝ էստեղ էլ խաղացողները չեն կարող «աֆսայիտ» ունենան կամ լինեն, չգիտեմ՝ դա ինչ են անում, ու ամենակարևորը՝ կարող ես գարեջուր խմել ու միաժամանակ խաղալ։ 
Իսկ 100-ից 115 մետր երկարություն եւ 60-65 մետր լայնություն ունեցող դաշտում ե՞րբ եք տեսել գարեջուրը ձեռքին ֆուտբոլիստ։ 

Աղբյուր՝ «Ֆուտբոլաժարգոնային տերմինների համառոտ հորդորակ», Հարությունյան Մեսրոպ, groghutsav.am 2020

Հ.Գ. Բոլոր կերպարները` բացի պարոն Հարությունյանից, հորինված են, ցանկացած համընկումը՝ պատահական։ 

Please follow and like us: