Արփի Ոսկանյան / Քաղաքական հանելուկներ (3)

Այն ո՞վ է, այն ո՞վ

Վսեմաշուք դոկտոր է նա, մեծ գրագետ,
Գիտի յոթութ լեզու, որից կեսը՝ մեռած,
Ոտք մեկնելով Ոսկեդարի սրբերի հետ՝
Սուրբ Գրքից նա թարգմանել է ոչ մեծ հատված,
Եվ պատմություն գրել հայոց, եւ արարել
Թռուցիկներ եւ ելույթներ, բյուր կարգախոս,
Եվ հարթակին կանգնած խրոխտ ու աներեր
Կարդացել է դրանք, ինչպես մի դասախոս։

Նրա ամեն բառը ասես լինի սաղմոս
Եվ ելույթը նրա ամեն Սուրբ Գիրք է մի
Մարդկանց համար ուսումնասեր, սակայն թերուս՝
Իմաստներով իրարամերժ, հազարումի։
Եվ մեկնում են մարդիկ նրա բառը ամեն
Եվ ըստ դրա ուղղափառ են կամ հերձվածող,
Նրան ատում եւ սիրում են լոկ կուրորեն՝
Եվ ըստ այդմ հալածյալ են կամ հալածող։
Հիմնադիրն է նա նորագույն մեր պետության,
Առաջինն է, որ կեղծել է ընտրություններ,
Ընդդիմախոս անձանց մատնել բանտարկության,
Ճնշել, փակել ու արգելել ԶԼՄներ։
Բայց վեհանձն է, զի զորել է աթոռ լքել,
Ասել՝ չեմ գա, մինչ չխնդրեք ինձ ազգովի,
Նա ունակ է ուղիղ տասը տարի լռել,
Վերադառնալ, եթե ոչ ոք իսկ չխնդրի։
Նա կարող է շատ սրտաշարժ, լավ ասմունքել,
Ասել՝ թող զոհ չպահանջվի ինձնից բացի,
Զոհաբերման ժամին, սակայն, հանգիստ քնել՝
Սենյակներից մեկում փակված իր ամրոցի։
Նա կարող է քառսուն տարի մեզ պտտեցնել
Կենտրոնական փողոցներով Երեւանի
Եվ ստրուկին էլ ավելի պինդ ամրացնել
Մեր հոգու մեջ, փոխանակ մեր միջից հանի։
Նա կարող է մեկի մասին ասել տգետ,
Հետո կոչել նրան՝ ակունք իմաստնության,
Նա կարող է վերլուծել հանց քաղաքագետ
Եվ վերածել մեծ շարժումը կուսակցության։
Հարթակից լավ գիտի պատմել նա անեկդոտ,
Իր տարիքը հիշել, ասել՝ թող նորեր գան,
Սակայն նրա ամեն բառում կա գաղտնի կոդ՝
Այս հարթակին ուրիշ ոտքեր չմոտենան։
Հանց բանասեր, ինտելիգենտ եւ պոլիգլոտ,
Համեստ անդամ Գրողների մեր միության,
Նա չի սիրում խաղալ պոկեր եւ ոչ էլ բլոտ,
Այլ լոկ շախմատ, քաղաքական շախմատ միայն։
Նա հեշտությամբ զոհում է փիղ, նավակ ու ձի
Եվ չի սիրում զինվորներին իր հավակնոտ,
Որ ձգտում են համառորեն եզրագծին,
Բայց չի հաղթում զինվորներով հեզ ու վախկոտ։
Ոչ, տախտակը շուռ չի տալիս նա պարտվելիս
Խաղընկերոջ ճաղատին կամ գանգուրներին,
Այլ աննկատ տախտակը այդ շուռ է տալիս
Ու տիրանում նրա դաշտին, ֆիգուրներին։
Նա չի հաղթում, թեպետ զուսպ է եւ ոչ հախուռն,
Անզուսպներին սաստում է ու գոչում՝ զսպեք,
Կողմնակիցներ ունի սակայն, թեպետ մի բուռ,
Ում կրքերը նա չի զորում զսպել երբեք։
Կողմնակիցներն իրենք իրենց կոչում զոմբի,
Բայց վամպիրի պես են իրենց պահում անկուշտ,
Համբառնալով սրահներից կատակոմբի,
Հարձակվում են, հանց արձակված դատարկ փամփուշտ՝
Մարդկանց վրա, որոնք ունեն հավատ ու սեր,
Ինքնուրույն միտք, գաղափարներ, վճռական կամք
Ոչինչ, ոչինչ իր համբավին խաղաղասեր
Դեռ չի տվել այդքան վնաս, որքան նրանք։

 

Այն ո՞վ է, այն ո՞վ…

Որ սովետական ձայնով խոխոջուն
Եթերից խոսում
Եվ տարեց կանանց նուրբ ու դողդոջուն
Սրտերն էր հուզում,
Հին մարդկանց համար թեմաներ ոչ նոր,
Հին երգեր գտնում,
Այդպես էլ դարձավ նա վաստակավոր
Մեր ուրախ երկրում։
Օրերից մի օր ծաղկեփունջ գնեց
Ու իր տուն գնաց,
Եվ դռան զանգից իսկապես ցնցվեց
Մի ողջ համացանց.
Բոլորն իմացան թրթիռը թաքուն
Իր կնոջ անգին,
Երբ նա կարծեց, թե ամուսնու կյանքում
Կա ուրիշ մի կին։
Սակայն չթողեց, որ ուշաթափվի.
-Կին չէ, այլ պորտֆել,-
Բացականչեց ու բացեց, որ սթափվի,
Մի շիշ թանկ պորտվեյն…
Պաշտոնի անցավ կատակասեր հանց՝
Ուրախ, անարգել
Եվ խորհուրդ տվեց բողոքող մարդկանց
Ծխելը թարգել։
Երբ հանկարծ պայթեց շենքը, որ իրեն
Ի պահ էր տրված,
Ժպիտը դեմքին ասաց՝ մի տխրեք,
Արժեք չէր մի մեծ։
Որոշեց տանն իր ամենից առաջ
Մարդկանց հետ ճաշել,
Որ նույն աթոռն էին իրենից առաջ
Անխնա մաշել։

 

 

Այն ո՞վ է, այն ո՞վ…

Արքայազն՝ ծնված թագավոր հորից,
Ով իր ապագան լուռ կարգավորեց,
Որ գահին վարժվի, նրան դարձրեց
Տեր ռոբոտների գործարանում «Մարս»։
Երբ նա թեկնածու դարձավ կարկառուն՝
Ընտրությունների միակ շահառուն,
Գլուխ ռոբոտը, որ թոշակառու
Չէր ուզում դառնալ, նրան արեց մարս։
Մարդիկ ցանկացան հեղափոխություն,
Ասաց՝ հարգում ենք Սահմանադրություն,
Եվ գտան նրա մեջ հազար թերություն,
Նա ընկած է, ասին, մոլորակից Մարս։

 

 

Այն ո՞վ է, այն ո՞վ…

Հայոց ազգին անդադար
Անում էր դիվադադար,
Մեկ սերիալում նկարվում,
Մեկ հաղորդում էր վարում։
Միմոս է նա հանճարեղ՝
Դոդացման դեմ ճար ու դեղ,
Բեմադրությունները իր
Խորիմաստ էին անխտիր,
Թարմ էին, վառ, հումորով,
Կար դրանցում մեծ կորով,
Վերջում շարքից հեռավոր
Գոռում էին միշտ՝ բռավո։
Սակայն մի օր նկատեց,
Որ իր փառքը նվազեց,
Հայտնվում էին ամեն օր
Միմոսներ նոր, ահավոր,
Որ ուրախացնում, համ էլ
Հաջողում են թալանել,
Նստած փող են ժողովում
Մեր Ազգային Ժողովում։
Մեկը դոդ է ի վերուստ,
Մեկը «իմաստուն Գալուստ»,
Էշ ու Նեմեց, Մուկ, Բուռնաշ,
Դեգեներալներ անտաշ
Աչքի առաջ խլվլում
Հանդիսատես են խլում։
Ասեց՝ Լֆիկ ու Շմայս,
Փառքին լինեք իմ վայի՞ս,
Երկիրը սարքեք կրկե՞ս,
Դե կրկեսը հիմա տես։
Հանց զտարյուն վերվարած՝
Ներխուժեց թափով, հանկարծ
Տարիներ ի վեր վարած
Ու այդպես էլ չցանած
Հայոց քաղաքական դաշտ
Դեմքով խրոխտ ու անհաշտ,
Բացեց մի ուժ համարձակ
Եվ անունը դրեց ՔԱՔ։
Կուսակցությունն այդ՝ Քաքը,
Առաջինն է, միակը,
Որ չի հավակնում ինքնին
Ընդդիմադրի հաստիքին,
Գոչում է՝ իշխանամետ
Քաքն եմ, իշխող ուժի հետ
Ձեզ վրա պիտի ղժժամ,
Թալանեմ, լափեմ, տժժամ,
Քծնեմ իշխող այս ուժին,
Թե ինձ ուղարկեք ԱԺ-ը.
Քաղաքական ահա մեր
Ակտիվ քայլը անվեհեր։
Սակայն ի՞նչն է մազալու՝
Ակտիվիստները բազում,
Որ ատում են ՀՀԿ-ն
Եվ ուժերը հակընդդեմ,
Աներկմտել, անվարան
ՔԱՔ-ի շարքերը մտան։
Հավաքեց նա իսկույն բերք՝
Գրվեց իսկույն լավ օրհներգ,
Զինանշան էլ արդ կա,
Կրծքանշանն է առկա,
Ունի երիտթեւ էլ դեռ,
Որ կոչվում է խրոխտ՝ ՑԵՌ,
Համախոհների բանակ,
Անդամների լուրջ քանակ։
Թերի է լոկ մի հարցում,
Որ դեռ չունի գրանցում։
Այ, թե դա էլ ունեցավ,
Հաշվեք՝ ԱԺ նա անցավ։

 

Այն ո՞վ է, այն ո՞վ…

Ամենահայտնի գյուղապետն է նա,
Նրանից ավել հայտնի էլ չկա,
Օլիգարխ չէ նա մի անագորույն,
Երեք տասնամյակ պաշտոնին է նույն,
Գյուղի հողերն է իրենով արել,
Վարել ու ցանել, ցանել ու վարել,
Գյուղի ինչքն իրեն էժան վաճառել,
Գյուղի վրա թանկ վերավաճառել,
Վարկ է վերցրել մի միլիոն դոլար
Եվ անգամ եղել՝ մի քիչ բարերար։
Թե բողոք ունի համագյուղացին,
Նրան գետնում է, տալիս աքացի,
Բայց չեն հարուցում նրա վրա գործ,
Քանզի հարուցողն ինքն է հանցագործ։
Անասնապահ է, ունի մի քանի՝
Տասնմեկ գլուխ հեզ ավագանի,
Որ քվեարկում են հաշտ ու միաձայն,
Չեն էլ հարցնում՝ դե՞մ է, համաձա՞յն,
Հոբելյաններին դպրոց ու փողոց
Նրա անվամբ են կոչում արտառոց։
Կարող է, ինչ խոսք, նրա անվամբ սուրբ
Եվ մանկապարտեզ կոչվել, եւ մսուր,
Անտառ ու բացատ, բակ ու արահետ,
Արոտավայր, արտ, լճակ կամ էլ գետ,
Գյուղի կլուբ, անգամ խանութը հացի՝
Ամեն ինչ, իր իսկ բիզնեսից բացի,
Որդիներինն է որ պաշտոնապես,
Չունի իրավունք զի անել բիզնես։
Եկեղեցուն է փրկել էդ բախտից,
Գուցե չի ուզում զրկվել դրախտից.
Կառուցել շքեղ եւ, ինչ ուժ կամքի,
Սրբի անվամբ է կոչել ինչ-որ մի։
Ապրում է նա իր տուն-թանգարանում,
Հաճախ է սիրով երեւակայում,
Թե իր արձանն է դնում անզիջում
Հարազատ գյուղի ճիշտ գյուղամիջում,
Որոշել է նա ութսունամյակին
Իր անունը տալ գյուղին, համայնքին։
Երեւի փառք տանք Աստծուն հավիտյան,
Որ գյուղի տեր է, ոչ թե պետության։

 

Այն ո՞վ է, այն ո՞վ…

Մենեջեր է, մենեջեր,
Չի կերել դեռ թուքումուր,
Երկիրը մեր՝ թշվառ դեռ
Պիտի սարքի Սինգապուր։
Ասում է՝ ընդունեք դուք
Ինձ որպես կառավարիչ,
Ես սոսկ գործիք եմ, արդուկ,
Ոչ քաղաքական գործիչ։
Գազի հիմնարկն իսկապես
Ինչ լավ էր կառավարում,
Ռուսն ինչ հեշտ էր ու անտես
Ամեն ինչ ավարառում։
Ռուսի համար ձեռք գցեց
Խողովակը Իրանի,
Որ մեր երկիրը հանկարծ
Էժան տեղից գազ չառնի։
Թանկացրեց նա գազը, բայց
Փոխհատուցեց ծախսը էն
Հարուստներին, որ հանկարծ
Գազ վառելիս չնեղվեն։
Նրան գահին դրեցին
Մայր քաղաքի մեր հսկա,
Գազպրոմում գործ տվեցին,
Թողեց, գնաց նա Մոսկվա։
Տարան ու հետ բերեցին,
Որ չունենանք մենք կորուստ,
Մի ժիլետ հագցրեցին
Ու էլեգանտ կոստ։
Իմիջմեյքերներ սուտի
Աշխատեցին յուր վրա՝
Սովետական մի հայտնի
Ջոջի սարքեցին նման,
Տատիկների սիրտը որ
Կարոտախտով նա հուզի,
Զարկել տվեցին թմբուկ,
Ջահելներին որ դզի։
Սակայն ոնց էլ մոնտաժեին,
Թեկուզ պարեր նա բալետ,
Մարդիկ պիտի հիշեին
Նրան որպես լոկ ժիլետ։

Please follow and like us: