ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ / ՄԵՌՆՈՂ ԳԻՇԵՐ

Ես ու Ես մեկ տարի երեք օր հետո նորից հանդիպեցինք։ Ոչինչ չէր փոխվել, մի քիչ քիթն էր ցցել ու ինձ դասեր էր տալիս։ Աչքերիս մեջ չէր նայում, գիշերները չէր քնում, ականջիս տակ փսփսում էր վերջին կարդացած գրքերի վերնագրերն ու քաղաքական վերլուծաբանի բնավորությամբ դատապարտում բոլորին խուլիգանության մեջ։ Ասում եմ՝ գնա, քեզ համար ապրիր, քնիր, արթնացիր, հեռուստացույց նայիր, թերթ կարդա, մարդկանց կարդա, մարդկանց աչքերը կարդա, ասում է՝ միասին կանենք, մի՛ անհանգստացիր։ Արդեն չորրորդ օրն է՝ ստիպում է լիմոնաջուր խմեմ նիհարելու համար։ Բայց մեկ դար է՝ ոչ մի բան չի օգնում։ Նա շարունակում է ինձ դրդել կարդալ հոգեթերապևտների գրքեր, հատկապես՝ վերջին շրջանի ամենահայտնիները, հատկապես դժբախտություններից հետո վշտերը հաղթահարելու, զառանցանքներին չտրվելու, սիրո և տրամվայի ժառանգաբար փոխանցման մասին։ Նա նորից հիշեցնում էր։ Հուշում էր։ Հուշում էր, որ այս աշխարհում ամեն ինչ մի օր սկսվում և չի ավարտվում, ինչպես չի ավարտվում երկինքը՝ ինձ տուն տանող ու տնից բերող: Մինչև հիմա կարծում էի, որ ճանապարհներն են միշտ ձգվում, լայնանում, երկարում: Ու հիմա, երբ տեսնում եմ հեռվից աչքով անող կանաչդ, կարմիրդ ու սևդ, կոկորդումս խեղդած պահում եմ բառերը, որ քեզ չնեղացնեմ: Նեղացնողներդ, ախր, շատ են, հո՛ւյս իմ, քեզ լավ չեն ճանաչում:

– Լավ ճանաչելու համար նստի՛ր այստեղ ու մեջքդ հենի՛ր պատին,- սաստելով ասաց նա։

Ես ու ես նորից իրար դեմ դիմաց ենք հայտնվել։ Մի քանի օր ընդմիջումը նրա մտքերում ինչ-որ բաներ էր խառնել, փոխել, կասկածամիտ էր դարձրել։ Կասկածամտություն չեմ սիրում։ Ասացի։ Ինքն էլ շրջվեց, մի կողմ շպրտեց հեռախոսս ու մաթեմատիկայիս ուսուցչուհու նման սկսեց բացատրել մեր աչքերի առաջ բացվող տեսարանների սահմանները։ Հորինեց թե ոնց, սկսեց նաև դրանք սահմանումներով տարանջատել։ Մի խոսքով՝ բան չէի հասկանում, ուղղակի գլխով էի անում, որովհետև ընդհանրապես նոր հարցերի տրամադրություն չունեի։

Ապրող ու մեռնող գիշերը նորից աստղեր է մաղում աչքերիս։ Անկողինս պատուհանի տակ է, և հանգիստ կարողանում եմ նկատել երկնային մանրուքները։ Հիշողություններ կան՝ քեզանից առաջ են ծնվել ու քեզանից հետո էլ պիտի ապրեն։ Ու հիմա այնքան եմ ուզում քմահաճույքին տրվող-ընկնող աստղ լինել։ Ուր ուզեմ՝ շրջեմ, գնամ մեր տուն, հետ գամ, գլորվեմ ձորերով, իմ ծանոթ մարդկանց տեսնեմ, մի կուշտ խնդամ անտառներում, ոչ ոքի չխանգարեմ… Գնամ գրեթե հորինված աշխարհ, որտեղ… Բուն անթարթ հայացքով հետևում է բոլորի քայլերին։ Ես լույսի տակ նստած եմ և հետևում եմ բուին։ Փախուստ չկա։ Եռացող մարմինս խաղաղություն է գտնում ծառերը գրկելով։ Կորցրած հույսը գտնելու համար ինքս իմ մեջ թափառում եմ:

Դրախտ եմ որոնում։ Ինքս իմ շուրջն եմ պտտվում։ Օդի, պատերի, հատակի ոլոր ապակիների մեջ ինձ եմ տեսնում, բայց անգլուխ։ Հետո հեռանում եմ վախից, ձեռքերով զգում եմ փակ աչքերիս մեջ ապրող կյանքի և լույսի գոյությունը։

Ես գիտեմ, որ լինում է ու չի լինում։ Կամ չի լինում ընդհանրապես այս աշխարհում չորս եղանակից բացի ևս երկուսը։ Սեր և ատելություն։ Բայց ճկվում եմ դեպի գույները։ Կարմիր ու կապույտ շշերն աչքով են անում։ Աչքով է անում բաժակը։ Ճկվում եմ դեպի կարմիրը։ Պարաններն օրորվում են օդում, նստում մեջքիս։ Ճկվում եմ դեպի կապույտը։ Աջից ու ձախից կծիկներ են գալիս ինձ ընդառաջ։ Այդ կծիկների մեջ իմ կյանքի բովանդակությունն է։ Ուզում եմ քանդել։ Մինչև վերջ տեսնել եմ ուզում։ Կծիկը բացելուց հետո ապրել եմ ուզում։ Խանգարում է օդը։ Խանգարում են բոլոր գծային տարածքները։ Խանգարում եմ ինքս ինձ ու գլորվում դեպի Մարդկությունը։

Մարդկությունը լողում է ծխի մեջ, միայն ձեռքեր են երևում` անկանոն շարժումներով։ Ոտնաձայները խլացնում են ինձ։ Ժամացույցն ինձ բանի տեղ չի դնում։ Սկսում եմ չափել գոյությունս։ Սկսում եմ չհաղթել ինձ։ Ուզում եմ հաղթել, բայց միայն մի քանի վայրկյան ավելի շնչելուց հետո։

Թափանցիկ վարագույրով ծածկում եմ այն քաղաքը, որը սպիտակ շենքեր ունի։ Ծածկում եմ ու հեռանում։ Հեռանում եմ քամու հետ։ Հեռանում եմ` թողնելով ստվերս։ Շնչող ու արտաշնչող գիշերների ստվերս։ 

Իսկ հիմա այլ քաղաքում մարդկանց ստվերները թռչում են։ Թռչում են` օդում խախտելով քամու երգը։ Լռություն։ Ձայներ։ Լռություն։ Երեք աղջիկ կարմիր ծաղկի պես բացվում են թևաբախումներով։ Երկինքը կոտրվում է նրանց վրա։ Կարմիր նետեր են թափվում։

Ես դառնում եմ կախիչ։ Ձեռքերիցս մեկը խաղողի վազ է հիշեցնում։ Մարդիկ իրենց շարֆերը գցում են ինձ վրա ու հեգնանքով հեռանում։ Ծիծաղս գալիս է, բայց չեմ ծիծաղում։ Ես կախիչ եմ վերջապես, ոչ թե հանդերձարան։ Գրում եմ տողեր, բայց միայն ոտքիս մատներն են դրանք արտասանում։ Ձայներ։ Ձայներ։ Լռություն։ Խաղաղություն… Ես սովորական կտավ չեմ։ Ինձ վրա դեղին զեբրաներով շրջում է սերը։ Սերը չի ուզում հեռանալ։ Պինդ գրկում եմ ինձ և վազում կարմիր ցանցերի մոտ, որոնցով կապկպում եմ իրեն, հետո ինձ։ Քայլում եմ։ Սրտիս տակ ու սրտիս մեջ փոթորիկ է։ Ձեռքերս տանում եմ դեպի գրպաններիս խորքերն ու սերմեր եմ հանում, աջ ու ձախ շաղ տալիս։ Ձեռքերիս մեջ վառվում են գիշերները։ Հայտնվում եմ երկնքում։ 

Սերմերը մարդիկ են դառնում, պառկում կլոր-կլոր գնդերի վրա, ստվերվում, նմանվում չորացած ծառերի ճյուղերի։ Սրտիս անհանգիստ թակոցները դանդաղ լռում են։ Հետ եմ քայլում, ես էլ դառնում եմ նրանցից մեկը։

Կարմիր թիթեռնիկներ են ամենուր` գլխիս, այն աղջկա գլխին էլ, մի ուրիշ աղջկա ուսին, մյուսի քթին ու ձեռքերին։ Բոլորի հագած զգեստները նույնն են, և բոլորն իրար նման են։ Նրանցից մեկը ցածրահասակ է, մյուսները՝ բարձրահասակ։
Նրանք պարանները ձգում են իրենց կողմը, ինձ առնում եռանկյունու մեջ և պտտվում մոլորակից արագ, պտտվում` անդունդից դուրս եկող լույսին հակառակ։
Ես հերթով փորձում եմ մոտենալ յուրաքանչյուրին։ Ցածրահասակի ձեռքերը, պարանից բռնած, դողում էին։ Ես ամուր փակեցի նրա աչքերը և հնարավորինս մոտ գնացի։
Տիեզերքը գողացավ մայրամուտը։ Երկինքը երկիր դարձավ, և աչքերս գտան նույն աչքերից։ Հասկացա, որ սերը քամու հետ չի անցնում։ Իսկ քամին դեռ երգում է բոլորի համար…

Վեր թռա, նստեցի անկողնում։ Ա՛յ քեզ այլանդակություն։ Մարդ էլ այսքան մանրամասն երազ տեսնի ու վախենա մենակ ապրելուց։ 

Նորից ինձ ընդհատեց, թե՝ մենակ չես, ես կամ, քո բնավորության կեսն եմ, և այսպես շարունակ։ Նայեցի նրա գզգզված մազերին, ձյան փաթիլներով գիշերանոցին, շուրթերի արանքում տեղավորված մատիտին։ Անհանգիստ բռիս մեջ հավաքում եմ սավանը։ Նա ինձ նորից նստեցնում է պատի տակ։

Մի մոռացիր՝ դու լրագրող ես։ Ասում է։ Քիչ լրատվականներում չես աշխատել։ Քեզ նախևառաջ այդպես են ճանաչում։ Այսօր էլ հավեսս բացվել է։ Ուզում եմ հարցազրույց անել քեզ հետ ու անկեղծությունդ չափել։

Նա դեմ տվեց կլոր գլխիկով սանրն ու գոռաց՝ հարցազրույցի եմ հրավիրում իմ բոլոր կարոտներին, խոստանում եմ՝ մանիպուլյացիոն հարցեր չեմ հնչեցնելու։ Սկսեցինք։

– Տարվա եղանակները ձեզ մոտ էլ էի՞ն նույնը։ Ասում եմ՝ բնականաբար, բնությունն էլ իր կամակորություններն ունի, որոնք բաժանվում են չորս մասերի։ Բայց քո եղանակը ստեղծում ես դու։ Ծիծաղում է, պատուհանից դուրս նայում։

– Եվ հիմա ինչպե՞ս շարունակել ապրել։ Ինձ թվում է՝ հիշելով ու առաջ նայելով, եթե չես ուզում պարտվել։

– Զգաստ կանգնե՞լ երկրում։ Դե եթե կանգնում ես, թող լինի միայն ուժ հավաքելու համար։ Եթե լուռ կանգնում ես, ոչինչ չի փոխվի։

– Որոշել էիր նրա մասին երբեք չխոսե՞լ։ Եթե լռությունն էլ պատերից ներս չի մնում, միգուցե ժամանակն է խոսել։ Ասել, որ նա հեռացել է, զանգերիս ու նամակներիս չի պատասխանում, երազում չի հայտնվում։

– Չե՞ս ուզում՝ օրը մթնի։ Եթե միայն մեր ցանկություններով առաջնորդվել լիներ, այստեղ չէի լինի ու պարտավորված չէի լինի քո հարցերին պատասխանել։

– Ճանապարհը մարդկանց տանո՞ւմ է։ Մարդիկ գնում են, մնում են, վերադառնում են կամ կորչում, ինչպես իրենք են իրենց թելադրում։ Ինչպես նա ցանկացավ գնալ ու հետ չգալ, չերևալ, չզգալ, խեղդել, սուզվել մտքերում։

– Ճանապարհը չի՞ սիրում երկար սպասել։ Ճանապարհը շտապելու սովորություն չունի, մարդիկ են շտապում։

– Իսկ մոլորված մարդի՞կ… Նրանք միշտ ավելի են մտերմանում մեզ, քանի որ երբեմն մեր մեջ են մոլորվում։

– Քեզ հետ ինչ-որ բան այն չէ՞։ Այսպես եթե շարունակվի, դանդաղ կմեռնեմ։

– Քո ցավը դու ես տանում, ինչպես մտքերդ։ Իսկ ինչպե՞ս ես տանում… Դե, ուժով, լռությամբ, գոռալով։ Ա՛յ, հիմա գնա՛ այստեղից, չեմ ուզում խոսել։

– Հանգստացի՛ր։ Ասա՛, տեսնեմ՝ ո՞ւմ ես հանդիպում մտքերում, երազում, աչքերդ բաց, քայլելիս…  Այն մարդկանց, որոնք թողել են հետք, երջանկացրել են, տխրեցրել, կոտրել, թև տվել…

– Քո պատմությունը որևէ լեզվով արտագրել հնարավոր չէ։ Քեզ թողնե՞մ մենակ։ Վերջապե՜ս։ Մտածում եմ՝ հասկացա՛վ։ Գնա՛, հանգիստ ապրեմ։

Ես ու Ես կանգնած ենք հայելու դիմաց։ Հրում է ինձ։ Ընկնում եմ գետնին։ Չի օգնում՝ բարձրանամ։ Ա՛յ քեզ թշնամի։ Հարցազրույցից հետո այդպե՞ս են վերաբերվում զրուցակիցներին։

Տնից դուրս եկա։ Նա այլևս ինձ հետ չէր։ Տանն էի թողել։ Իսկ գիշերն արդեն շնչակտուր իջնում էր մառախուղի հետ…

Մայթերով քայլող մարդիկ չկան։ Ասում եմ՝ երևի նրանք էլ իրենց հետ են հանդիպման։

Նստարանին նստած եմ։ Երեք շուն, իրար հերթ չտալով, ոտքերիս արանքն են մխրճվում։ Փողոցի լույսերը ճպճպում են…

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *