Թեա Թոփուրիա/Թղթակիցը գնում է հանձնարարության

Գերմանամկան օրը

Գերմանամուկս վանդակում նստած
ամեն օր տեսնում է՝
Արթնանում եմ, հագնվում, լքում տունը,
տուն եմ վերադառնում։
Եվ ես արդեն չգիտեմ՝
ե՞ս եմ ապրում գերմանամկան օրը,
թե՞ գերմանամուկս՝ Թեայի օրը…

***
Գիշերելու տեղ ո՞վ է փնտրում,
Տեղը օրը մթնեցնելու համար է,
որ առավոտին դիմանաս, կեսօրն էլ
անփորձանք հասցնես մինչև մութն ընկնելը։
Թե չէ գիշերը ի՞նչ… գիշերը հեշտ է,
կպառկես, կքնես։

***

Երբ ո՛չ պատերազմ է,
ո՛չ էլ մեկնումեկին սիրում ես,
թվում է՝ ո՛չ կլինի պատերազմ,
ո՛չ էլ կսիրահարվես մեկի։
Բայց ինչ-որ տեղ արդեն
կազմ-պատրաստ սպասում են
ռմբակոծիչները․․․
Իսկ նա…
Նա չէ՞ որ վաղուց է ծնվել։

Թղթակիցը գնում է հանձնարարության


Երբ ինձ ուղարկում են նյութի հետևից՝
մի տեղ, ուր ինձ ոչ ոք չի սպասում,
գյուղ գուցե կամ պարզ մարդկանց մոտ,
ոչ թե կառավարության անդամի,
որն ինձ արդեն դեմքով գիտի,
մի տեղ, ուր թե նույնիսկ գիտեն, որ կամ
ու գուցե մի օր հայտնվեմ,
բայց ոչ այսօր, ոչ հիմա…
Երբ ինձ ուղարկում են այդ մարդկանց մոտ,
երբեմն ինձ թվում է, թե ես մահն եմ։
Ես գնում եմ անակնկալ և առանց զգուշացման,
սև խոսափողը զենքի պես դեմ եմ տալիս
ու պատասխան պահանջում։
Իսկ նրանք… նրանք նայում են ինձ այնպես,
ինչպես կնայեին մահվանը։
Ահա մի մարդ, որ իր համար նստած էր,
շփոթված կմկմում է՝
«Պատրաստ չեմ․․․ Չեմ կարող․․․ Գուցե կի՞նս․․․»։
Իսկական մահվանն էլ, վստահ եմ, նույնը կասի։
Մի ուրիշ տան կինը գործ է անում, իմ հավեսը չունի,
բայց քանի որ հերթը հասել է, հրաժարվել չի կարող։
Միայն նեղսրտում է՝ «Թափթփված է տունս․․․
սա դուրս տանեմ․․․ կներեք, հյուր չէի սպասում»։
Կամ՝ հագածս հարմար չէ, կամ՝ ի՞նչ պիտի ասեմ…
Գուցե մի քիչ ժամանակ տաք, մտքերս հավաքեմ․․․
Զգեստն է ուղղում, մազերն է շտկում, վարագույրը,
փորձում է թաքցնել վախը, սկսում է խոսել,
ինչպես կխոսեր անձնագրի լուսանկարը,
պատմում է՝ ինչպես գյուղը մորեխները կերան,
կամ՝ թե ոնց գյուղապետը հազարավոր լարիներ
տակով արեց։
«Իմանայի, որ այսօր եք գալու, այլ կերպ կլիներ,
կարգի բերած կլինեի տունն ու ինձ, կխոսեինք
ավելի լավ հագնված, ավելի շատ փաստարկներով…»։
Ժպտում եմ ու ոչինչ չեմ ասում,
որովհետև երբեւէ չկարողացա համոզել ոչ մեկին․
ուզեն, թե չուզեն՝ իրենց իսկական դեմքը սա է։
Ով գալիս է հոգի տանելու, նա չի զգուշացնում։
Մահն էլ է լրագրողի պես գալիս, երբ «պատրաստ չես»,
տանը կանգնած ես հողաթափերով կամ հին խալաթով,
կամ պատերազմում քո եւ ուրիշի արյունն ես հազում։
Իսկ հետո՝ ինչպես կզարդարեն քեզ, մահվան վեջը չէ,
եւ ե՛ս էլ դեպքի վայրից արդեն հեռացել եմ։

Թարգմանությունը վրացերենից՝ Ասյա Դարբինյանի

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *