1939 թվականի Սուրբ Ծունդի օրերին, նոր համաշխարհային պատերազմի սկսվելուց մի քանի ամիս անց, Լոնդոնի գրախանութներում եռուզեռ էր։ Պատերազմը գրավել էր հանրության ուշադրությունը, որը ցանկանում էր ավելի շատ իմանալ զենքերի, ինքնաթիռների և երկրի մասին, որ կրկին դարձել էր թշնամի։ Վստահությունի անսասան էր, իշխում էին հետաքրքրասիրությունն ու վախը։ Վերջերս հրատարակված գրքերի թվում «Ես ամուսնացա գերմանացու հետ» գիրքը արդեն հինգ վերահրատարակություն էր ունեցել, իսկ Լյուիս Քերոլի ստեղծագործություններից ոգեշնչված պատկերազարդ, երգիծական «Ադոլֆը Հրաշքների Երկրում» գիրքը, որի հերոսներն էին որպես բեղավոր երեխա ներկայացված էՀիտլերը եւ համակենտրոնացման ճամբարում հայտնված հրեա մկնիկը, վաճառվել էր ընդամենը մի քանի օրում։ Հպարտորեն ցուցադրելով, թե որքան տարբեր են անգլիացիները գրքեր այրող գերմանացիներից՝ հրատարակիչները հրատարակել էին նաև «Իմ պայքարը» («Mein Kampf») գրքի նոր թարգմանությունը՝ ամբողջական, առանց կրճատումների, և այն արագ էր վաճառվում։ Հոնորարները փոխանցվում էին Կարմիր Խաչին, որը գրքեր էր ուղարկում բրիտանացի ռազմագերիներին։ Միայն հաջորդ ամռանը, երբ անսպասելիորեն փլուզվեց Ֆրանսիան, երբ սկսեցին ռումբեր ընկնել, և քաղաքական գործիչները զգուշացնում էին, որ գերմանական ներխուժումն անխուսափելի է, երբ նույնիսկ Չերչիլը հարց էր տալիս՝ «մի՞թե մեր այս կղզու երկար պատմությունը ի վերջո ավարտվելու է», մարդիկ խոստովանեցին, որ այն ընթերցելը դարձել է դժվար։
Բայց ոչ անհնար։ «Ում համար է հնչում զանգը» և «Քամուց քշվածները»՝ ավելի վաղ պատերազմների մասին ամերիկյան պատմությունները, այս պատերազմի ընթացքում դարձան խոշոր բեսթսելլերներ։ Երբ ռմբակոծությունները ստիպեցին հազարավոր լոնդոնցիների ապաստանել քաղաքի մետրոյի կայարաններում, մարդկանց ոգին բարձր պահելու համար այնտեղ հաճախ փոքր գրադարաններ էին ստեղծվում։ Պատերազմական Լոնդոնի ամենահայտնի լուսանկարներից մեկում երևում է գլխարկով տղամարդկանց մի խումբ, որոնք հանգիստ ուսումնասիրում են Քենսինգթոնի մի առանձնատան ռմբակոծված գրադարանի հրաշքով չվնասված դարակների գրքերը։
Ինչպես նշում է գրքի պատմության բրիտանացի հայտնի մասնագետ Էնդրյու Փեթեգրին իր «Պատերազմի ժամանակների գիրքը» աշխատությունում, այդ լուսանկարը անկասկած բեմադրված էր։ Սակայն այն ճշմարտացիորեն արտացոլում էր այն դերը, որ գրքերը ունեին աղետի ժամանակներում՝ որպես սփոփանքի և ոգեշնչման աղբյուր, որպես բարբարոսության նկատմամբ դիմակայության խորհրդանիշներ և որպես դարավոր մշակույթի վկայություն, որ շարունակում էր առինքնող ժառանգություն լինել։
Գերմանացիները, որոնք ժամանակին այնքան կրթված էին, իսկ այժմ՝ գրքերից այդքան սարսափած, նույնպես հասկանում էին դա։ Չիրականացված ներխուժման ծրագրի մասին (որը չկատարվեց հիմնականում Թագավորական ռազմաօդային ուժերի անսպասելի դիմադրողականուության շնորհիվ), հուշում է 1940 թվականին գաղտնի պատրաստված «Informationsheft Grossbritannien» («Տեղեկատու Մեծ Բրիտանիայի մասին») վերնագրով գիրքը, որը հետագայում թարգմանվեց որպես «Ներխուժում 1940» («Invasion 1940»)։ Այն կազմվել էր ՍՍ-ի (Schutzstaffel) կողմից և իրենից ներկայացնում էր մանրակրկիտ ուսումնասիրված տեղեկատու՝ Բրիտանիայի աշխարհագրության, տնտեսության, քաղաքականության և այլ ոլորտների վերաբերյալ հիմնական տեղեկություններով, որոնք օգտակար կլինեին օկուպացիոն վարչակազմին։ Այս վախենալու վստահությամբ գրված ձեռնարկն ավարտվում էր «Հատուկ հետախուզվողների ցուցակով», որտեղ ընդգրկված էին 2,820 բրիտանացի քաղաքացիներ և օտարերկրյա բնակիչներ, որոնք պետք է ձերբակալվեին անմիջապես այն բանից հետո, երբ նացիստները վերցնեին իշխանությունը։ Ցուցակում ընդգրկված քաղաքական գործիչների, լրագրողների, հրեաների և այլ անձանց թվում կային նաև մի շարք նշանավոր գրողներ, այդ թվում՝ Եշ Մշ Ֆորսթերը, Ռեբեկա Ուեսթը, Նոել Քովարդը եւ Վիրջինիա Վուլֆը։ Նրանցից ոչ մեկը չէր կարող իմանալ, որ իր անունը ներառված է այդ ցուցակում, թեև ոմանք ենթադրում էին, որ թիրախ կդառնան։ Վուլֆի ընկերուհին և երբեմնի սիրեցյալը՝ Վիտա Սաքվիլ- Ուեսթը, ինչպես նաև Վիտայի ամուսինը՝ Հարոլդ Նիքըլսլնը (որը նույնպես ցուցակում էր), երկուսն էլ իրենց մոտ թույնի հաբեր էին պահում օրվա համար, երբ գերմանացիները վայրէջք կկատարեին Բրիտանիայում։
Գրքեր ուսումնասիրելը նշանակում է ստանձնել անվերջանալի խնդիր, քանի որ գրքերի մեջ ներառված թեմաների համար սահման չկա։ Գրքի պատմության ակադեմիական ոլորտը փորձում է մշտապես ուշադրության կենտրոնում պահել գրքի՝ որպես նյութական առարկայի ֆիզիկական փաստերը՝ թուղթը (կամ մագաղաթը), տպագրական տեխնոլոգիաները և տպագրության պատմությունը։ Այնուամենայնիվ, այդ ամուր և նյութական փաստերը անբաժանելի են այն ոչ նյութական կյանքից, որը պահպանում են այդ տարօրինակ առարկաները, ինչպես նաև այն ավելի մեծ պատմությունից, որի մեջ գրքերն անխուսափելիորեն ներգրավված են։ Ընթերցողները վաղուց հաճույք են ստանում գրքերի մասին գրքերից՝ սկսած «Վարդի անունից», մինչեւ «Շրջադարձ» կամ «84, Չարինգ Քրոս Ռոուդ»։ Եվ այն ժամանակներում, երբ տպագիր մշակույթի շարունակական գոյությունը հարցականի տակ է դրվում, գրքերի մեր կյանքում ունեցած ավանդի մասին գրքերը առանձնակի հուզիչ են՝ նման մի պատկերի, որը նկարագրում է Փեթեգրին՝ ամերիկացի զինվորի մասին, որի գրպանից դուրս է ցցված մաշված, թղթե գիրքը։
Պատերազմական ժամանակներում գրքի թեման հսկայական է, և Փեթեգրին խելամտորեն սահմանափակում է իր ուսումնասիրության շրջանակը։ Ամենավաղ հակամարտությունը, որը նա քննարկում է, Ամերիկայի քաղաքացիական պատերազմն է, որը նա հիմնականում օգտագործում է անդրադառնալու համար Հարրիեթ Բիչչեր Սթոուի նշանավոր հակաստրկատիրական վեպին՝ «Քեռի Թոմի խրճիթը» վեպին, որը հրատարակվել է 1852 թվականին և հայտնի է նրանով, որ լացկան ընթերցողներին վերածել է զայրացած ու գործողության պատրաստ աբոլիցիոնիստների։
Ֆրեդերիկ Դուգլասը այդ գրքի ազդեցությունը նկարագրել է որպես «զարմանալի, անմիջական և համընդհանուր», իսկ նախագահ Լինքոլնը, երբ 1862 թվականին նրան ներկայացրել էին գրքի հեղինակին, ասել է, որ վերջինս «այն փոքրիկ կինն է, որ գրել է գիրքը, որը տվեց այս մեծ պատերազմ մեկնարկը»։
Փեթեգրին, ինչպես շատ ուրիշներ, համարում է, որ այս հայտնի արտահայտությունը, ամենայն հավանականությամբ, առասպելական է և չի համապատասխանում իրականությանը։ Նա նաև կասկածներ ունի վեպի իրական ազդեցության վերաբերյալ իրադարձությունների վրա՝ պնդելով, որ Ստոուի առաջացրած աբոլիցիոնիստական տրամադրությունները քիչ ազդեցություն ունեցան պատերազմի ընթացքի վրա և չեն հանգեցրել նրան, որ Միության զինվորները ավելի շատ կամավորագրվեն բանակ։
Նույնիսկ Լինքոլնը չէր հավատում, որ իր զինվորները զենք կվերցնեն ստրկությունը վերացնելու համար, այլ ոչ թե Միությունը պահպանելու նպատակով․ հենց դա էր պատճառներից մեկը, որ նա տատանվում էր ազատագրման հարցում, և Միության զինվորների պահպանված նամակները դա հաստատում են։ Այնուամենայնիվ, պետք է նշել, որ պատերազմի ընթացքում շատերը դարձան աբոլիցիոնիստներ՝ տեսնելով հարավում ստրկության իրականությունը և ոգեշնչվելով սևամորթ զինվորների քաջությունից ու արդյունավետ ծառայությունից։ Ցավոք, սակայն, թվում է, որ անհիմն չէ Փեթեգրիի պնդումը, թե «Քեռի Թոմի խրճիթը» վեպի գլխավոր հետևանքներից մեկը հարավի հակազդեցությունն էր։ Գրքի օրինակները հրապարակայնորեն այրում էին, և սկսեցին հայտնվել այսպես կոչված «հակա-Թոմ» վեպեր, որոնք ստրկությունը ներկայացնում էին որպես բարենպաստ համակարգ և փորձում էին հերքել Ստոուի ներկայացրած հարավային կյանքի դաժան ու քննադատական պատկերը։
Սթոուի գրքի հրատարակումից մոտ կես դար անց նրա պատմության բեմականացված ներկայացումը այնքան զայրացրեց Հյուսիսային Կարոլինայի բապտիստական հոգևորական Թոմաս Դիքսոն կրտսերին, որ նա գրեց ամենաազդեցիկ հակա-Թոմ վեպը՝ «Կլանի անդամը»։ Գիրքը հրատարակվեց 1905 թվականին և պատմում էր վայրենի, սևամորթ բռնաբարների և ազնիվ Կու Կլուքս Կլանի սպիտակ «վրիժառուների» մասին՝ փաստացիորեն արդարացնելով այն վերասեգրեգացիան, որը այդ ժամանակ տեղի էր ունենում Ջիմ Քրոուի օրենքների ներքո։ Երբ Դիքսոնը գրում էր, Կլանը արդեն տասնամյակներ շարունակ գոյություն չուներ, սակայն նրա վեպը, որը հետագայում էկրանավորեց ռեժիսոր Դ. Վ. Գրիֆիթը «Ազգի ծնունդը» վերնագրով, նպաստեց դրա վերածնմանը։ Այս սարսափելի, բայց կինեմատոգրաֆիկ առումով հզոր ֆիլմը մեծ էկրան դուրս եկավ 1915 թվականին, և նույն տարում Կլանը վերակազմավորվեց՝ դառնալով նոր, վրեժխնդիր և բռնության վրա հիմնված ուժ։ Զարմանալիորեն, այն վառվող խաչը, որը բարձրացվեց Ջորջիա նահանգի Սթոուն Մաունթենում Կլանի վերածննդի գիշերը և երկար տարիներ խոր հետք թողեց երկրի հասարակական գիտակցության մեջ, իրական պատմական Կլանից չէր վերցված, այլ հենց Դիքսոնի վեպից։
«Պատերազմի մասին գիրք»-ը հասնում է մինչև մեր օրերը, սակայն Փեթեգրին առավելապես գրում է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին, և հատկապես այդ բաժինն է համարվում ամենալավը։ (Նա նշում է, որ իր հայրը եղել է Թագավորական ռազմաօդային ուժերի սպա)։ Այստեղ նա ուսումնասիրում է տպագիր նյութերի լայն շրջանակ՝ քարտեզներ, թռուցիկներ, գիտական ամսագրեր։ Օրինակ՝ բրիտանական հետախուզության համար աշխատող մի գիտնական կարողացել էր միայն Physikalische Zeitschrift ամսագիրը կարդալով հասկանալ, որ 1941 թվականի դրությամբ նացիստները դեռևս չեն ներդրել անհրաժեշտ ռեսուրսներ ատոմային ռումբ ստեղծելու համար։ Ամսագիրը ներառում էր նաև ֆիզիկայի դասախոսությունների ցանկեր, որոնք անցկացվում էին գերմանական համալսարաններում, և պարզվեց, որ Գերմանիայում մնացած լավագույն ֆիզիկոսները (հրեաներին աշխատանքից հեռացնելուց հետո) ցրված էին ամբողջ երկրով մեկ՝ դասավանդելու համար։ Հետևաբար ակնհայտ էր, որ որևէ կենտրոնացված նացիստական ծրագիր չէր իրականացվում։ Նացիստները, ըստ երևույթին, եզրակացրել էին, որ եթե նույնիսկ իրենց գիտնականների համար ռումբ ստեղծելը այդքան դժվար է, ապա «դեգեներացված» դաշնակիցները երբեք չեն կարող դա անել։ Արդյունքում, Մանհեթթենյան ծրագիրը՝ դաշնակիցների այդ հսկայական և կենտրոնացված գիտական ծրագիրը, օգտվեց առնվազն տասնմեկ հոդվածներից, որոնք բաց կերպով հրապարակված էին 1942–1943 թվականներին՝ գերմանական ատոմային ֆիզիկայի գաղտնազերծված հետազոտություններով գիտական ամսագրերում։
«Այս պատերազմում մենք գիտենք՝ գրքերը զենք են», — 1942 թվականին ասել է նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը։ Տասը տարի առաջ, երբ տեղի էին ունենում նացիստական գրքերի այրումները, ավելի քան հարյուր հազար մարդ ամբողջ Միացյալ Նահանգներում երթեր էին կազմակերպել՝ բողոքելով դրանց դեմ։ Այժմ ԱՄՆ Պատերազմական տեղեկատվության գրասենյակը (U.S. Office of War Information) հրապարակեց մի պաստառ, որի վրա գրքի այրման լուսանկարը շրջանակված էր հետևյալ բառերով․ «ՆԱՑԻՍՏՆԵՐԸ ԱՅՐԵՑԻՆ ԱՅՍ ԳՐՔԵՐԸ… բայց ազատ ամերիկացիները ԴԵՌ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԱՐԴԱԼ ԴՐԱՆՔ»։ 1943 թվականին ամերիկյան հրատարակիչները սկսեցին արտադրել «Ձեռնարկ զինած ուժերի համար» գրքերը՝ նախատեսած զինծառայողների համար արտասահմանում․ միլիոնավոր գրքեր, որոնք ծառայում էին կրթության, զվարճանքի համար, նույնիսկ խաղաղության պահերի համար։ Այս հրատարակությունները փոքր չափի էին և տպված թեթև թղթի վրա, որպեսզի տեղավորվեին զինվորի գրպանում և դիմանային բազմաթիվ ընթերցումների, քանի որ զինվորները դրանք փոխանցում էին միմյանց։ (Այս շարքի մասին կա նաև ամբողջական գիրք՝ «Երբ գրքերը պատերազմ են գնում», որի հեղինակն է Մոլլի Գուփթիլ Մենինգը)։ Սկզբում ուղարկվել էր 30 հատոր՝ յուրաքանչյուրից 50,000 օրինակով։ Հետագայում ավելացվեցին հարյուրավոր ստեղծագործություններ, և տպաքանակը եռապատկվեց՝ ներառելով վեպեր, դասականներ, կենսագրություններ, հումոր, պատմություն, դետեկտիվներ, գիտություն, պիեսներ և պոեզիա։ Գրքերի փաթեթները տեղափոխվում էին Իտալիայի Անցիոյի ռազմաճակատ, պարաշյուտով նետվում Խաղաղ օվկիանոսի հեռավոր կղզիների վրա, և պահեստավորվում 1944 թվականի գարնանը՝ Նորմանդիայում վայրէջք կատարելու դեպքում զորամասեր հասցնելու համար։
«Օլիվեր Թվիստ»։ «Զայրույթի ողկույզներ»։ Ջորջ Գերշվինի և Բեն Ֆրանկլինի կենսագրությունները։ Զեյն Գրեյի վեստեռնները։ Վիրջինիա Վուլֆը («Տարիներ»)։ Օգդեն Նեշը։ Պլատոնի «Հանրապետությունը» («նոր տարբերակ պարզ անգլերենով»)։ «Գիրք շնային պատմություններով բուխարու շուրջ»։ Հատկապես լավ արդյունքներ գրանցեցին սեքսուալ վեպերը, և բոլորից ամենատարածված գիրքը, կարծես, եղել է «Մի ծառ է աճում Բրուքլինում», որի հեղինակ Բեթի Սմիթը գնահատել է, որ տարեկան մոտ հազար հինգ հարյուր նամակ է ստացել զինվորներից։ «Ես մտածում էի այդ գրքի մասին նույնիսկ բավականին ուժեղ կրակի տակ», – գրել է մի զինվոր։ Մեկ այլ զինվոր, գուցե ավելի լավ արտահայտելով պատերազմական ժամանակ գրքերի գրավչությունը, քան որևէ մեկը, գրել է. «Չեմ կարող բացատրել այն հուզական արձագանքը, որը տեղի ունեցավ իմ այս մեռած սրտում»։
Հնագույն հավատամք կա, թե աստվածները մեզ ուղարկում են վիշտ՝ ներառյալ պատերազմները, որպեսզի մենք ունենանք պատմելու պատմություններ․ «Ես երգում եմ զենքերի և մարդու մասին»։ Մենք գիտենք, թե ովքեր ենք, այն պատմությունների միջոցով, որոնք կիսում ենք։ Եթե ինչ-որ մեկին պատմես քո սիրած գիրքը՝ օրինակ՝ աղքատ երեխայի մասին, որը մեծանում է Բրուքլինի մի բազմաբնակարան շենքում և ձգտում է կրթության, դու այդպիսով ինչ-որ բան ես ասում նաև քո մասին։ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակումներին հաջորդած տարիներին գիրք ընտրելու հնարավորություն էր տրվում Գուանտանամոյի ռազմական բանտի կալանավորներին, ուր 2002 թվականից ի վեր պահել են մոտ ութ հարյուր մահմեդական տղամարդկանց և տղաների։ Գրքերը պահվում էին մի թրեյլերում, և կալանավորները դրանք կարդում էին իրենց խցերում։
2010 թվականին Տորոնտոյում ծնված մի կալանավորի՝ Օմար Քադրի դատավճռի լսում էր տեղի ունենում։ Նա մասամբ մեծացել էր Պակիստանում և 2002 թվականին՝ 15 տարեկանում, ձերբակալվել էր Աֆղանստանում։ Մեղադրող կողմի համար ցուցմունք տվող հոգեբույժը Քադրին նկարագրեց որպես վտանգավոր ջիհադիստ, որը Գուանտանամոյում անցկացրած իր ութ տարիների մեծ մասը նվիրել էր Ղուրանը անգիր սովորելուն։ Պաշտպանական կողմի փաստաբանը հակադարձեց՝ պահանջելով ներկայացնել այն գրքերի ամբողջական ցանկը, որոնք Քադրն խնդրել էր կարդալ․ Բարաք Օբամաի «Երազանքներ հորիցս», Նելսոն Մանդելայի «Երկար ճանապարհ դեպի Ազատություն», Իշմայել Բեահի«Երկար ճանապարհ դեպի տուն», ինչպես նաեւ Ստեֆանի Մայերի, Ջոն Գրիշամի եւ Դանիել Ստիլի վեպերը։ Սա այն ցանկը չէր, որը կսպասեին «ջիհադիստից»։ Գրքերը, սակայն, չօգնեցին, որ Քադրին 2012 թվականին տեղափոխեցին կանադական բանտ և մի քանի տարի անց ազատ արձակեցին՝ հետագայում ստանալով Կանադայի կառավարության պաշտոնական ներողությունը և զգալի դրամական փոխհատուցում։ Բայց դրանք վաղ նշան էին, որը նաև լայնորեն լուսաբանվեց մամուլում, որ նա այն անձը չէր, ինչպես ներկայացնում էին նրա պահապանները։ Այդ լսումը յուրօրինակ, գրեթե բառացի օրինակ էր այն մտքի, որ գրքերը նույնիսկ ամենամութ բանտում կարող են մարդուն ազատել։
Արևմտյան ավանդույթի հիմնարար գրքերից մեկը՝ Iliad-ը, պատերազմական գիրք է՝ Աքիլեսի զայրույթի և Տրոյայի դեմ արյունոտ հաղթանակի մասին, որը տևեց տասը տարի։ Այն ոչ միայն նշանավորեց բանավոր պատմելուց դեպի գրավոր ձևի անցումը, այլև, ինչպես ցույց են տալիս պատառիկները, հին հունական աշխարհում ամենաշատ ընթերցվող գրքերից էր։
Դասական շրջանի իսպանացի մասնագետ Իռեն Վալյեխոն իր բազմաշերտ և հաճախ հմայիչ «Papyrus» գրքում (թարգմանված 2022 թվականին՝ Շարլոթ Ուիթլի կողմից) գրում է, որ մարդիկ նույնիսկ տանում էին «Իլիական»-ի հատվածները իրենց հետ մահվան մեջ՝ դնելով սարկոֆագներում, կարծես այն լիներ սրբազան տեքստ։
Մեծ պոեմի բազմաթիվ դասերից մեկն այն է, որ նույնիսկ ամենաքաջ մարտիկները, նույնիսկ նրանք, ովքեր առավելապես վայելում են ամենազոր աստվածների բարեհաճությունը, փրկություն չեն գտնի։ Մարդը «ծնված է մահանալու համար, վաղուց դատապարտված է դրան»։ Պատմությունը լի է հերոսների արյունով, նրանց վիրավորված մարմինների ցավով ու պղծմամբ, և հավանաբար հենց այդ պատճառով էլ «Իլիականը», ի տարբերություն «Ոդիսականի», այն գրքերի շարքում չէր, որոնք ուղարկվում էին ամերիկացի զինծառայողներին։ Այնուամենայնիվ, «Իլիականը» հնագույն ժամանակներից ի վեր ոգեշնչել է զինվորներին։ Ասում են, որ Ալեքսանդր Մեծը միշտ այն պահում էր իր մոտ և իրեն տեսնում էր որպես նոր Աքիլես՝ Եգիպտոսից մինչև Հնդկաստան նոր տարածքներ նվաճելով։
Նրա հիմնադրած քաղաքում գտնվող նշանավոր Ալեքսանդրիայի գրադրաանը ստեղծվել է ընդամենը երեսուներկու տարեկանում կնքած նրա մահից մի քանի տասնամյակ անց՝ մ.թ.ա. 323 թվականին։ Սակայն Իռեն Վալյեխոն ենթադրում է, որ այդ գրադարանի գաղափարը սկիզբ է առել հենց Ալեքսանդրից։ Նրա ուսուցիչը՝ Արիստոտելը, անկասկած նրա մեջ սերմանել էր գրքերի հանդեպ սեր։ Սակայն ավելի խոսուն է այն փաստը, որ գրադարանը կիսում էր Ալեքսանդրի համաշխարհային հավակնությունները․ այն ստեղծվել էր բոլոր հայտնի երկրների բոլոր հայտնի գրությունները հավաքելու համար՝ հունարեն թարգմանությամբ։ Դրանց թվում էին եբրայերեն Աստվածաշունչը, եգիպտական փարավոնների պատմությունները և զրադաշտական երկար տեքստերը։ Անվերջ նվաճում և անվերջ գիտելիք․ լիակատար տիրապետություն թե՛ աշխարհագրական, թե՛ մտավոր աշխարհին։ Զինված մարդկանց զինվորների նման ուղարկում էին օտար երկրներ՝ մատյաններ որոնելու։ Սակայն գրադարանը նաև իր յուրահատուկ դեղամիջոցն էր առաջարկում իր պատերից դուրս մոլեգնող պայքարների դեմ։ Ինչքան էլ եգիպտացիները, հրեաները, հույները և մյուս ժողովուրդները պատերազմեին միմյանց դեմ, նրանց գրքերը խաղաղությամբ հանգչում էին նույն դարակների վրա։ Որպես Մուսաներին նվիրված տաճարային համալիրի մաս՝ Ալեքսանդրիայի գրադարանը սրբազան տարածք էր։
Այդ շենքից և նրա հսկայական հավաքածուից այսօր ոչինչ չի մնացել։ Որոշ աղբյուրներ վկայում են, որ Ալեքսանդրիայի գրադարանը պատահաբար այրվել է, երբ Հուլիոս Կեսարը ճնշում էր Կլեոպատրայի եղբոր գլխավորած ապստամբությունը՝ դարձնելով գրադարանը աշխարհաքաղաքական նվաճումների հերթական ալիքի զոհ։ Սակայն Իռեն Վալյեխոն ու այլ հետազոտողներ կասկածի տակ են դնում այդ դրամատիկ վարկածը։ Պապիրուսը՝ պատրաստված ջրային բույսի ցողուններից, որոնք կտրում, հյուսում և սեղմում էին՝ գրելու համար հարմար մակերես ստանալու նպատակով, չափազանց փխրուն նյութ էր։ Այն խոցելի էր միջատների, խոնավության և ժամանակի ազդեցության դեմ։ Հնարավոր է, որ պատերազմից կամ հրդեհից ոյ պակաս ավերիչ է եղել գրադարանի համար անտեսվածությունը, խնամքի պակասը՝ այն շրջանում, երբ Հռոմը գերիշխող դարձավ, իսկ Ալեքսանդրիան անկում ապրեց։
Մեզ հասած հին տեքստերը՝ երբևէ գոյություն ունեցածի ընդամենը մի փոքր բեկորը, պահպանվել են պատահականությունների և դանդաղ կուտակվող տեխնոլոգիական փոփոխությունների շնորհիվ։ Ինչո՞ւ են, օրինակ, Էսքիլեսի եւ Սոֆոկլեսի շուրջ երկու հարյուր պիեսներից պահպանվել ընդամենը յոթական ստեղծագործություն։ Վալյեխոն առաջարկում է հետաքրքիր բացատրություն․ պապիրուսե գլանների պահպանման արկղերը, կախված չափից, տեղավորում էին հինգից յոթ գլան։ Հավանաբար այսօր մեզ հասած պիեսները ներկայացնում են երկու այդպիսի արկղերի պարունակությունը, որոնք բախտի բերմամբ դուրս են ընկել դապի մոռացություն ուղևորվող բեռից։ Այս պահպանված գործերից ամենահինը՝ «Պարսիկները», առաջին անգամ բեմադրվել է մ.թ.ա. 472 թվականին։ Ի տարբերություն մյուս պահպանված ողբերգությունների, որոնք հիմնականում տեղի են ունենում առասպելական անցյալում, այն ներկայացնում է իրադարձություններ, որոնք հաջորդել են Սալամինի ճակատամարտին, որն այնքան իրական և այնքան թարմ էր, որ հենց Էսքիլեսն էլ մասնակցել էր դրան՝ պաշտպանելով աթենական ժողովրդավարությունը Պարսկական կայսրության ներխուժումներից։ Զարմանալիորեն, դրամատուրգը գործողությունը տեղափոխում է պարտված թշնամու մայրաքաղաք և հույների թանկարժեք հաղթանակը ներկայացնում է հակառակորդի աչքերով՝ պատկերելով վերջինիս խորապես մարդկային կերպարանքով։ Մենք տեսնում ենք թշվառ խորհրդականների երգչախումբ, վշտահար թագուհի, ռազմաճակատից վերադարձած պատգամաբեր, որը հայտնում է սարսափելի կորուստների մասին, և մի ամբողջ կայսրություն, որը լի է լացող երիտասարդ այրիներով։ Համաշխարհային թատրոնի ամենահին պահպանված ստեղծագործություններից մեկը, այսպիսով, պատերազմի և երևակայական կարեկցանքի մասին մեծահոգի դաս է՝ մի դաս, որը մարդկությունը դեռ շարունակում է սերտել։
Վալյեխոյի գիրքը նկարագրում է երկու տեխնոլոգիական նորամուծություններ, որոնք նպաստեցին բազմաթիվ տեքստերի պահպանմանը։ Մագաղաթը՝ այսինքն կենդանու մշակված կաշին, որ թրջվում էր կրային լուծույթի մեջ և ապա քերվում, սկսեց փոխարինել պապիրուսին մ.թ.ա. երկրորդ դարում։ Հետագայում էլ պապիրուսե գալարները իրենց տեղը զիջեցին կոդեքսին՝ գրքի նախատիպին, որն ուներ ուղղանկյուն էջեր՝ ամրացված մի եզրով, որպեսզի հնարավոր լիներ թերթել դրանք։ Մագաղաթն ավելի ամուր և դիմացկուն էր, քան պապիրուսը, և, ի տարբերություն վերջինիս, թույլ էր տալիս գրել թերթի երկու կողմերի վրա։ Իռեն Վայլեխոն, որը նաև վիպասան է և իր գրքում ներառել է հուշագրություն ու մտորումներ, հակասական զգացումներ ունի մագաղաթի ընձեռած օգուտների և դրա գնի վերաբերյալ։ Նա նշում է, որ մագաղաթի համար նախատեսված կենդանիների կաշիները հաճախ գնվում էին դեռ կենդանի վիճակում, քանի որ ավելի առողջ կենդանիներն ավելի հարթ և որակյալ մակերես էին ապահովում։ Ձեռքում պահելով մագաղաթե ձեռագիր մատյանը՝ նա միաժամանակ հիանում է թանկարժեք բառերի պահպանմամբ և զզվանք զգում այն կոտորածից, որի վրա հիմնված է այդ հրաշքը։
Կոդեքսը, որը հեշտ էր տեղափոխել և կարող էր պարունակել շատ ավելի մեծ քանակությամբ տեքստ, լայն տարածում գտավ աճող քրիստոնեական շարժման շրջանակում՝ համապատասխանելով թե՛ նրա ծիսակարգերին, թե՛ հալածանքների փորձառությանը։ Կոդեքսում կարելի էր հեշտությամբ գտնել անհրաժեշտ հատվածը, երբ մի քանի մարդ բարձրաձայն ընթերցում էին միասին․ փորձեք նույնը անել երկար գալարով։ Բացի այդ, այն կարելի էր արագ թաքցնել, երբ հայտնվում էին կայսեր ներկայացուցիչները։ Երբ քրիստոնեություն ընդունելուց հետո 313 թվականին այն որպես պետական կրոն ընդունած Կոնստանտին Մեծը պատվիրեց արտագրել հիսուն Աստվածաշունչ, նա հատուկ պահանջեց, որ դրանք լինեն «գրված մագաղաթի վրա» և պատրաստված «հարմար ու դյուրակիր ձևաչափով»։ Ութ հարյուր էջանոց Աստվածաշնչից բացի, գրքերը գնալով դառնում էին թեթև առարկաներ, որոնք կարող էին ուղեկցել ընթերցողին ամենուր։ Որոշ կոդեքսներ այնքան փոքր էին, որ հնարավոր էր պահել մեկ ձեռքում, իսկ Ցիցերոնը նույնիսկ պնդում էր, թե տեսել է «Իլիականի» մի օրինակ, որ ընկույզի չափ էր։ Սակայն մոտավորապես հինգերորդ դարում՝ այն ժամանակ, երբ կոդեքսը արդեն լայն տարածում էր ձեռք բերել, թվում էր, թե ընթերցողների թիվը գնալով նվազում է։
Հաջորդած երկար դարերը, որոնք տասնչորսերորդ դարի իտալացի բանաստեղծ Պետրարկան անվանել էր Խավար դարեր, ավարտում են Վալյեխոյի գրքի պատմությունը՝ որպես տխուր վերջաբան մի դարաշրջանի, որը լի էր աշխարհաքաղաքացիական եռուզեռով և մտավոր աշխուժությամբ։ Գերմանական ցեղերը բազմիցս թալանել էին Հռոմը, և նրա գրադարանների մեծ մասը փակվել կամ ոչնչացվել էր։ Արևմտյան գրական ժառանգության պահպանման անսպասելի դերակատարներ դարձան վանականները, որոնք աշխատում էին որպես արտագրիչներ՝ ջանասիրաբար վերարտադրելով ոչ միայն քրիստոնեական, այլև ավելի հին այն տեքստերը, որոնք համարվում էին քրիստոնեության հետ համահոնչ։ Օգոստինոս Երանելին նույնիսկ գրել է, որ Պլատոնը եթե ապրած լիներ ավելի ուշ ժամանակներում, հավանաբար քրիստոնյա կդառնար։ Վանականները կատարեցին հսկայական աշխատանք՝ քայքայվող պապիրուսների բովանդակությունը տեղափոխելով մագաղաթի վրա, իսկ վանական գրադարանները դարձան այդ գիտելիքի ապահով ապաստանը։ Սակայն նոր նյութն էլ զերծ չէր խնդիրներից։ «Այս մագաղաթը մազոտ է», — դժգոհությամբ գրել է մի գրիչ իր աշխատած ձեռագրի լուսանցքում։ Ավելին, չնայած միջնադարի բազմաթիվ նվաճումներին՝ գոթական տաճարների կառուցմանը, եռադաշտ ցանքաշրջանառության համակարգին և այլ առաջընթացներին, այդ ձեռագրերում պահպանված գիտելիքը մշակութային լայն ազդեցություն չստացավ մինչև այն պահը, երբ հենց Պետրարկան սկսեց փնտրել ու ուսումնասիրել գրադարանների դարակները՝ բացահայտելով այնպիսի գիտելիք, որը հետագայում լուսավորելու էր ամբողջ Եվրոպան և դրանից անդին գտնվող աշխարհը։
Ֆլորենտական Վերածննդի պատմությունը նույնպես կարելի է պատմել պատերազմների լեզվով՝ մրցակից ընտանիքների և քաղաք-պետությունների մշտական բախումների միջոցով, ինչպես նաև այն գրքերի միջոցով, որոնք օգտագործվում էին թե՛ քաղաքացիական ազատությունները պաշտպանելու, թե՛ դրանք սահմանափակելու նպատակով։ Ռոս Քինգի՝ 2021 թվականին լույս տեսած «Ֆլորենցիայի գրավաճառը» գիրքը հետևում է այդ բարդ պատմությանը՝ կենտրոնանալով մեկ արտասովոր մարդու՝ Վեսպասիանո դա Բիստիչիի կյանքի վրա, որը տասնհինգերորդ դարի կեսերին հայտնի էր որպես «աշխարհի գրավաճառների արքա»։ Ծնված մոտ 1422 թվականին՝ այն ժամանակ, երբ ոչ հեռու ստեղծագործում էին Դոնաթելլոն, Ֆրա Անջելիկոն և Մազաչչոն, Վեսպասիանոն տասնմեկ տարեկանում աշկերտ ընդոնվեց մի գրավաճառի մոտ։ 1440-ական թվականներին այդ խանութը, որը գտնվում էր ներկայիս Բարջելլո թանգարանի հարևանությամբ, ոչ միայն գրքեր պատվիրելու վայր էր (դրանք դեռևս ձեռագիր էին և, հավանաբար, տեղում էլ կազմվում էին), այլև հանրահայտ հավաքատեղի՝ քաղաքականության, փիլիսոփայության և գրքերում արտացոլված այլ գաղափարների շուրջ քննարկումների համար։ Քինգը ստեղծում է Ֆլորենցիայի մտավոր շրջանակների կենդանի պատկերը և ցույց տալիս, թե որքան կարևոր էին դրանք քաղաքի գեղարվեստական ու մշակութային վերելքի համար։ Ընթերցողը հա բախվում է մեծ, գուցե նույնիսկ անպատասխան հարցերի. ի՞նչն է ստիպում որևէ մշակույթի ծաղկել։ Եվ ինչո՞ւ հենց այս քաղաքը այս ժամանակաշրջանում ծ
Սակայն նրա բոլոր հաճախորդները խաղաղասեր գիտնականներ չէին։ Ամենանշանավորներից ոմանք մարդիկ էին, որոնց կարելի էր անվանել վարձու հրամանատարներ․ նրանց սերը գրքերի հանդեպ կարծես մեղմացնում էր (կամ գուցե պարզապես քողարկում) իրենց մասնագիտության դաժանությունը։ Դարաշրջանի լավագույն մասնավոր գրադարաններից մեկը պատկանում էր Վեսպասիանոյի հաճախորդներից մեկին՝ Ֆեդերիկո դա Մոնթեֆելթրոյն, որը հայտնի էր իր շքեղ պալատով Ուրբինո քաղաքում։ Նա նաև հայտնի էր նրանով, որ ղեկավարել էր հարձակումը Վոլտերա քաղաքի վրա՝ այնպիսի անհասկանալի դաժանությամբ, որ Նիկոլո Մաքիավելին այդ դեպքը բերել էր որպես ապացույց, որ մարդիկ բնականից հակված են չարիքի։ Վեսպասիանո դա Բիստիչին իր հաճախորդին արդարացնում էր՝ պնդելով, թե նա փորձել էր զսպել իր զինվորների վայրագությունները, թեև հենց Ֆեդերիկոն էր յուրացրել հազվագյուտ եբրայական ձեռագրերի մի հավաքածու, որը պատկանել էր այդ հարձակման զոհ դարձած մի հրեայի։ Վեսպասիանոն նաև նշում էր, որ Ֆեդերիկոյի կողմից հին հռոմեական պատմիչների ուսումնասիրությունը պատճառներից մեկն էր, որ նա այդքան հաջողակ էր ռազմական գործում։ Այդ դիտարկման մեջ Վերածննդի դարաշրջանին բնորոշ հակասություն կա․ նույն մարդը կարող էր լինել և՛ արվեստների ու գրքերի հովանավոր, և՛ պատերազմների ու ավերածությունների հեղինակ։ Գիտելիքն ու մշակույթը միշտ չէ, որ մարդկանց դարձնում են ավելի խաղաղասեր. երբեմն դրանք պարզապես դառնում են իշխանության և փառքի ձգտման ևս մեկ գործիք։
Այնուամենայնիվ, լավատեսություն կար այն համոզմունքի շուրջ, որ գրքերի տարածման միջոցով գիտելիքը շարունակելու է աճել։
Թուղթը, որը Չինաստանում օգտագործվում էր արդեն ավելի քան հազար տարի, իսլամի տարածման հետ աստիճանաբար հասավ արևմուտք և հետո տարածվեց ամբողջ Եվրոպայում։ (Այս գործընթացը նույնիսկ լեզվական հետքեր է թողել. օրինակ՝ անգլերեն ream՝ «թղթի կապոց» բառը ծագում է արաբական rizma բառից։) Սակայն իրական հեղափոխությունը տպագրական մեքենան էր։ Չինացիներն այստեղ ևս դարեր առաջ էին հասել այդ նվաճմանը, բայց նրանց ձեռքբերումները հայտնի չէին Յոհաննես Գուտենբերգին՝ գերմանացի ոսկերչին, որը 1450-ական թվականներին ստեղծեց շարժական մետաղյա տառերով տպագրական մեքենան՝ գրքերը դարձնելով շատ և համեմատաբար մատչելի։ Հարուստների համար ձեռագիր, մագաղաթյա մատյանները դեռ երկար ժամանակ պահպանեցին իրենց հեղինակությունը որպես շքեղության առարկաներ։ (Լորենցո Մեդիչին, որը նույնպես Վեսպասիանոյի հաճախորդներից էր, նույնիսկ պատվիրում էր, որ իր հավաքածուի համար տպագիր գրքերը կրկին ձեռքով արտագրվեն։) Սակայն շատերի համար տպագրությունը պարզապես հարմարավետության կամ ցածր գնի հարց չէր։ Այն ընկալվում էր որպես խավարը ցրելու միջոց և մի իդեալիստ վանականի խոսքով՝ որպես ճանապարհ՝ «երկրի վրա փրկություն» հաստատելու համար։
Ֆլորենցիայի մշակութային վերելքի ամբողջ ընթացքում քաղաքը անկախ քաղաք-պետություն և սահմանադրական հանրապետություն էր, թեև իրականում հաճախ խաղաղությունը խաթարվում էր հարուստ ընտանիքների իշխանատենչ ձգտումներից, որոնցից առավել ազդեցիկը Մեդիչիներն էին։ Հին հեղինակների շատ գործեր, որոնցով տարված էին ֆլորենցիայի բնակիչները, անմիջականորեն արձագանքում էին այդ քաղաքական լարվածությանը, որտեղ ժողովրդական ազատությունները մշտապես հավասարակշռվում էին Մեդիչիների վերահսկողության հետ։ Օրինակ՝ «Նիկոմքյան էթիկան», որը տասնհինգերորդ դարի բեսթսելլերներից էր, քաղաքացիներին վստահեցնում էր, որ, հակառակ քրիստոնեական ուսմունքին, մեծ գումարներ ծախսելը կարող է առաքինություն լինել, եթե դա արվում է առատաձեռնությամբ և ճաշակով։ Հարուստ մարդը կարող է լինել «ծախսելու արվեստագետ»՝ գաղափար, որը Մեդիչիները սիրով ընդունեցին։
Մյուս կողմից, Կիկերոնը ուսուցանում էր, որ լավ մարդը պարտավոր է ակտիվ մասնակցել քաղաքական կյանքին։ Սա կարևոր գաղափար էր, որը համապատասխանում էր ինչպես ֆլորենցիական հանրապետական համոզմունքներին, այնպես էլ մշտական քաղաքական զգոնության անհրաժեշտությանը։
Որպես եռանդուն հանրապետական՝ Կիկերոնը երկար ժամանակ համարվում էր հին աշխարհի ամենաառինքնող հեղինակներից մեկը։ Սակայն տասնհինգերորդ դարի ընթացքում նրան աստիճանաբար փոխարինեց Մարսիլիո Ֆիչինոյի թարգմանած Պլատոնը, որը բոլորովին այլ խորհուրդ էր տալիս։ Այժմ լավ կյանքը ոչ թե քաղաքական գործունեությամբ հագեցած կյանքն էր, այլ խորհրդածության կյանքը՝ անցկացված քաղաքական աղմուկից հեռու, ճշմարտության, ներդաշնակության և գեղեցկության հավերժական սկզբունքների մասին մտորումների մեջ։
Մեդիչիները խորապես նվիրված էին Պլատոնի գաղափարներին։ Ընտանիքի քաղաքական հավակնությունների հիմնադիր Կոզիմո դե Մեդիչին հովանավորել էր Պլատոնի ստեղծագործությունների թարգմանությունը և, ինչպես պատմում են, մահվան մահճում նույնիսկ դրանցից նրա համար հատվածներ էին ընթերցում։ Նրա թոռը՝ Լորենցո դե Մեդիչին, որը 1469 թվականին ձեռք բերեց ոչ պաշտոնական իշխանություն, նույնիսկ երկար փիլիսոփայական պոեմ էր գրել՝ նկարագրելով իր անցումը դեպի պլատոնականություն։ Նրանց հետաքրքրությունները, թվում է, միաժամանակ և՛ անկեղծ էին, և՛ շահավետ։ Պլատոնը, որը ժողովրդավարությունը չափազանց անկատար էր համարում արդյունավետ կառավարման համար, հավատում էր, որ հանրապետությունը պետք է ղեկավարի «փիլիսոփա-արքան»։ Իսկ Պլատոնի թարգմանիչը՝ Մարսիլիո Ֆիչինոն, այդպիսի կերպար էր համարում հենց Լորենցոյին։ Պատահական չէ, որ 1480 թվականին, երբ նախկինում քաղաքականապես զգոն ֆլորենցիացիները, ըստ հեղինակի հեգնական դիտարկման, հավանաբար զբաղված էին բարձր պլատոնական խորհրդածություններով, քաղաքի սահմանադրությունը փոփոխվեց այնպես, որ վճռականորեն ամրապնդեց Լորենցոյի իշխանությունը։ 1532 թվականին այդ սահմանադրական փաստաթուղթն արդեն ամբողջովին կորցրել էր իր սկզբնական նշանակությունն ու ուժը։ Եվ մինչ Ֆլորենցիայի մշակութային փայլը սկսում էր մարել, Լորենցոյի ժառանգները հաստատվում էին որպես ժառանգական դքսեր մի քաղաքում, որի երկարատև հանրապետական փորձը վերջնականապես ձախողվել էր։ Այս պատմությունը հիշեցնում է գրքերի պատմության ամենահետաքրքիր հակասություններից մեկը․ գրքերը կարող են ծառայել ազատությանը, բայց կարող են նաև ծառայել իշխանությանը։ Նույն տեքստերը, որոնք ոգեշնչում են մարդկանց մտածել, վիճարկել և ընդլայնել իրենց աշխարհայացքը, երբեմն օգտագործվում են նաև քաղաքական գերիշխանությունը հիմնավորելու և ամրապնդելու համար։
Ինչպես ցույց է տալիս պատմությունը, ընթերցանությունը միշտ չէ, որ հանգեցնում է այն արդյունքներին, որոնք մենք երանությամբ պատկերացնում ենք։ Երբեմն հետեւանքները կարող են ցնցող լինել։ «Ստալինի գրադարանը» (2022), որի հեղինակն է Ջոֆրի Ռոբերտսը, մռայլ, բայց կլանող ընկերն է Թիմըթի Ռայբեքի 2008 թվականի «Հիտլերի անձնական գրադարանը» գրքին։ Երկու աշխատություններն էլ հուշում են, որ Ալեքսանդրիայի գրադարանին բնորոշ՝ նվաճման և մշակութային գիտելիքի կուտակման մղումները հաճախ փոխկապակցված են։
Եթե հաշվի առնենք միայն գրքերի քանակը (ոչ թե զոհերին), ապա Ստալինը զգալիորեն գերազանցում է Հիտլերին։ Նրա անձնական հավաքածուն ներառում էր շուրջ 25 000 գիրք, պարբերական և բրոշյուր։ Հիտլերն ուներ մոտ 16 000 գիրք, որոնց թվում էին Շեքսպիրի՝ գերմաներեն թարգմանված, կաշվե շքեղ կազմով ժողովածուն և ամերիկացի արդյունաբերող Հենրի Ֆորդի «Միջազգային հրեան՝ աշխարհի գլխավոր խնդիրը» գրքի գերմաներեն տարբերակը, որը կազմված էր նրա սեփական թերթում հրապարակված հոդվածներից։ Երկու բռնապետներն էլ ոչ միայն ագահ ընթերցողներ էին, այլև որոշ ժամանակ ձգտում էին գրող դառնալ։ Հիտլերը 1925 թվականից, երբ հրատարակեց «Mein Kampf»-ի առաջին հատորը, մինչև 1933 թվականը իր հարկային փաստաթղթերում մասնագիտությունը նշում էր «գրող»։ Միայն Ռայխի կանցլեր դառնալուց հետո նա փոխեց դա։ Ստալինն իր երիտասարդ տարիներին ռոմանտիկ բանաստեղծություններ էր տպագրում վրացական ամսագրերում և երբեք չդադարեց հետաքրքրվել պոեզիայով։ Ռոբերթսը, բավականին սարսափեցնող ձևակերպմամբ, նրան անվանում է «հուզականորեն խելացի և զգացող մտավորական»։Իրոք, ռուս մեծ բանաստեղծ Օսիպ ՄԱնդելշտամը սովորություն ուներ իր կնոջը՝ Նադաժդա ՄԱնդելշտամին ասել, որ չբողոքի Ստալինի իշխանության օրոք իրենց կրած տառապանքներից. «Պոեզիան միայն այս երկրում է հարգվում՝ մարդկանց դրա համար սպանում են»։
Մանդելշտամը ձերբակալվեց 1934 թվականին՝ Ստալինի մասին ծաղրական բանաստեղծություն արտասանելուց հետո, որը նա կարդացել էր մի փոքր խմբի առջև՝ կարծելով, թե բոլորն իր ընկերներն են։ Նրան աքսորեցին Մոսկվայից գավառ, սակայն 1938 թվականին կրկին ձերբակալեցին, և նա մահացավ ճամբարում՝ մինչ օրս ամբողջությամբ չպարզված հանգամանքներում։ Տարիներ շարունակ, երբ նրա բանաստեղծությունները արգելված էին, և նույնիսկ դրանք գրի առնելը վտանգավոր էր, Նադեժդա Մանդելշտամը պահպանեց դրանք բացառիկ հիշողության շնորհիվ՝ բոլոր գործերը անգիր պահելով։ Միայն Ստալինի մահից հետո՝ 1950-ականների կեսերին, այդ բանաստեղծությունները սկսեցին հայտնվել այսպես կոչված սամիզդատում՝ ինքնհրատ մեքենագիր օրինակներում, որոնք գաղտնի փոխանցվում էին ձեռքից ձեռք։ «Մենք ապրում ենք նախագուտենբերգյան դարաշրջանում», — ասել էր բանաստեղծուհի Աննա Ախմատովան։ Մոտավորապես նույն ժամանակ Ըսիպ Մանդելշտամի ստեղծագործությունների մի հավաքածու հրատարակվեց Նյու Յորքում՝ ռուսերեն, նրա երկրպագուների կողմից, որոնք նույնիսկ չգիտեին՝ նա դեռ կենդանի՞ է, թե՞ մահացած։ Իսկ Նադեժդա Մանդելշտամը՝ համեստ կինը, հավատարիմ ուղեկիցը և իր ամուսնու ժառանգության պահապանը, դարձավ 20-րդ դարի կարևոր արձակագիրներից մեկը՝ իր «Հույս ի հեճուկս հույսի» և «Լքված հույսը» հուշագրություններով։ («Նադեժդա» ռուսերեն նշանակում է «հույս»։) Եվ, ինչպես նշում է հոդվածի հեղինակը, որքան էլ սուր և թափանցիկ լիներ նրա միտքը, այդ գրքերում կա մի կարևոր բան, որը նա, այնուամենայնիվ, չէր հասկացել։
Օսիպ Մանդելշտամի մահից անմիջապես հետո, պատմում է Նադեժդա Մանդելշտամը, նա մի քանի շաբաթ անցկացրել է մի ընկերուհու հետ, որը նոր էր ազատվել ճամբարից, ինչպես նաև այդ կնոջ մոր հետ, որի ամուսինը գնդակահարվել էր։ Երեք կանայք միասին կարդում էին Ուիլյամ Շեքսպիրի «Ջոն Արքան»։ Նրանք կանգ առան երիտասարդ Արթուրի տեսարանի վրա, որի մահը պատվիրում է նրա դավադիր հորեղբայրը, սակայն տղայի անմեղությունը փափկեցնում է մահապատիժն իրականացնելու հանձնարարություն ստացած մարդու սիրտը, և նա չի կարողանում կատարել հանցագործությունը։ Նադեժդան ասում է ընկերուհուն, որ չի կարող հասկանալ, թե ինչպես են անգլիացիները, որոնք անշուշտ կարդացել են երիտասարդ Արթուրի պատմությունը, այդուհանդերձ շարունակել սպանել իրենց մերձավորներին։Ընկերուհին, ակնհայտորեն ցանկանալով մխիթարել նրան, պատասխանում է, որ երկար ժամանակ Շեքսպիրը չէր կարդացվում և չէր բեմադրվում, և մարդիկ շարունակում էին կոտորել միմյանց պարզապես այն պատճառով, որ չէին տեսել այդ պիեսը։ Այս բացատրությունը անխախտ է թողնում գրականության զորության մասին հավատը։ Այն առնվազն թույլ է տալիս ենթադրել, որ գուցե մի օր այդ պիեսը իսկապես ազդեցություն ունենա մարդկանց վրա։ Սակայն Նադեժդան չի մխիթարվում։ «Գիշերները ես լաց էի լինում այն մտքից, որ դահիճները երբեք չեն կարդում այն, ինչը կարող էր փափկեցնել նրանց սիրտը,- գրում է նա,- եւ դա մինչ օրս ինձ լացացնում է»։
Նայելով աշխարհին՝ հեշտ է հավատալ, որ չափազանց քիչ մարդիկ են կարդացել այն պատմությունները, որոնք կարող էին մեղմացնել նրանց սիրտը։ Իր գրքում Էնդրյու Փեթեգրին անդրադառնում է նաև Ռուսաստանի Ուկրաինա ներխուժմանը՝ առանձնացնելով մի խորհրդանշական լուսանկար։ Լուսանկարն արված է Կիեւում։ Այնտեղ մարդիկ չկան, բռնություն չկա։ Փողոցից երևում է միայն բնակարանի մի պատուհան, որն ամբողջությամբ լցված է գրքերով՝ աղյուսների պես դասավորված։ Եվ դրանք օգտագործվում են հենց աղյուսների նման՝ պաշտպանելու համար ներսը բեկորներից և պայթյուններից կոտրվող ապակուց։ Այս պատկերն արտահայտում է կրթված ու մշակութային ժողովրդի դիմադրությունը բարբարոսությանը նույնքան ուժեղ, որքան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ արված այն հայտնի լուսանկարը, որտեղ անխռով ընթերցողները թերթում են գրքեր ռմբակոծված, տանիքը կորցրած շենքում։ Ուկրաինայում այնքան շատ գրադարաններ են ոչնչացվել, որ փլատակների լուսանկարները, որոնց միջից դուրս են ցցվում կոտրված դարակները, գրեթե անհնար է տարբերել միմյանցից։ Եվ վերջին ամիսներին նման պատկերներ ենք տեսնում նաեւ Գազայից։ Հանրային գլխավոր գրադարանը ավերվել է նոյեմբերին, իսկ բոլորի սիրած Սամիր Մանսուրի գրախանութը, որը 2021 թվականին արդեն մեկ անգամ ավերվել էր և վերականգնվել միջազգային աջակցությամբ կազմակերպված դրամահավաքի շնորհիվ, այժմ ստացել է ցավալի «պատվավոր» կարգավիճակ՝ դառնալով երկու անգամ ոչնչացված գրախանութ։ Այս հատվածը ավարտվում է մի ցավալի, բայց կարևոր մտքով․ գրքերը միշտ չէ, որ կարողանում են կանխել պատերազմները կամ փոխել մարդկանց վարքը։ Բայց նույնիսկ ամենամութ ժամանակներում մարդիկ շարունակում են պահել, պաշտպանել և վերակառուցել գրքերը, որովհետև դրանք մարմնավորում են այն աշխարհի հնարավորությունը, որտեղ մարդկային փորձը, հիշողությունը և կարեկցանքը չեն ոչնչացվում բռնության հետ միասին։
Նման ավերածությունները մաս են ավելի լայն հարձակման՝ ուղղված առանձնահատուկ մշակութային ինքնություններին՝ ուկրաինական և պաղեստինյան, բայց այստեղ վտանգված է նաև ավելի համընդհանուր ինքնություն։ Պատերազմից առաջ Սամիր Մանսուրի գրախանութը ներկայացնում էր ոչ միայն պաղեստինյան դասականներին, օրինակ՝ քաղաքական վիպասան Հասան Քանաֆանիի գործերը (որը 1972 թվականին սպանվել էր իսրայելական գործակալների կողմից՝ այն խմբին իր մասնակցության պատճառով, որը կապվում էր Թել Ավիվի մոտ տեղի ունեցած կոտորածի հետ), այլ նաև «Աննան Կանաչ կտուրներ ագարակից» գրքի արաբերեն թարգմանությունը, ինչպես նաև Չիմամանդա Նգոզի Ադիչիի եւ Քերրի Ֆիշերի անգլերեն գրքերը։ Այդ խանութի ամենապահանջված մանկական գրքերից էին նաև «Հարի Փոթեր» շարքի գրքերը։ Այստեղ, ոչ պակաս, քան հին Ալեքսանդրիայում, մենք տեսնում ենք մի հավաքածու, որտեղ պատերազմող ժողովուրդների գրքերը կարծես հուշում են խաղաղություն, որը իրականում գոյություն չունի արտաքին աշխարհում՝ մի ընդհանուր հողի, ընդհանուր լեզվի հնարավորություն։
Սրան հետեւելը հատկապես ցավոտ է, որովհետև մենք դեռ չենք դադարում հավատալ, որ գրքերը կարող են տարածել այդ խաղաղությունը՝ եթե միայն ճիշտ մարդիկ կարդան ճիշտ գրքերը և ճիշտ կերպով հասկանան դրանք՝ նույնիսկ երբ դրանք բառացիորեն դուրս են շպրտվում դարակներից։ Կամ գուցե ամենակարևոր պատերազմական գրքերը հենց նրանք են, որոնք երբեք չեն գրվել։ Աննա Ֆրանկի վեպերը, Ըսիպ Մանդելշտամի ուշ շրջանի պոեզիան, Ուիլֆրեդ Օուենի հասուն գործերը, որը զոհվեց Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից ընդամենը մեկ շաբաթ առաջ՝ 25 տարեկանում։ Հասան Քանաֆանիի՝ խաղաղության իրական հույսերը՝ ի՞նչ ձև կարող էին ունենալ դրանք։ Եվ բոլոր այն ստեղծագործությունները, որոնք երբեք նույնիսկ չեն սկսել գոյություն ունենալ։ Գուցե հենց սրանք են այն գրքերը, որոնք մեզ պետք են՝ լի այն պատասխաններով, որոնք մենք դեռ չունենք։ Գուցե պատերազմի իրական գրքերը պարզապես դատարկ էջեր են։
Կլաուդիա Ռոտ Փիրփոթ
Աղբյուրը՝ այստեղ
Թարգմանեց՝ Գայանե Պողոսյանը
