Ըստ գրականագետ Ջ. Սքոթ Բրայսոնի՝ էկոպոեզիան բնության պոեզիայի մի տեսակ է, որին հատկանաշական է կենսակենտրոն հայացքը, որն ընդունում է աշխարհի փոխկապակցված բնույթը, արտահայտում է բնության հանդեպ խորին խոնարհում և ակնածանք, թերահավատորեն է վերաբերվում գերռացիոնալության ու տեխնոլոգիաներին և նախազգուշացնում է բնության քայքայման, կլիմայական փոփոխության և կենսաբազմազանության կորստի հետևանքով առաջացող մոտալուտ էկոլոգիական աղետների մասին: Էկոպոեզիան վերելք ապրող ժանր է աշխարհի տարբեր կողմերում ստեղծագործող ժամանակակից հեղինակների շրջանում։
Մերի Պողոսյան
Ջեյն Հիրշֆիլդը ծնվել է 1953 թվականի Նյու Յորքում, բանաստեղծ է, էսսեիստ եւ թարգմանիչ։ Նա հայտնի է որպես «ամերիկյան պոեզիայի կենսոլորտի կենտրոնական խոսնակներից», «ժամանակակից վարպետներից» մեկը, որը գրում է «աշխարհի ամենակարևոր բանաստեղծություններից»։ Նա ավարտել է Փրինսթոնի համալսարանը 1973-ին, 1979-ին ստացել է Սոտո Զեն բուդդայական օրդինացիա Սան Ֆրանցիսկոյի Զեն կենտրոնում։ Հիրշֆիլդի տասը բանաստեղծական գրքերն արժանացել են բազմաթիվ մրցանակների, ներառյալ Կալիֆորնիայի գրքի մրցանակը և Դոնալդ Հոլ – Ջեյն Քենյոնի անվան ամերիկյան պոեզիայի մրցանակը։ Նրա ստեղծագործությունները բազմիցս ընդգրկվել են The Best American Poetry ժողովածուներում ու հրապարակվել են The New Yorker, The Atlantic Monthly և The New York Times պարբերականներում։ 2019 թվականին ընտրվել է Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի անդամ։ Լայնորեն հրատարակվելով համաշխարհային թերթերում և գրական ամսագրերում` նրա աշխատանքները թարգմանվել են ավելի քան տասնհինգ լեզուներով։
Նրա պոեզիան առանձնանում է պարզությամբ, խորությամբ և զգայական պատկերայնությամբ։ Քննադատները հաճախ նշում են նրա աշխատանքի մեջ Զեն բուդդայական մտածողության ազդեցությունը, սակայն Հիրշֆիլդն ինքը ընդգծում է, որ իրեն պետք չէ դասել «Զեն բանաստեղծների» շարքին՝ ասելով․ «Ես պարզապես մարդ բանաստեղծ եմ»։ Նրա գործերում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում բնության ու մարդու փոխկապակցվածությանը, հասարակական արդարության և խաղաղության թեմաները։
Վերջին տարիներին Հիրշֆիլդն արժանացել է բարձր միջազգային ճանաչման՝ 2024-ին դառնալով Չինաստանի Ժոնգքուն միջազգային պոեզիայի մրցանակի առաջին կին և առաջին անգլերեն լեզվով հաղթողը։ Նա ընդգրկվել է նաև Ամերիկյան Արվեստների և Գիտությունների ակադեմիայում ու շարունակաբար զուգակցում է բանաստեղծությունը բնագիտության հետ՝ պոեզիան դիտելով որպես «տեսանելի դարձնելու արվեստ»։
Թող չասեն
Թող չասեն՝ մենք այն չտեսանք։
Մենք տեսանք։
Թող չասեն՝ մենք այն չլսեցինք։
Մենք լսեցինք։
Թող չասեն՝ նրանք չճաշակեցին այն։
Մենք կերանք, մենք սարսռացինք։
Թող չասեն՝ չասվեց, չգրվեց։
Մենք խոսեցինք,
մենք վկայեցինք մեր ձայներով ու ձեռքերով։
Թող չասեն՝ նրանք ոչինչ չարեցին։
Մենք արեցինք՝ ոչ բավարար։
Թող ասեն, քանի որ պետք է ինչ-որ բան ասեն`
Կերոսինային գեղեցկություն։
Այն այրվեց։
Թող ասեն՝ մենք ջերմացանք դրանով,
կարդացինք դրա լույսի տակ, փառաբանեցինք,
ու այն այրվեց։
Գլոբալ տաքացում
Երբ նրա նավն Ավստրալիա եկավ առաջին անգամ,
գրել է Քուքը, բնիկները
շարունակեցին ձուկ որսալը, առանց վեր նայելու:
Անկարող, թվում է, վախենալ մի բանից,
որ չափազանց մեծ էր ընկալման համար:
