Աշխեն Քեշիշյան/Ես սիրում եմ, երբ լսում ես ինձ

***

Հորդ անձրևում է.
Ճնճղուկները իմ բակի
խնձորենու վրայից գնում են,
ես չգիտեմ ուր։
Ճնճղուկներ չկան,
ճերմակ ծաղիկներ են հայտնվել
խնձորենուս վրա.
մի կին լվացքի պարանից
իր կապույտ սավանը ներս տարավ,
մի երեխա հեծանիվ վարելը արագացրեց,
իմ կատուն նստած պատուհանագոգին
երկար նայում է անձրևին։
Անճնճղուկ ծառեր
ու աներեխա փողոցներ են
անձրևի ժամանակ։
Իմ խնձորենին գորշ ամպերի մեջ է երևում,
հետո արևի ուժեղ լույսի մեջ։
Վաղը անձրևը կդադարի
ու արևը կգա հին երազի պես,
արևը կգա հին երազի պես…

***

Երբեմն հրեշտակն ընկնում է իմ ուսերից,
երբեմն ուղղակի թեթև
քերծում է մարմինը,
երբեմն կոտրում է թևերը,
երբեմն ես մոռանում եմ
նրան ու
քայլում միայնակ։
Երբեմն ետ եմ վերադառնում,
օգնում եմ բարձրանա,
մաքրում եմ վերքերը,
մաքրում արցունքները,
նստեցնում եմ ուսերիս
ու գնում առաջ։

***

Ես սիրում եմ, երբ լսում ես ինձ
Ու ես կարող եմ պատմել ու պատմել
ինչից ասես.
օրինակ՝ ես կարող եմ պատմել
ինչպես էր հայրս Կապանի հանգստյան
տանն անտառից սունկ հավաքում
և սնկի թթու դնում։
Այդ հանգտսյան օրերից
ես գրեթե այլ բան չեմ հիշում
մեկ էլ այն, թե ինչպես էին
թաց խոտերը արթնանում,
կաթնամանուշակագույն լուսաբացներին։
Ես սիրում եմ, երբ լսում ես ինձ…
իմ այսօրվա տաք սուրճը դարչինով
փորձելու մասին,
կամ էլ՝ այն մասին, որ
հուշերը անպայման պիտի որ
մի տեղ ոտնահետք ունենան,
որ մենք նրանց չկորցնենք։
Ես սիրում եմ, երբ լսում ես ինձ,
և ես քեզ պատմում եմ,
որ երազում, կամ արթմնի
տեսել եմ լույսի բաժանումը
խավարից։
Որ մի օր գնացի իմ սպասման ետևից,
որ այլևս չսպասեմ,
որ մի օր տերևների վրայից անձրևաջուրը
թափվեց ինձ վրա
ու դեմքս պայծառացավ։

Please follow and like us: