Արսեն Ներսես/Նեղ դուռը

Ողբ տաճարի

Nessun maggior dolore
che ricordarsi del tempo felice
ne la miseria

Dante Alighieri “Inferno”

տաճարների շուրջ
մեր սերերն են կործանվում

քանզի մեզ լքողը
սերն է միայն

և մենք մեռնում ենք սիրուց

ու թափվում տաճարների շուրջ
իբրև
ականջակալների տակ
թաքնված երաժշտություն
սիրո մասին

— մի՞թե հույս ունեիք որ տաճար կդառնաք
մինչև իսկ հուսացի՞ք որ կհառնի ձեր առջև
Նա
ում համար պիտի տաճար դառնայիք

— Դո՞ւ էիր
որ պիտի գայիր
որպէս յունկանն բժշկութիւն1

Սեր իմ

…մենք չբժշկվեցինք
մենք չենք բժշկվելու
ինչպես ծարավից չորացած ծառեր
ջրափին

չկա ավելի մեծ ցավ
չկա ավելի մեծ ցավ2

—հեռացեք պարտվածներ

այս տաճարում այլևս
ձեր սերը չի ապրում

այս տաճարում այլևս
ձեր սերը չի ապրում

Նեղ դուռը

1
նեղ դռան
և լայն ու կանաչ
ճանապարհի միջև

մենք կանգնած ենք
իբրև կուրություն

և այնտեղ
թողնելու
կամ թողնված
լինելու միջև

մենք ընտրություն չունենք

բերնեբերան լցված
անցյալով

թողնելու
կամ թողնված
լինելու միջև

մենք վատնված հավատ ենք

թաքնված
սուրճի մրուրում

իբրև ճակատագիր

2
կասսանդրա

մենք ըդամենը հավատի
և անհավատության
զոհեր ենք
ճշմարտության մեջ

մենք պարզապես
վատնված իրականությունն ենք

չիրականացած երազի

և իրականացած
մարգարեության


3
անցյալի մեջ
ժամանակն աղոտ
հիշողություն է

իբրև ներկա

իբրեւ ընդ հայելի աւրինակաւ

և գուցե խաբում է մեզ
ու տանում

դեպի հեռավոր
շշուկներն այն

ուր իրական են միայն
մեր բացակայությունները

քանզի
մեր երազն ու հուշը
մեզ թաքցնում են
այնտեղ

ուր մենք չկանք

և
ուր մենք չենք լինելու


4

մենք
ի սկզբանե
հանձնված
ու զինաթափված

հավերժություն ենք

իբրև
չպատերազմած
պարտություն

որ փորձում ենք
հուսահատորեն
ընտելացնել
ինքներս մեզ
ժամանակին

և մենք
որ անվերջ
նայում ենք
ժամացույցին —

ոչ մի տեղ չենք շտապում

մենք սպասում ենք միայն

առանց ժամադրության
և առանց ժամացույցի

5

այնտեղ
ուր աշխարհից ծիկրակող լույսերը
լռում են աստղերի շշուկների տակ

ուր աշխարհից եկող ճանապարհները
խորտակվում են ավազների մեջ —

այնտեղ
պատվանդաններից
իջնում է
Սերը

վերադառնալու
ի ներքս
ի մեզ

…և այնտեղ
ժամանակը կա

չլինելու նման

1 իբրև ունկի բժշկություն քո դեմ դուրս եկածի…
Գ. Նարեկացին այս հատվածում ակնարկում է ավետարանական հայտնի պատկերը, երբ Հիսուս բժշկում
իրեն ձեռբակալող զինվորի կտրված ականջը

2 nessun maggior dolore – Դանթեի «Դժողքից»


Please follow and like us: