Շուշանիկ Կուրղինյան/Ապրել եմ ուզում

Այդ ես եմ անհաղթ

Այդ ես եմ անհաղթ, հսկում ձեզ վրա երգով հոգեթով.
Այդ ես եմ անքուն ձեզ բախտ երազում մայրական գթով.
Ղողանջս վայրագ հնչում է արագ
Ձեզ համար կյանքի, ով խորթ զավակներ,
Որ ծախված օրով ապրուստ կը մուրաք
Ու չեն չորանում տանջանքիդ ակներ։
Ղողանջս հնչուն հնչում է արագ
Ձեր անփառք կյանքի հզոր շռինդով ―
Միշտ ոլորտացող պայքարին պապակ
Անհագ վրեժի և ոխի խինդով։
Այդ ես եմ կայտառ ու ըմբոստ հոգով՝ ձեզ հետ մնացի,
Այդ ես ձեր սիրուն թողի մեղեդիս նուրբ ու կանացի․․․

1908

Ապրել եմ ուզում

Ապրել եմ ուզում, բայց ո՛չ մեղկ կյանքով,
Անհայտության մեջ, անշահ, բթամիտ,
Կամ արդ ու զարդին գերի ողջ մտքով՝
Որպես թույլ էակ, քնքուշ ու վտիտ. ―
Այլ ձեզ հավասար, ձեզ պես բախտավոր
Ով դուք այր մարդիկ, ուժեղ եւ համառ,
Փորձանքի դիմաց՝ առողջ, մտավոր
Կատարելությամբ եւ մարմնով կայտառ։

Սիրել եմ ուզում՝ անկե՜ղծ, անդիմակ ―
Ձեզ պես ինքնիշխան. որ երբ սիրեցի՝
Երգեմ աշխարհին իմ սիրո նվագ
Եվ սիրտս բանամ, սիրտս կանացի՝
Ամբոխի առաջ․․․ նրա խիստ դատին
Արհամարհանքի դիմեմ վահանով
Եվ սո՜ւր նետերը ուղղված իմ սրտին
Փշրե՛մ, ջախջախե՛մ աննվաճ թափով։

Գործել եմ ուզում ձեզ հետ հավասար,
Որպես ամբոխի հարազատ անդամ.
Եվ անկախության իդեալի համար
Թող գիշեր ցերեկ, միշտ, ամեն անգամ
Կրեմ հալածանք, երկրե-երկիր
Թափառեմ, տոկամ․․․ եւ թող տանջանքի
Բեռը ինձ ճնշե թեեւ տարագիր
Միայն՝ ձեռք բերեմ իմաստը կյանքի։

Ուտել եմ ուզում՝ հանգիստ ձեզ նման՝
Այն արդար հացից ― որին ճարելու
Սուրբ աշխատանքին տվի իմ լուման.
Գոյության կռվում խոնարհ եւ հլու
Ամոթ չզգալով օրհնած վաստակից
Թող թափեմ աղի քրտինք-արտասուք
Ապրուստիս՝ բանվոր իմ ժիր ձեռքերից
Հոսե ալ արյուն, հոգնե իմ թիկունք։

Կռվել եմ ուզում, նախ՝ ձե՛զ ախոյան
Ձեր դիմաց կանգնած հի՜ն-հի՜ն վրեժով.
Որ անմտորեն, առանց գթության
Ինձ ճորտ դարձրիք սիրով եւ ուժով․․․
Ձեզ հետ իմ սեռի հաշիվը մաքրած ―
Կռվել եմ ուզում եւ բիրտ կյանքի դեմ ―
Ձեզ պես համարձակ, ձեր ձեռքը բռնած
Լինել-չլինելուն կանգնած դեմ առ դեմ․․․

Հունիս 9, 1907

Բանվորները

Այդ մե՜նք ենք գալիս՝
Մաշուած բաճկոններ, իւղոտ ու մրոտ,
Տրորուած գտակ, աղտոտ մազերով,
Մեծ մասամբ դեղնած, գծուծ եւ բոկոտ,
Երբեմն տժգոյն, երբեմն անխռով.
Երբեմն քաղցի, լուռ տառապանքի
Սեւ կնճիռների անջինջ կնիքով,
Երբեմն ըմբոստ արհամարհանքի,
Անզուսպ զայրոյթի վրէժի թոյնով.
Դեռ վաղ ծերացած հոգեմաշ ցաւից,
Լոյսի, թարմ օդի տենչանք դէմքերիս
Ու մարդավայել ապրելու յոյսից,
Դեռ խո՜ր վէրքերի կսկիծ սրտերիս՝
Այդ մե՜նք ենք գալիս․․․
Մենք, բանուորներս՝ տռզած փորերի
Շերտաւոր ճարպի, ոսկու դէզերի
Անվարձ մշակներ․․․
Մենք, բանուորներս՝ վշտի, արցունքի,
Կիսաքաղց կեանքի, բանտի, աքսորի
Անբաժան ընկեր․․․
Մենք, բանուորներս՝ ապրելու ահից
Կեանքի շուկայում ստոր վաճառքից
Էժան ծախուածներ․․․
Ո՜վ մեծ տզրուկներ, մարդկային կեանքի,
Ստեղծագործութեան անարգ խեղդիչներ.
Դո՛ւք՝ փարթամութեան, անառակ տենչի
Քնած խիղճերով թմրած խլուրդներ.
Դո՛ւք, ամօթապարտ գերեզման փորող
Գարշ դահիճներդ սուրբ ազատութեան,
Ձեր նմանների արիւնը լափող,
Բողբոջ յոյսերի դեւեր հոգեհան,
Գուցէ չե՞նք շոյում մեր տանջուած դէմքով
Ձեր նուրբ ջղերը, հոգով քաղցածներ,
Դուք՝ կուշտ մարմիններ։
Չէ՞ որ մեր արեան մի մի կաթիլով,
Աղի ու լեղի թափած քրտնքի,
Դառն արցունքների անվերջ հեղեղով,
Մեր բազուկների հուժկու, ժրաջան,
Կոր թիկունքների, հոգու տագնապով,
Մեր գլխին պատրաստ ամէն մի վայրկեան
Չարաբաստ մահուան անլուր սարսափով
Սնունդ էք առնում,
Ապրում, իւղ կապում․․․
Եւ վաստակներիս չնչին փշրանքներ
Դժգոհ շպրտում քաղցած ամբոխիս
Կ՝ասես մարդկութեան մենք խորթ զաւակներ.
Դուք՝ վայելչութեան, անարդար կեանքի
ընտիր ըմբիշներ․․․
Հա՜, մենք ենք գալիս
Դարեւոր վշտի զրկանքի բովից,
Հալածանքների, գարշ ստրկութեան
Մոռացուած խաւից՝
Կրծքով փշրելու փառքը տիրողին,
Գահը բռնութեան, ստրուկի շղթան,
Նոր ուղի հարթել մեր նմաններին,
Արժանի կոչման, հաւասարութեան՝
Այդպէ՜ս ենք գալիս․․․։

Բանվորուհու երգը

Բաճկոնդ կապույտ,
Յուղոտ է՝ ի՞նչ փույթ․
Էլ լուծ չես կրի՝
Դու տերն ես երկրի․․․

Շինում ես, շտկում․․․
Քո ազնիվ մտքում,
Հոգսը նմանի
Տրտունջ չի հանի։

Հինն ես խարխլել,
Ոչինչ չես խլել․
Անհոգ թռչնի պես
Կուշտ օրդ է հանդես։

Դու հինն ես քանդել
Ու կապված անթել,
Հոգուս, սրտիս հետ՝
Կապրես, իմ ասպետ։

Ու արթուն մտքով
Ինձ էլ քո հետքով
Կանչում ես հառաջ,
Դատս ձեռքդ առած։

Բաճկոնդ կապույտ
Մրոտ է՝ ի՞նչ փույթ․
Ես լուծ չեմ կրի՝
Դու ես տերն երկրի․․․

1922 թ. 20 հունվարի

Բանվորի երգը

Ես ծնվել եմ մութ խրճիթում մշտաթաց․
Աղքատ կյանքի խոպանացած հովիտում,
Ուր որ քաղցը մանուկ օրից գրկաբաց
Չոր ձեռքերով վատուժ կյանքս էր շփշփում։

Ու տալիս էր նա ինձ այնքան կերակուր,
Որ չմեռնեմ ու չփախչեմ իր գրկից,
Գիշեր-ցերեկ ինձ հսկում էր նա անլուր,
Հյուսում շղթա տանջանքների օղակից։

Թոթով լեզուս նա բաց արեց առաջին
Վիրոտ կյանքի տառապանքի հևումով,
Վաղ վշտերի սափոր շինեց իմ հոգին
Ու լցրեց կսկիծներից մեծ թափով։

Գիշերները անքուն աչքով լալագին
Մատաղ կյանքիս ցուրտ խորանի մոտ չոքած,
Մոռացվելով փարվում էի ցնորքին՝
Ու քուն մտնում հոգնած մտքով ու քաղցած։

Երբեմն հոգիս թրթռում էր, սլանում
Դեպի եթեր՝ աստղերի մոտ հուսալով,
Ուր որ այնքան ջինջ է, անվիշտ անպատում,
Ուր որ աստված մոտ է այնքան իր գահով։

Զարթնում էի վաղ փայտացած մատներով
Անկուշտ քամու ու կարիքի ոռնոցից,
Որ բախում էր դուռս սուր-սուր ճանկերով,
Կամ ներս մտնում խարխուլ պատե ծերպերից։

1906 թ․

Դերձակուհին

Նա հրաժարված կյանքից, երազից,
Կարում է անխոնջ գիշեր ու ցերեկ․
Նրա կուրծքը նեղ, թխկում է հազից,
Տոնական հույզով չէ հրճվել երբեք․․․

Սապատ է բուսել ջահել թիկունքին,
Մարմինն է վտիտ, դեմքը՝ վաղ խամրած․
Անգութ հարվածի սպի կա ունքին,
Կապույտ աչերի նուրբ ցոլքը մարած․․․

Երկու փոքրիկի նա քուն է դրել,
Երրորդին զգույշ օրորում ոտքով․
Ծախված գիշերից չորրորդն է կերտվել,
Որ կրում է դեռ իր վատուժ կրծքով․․․

Տեսա, թքի մեջ արյան բծեր կան,
Հազն էլ շեշտ ունի գիշերվա կեսին․
Վաղը նա, անշուշտ, կիջնի գերեզման,
Պերճ տառապանքի խաչը իր ուսին․․․

Իսկ քաղցած, բոկոտ որդիքը նրա
Պիտ փտեն հանքում անհաց ապրուստով․
Աղջիկներն անտեր՝ մայթերի վրա
Կը ծախվեն աժան ներկ ու հագուստով․․․

1908 թ. 9 մայիսի

Դու դեռ քնած ես․․․

Դու դեռ քնա՞ծ ես, դեռ խարխափո՞ւմ ես
Ճահճացած կյանքիդ նեխող տիղմի մեջ,
Գիտակից կռվին մինչ այժմ անտես,
Չզգացի՞ր ուժը իղձերի անշեջ։
Դու դեռ պահում ես հոգու ծուլության,
Անշահ ու անշարժ հանգստի գրկում,
Կամ թե չէ անարգ ստոր ճոխության
Տմարդ հաճույքի բույրն ես ծծում։
Դու դեռ ապրում ես խղճալի գերի
Անմիտ կարգերից ձեռք, ոտք շղթայված,
Գործնական կյանքում դու, ողոմելի՛,
Մի անպետք փալաս ձգած, մոռացած։
Դեռ պարբերաբար ծնում ես մարդիկ՝
Ում բացի կաթից բան չունես տալու՝
Ինչպես անասուն, անբան ու անմիտ,
Անկատար զանգված, ստրուկ ու հլու։
Արթնացիր, թշվա՛ռ, դուրս արի շուտով,
Գարշ վախկոտության պատյանի միջից՝
Որտեղ ապրել ես գերի դարերով՝
Կալած ու կապված դրսի աշխարհից։
Արթնացի՛ր, թշվա՛ռ․․․ ձայն տուր ամենքին՝
Ով որ հոգնել է բռնության գրկում,
Ում սրտում գեթ մի կաթիլ մարդկային
Արժանավորության իղձն է փլփլում․․․
Արթնացի՛ր, թշվա՛ռ, կյանքի հեղեղուն
Գոռ ալիքներին հանձնվիր համարձակ՝
Այնտեղ է կյանքը, այնտեղ է անհուն
Վեհ իդեալների կռիվ հաղթանակ․․․

1906 թ

Դուք հաց մուրացեք

Կրկին սովալլուկ, կրկին մուրացկան,
Անհաց ու անտուն ձմեռվա պահին․
Կրկին ձեզ համար վայելքներ չկան,
Ձեռք եք կարկառում անսիրտ աշխարհին։

Ա՜հ, թշվառ սերունդ, ստրուկ հոգիներ,
Ոճրագործ ուժին քծնելու սովոր,
Որ ծանրակշիռ բեռին միշտ ընկեր
Ծծել եք տալիս հյութերդ բոլոր։

Չէ՞ որ շատ անգամ պարզած ափի մեջ
Կոշտ քարի կտոր դուք շոշափեցիք,
Չէ՞ որ դարերով հրաշք երկնաէջ
Անարգ, սողալով իզուր հայցեցիք։

Եվ անտարբերության գարշելի ճահճում
Գեթ կուշտ լինելու չեք արել ոչինչ․
Խղճուկ ու վախկոտ՝ քան տկար ճիճուն,
Բարբարոս կյանքին տվել ամեն ինչ։

Կրկին աղեխարշ լացե՛ք, մուրացե՛ք,
Կուշտի սեղանից չնչին փշրանքներ,
Կրկին վաստակած ձեռքերդ բացեք,
Որ նետեն ձեզ այն, որին դուք եք տեր։

Դեռ ձեզ չի հասել վերածնության
Ահեղ ցնցումի կայծակն ու որոտ․
Դո՛ւք, որ կուրորեն սիրեցիք շղթան՝
Դուք հաց մուրացիք միշտ գծուծ, բոկոտ․․․

1907 թ. 8 հոկտեմբերի

Ես ձեզ խղճում եմ

Խղճում եմ ես ձեզ, բթամիտ կանայք.
Որ արդ ու զարդի հետևից ընկած,
Թրև եք գալիս միշտ աննպատակ,
Լպիրշ վաճառքի դեմքերդ՝ կոկած։

Որ ամեն հնար դուք գործ եք ածում
Միշտ արուների հաճույքը շոյել.
Եվ գիշեր ցերեկ միայն մտածում
Խանդոտ դավերի որոգայթ լարել։

Որ կողոպտում եք դառը վաստակի
Վերջին կոպեկը ձեզ սիրող մարդու.
Չեղած ժամանակ անսիրտ անհոգի
Կեղծ զոհ ձևացած լալիս որպես բու։

Որ ունեք բնազդ նուրբ առուտուրի`
Կարելիին չափ թանկ եք ծախում ձեզ.
Անվերջ պայքարով լոկ հրապույրի
Հագուստի մրցման շինում եք կրկես։

Խղճում եմ ես ձեզ` շվայտ գերիներ,
Միտք<ը> թավիշի ծալքերում կորցրած.
Որ ուղեղ ունեք, բայց չկան մտքեր,
Որ սրտեր ունեք կեղծիքով ներկած․․․

1907 թ․ 21 մայիսի

Երգել ուզեցի՝ ասին չգիտես

Երգել ուզեցի՝ ասին չգիտես.
Երգեր հյուսեցի՝ լռի՛ր, աղջիկ ես.
Բայց երբ բիրտ կյանքում
Ես ցավերգ դարձա,
Ամենքի կրծքում
Ես տեղ ունեցա…
Ես շատ երգեցի,
Ասին՝ շուտ կը հոգնի,
Բարձր երգեցի՝
Հանկարծ կը կտրի.
Անվերջ երգեցի՝
Շողոքորթեցին…

1907

Երկու դիակ

Ցուրտ շիրիմներում՝ փորված իրար մոտ,
Պատահան միմյանց երկու չոր դիակ․
Մեկը խիստ հաստ էր, շերտավոր ճարպոտ,
Մյուսը՝ սաստիկ նիհար ու բարակ․․․
Լսիր, բարեկամ, ձայնեց այն տռզած
Դիակն իր կողքի մոտիկ պառկողին,
Երկուսս էլ դիակ, երկուսս էլ մեռած,
Հանձնվեցինք հավերժ այս դաժան հողին։
Սակայն դու պառկել հանգիստ, անվրդով,
Նայում ես լռիկ մարմնիդ փթելուն,
Ես՝ ծանրաբեռնված անհամար որդով
Տանջվում եմ անձայն քանց գերին-հլուն․․․
Ա՜հ, այս է եղել ունայն աշխարհից
Հեռացողներին մի հանգստավայր․․․
Բայց ո՛չ քեզ համար,
Երկրորդ շիրիմից
Ասաց խստագին դիակն այն բարակ,
Այն լույս աշխարհում դու, որ բախտավոր,
Միշտ բռնի ուժով շինեցիր ճարակ
Լայն աղիքներիդ զոհեր բյուրավոր․
Հյութերը մարդկանց անվաստակ քրտինք․
Արցունքը աղի, արյունն ալ-կարմիր,
Տենչերը ազատ զորության կնիք
Բնազդով նանիր
Կերար-ծծեցիր․
Քո բաժին բեռը՝ անզորի ուսին,
Ուժով տկարի հացը խլեցիր,
Եվ ճարպոտ մարմնովդ դեմ կանգնար լույսին,
Լույսին ոխերիմ,―
Այստեղ հողի տակ ինձ հետ հավասար
Պիտ լուծվես, փթես, անկուշտ որդերին
Շերտերդ ճարպի որպես ճոխ պաշար,
Պիտ ծծվեն լափվեն․․․
Հա՜, հա՜, հա՜․․․ իսկ դո՞ւ, որ քաղցած ծնար,
Քաղցած էլ մեռար,
Որդերն էլ քեզնից օգուտ չստացան․․․
― Ինձանից օգուտ ես այլ որդերի
Տվի բավական,
Որոնք միշտ սովոր կուշտ ու զեխ կյանքին
Առան իմ հոգին,
Երբ ես չուզեցի փորին հացկատակ
Լինել հպատակ․․․

1907 թ. 31 հոկտեմբերի

Թե կուզեք ապրել

Գեթ հեղաշրջման այս ժամին վսեմ
Ազգային ճաղատ փառքը թողնեիք․
Եվ անհաշտ օրից դալուկ ու նսեմ,
Ամենքի կողքին նոր ուժ առնեիք։

Ի՞նչ շահ դարերով տզզալ անզգա
Նանիր ցնորքից գործած ոստայնում,
Բնական գաճաճ՝ ձևանալ հսկա,
Եվ մուրալ այնտեղ՝ ուր չեն ստանում։

Գոյության կռվում երբ կաք ու չկաք՝
Արժան չէ՞ արդյոք ջնջվել երկրից,
Գոնե ուրիշին դուք տեղի կտաք․
Ով ուզե ապրել նոր կյանքով, նորից։

Թե կուզեք ապրել, ապրել ապահով՝
Բռնեք այն ձեռքը, ով էլ որ ձեզ տա,
Նոր ուղին փշոտ՝ հարթվում է մահով,
Որ ծանր խաչը հանեն Գողգոթա․․․

1908 թ. 12 փետրվարի

Թող եռա անխափ ծովը զրկանքի․․․

«Կռվի մեջ ձեռք կբերես քո իրավունքը․․․»

Թող եռա անխափ ծովը զրկանքի,
Կատաղած ալին արնոտ ափերից
Կուլ տա՛ տագնապով, առանց փրկանքի
Անհամար զոհեր կռվող շարքերից։

Թոզ ճնշե՛, ընկճե՛ լուծը բռնության,
Լցված բանտերի ճարճատեն պատեր․
Ճոճա կախաղան, զնգզնգա շղթան,
Արնաքամ մեջքին շաչեն մտրակներ։

Թող քաղցը մաշե՛ փոքրին և մեծին
Եվ ագահ ծծե հյութը սրտերի․
Գարշ ատելության շունչը քմածին
Հյուսե անարգել ցանցը դավերի։

Թող գազանային հակումով դաժան
Եղբայր եղբոր դեմ կանգնեն ստահակ,
Եվ հյուծեն մարդիկ անընկեր, բաժան,
Ամեն սրբություն արած ոտնատակ։

Եվ թող ոլորտա երկրի երեսին
Հղփացած կյանքի մոլար զեխություն․
Չարը խափանի կենսարար լույսին՝
Սև աղջամուղջի տիրե թանձրություն։

Այնժամ․․․ լոկ ա՛յնժամ, այդ մեծ կռվի մեջ
Մենք ձեռք կբերենք մեր սուրբ իրավունք՝
Երբ քաջ, միացած, հավատով անշեջ՝
Ոչ ոք չտեսնի վախկոտի թիկունք․․․

1907 թ. 13 մարտի

Իմ կյանքն ու խաչը

Աշխարհ եկա
Մութ խրճիթում՝
Ուր որ ագահ
Քաղցն էր վխտում։
Սև զրկանքի
Ցուրտ գրկի մեջ,
Տառապանքի
Խարույկն անշեջ՝

Տգիտության,
Մրուրակալ
Ամուր շղթան
Ուսուց ինձ լալ․․․

Շուրջս խավա՜ր․․․ կախված օճորք, ճեղքված թոնիր,
Պապից թողած ավանդական ծեսեր ու պաս,
Եվ բռնության հանդեսները միշտ անխտիր
Ըմբո՜ստ հոգուս, ազատ սրտես միշտ անպակաս։

Սակայն մտքիս
Լայն թևերով,
Հպարտ հոգիս
Սիրած տենչով
Սավառնում էր
Մի այլ աշխարհ՝
Իղձեր ուներ
Վեհ, օգտակար․․․
Գիշեր ցերեկ
Տանջվելով լուռ
Կյանքի բեկ-բեկ
Ցավից մրմուռ․․․
Ազատության
Լույսին ծարավ,
Ստոր շղթան
Չընկճեց բնավ,
Ինձ՝ որ կյանքում
Ջինջ հույսերով
Եվ անլքում
Այնպես սիրով
Ընկա ճամփա
Մենակ, անոք,
Ճակտիս վրա
Անեծք, բողոք․․․

Եվ կեղծիքից, բիրտ գործերից վշտացած,
Իմ թույլ կրծքով մտա կռիվ ուժից վեր՝
Հարվածների գոռ տարափից խոնջացած
Դեռ այնքան վաղ սրտիս իջան կնճիռներ․․․

Եվ մի ծանր
Սև խաչ ուսիս,
Լռիկ, համր
Ցավը՝ սրտիս,
Ես՝ ամենքին
Նվիրվեցի,
Եվ իմ երգին
Լար ընտրեցի
Սեր, միություն,
Երգել անմար
Ազատությո՜ւն
Կյանքի համար․․․

1907 թ․ 10 ապրիլի

Ինչու․․․

Այնտեղ՝ խրախճանք շեն պալատներում,
Ոսկի և արծաթ,
Սեղաններ առատ,
Չարն է անպատիժ, դավերին՝ ներում,
Վշտերից՝ անտես,
Բախտը ժպտերես։

Այստեղ՝ սև կարիք, ճնշում, մաշող սով,
Որբերի լաց, կոծ,
Քաղցածներ անգործ․
Լքած գերիներ, շնչող լոկ հուսով,
Ստրուկ և անբախտ․
Կործանիչ ժանտախտ։

Այնտեղ՝ շքեղ փառք, անարժան պատիվ,
Ձեռքեր արյունոտ,
Խղճեր մրուրոտ,
Լիրբ շվայտության մոլություն անթիվ
Տեր ու տիրական,
Եվ տենչեր վարձկան․․․

Այստեղ՝ կախաղան, աքսոր, բանտ, մտրակ,
Կյանքի սև գիշեր,
Տրորած լեշեր.
Բողոք, անեծք, ճիչ բռնի լծի տակ,
Արցունք ամեն օր,
Զրկանք ահավոր․․․

Այնտեղ՝ փափկասուն, սպիտակ ձեռքեր
Կյանքից հղփացած,
Փորեր յուղ կապած․
Սիրո, հեշտանքի շռայլ հաճույքներ,
Ինքնիշխան, անկախ,
Ամենքից անվախ․․․

Այստեղ՝ կոր թիկունք, ձեռքեր կոշտացած
Եվ ծախվածների,
Փոր հացի գերի
Ագահ հայացքներ, խոնավ, անլույս, ցած,
Խարխլած նկուղ՝
Մարդը՝ անպտուղ։

Ինչո՞ւ․․․ ո՛վ աստված, ինչո՞ւ այս ամեն
Անարդար վիճակ
Եվ նույն երկնի տակ,
Նույն հողի վրա, միևնույն հյութեն
Չկա հավասար
Ոչ մի գործ արդար․․․

1907 թ․, 5 ապրիլի

Կալանավորներին

Ո՞վ է փողոցի անդորրը խլում
Եվ կոշտ երկաթի արագ հարումից
Օդում միալար ակկորդ արձակում․․․

Կալանավորնե՜ր․․․ Որպես ուրվական
Անցնում են ահա։ Հյուծված դեմքերից
Թախիծ է կաթում և շրթունքները
Լայն-լայն բաց արած ազատ օդ ծծում․․․

Եվ ծեր է մեկը, ալեզարդ գլխով,
Ծանր շղթայից կորացած, տրտում
Առաջ է գնում ու նրա հանգած
Պղտոր աչքերից արցունք է կաթում։

Մյուսը ջահել կատաղի դեմքով
Կրակ հայացքով շուրջն է դիտում
Ու կալանների սուր զրնգոցի հետ
Կատաղի սրտի վրեժը ժայթքում։

Երրորդը կին է․ խունացած շալը
Ձգած ուսերին․ բաց լայն ճակատին
Լուռ տանջանքների հետքն է երևում,
Ու զղջման զայրույթ խաղում աչերին․

Եվ փլփլում են մթության միջև
Պահապանների սևացած ջահեր,
Սև կյանքի մեղքեր հլու քաղելու
Սիբիր են քշում թե՛ ծեր, թե՛ ջահել․․․

Ո՞վ է փողոցի անդորրը խլում
Եվ կոշտ երկաթի արագ հարումից
Օդում միալար ակկորդ տարածում―
Կամ զուր տանջվողներ,
Կամ արնոտ ձեռքեր․․․

1905

Please follow and like us: