Միխայիլ Զոշչենկո/Կնիկը

Դատավորը ուշադիր նայում է մեղադրյալներին. Նրանք երկուսն են՝ մարդ ու կին։

Ինքնաթոր օղի՝ ցքի քաշողներ։

«Ո՞նց կլինի այսպես,- հարցնում է դատավորը,- ուրեմն, դուք, մեղադրյա՛լ, ձեզ մեղավոր չե՞ք ճանաչում:

-Հը-ը,- ասում է ամբաստանյալը,- չեմ ընդունում… Նա է ամեն ինչի մեղավորը: Թող ինքն էլ պատասխան տա: Ես սրա մասին բան չգիտեմ…

– Մի րոպե,- զարմանում է դատավորը,- այդպես ո՞նց կլինի: Դուք ապրում եք ձեր կնոջ հետ նույն տան մեջ և ոչնչից տեղյակ չե՞ք: Նույնիսկ չգիտե՞ք, թե ինչով է զբաղվում ձեր կինը:

– Չգիտեմ, քաղաքացի դատավոր… Նա է ամեն ինչի…

– Տարօրինակ է, – ընդհատում է դատավորը և դիմում տիկնոջը,- մեղադրյալ, դո՞ւք ինչ կասեք։

– Այդպես է, ընկեր դատավոր, չի խաբում… Ամեն ինչում ես եմ մեղավոր… Մահապատժի ենթարկեք ինձ… Նա կապ չունի:

– Ընկերուհի,- ասում է դատավորը,- եթե ուզում եք պաշտպանել ձեր ամուսնուն, ապա իզուր է: Դատարանը մեկ է կպարզի. Դուք միայն ձգձգում եք գործը։ Ինքներդ դատեք. հո չե՞մ հավատալու, որ ամուսինն ապրում է նույն բնակարանում և ոչինչ չգիտի… Ի՞նչ է, դուք նրա հե՞տ չեք ապրում:

Մեղադրյալը լռում է. Ամուսինը ուրախ գլխով է անում.

– Ես նրա հետ չեմ ապրում,- ասում է նա,- հենց էդ է, որ հետը չեմ ապրում: Ոմանք կարծում են, որ ապրում եմ, իսկ ես՝ ոչ։ Նա է ամեն ինչի մեղավորը․..

– Դա ճի՞շտ է: – դատավորը հարցնում է կնոջը։

– Ճիշտ է… Մենակ ինձ գնդակահարեք, նա կապ չունի:

– Ահա թե ինչ,- ասում է դատավորը, չեք ապրում… Բնավորությամբ էի՞ք անհամապատասխան:

Ամուսինը գլխով է անում.

– Բնավորությամբ, ընկեր դատավոր, և ընդհանրապես․․․ Նա ինձնից մեծ էլ է․․․

– Այսի՞նքն, ո՞ն թե մեծ եմ,- հարցնում է կինը,- մենք հասակակիցներ ենք, ընկեր դատվոր․․․ Եղածը մի ամսով եմ մեծ։

– Դա ճիշտ է,- ասում է ամբաստանյալը,- միայն մն ամսով: Ճիշտ է ասում, քաղաքացի դատավոր. Դե, բայց կնոջ համար ամեն ամիսը ոնց որ մի տարի լինի: Մանավանդ քառասուն տարեկանում…

-Ես քառասուն չկամ։ Սուտ է ասում, քաղաքացի դատավոր։

– Թեկուզ չլինես էլ, կնկա համար երեսունինն էլ տարիք է։ Քառասունին մոտ մազերն ամեն դեպքում սպիտակում են ու ընդհանրապես էլ…

– Ի՞նչ՝ ընդհանրապես,- վրդովվում է կինը,- ասա, հլա տեսնեմ։ Ինչի՞ ես ինձ ժողովրդի առաջ խայտառակ անում։ Ընդհանրապես՝ ի՞նչ։

Դատավորը ժպտում է.

– Հեչ, Մարուսեչկա… Ես հենց էնպես․․․ Ասում եմ՝ առհասարակ… և մաշկը նույնը չի, և կնճիռներ կան, եթե, ասենք, քառասուն տարեկան… Ես նրա հետ չեմ ապրում, քաղաքացի դատավոր…

– Ահա թե ինչ,- բղավում է կինը,- հավան չես մաշկիս, հա՞: Կնճիռներս, շուն շան որդի, դուրդ չեն գալիս, հա՞։ ՎԻզ ես դրել՝ ինձ խայտառակես, հա՞, մարդկանց առաջ… Սուտ է ասում, քաղաքացի դատավորներ։ Նա ինձ հետ է ապրում, շանորդին։ Ապրում է. Եվ  թորման ապարատաը ինքն է առել… Ես էս սրիկայի համար գլուխս շառի տակ եմ դրել, փկում եմ նրան, իսկ նա տեսեք ինչ է անում։ Խայտառակ․.. Թող միասին գնդակահարեն…

Կինը լաց է լինում՝ բարձր ձայնով խնչելով թաշկինակի մեջ։ Ամբաստանյալը ապշած նայում է կնոջը։ Հետո ձեռքը թափ է տալիս հուսահատ։

– Կնիկ, կնիկ, գրողի տարած կնիկ կնիկ… Թող էդպես լինի, քաղաքացի դատավոր… ես էլ… Ես էլ մեղավոր եմ: Թող էդպես լինի․.. Այ քեզ լիրբ…

Դատավորը խորհրդակցում է ատենակալիների հետ։

Թարգմանեց Արփի Ոսկանյանը

Please follow and like us: