Գրիգոր Գրիգորյան/Եվս մի տարի

Ավանդույթի համաձայն՝ ժամը 23:15-ին Սեթոն վերցրեց իր հաստ խալաթը և շտապեց լոգարան։ Մինչ ցնցուղ ընդունելը նա սափրվեց ու փոքրիկ մկրատով սկսեց կտրտել քթի մեջից դուրս ցցված ըմբոստ մազերը։ Հայտնվելով տաք ջրի տակ՝ նա սկզբից շամպունով երկար լվաց գլուխը, երկու անգամ օճառ քսեց մարմնին (սովորական օրերին նա շատ ավելի հետևողական էր և այդպիսի շռայլություն իրեն թույլ չէր տալիս), հետո մոտ տասը րոպե փակ աչքերով կանգնած մնաց տաք ցնցուղի տակ։ Այնուհետև անջատեց տաք ջրի ծորակը, փաթաթվեց հաստ խալաթի մեջ և նստելով մաշված փայտաթոռին՝ սկսեց մշակել ոտքերի եղունգները։ Վերջապես դուրս եկավ լոգարանից և շտապեց ննջարան, որտեղ, մահճակալի անկյունին դրված, նրան հնազանդորեն սպասում էր կնոջ կողմից արդուկված տոնական հագուստը։ Վեր ձգելով «ձմեռ պապիկ» գուլպաներն ու հագնելով զանգականախշ կարմիր շապիկը՝ Սեթոն մոտեցավ հայելուն։ Ոտքից գլուխ նայեց իրեն, սկսեց ուղղել տեղ-տեղ սպիտակած մազերը, երբ հանկարծակիորեն հայելու մեջինն անշարժացավ։ Սեթոն ևս անշարժացավ։ Նա չէր համարձակվում որևէ շարժում անել, վախը սրտում ուշադիր հետևում էր հայելու մեջինին։ Երկկողմանի անշարժությունը ձգվեց մի քանի վայրկյան, երբ Սեթոյի աջ ձեռնափի քորը ստիպեց նրան ձեռքերն իրար շփել։ Հայելու մեջինը ենթարկվեց Սեթոյին, և նրա շուրթերին նույնիսկ թեթևակի ժպիտ հայտնվեց։ Հաջողությունից ոգևորված՝ Սեթոն ազատություն տվեց իր շարժումներին, երբ հայելու մեջից լսեց իր ձայնը․

— Ո՞վ ես դու։

Սեթոն կրկին զգաստացավ, ձգվեց ամբողջ մարմնով։ Լսված հարցը խորքերից էր եկել, և նա մի պահ չհասկացավ՝ հարցը ներսի՞ց էր լսել, թե՞ ինչ-որ արտաքին ձայն էր այն հնչեցրել։ Նա աջ ձեռքը տարավ դեպի աջ ականջը և ցուցամատով սկսեց ցուցադրաբար մաքրել ականջի խորքերը։ Հայելու մեջինը ճշտությամբ կրկնեց նրա գործողությունները, և Սեթոյի համար ոչինչ տարօրինակ չէր լինի, եթե հայելու մեջինի նույնատիպ գործողությունները կատարված չլինեին հակառակ ձեռքով՝ հակառակ ականջի խորքերում։ Երբ տրամաբանական ազդակները փոքր-ինչ ուշացումով հասան Սեթոյի գիտակցությանը՝ նա կողքի աթոռն անմիջապես քաշեց դեպի իրեն և փլվեց վրան։

— Ո՞վ ես դու, — ձայնը հստակ էր՝ իրենն էր, և հնչում էր հայելու մեջից, որտեղ հայելու մեջինը աթոռ չէր քաշել, մնացել էր կանգնած և վերջնական դատավճիռ կարդացող դատավորի նման նայում էր Սեթոյին։

— Ո՞վ ես դու, — այս անգամ Սեթոն նույնիսկ տեսավ, թե ինչպես շարժվեցին հայելու մեջինի շուրթերը։

— Բա դո՛ւ ով ես, — պատասխանեց Սեթոն՝ խրոխտ ու բարձր ձայնով, կարծես նման կերպ փորձելով թաքցնել ահագնացող վախն ու մարմնի անկառավարելի դողը։

— Հիմա պատմեմ, — Սեթոյի պատասխանը հարցի տեղ ընդունելով՝ ասաց հայելու մեջինը և կողքի աթոռը մոտեցնելով՝ Սեթոյի նման նստեց նրա դիմաց։ — Ընդհանուր առմամբ՝ ես մի թշվառականի մեկն եմ, ինձանից ոչինչ չներկայացնող ինչ-որ շնչավոր։ Ծնվեցի մի երկրում, որը հիմա գոյություն չունի… Մեծացա մեկ ուրիշ երկրում, որ Հայրենիք են կոչում… Հիմա էլ փախչում եմ այստեղից, երևի նոր հայրենիքի փնտրտուքով․․․ Բոլորի նման լույս աշխարհ եկա, կաթ կերա, չոչ արի, քայլեցի, ընկա, հետո էլի քայլեցի, վազեցի, մանկապարտեզ-դպրոց գնացի, հոկտեմբերիկ դարձա, փոքրիկ Ուլյանովին կրծքիս փակցրի, կարմիր վզկապ կապեցի, իսկ հետո բոլորի նման այդ կարմիր վզկապը դպրոցի բակում գետնով տվի, բենզին լցրի, վառված լուցկին գցեցի վրան, և կարմիր վզկապը կրակների մեջ մոխրացավ, ծխաց դեպի հեռուներ՝ ավետելով ինչ-որ հին բանի ավարտը կամ ինչ-որ նոր բանի սկիզբը։ Եվ այդպես անհոգ մանկությունս 88-ին շատ արագ ավարտվեց և նույնիսկ չզգացի, թե ինչպես նույն այդ մանկությունս նախ այրվեց Սումգայիթի փողոցներում, իսկ հետո վերջնականորեն փշրվեց երկրաշարժի փլատակների տակ․․․ Եվ դրան փոխարինելու եկավ մռայլ պատանեկությունը, որի ժամանակ և՛ ծառ կտրել սովորեցի, և՛՝ հաց ծախել, և՛՝ գողություն անել․․․

— Բայց դժվար ժամանակներ էին, — Սեթոն փորձեց արդարանալ՝ կախ գլխով նայելով հայելու մեջինի ոտքերին, — մութ էր, ցուրտ էր… բոլորն էլ կտրում էին… բոլորն էլ գողանում էին․․․

— Իհարկե՛, ես էլ բոլորից մեկն էի, մի փոքրիկ, անկշիռ մանրէ, որ լողում էր ժամանակի ինքնահոս գետի հետ՝ շարժման ուղղության մասին նույնիսկ չմտածելով։ Եվ այդպես սեղանիկ դնելով, դպրոցի դասերի փոխարեն թաղի տղերքի հետ ծխելով, «լեվի լույս» քաշելով ու հացի փռից «մատնաքաշ» թռցնելով պատանեկությունս սահում էր իր անխոչընդոտ հունով, մինչ մի օր հայրս ստիպեց ինձ գիրք կարդալ, ու ես ցուրտ իրականությունից տեղափոխվեցի անծիր և տաք մի անորոշություն, որտեղ ինչ խենթուխելառ ասես` չհանդիպեցի. է՛լ սպարապետ, է՛լ դավաճան․․․ է՛լ թագավոր, է՛լ ծաղրածու․․․ է՛լ վարդապետ, է՛լ սատանա․․․ Բոլորի հետ լեզու էի գտնում՝ թե՛ ներսում, թե՛ դրսում, թե՛ անորոշության թագավորությունում, թե՛ խավար իրականությունում․ բոլորն ինձ էին սիրում, ես էլ՝ բոլորին, ապրում էինք հաշտ ու խաղաղ, մի քիչ սոված, մի քիչ մրսած, բայց հարազատի պես, որպես եղբայրներ ու քույրեր․ մեծին հարգելով, փոքրին օգնելով՝ մեկս մեկիս թիկունք էինք լինում, մեկս մեկով ուրախանում։ Ոչ նախանձ կար, ոչ ուտելու բան, ընդհանուր աղքատությունը բոլորիս մտերմացրել էր, ու չնայած առանձին-առանձին վերցրած ամեն մեկս անհերքելի դժբախտ էր, հավաքական առումով մենք հարուստ էինք, քան երբևէ, մենք ունեինք մոլորակի, տիեզերքի ամենաթանկ գանձը, մենք ունեինք իրար․․․

— Մութ ու ցուրտ, դժգույն ու թշվառ, սիրուն ու հարազատ ժամանակներ էին…

— Բայց դա էլ շուտ ավարտվեց, պատանեկությունս ակնթարթ դարձավ ու ես միանգամից մեծացա, երբ մի օր Դադո քեռիս ոտք դրեց մեր տուն ու ոչ աջ, ոչ ձախ՝ մեծավարի «սիլլա քաշեց»։ «Յեքա է՛շ ես, — գոռաց, — քո թայերը լուրջ գործեր են անում, իսկ դու գիրք ես կարդում»։ Հետո նայեց փոքր քրոջը՝ մորս, և խոժոռ հայացքը թեթևակի մեղմացնելով՝ որպես լավություն ասաց․ «Աղչի՛, վաղը ղրկի օֆիս, մինիստրի շոֆեռն ա մոտս գալու․ էս լակոտին կոխենք համակարգ, թող մի քիչ ծառայի՝ խելքը գլուխը հավաքի, հետո էլ մի գործի կդնենք, մեզ էլ մի օր հաստատ պետք կգա․․․»։ Եվ այդպես «կոխեցին համակարգ» ու կյանքս է՛լ ավելի տաղտկալի և ոչ նշանակալից դարձավ։ Գլուխս կախ իմ ծառաությունն էի անում, հետո էլ նույն հնազանդությամբ անցա համակարգային աշխատանքի ու որպես իսկական «համակարգի տարր»՝ վերջնականորեն կորցրի իմ անհատականությունն ու ինքնուրույն մտածելու, երազելու ունակությունը․․․

— Լավ է, գոնե ընտանիք կազմեցիր, երեխաներ ունեցար․․․ — Սեթոյի հայացքը շարունակում էր գամված մնալ հայելու մեջինի ոտքերին։

— Իհարկե՛։ Մորս գործընկերուհու հարևանը, պարզվեց, «մի գեղեցկուհի, գերազանց սովորող, լավ պահած աղջիկ» ուներ, և մայրս ու Ջուլիկ տոտան (մորս գործընկերուհին) այնքան էին այդ աղջկա մասին ինձ պատմել, որ ես հասկացա, որ Մարինեի հետ իմ ամուսնությունն արդեն վաղուց կանխորոշված է «վերևներում» և ընբոստանալու իմաստ նույնիսկ չկա։ Բայց ես դժգոհելու առիթ չունեմ, բնա՛վ, անկեղծ եմ ասում, քեզ չեմ խաբի, բարեկա՛մ, Մարինեն շատ լավ կին և հիանալի մայր է (մենք երկու աղջիկ ունենք՝ Աննան ու Լուսին՝ ի պատիվ իմ ու Մարինեի մայրիկների), իսկ համեղ ապուրների մասին՝ լավ կլինի ընդհանրապես լռեմ․ վստահաբար կարող եմ ասել, որ այս հարցում բախտս ինձանից առաջ է անցել, և մորս ու Ջուլիկ տոտայի ընտրությունը լրիվ իմ սրտով է։ Մարինեի հետ մենք հեշտ լեզու գտանք, նա ինձ շատ հարգում է, ես էլ իրեն՝ անչափ գնահատում, և ընտանիքում նման առողջ ու համերաշխ մթնոլորտը դարձել է մեր համընդհանուր կյանքի թերևս միակ կարևոր իմաստը․․․ Ես նույնիսկ մեկ-մեկ սեր եմ զգում իմ ու կնոջս միջև․․․ 

— Պապա՛ ջան, պապա՛ ջան, — ննջարանի դռան մոտից լսվեց փոքրիկ աղջնակի զրնգուն մի ձայն, — մաման ասում ա՝ արի բուդը կտրի։

— Հա, բալե՛ս, — Սեթոն անմիջապես սթափվեց, — ես պետք է գնամ․․․

— Իհարկե գնալու ես, քեզ երկար չեմ պահի, — հայելու մեջինի հրամայական տոնը Սեթոյին ստիպեց ենթարկվել և հնազանդորել լսել ծանոթ պատմության շարունակությունը։ — Գրեթե բոլոր հարցերում ես ու կինս համակարծիք ենք։ Կինս գրեթե երբեք ինձ չի հակաճառում, ես էլ նրան փորձում եմ միշտ գոհացնել։ Ձևն է այդպես, հասկանո՞ւմ ես, մեր գծած սահմաններից դուրս չենք գալիս և մեր աղջիկներին էլ նույն կերպ ենք դաստիարակում։ Տարիները հաջորդում են միմյանց և մեր տաղտկալի հանգստությունն ու բարեպաշտ ժպիտներն է՛լ ավելի են ամրապնդում դատարկություն լինելու և ոչնչով չառանձնանալու մեր չարքաշ գոյությունը։ Այս ամենը վաղուց վերածվել է մի անխորտակելի ձանձրույթի, բայց ես նույնիսկ փորձ չեմ անում ինչ-որ բան փոխել։ Ես համակերպվել եմ ինքս իմ հանդեպ անտարբեր լինելու հետ, օրը լուսացնում, անցկացնում և քնում եմ այդ ձանձրույթի հետ, ես շատ հաշտ ապրում եմ, ավելի շուտ՝ անցկացնում եմ կյանքս այդ մաշված զգացողության հետ․․․

— Պապա՛ ջան, պապա՛ ջան, — ննջարանի մուտքի մոտից կրկին լսվեց փոքրիկ աղջկա ձայնը, — մաման ասում ա՝ արի, շամպայնը բացի․․․

Այս անգամ Սեթոն խառնվեց իրար, ոտքի կանգնեց, իսկ հայելու մեջինը շարունակում էր նստած մնալ։

— Ես իրոք պետք է շտապեմ, — Սեթոյի ձայնի մեջ կարելի էր նկատել խոր ափսոսանքի երանգներ, — արդեն ժամը 12-ին մոտ է․․․

— Ո՞վ ես դու, — Սեթոն կրկին կորցրեց իրականության զգացողությունը․ որտեղից է այդ ձայնը՝ դրսի՞ց է, թե՞ իր մեջից․․․

— Ո՞վ ես դու, — հայելու մեջինն արդեն ոտքի վրա էր և նայում էր ուղիղ Սեթոյի խամրած աչքերի խորքերը։

— Չգիտեմ՝ ով եմ ես, չեմ էլ ուզում պարզել, — Սեթոն խորշում էր հայելու մեջինից։ — Ես ե՛ս եմ, մի սովորական մարդ, «մարդ առանց հատկությունների», որ ինչպես ամեն տարի նույն ժամին, ինչպես շատ ու շատ միանման ընտանիքներում՝ պիտի բացի շամպայնը, կտրի տոնական «խոզի բուդն» ու ընտանիքի հետ դիմավորի ոչնչով հներից չտարբերվող ևս մի անիծված տարի․․․

Please follow and like us: