Ինչպես են մեծարել սալոնային գեղեցկուհուն Տերյանն ու Չարենցը

Անահիտ Կարապետյան

ժամանակի անկրակ սիրո առանձնահատկությունները եւ սալոնային գեղեցկուհու մեծարումը
Վ․ Տերյանի «Կատվի դրախտ» եւ Ե․ Չարենցի «Էմալե պրոֆիլը Ձեր» շարքերում

     Վահան Տերյանը բացառիկ դեմք է 20-րդ դարի հայ գրականության մեջ: Նա հեղաշրջեց գեղարվեստական մտածողությունը`բերելով նոր աշխարհայացք ու պատկերային համակարգ, նոր գրական լեզու, նոր արվեստ: Նա անսահման նրբություն հաղորդեց բանաստեղծությանը և միանգամայն նոր կյանք պարգևեց գրականությանը: Նրանից հետո այլևս հնարավոր չէր գրել անցյալի գրողների նման:        

Չարենցը եկավ՝ որակապես շարունակելով Վ. Տերյանի կտակած ավանդները, և միաժամանակ նոր թափ ներարկեց հայ գրականությանը: Սկսած «Երեք երգով», շարունակվելով «Ծիածանով», և ապա նաև «էմալե պրոֆիլը Ձեր» շարքով`Չարենցը իր բացառիկ ձիրքով ի մի բերեց այն ճանապարհը, որ բացել էր Տերյանը:

Առաջին և ամենաակնհայտ նմանությունը այն է, որ երկուսն էլ իրենց քնարական հերոսուհուն՝ սալոնային գեղեցկուհուն,  դիմում են մեծատառ Դուք-ով, Ձեր-ով, Ձեզ-ով, Տիկին-ով և այդ մեծարանքով նրանք ստեղծում են սառը տարածություն իրենց և բարձրաշխարհիկ տիկնոջ միջև: Հենց շարքերի առաջին բանաստեղծությունների առաջին տողերից սկսվում է նմանությունների շքերթը. երկուսն էլ իրենց շարքերը սկսում են հռետորական հարցադրումներով.

Ո՞վ կարող է չըսիրել Ձեզ
Չըստրկանալ Ձեր կամքին…
(Վ. Տերյան)
Ես ինչպե՞ս Ձեզ չսիրեմ:-
Դուք արվեստ եք ու հոգի…
(Ե. Չարենց):

Տերյանի ձևակերպումից երևում է, որ չկա մեկը, որ չսիրի տիկնոջը, և տողատակում թաքնված է կնոջ տիրականությունը: Սիրել-չսիրելու հարցադրման այլ բնորոշում է տալիս Չարենցը: Վերջինս կոնկրետացնում է, որ ինքը «չի կարող չսիրել»:

Երկուսի պատկերած կինը մեղմ է ու նազոտ: Նրանք խոսելիս գրավում են բանաստեղծներին.

Դուք այնպիսի խոսքեր գիտեք
Եվ այնպիսի նուրբ նազեր-
Դահճին անգամ Դուք կըդյութեք,
Կըստրկացնեք և կայսեր։
(Վ. Տերյան)
Դուք այնպես մեղմ եք խոսում: Երբ Դուք
Կարդում եք, Տիկին,
Ձեր շրթունքները գունատ նմանվում են հասմիկի…
(Ե. Չարենց)

 «Տերյանի շարքում սարկազմը վերածվում է հեգնանքի` պակաս դրամատիկ շեշտերով, և վերջապես Չարենցի շարքում, քանի որ դրամատիզմը հասնում է ծայրահեղ լարվածության, հեգնանքը քիչ նահանջում է և հավասարվում դրական սկզբի հետ»: Հեգնական տոնը միշտ էլ նկատելի է, այն ոչ թե մերժում, այլ նորովի է իմաստավորում ու բացահայտում  հեգնվող առարկան կամ անձը:

Նա, ով էսթետ է, ճանաչում է և գիտի գովերգել գեղեցիկը, պարտավոր է երգեր և սոնետներ նվիրել նախկին «ցնորք-աղջկան»: Ահա Չարենցը գրում է.

Ով երգ ունի իր սրտում ու սովոր է գեղեցկի`
Նա պարտավոր է Ձեզ բյուր, հազար սոնետ նվիրել…:

Տերյանն այսպես է մոտենում հարցին.

Ո՞վ կարող է Ձեզ չգովել
Ու չերգել Ձեզ, Տիկին…:

Նմանությունը, սակայն, իր հետ բերում է տարբերություն. Չարենցը կոնկրետացնում է, որ միայն իսկական էսթետը կարող է գովերգել սառը գեղեցկուհուն, իսկ Տերյանը ընդհանրացնելով շեշտում է` չկա մեկը, որ չերգի բարձրաշխարհիկ Տիկնոջը:

Երկուսն  էլ գիտակցում են իրենց հոգու խենթությունը և «հիվանդությունը».

Դուք այնպես մեղմ գիտեք շոյել
Հիվանդ ու խենթ իմ հոգին…
(Վ.Տերյան)
Եվ դուք գիտե՞ք, որ սիրուց հիվանդացած իմ հոգում
Ես միշտ լսում եմ թեթև, թավ թրթիռներ ջութակի
(Ե. Չարենց):

Չարենցն իր շարքի առաջին «Սոնետ» բանաստեղծության մեջ համբուրում է կնոջ բարակ մատներն, ասելով՝

 …Ու միշտ լսում եմ թեթև, թավ թրթիռներ ջութակի,
Երբ համբուրում եմ Ձեր բարակ մատներն ապակի…

Կամ՝

Երբ ես տեսնում եմ դեմքը Ձեր,
Եվ Ձեր մատներն ապակի…
…Ինչ-որ հեռու արեգակի,
Սիրտս զգում է ցավը նուրբ…:

Տերյանն էլ կգովի կնոջ բարակ մատները՝ ասելով. 

Այնպես բարակ են Ձեր մատները, Տիկին,
Այնպես քնքուշ են Ձեր ձեռները նեղ…:

Ըստ էության՝ բանաստեղծները տալիս են գեղեցկության իրենց չափանիշները: Չարենցի գեղեցկուհին արվեստի իսկական ու անթերի ստեղծագործություն է: Այլ կերպ չէր կարող լինել, որովհետև Չարենցը իր շարքը նվիրում է Արմենուհի Տիգրանյանին, որն ապրում էր պոեզիայի ու երաժշտության մթնոլորտում և Չարենցի աչքում կարող էր երևալ սալոնային տիկին՝ եթե ոչ իր սոցիալական դրությամբ, ապա գոնե մտքի և հույզի արիստոկրատական նրբագեղությամբ: Օգտագործելով «Էմալե պրոֆիլ» կապակցությունը՝ Չարենցը վերստին ընդգծում է Տիկնոջ սառնությունը. «…Կուզեի երգեր կապել //Ու գովել երգով անծիր //Էմալե պրոֆիլը Ձեր. //Ձեր հակինթ աչքերը բիլ»:

Տերյանի համար կնոջ գեղեցկության չափանիշներից են նրա ձայնը, նայվածքը, քայլվածքը և մարմարյա ձեռքերը, ինչն էլ անընդհատ գովերգվում է.

  1. «Այնպես քնքուշ են Ձեր ձեռները նեղ…»,
  2. «Անվանեցեք ինձ հիմար, // Կոչեցեք հիվանդ, // Ձեռները Ձեր պիտի հար //Երգեմ մոլեռանդ…»,
  3. « Ձեռներին Ձեր մարմարյա, //Ոսկեցոլք Ձեր աչքերին- // Ես գերի եմ հնօրյա…»,
  4. «Ձեռներում Ձեր մանրիկ, նվագուն, // Ձեր ձայնում, երբ ասում եք Տերյան, // Մի թախիծ կա Մեղմած ու թաքուն»:

Երկու շարքերում էլ ակնհայտ է, որ չկա սիրո անմիջականություն, այլ` սիրո ծիսակատարություն. Տերյանն ու Չարենցը  «դիմակավոր»  գեղեցկուհուն բարձրացնում են կուռքի պատվանդանին և իրենց հոգին ու զգացմունքները զոհաբերում նրա առաջ.

Կարծես հեռվից եք հետս խոսում,
Կարծես երազ եմ Ձեր երազում…
(Վ.Տերյան):
Օ՜, կարելի՞ է արդյոք Պրոֆիլը Ձեր չսիրել…
(Ե.Չարենց):

Որքան էլ այս երկու շարքերն ունեն որոշ ակնհայտ նմանություններ, այնուամենայնիվ, յուրաքանչյուր հեղինակ շարքերին ներարկել է իրեն բնորոշ ոճը, իր ապրումները, հույզերը, իր կյանքից մի պատառիկ` քողարկված այս կամ այն պատկերի տակ, և հենց սրանցով են պայմանավորված «Կատվի դրախտ» և «Էմալե պրոֆիլը Ձեր» շարքերի միջև առկա տարբերությունները:

Տարբերությունները դրսևորվում են՝ սկսած  վերնագրերից: Վերնագրերը կարծես  ընթերցողի համար դառնում են  բանալիներ շարքերը բացելու համար:

Վ. Տերյանի «Կատվի դրախտ» վերնագիրը շատ խոսուն է. «Կատու»  բառը  դառնում է  կին բառի հոմանիշը, և կնոջը վերագրվում են  կատվային հատկանիշներ՝ փոփոխականություն, սեթևեթանք և այլն: Իսկ կնոջ կողքին լինելը, կարելի է ենթադրել, հավասար է դրախտում հայտնվելուն:

Չարենցի վերնագիրը` «Էմալե պրոֆիլը Ձեր»,  բավականաչափ զուսպ է ու հարգալից: «Էմալ» բառից արդեն հասկանալի է, որ նրա պատկերած կինը մի փակ տիրույթ է, ինչը թույլ չի տալիս հասկանալ նրա հույզերը` տխրությունը  կամ ուրախությունը:

Մի կարևոր տարբերություն ևս. Տերյանը իր շարքերի բանաստեղծությունները թողել  է անվերնագիր:  Չարենցի բանաստեղծություններն էլ անվերնագիր են: Տարբերությունը, սակայն այն է, որ Չարենցը  իր շարքը բացող բանաստեղծությունը  կոչել է «Սոնետ»։  Ընդհանրապես, ողջ շարքը զարգացնում է  առաջին բանաստեղծության ինֆորմացիան, ուր «անմարմին, երկնային քույրը» տրված է իբրև արտաքին ձև, «դիմակ»,  որից այն կողմ ոչ թե միֆն է, ինչը կազմում է պատկերի բովանդակությունը, այլ դատարկությունը, իսկ բանաստեղծը հիանում է «արտաքին ձևով» և թաքուն հեգնում նրան»:

Տերյանի պարագայում ակնհայտ է, որ կինը կորցրել է իր առաջին սիրուն և հիմա սիրային նոր հրապույրների մեջ է. «Այնքան չքնաղ եք Տիկին, // Դուք այդ ազնիվ սևերում … //Գիտեմ` գերի եք մեկին, // Որ շիրիմից է Ձեզ սիրում»: Չարենցի մոտ, սակայն, սա բացակայում է: Նրա պատկերած կինը հիշեցնում է հեղինակի անդարձ անցած սերը.

Հիշում եմ ես հանկարծ
Կապույտ լապտեր գազի,
Որոնք վաղուց հանգած
…Սպասում են լույսի…
( Ե. Չարենց):

Չարենցի պատկերած կինը գրեթե անշարժ է, նրան հիմնականում չենք տեսնում շարժման մեջ, նա սառն է, տիրական, առանց աչքերի «ներքին կրակի»: Սրա մասին հուշում են դիպուկ ընտրված մակդիրները` «հասմիկ-շրթներ», «անկրակ աչքեր», «ապակի մատներ», «թիթեղից շինած դիակառքի վարդեր», ջահազարդ սենյակի պաղ ձանձրույթ, դեմքի էմալի ապակեպատ բնույթ,- ահա բանաստեղծի կողմից թվարկվող գրեթե այն բոլոր հատկանիշները, որոնք շեշտում են քնարական հերոսուհու անկենդան գեղեցկությունը: 

Տերյանի պարագայում կինը շարժուն է.  նա գալիս է, ժպտում, քայլում փողոցներում, «հեզանազ պարում», «նայվածքը բոցերով է մթամած». սա ուղիղ հակադարձվում է Չարենցի անկրակ գեղեցկուհուն: Տերյանի «Տիկինը» ինքն է պահանջում փայփայել իրեն, և արդյունքում կինը դառնում է սրբազան սիրուհի:

Չարենցի մոտ բացակայում է այս մտերմությունը. նա միայն եզրափակվում է կնոջ բարակ մատներին ուղղված համբույրի պատկերով. «Երբ համբուրում եմ ես Ձեր բարակ մատներն ապակի…»:

Հեղինակների մոտ, չնայած քիչ, բայց օգտագործվում են գունային պատկերներ: Չարենցն, իրեն հավատարիմ մնալով, օգտագործում է կապույտը, որը «Ծիածան» ժողովածուում հոգու «աղոթանքն» էր, կարոտը, թախիծը, անմեղությունը: Եվ շարքում 

Չարենցը շեշտում է, որ տեսնելով Տիկնոջը` հիշում է «Կապույտ լապտեր գազի,// Որոնք վաղուց հանգած սպասում են լույսի». ասել է, թե նախկին մաքուր սերը հանգել է, և նոր սեր է պետք, որ նոր սեր բորբոքի: 

Տերյանի մոտ գույներից առկա են ոսկին ու սևը: Առաջինը բնորոշում է կնոջ «ոսկեցոլք աչքերը», որը դառնում է «մաքուր կրքի» ու սիրո խոր արտահայտություն: Իսկ սև-ով բնորոշվում է այրի կնոջ հագուստը: Արտաքուստ «սևերը» հակադրվում են կնոջ ներքին կրակին:

Հրաժեշտ տալով սիմվոլիստական բանաստեղծության երազային ու անմարմին Քրոջը` Հրաշքին, Չարենցը որոնում էր սիրերգության այն ավանդույթը, որով պետք է արտահայտվեր սիրո զգացմունքի բուն էությունը ։

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

ԲՆԱԳՐԵՐ `

  1. Վ . Տերյան, <<Երկեր>>, Երևան 1989,
  2. Ե.Չարենց, «Երկեր», Երևան 1985:

ՏԵՍԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ `

1) Ալեքսանյան Ա., Ե. Չարենցի «Էմալե պրոֆիլը Ձեր» շարքը և գրական ավանդները, «Չարենցյան ընթերցումներ»` հ. 5, Երևան 1988,
2) Աղաբաբյան Ս., «Եղիշե Չարենց», հատոր 1, Երևան 1973,
3) Գաբրիելյան Վ., «Դիմանկար բանաստեղծությամբ», «Չարենցյան ընթերցումներ»` հ.10, Երևան 2017,
4) Էդոյան Հ., «Եղիշե Չարենցի պոետիկան», Երևան 2011
5) Ջրբաշյան Էդ., «Վ.Տերյանի բանաստեղծական շարքերը»(Չորս գագաթ), Երևան 1982,
6) Քալանթարյան Ժ., «Երեք երգից» մինչև «Նավզիկե», Երևան 2012:

Please follow and like us: