Դիանա Մելիք-Սարգսյան/Հավը

Նոր տարին մոտենում էր: Տոնական տրամադրության բացակայությունից երեխաներն ավելի ու ավելի էին մռայլվում: Սառնարանի ներսի ամայությանը վաղուց էին սովոր. երբևէ չէր միացվում, հենց այնպես մի անկյունում ցցված էր որպես տան պարտադիր կահույք, ինչպես գազօջախն
ու կիսակառույց նախամուտքում աննպատակ դրված խոհանոցի սպիտակ կահույքը: Վերջինս մնացել էր Արուսի լուսահոգի քեռուց, երբ քեռու աղջիկը հրաժարվել էր հոր հին ու իր տան վերանորոգման հետ ոչ մի կերպ չհամընկնող իրերից ու մեծահոգաբար նվիրել Արուսին:

Երեխաները սովոր էին տոների բացակայությանը, այսինքն՝ տոների սովոր չէին, նաև գիտեին՝
դեկտեմբերի երեսունմեկի գիշերը հարևաններն իրար տուն մտնելով ու գլորվող ձնագնդի պես ավելանալով՝ վերջում ամբողջ կազմով գալու էին իրենց տուն, բայց սեղանին դնելու ոչինչ չկար, իսկ Ռուբոյից գեներով նրանց փոխանցված թասիբը ստիպում էր դա ընկալել որպես աղետ ու
խայտառակություն: Եթե ավելի հստակ, ապա փոքրը միայն նկատում է տոնածառի չլինելը: Մյուս երեք երեխաներն էին, որ նաև գիտեին՝ հաջորդ օրը՝ Նոր տարվա նախօրեին, «լույսի մարդը» գալու էր ու հոսանքն անջատեր, իսկ տոնական սեղանի բացակայությունից հետո հարևանների
երեխաները դեռ երկար ու պատկերավոր հիշելու ու հիշեցնելու էին դրա մասին:

Քաղաքի տունը վաճառելիս՝ Ռուբոն տոնածառը մեծահոգաբար թողել էր նոր տանտիրոջը՝ որպես շնորհավորանք, բայց Արուսը թաքուն՝ տանելիք իրերի մեջ էր խցկել մոր տված խաղալիքներով տոպրակը ու մտովի հրաժեշտ տվել իր ու երեխաների սիրելի տոնածառին: Ու հիմա ո՛չ տոնածառ
կար, ո՛չ էլ գոնե մի քանի մանդարին, որ տոների գալուստը բուրեին ու խելքահան անեին ցամաք հացով արդեն անհաշվելի ամիսներ կիսաքաղց ապրող երեխաներին: Հաջորդ օրվանից հոսանք էլ չէր լինելու, հետևաբար չէին լինելու տոնական հաղորդումներ, որ ցրեին անտանելի գորշությունը: Ու միայն Աստված գիտեր, թե ինչի համար էին էդ անվերջանալի, անթիվ-անհամար փորձությունները:

Բորբոսահոտ լռության մեջ հանկարծ լսվեց հավաբնում եղած միակ հավի հաղթանակած կչկչոցը ու ժպիտի տեսքով տարածվեց փոքրիկ Արամի դեմքին.

-Մա՛մ, հավը ձու ածեց, մա՜մ, ձու կեփե՞ս:

Արուսը դուռը բացեց ու շտապելուց բաց թողած՝ վազեց հավի ձայնի ուղղությամբ: Վազեց, որովհետև երբեմն չէր հասցնում ձուն վերցնել. Ռուբոն մանկուց սիրում էր հում ձուն ծակել ու խմել: Արուսը ձուն ձեռքին արդեն հասնում էր տան շեմին, հենց էդ պահին Ռուբոն դանակը ձեռքին դուրս եկավ դիմացը:

-էդ ու՞ր տենց գլխապատառ,- հարցի պատասխանը հստակ իմացողի հայացքով՝ հարցրեց:

-Հավը ձու ածեց, գնացի բերեմ, էրեխեն սոված ա,-մի տեսակ մեղավոր տոնով պատասխանը ծամծմեց Արուսը:

– էդ ձուն չորսից ո՞ր մեկը ուտի: Էս տանը տղամարդ չկա՞: Բա ես ի՞նչ ուտեմ, որ աշխատեմ, ձեզ պահեմ,- որոտաց Ռուբոյի տղամարդկությունը՝ թավ ու սպառնալից:

Արուսն այլայլվեց: Աչքերի դիմաց ամեն բան սկսեց լողալ, Ռուբոն երկարե՜ցդարձավ երեք մետրանոց սյուն, հրեշ, պատ, բայց դանակը ձեռքից բաց չթողեց: Թերսնվելու՞ց էր, թե՞ նյարդերից, հասկանալն էնքան էլ հեշտ չէր ու կարևոր, բայց Արուսը գլխի ընկավ, որ ընկնելու է: Առանց նայելու նստեց ձնախառը հողին ու, չնայելով Ռուբո-հրեշին, որ վերադառնում էր իր նախկին
չափսերին, նվնվաց.

-Ա՛յ Ռուբո, էրեխան մեղք ա, ո՞նց ասեմ՝ էդ ձուն պապան ա ուտելու:

Արամը, որ մոր հետևից դուրս էր վազել ու սարսափած հետևում էր հերթական թեժացող վեճին, վերջին բառերը լսելով՝ աղերսող հայացքով նայեց կատաղած հորը: Ռուբոն ավելի մռայլվեց:

-Ես ձեր տիրո՛ջ … ,- երեխայի հայացքից ազդված՝ մտքում «օրհնանքը» շարունակեց ու իր սիրելի յոթերորդ հարկում ավարտեց Ռուբոն, ասելիքի մնացորդը թքեց գետնին նստած կնոջ կողմն ու նկատելի կաղալով գնաց դեպի հավաբունը: Ու մինչ Արուսը կհասցներ խաշել լորի ձվից մի քիչ մեծ ձուն, Ռուբոն, գլուխը հաղթական վեր ցցած, մի ձեռքում՝ վիզը կտրած հավը, մյուսում՝ արյունոտ դանակը, ոտքով դուռը հրեց ու գոռաց.

-Սև հավ չե՛ն պահի, հազա՛ր եմ ասել, սաղ սրա նավսն էր, որ էս օրին ենք: Կնի՛կ,- ավելի բարձր գոռաց, որ ընդգծվեր իր՝ էդ տան տղամարդը լինելը,-էս էլ ձեզ Նոր տարվա միս: Դե տես ինչ ես անում: Ես հեսա գնում եմ մերոնց տուն: Էսքան շատ չլինեիք, ձեզ էլ կկանչեին,-ավելացրեց էն տոնով, ասես ինքը կապ չուներ երեխաների քանակի հետ:

-Ռուբո՛,- վերջին նախադասությունը չլսելու տալով՝ զգույշ սկսեց Արուսը,- վաղը հոսանքը անջատելու են: Գոնե մի ճար արա, էս էրեխեքը մեղք են…

-Մեղքը ես եմ, էրեխեքին ի՞նչ ա էղել,- մռնչաց Ռուբոն: Կարող ա՞ ինձ ծախեմ, որ դուք ապրեք: Կյանքս կերա՛ք, էլի:

Կես ժամից Ռուբոն, առանց հրաժեշտի, «պառադնի» շորերը հագած, ճանապարհվեց Աշտարակ՝ բարեկամների հետ տոները նշելու:

-Ես մի շաբաթ-տասը օրից կգամ,- հարևանի տուն սուրճ խմելու գնացողի տոնով ասաց ու , ոչ մեկի դեմքին չնայելով, դուրս եկավ:

Արուսն ուրախացավ Ռուբոյի գնալուց (մի քիչ շունչ կքաշեր՝ սովորաբար հարբած ամուսնու գոռգոռոցից ու ծեծից), բայց երեխաների տխրությունը փարատելու անզորությանը չդիմացավ ու ընկավ անկողին: Ջերմությունը բարձրացել ու չէր իջնում, ցրտից ու իր վիճակից դողալով , վերմակը գլխին քաշած, տնքում էր:

Ռուբոյի գնալուց առաջացած լռությունը հյուրասենյակում խախտողը մեծ աղջիկն էր՝ Անահիտը:

-Հա, ի՞նչ, մենք էլ չե՛նք անի Նոր տարի,- ասաց՝ ինքն իր գլխում պտտվող հարցերին պատասխանելով:

Մեծը Տիգրանն էր, բայց Անահիտն ամենաամուրն էր, երբ Ռուբոն ցնցում էր տունը:

-Դարպասը կփակենք ու չենք բացի,- շարունակեց իր սովորական՝ կռվարար տոնով:

-Երեք օր որ դիմանանք, կանցնի Նոր տարին,- մեծ քրոջը միացավ Նարեն:

-Ես դաշտից ժամը հինգին-վեցին փետ կհավաքեմ,- ասաց Տիգրանը:- Մինչև հարևաններն արթնանան , դարպասը փակած կլինենք , ու հենց մոտենան մեր տանը, սուս կմնանք, չեն իմանա, որ տանն ենք:

Կեսգիշերին մոտ՝ Արուսը, ոտքերը թուլությունից քստքստացնելով ու կիսաձայն՝ Ռուբոյի ազգուտակը հիշելով վեր կացավ, հավը դրեց՝ եփվի: Առավոտ շուտ հոսանքը պիտի անջատեին. հասցնել էր պետք: Եփեց, հետո էդ մսաջրով տան վերջին մի քանի կարտոֆիլները խաշեց ու նորից պառկեց իր՝ ցրտից ու միայնությունից մշտապես սառն անկողնում:

Տունը հաստ պատեր ուներ, ցածր լուսամուտներ: Փողոցի ողջ անցուդարձը աչքի առաջ էր, զրույցները՝ լսելի: Անցնող տարվա վերջին օրն էր, հարևանների քայլերն ավելի էին արագացել: Վերջին առևտրի տոպրակներով բեռնված՝ աշխույժ տուն էին վերադառնում, իրար հանդիպելիս՝ ուրախ ու աղմկոտ պայմանավորվում առաջիկա օրերի ժամանցի ու կերուխումի շուրջ: Ամբողջ փողոցում միայն Ռուբոյենց տունն էր առավոտից հոսանքազրկված: Երեխաները դարպասը կեսօրից փակել ու մտել էին տուն: Շատախոս ու ծանր լռություն էր տանը: Վառարանում
խոնավ փայտը չվառվելու անկոտրում համառությամբ մխում էր ու տունը ծխով լցնում: Մութ լուսամուտներով ու փակ դարպասով տան՝ միայն ծխնելույզից ելնող սև ծխից էր հնարավոր գլխի ընկնել, որ տանը մարդ կար, բայց Ռուբոյի տան ծխնելույզն ու՞մ էր հետաքրքրում:

Երեկոյան ժամը տասին Անահիտը սեղանին սպիտակ ծաղկավոր սավան գցեց, քանի որ սփռոց չունեին ու սեղանի կենտրոնում մեծ ափսեով դրեց խաշած հավը: Սև հավը զարմանալիորեն ճերմակ էր խաշված վիճակում ու ավելի նիհար, քան թվում էր կենդանության օրոք: Արամը հիշեց՝ ոնց էր հետևից թաքուն բռնում հավին ու մատները խցկում տաք փետուրների մեջ, հիշեց վերջին զիլ կչկչոցն ու մի անկյունում լաց եղավ: Նարեն սաստեց նրան՝ ասելով, որ հավերը ստեղծված են ձու ածելու ու մորթվելու համար և նրանց մահը սգալ պետք չէ:

Արուսը ջերմության մեջ տնքում էր. սառը թրջոցները քիչ էին մեղմում վիճակը:

-Ախր ես ո՞վ եմ, որ հիվանդանամ: Էնպես էլ անհոգ պառկել եմ… Չէ՜, քյորփեքս մեղք են, Ռուբոն հերիք ու հերիք ա, – ինքն իրեն կիսաձայն սաստեց ու կեսգիշերին մոտ վեր կացավ անկողնուց: Երեխաների հետ մի քիչ նստեց վառարանի կողքին, խաղաղ զրուցեցին ու երազեցին ապագա լուսավոր օրերի մասին: Ապա, որպես տարվա վերջին՝ ոչ այնքան խորհրդավոր ընթրիք՝ լուռ ընթրեցին մսաջրում եփած կարտոֆիլով ու, դեռ ժամը տասներկուսը չեկած, պառկեցին քնելու՝ իրար մաղթելով ամենաանհոգ ու երջանիկ տարի: Հավին ձեռք չտվին. թողեցին անակնկալ հյուրերի համար:

Լույսը դեռ լավ չէր բացվել, հարևանների բազմամարդ ու խիստ առույգ խումբն արդեն թմբկահարում էր դարպասը: Արուսն անքուն գիշերից հետո խոր քնած էր: Երեխաներից ոչ մեկը տեղից չշարժվեց, ավելի աներես հարևաններից ոմանք լուսամուտը թակեցին ու ներս նայեցին, բայց շարժ չնկատելով՝ շարունակեցին կեսգիշերից սկսված խրախճանքը՝ հաջորդ հարևանի տանը:

Օրն անցավ առանց հյուրերի ու լարվածության: Հաջորդ օրը Արուսն առավոտ վաղ փռից երեք հաց պարտքով վերցրեց, Տիգրանը ծիրանի այգիներից կիսախոնավ վառելիք բերեց: Նրա բախտից գիշերը քամի էր եղել, ու դրա շնորհիվ էր ստացվել մեծ պարկն ամբողջությամբ լցնել
կոտրված ճյուղերով: Հացն ու վառելիքը կային, դարպասը նորից կողպեցին ու մտան տուն: Անահիտն ու Նարեն առավոտից Անդերսենի հեքիաթներն էին կարդում, իսկ Արամը , սեղանի մոտ նստած, շարունակում էր նայել հավին ու մտովի հրաժեշտ տալ:

-Բալես, մի կտոր կուտե՞ս,- հանկարծ առաջարկեց Արուսը:

Արամն ասես դրան էր սպասում: Ձայնը գլուխը գցած՝ սկսեց ողբալ հավի մահը: Ի՞նչ ուտել, ո՞նց կարելի էր ուտել էն հավին, որ իր համար հատուկ ձմեռվա կեսին ձու էր ածում: Արամի աղիողորմ ողբը հավի ոչ հավային նվիրման մասին՝ ընդհատվեց լուսամուտի թակոցով: Տիգրանի տարիքի
երկու տղա, դեմքները կպցրած ապակուն, էնպես էին ծեծում լուսամուտը, որ կջարդեին, եթե Արուսը չհայտնվեր:

-Ի՞նչ, ի՞նչ եք ուզում, ա՛յ էրեխեք,- սաստեց՝ բացելով փեղկը:

-Եկել ենք շնորհավորենք,- դեմքի լկտի արտահայտությամբ ասաց վառ ժանգագույն գանգուրներով ու սիրուն պեպեններով Գևորիկը, որ հայտնի էր իր անդաստիարակությամբ:
-Լավ եք արել՝ եկել եք, բայց հիմա հիվանդ եմ, հարմար չի: Գնացեք՝ չվարակեմ ձեզ, հետո կգաք,- փորձեց համոզել Արուսը:

-Չէ՜, Արու՛ս տյոտյա, մի՛ վախեցիր, չենք վարակվի: Մենք էսօր Տիգրանին անպայման պիտի շնորհավորենք, ձեզ էլ՝ հետը,-ծոր տալով ասաց մյուս տղան՝ Կարենը, որ ոգևորվել էր կողքինի համարձակությունից, – ինքը մեր ընկերն ա, բայց չի ուզում մեզ հետ ուրախանա:

-Դե գալիս են, թող գան,- բարկացած ասաց Տիգրանն ու փնթփնթալով գնաց, բացեց դարպասը: Կիսաբաց դարպասից ներս մտնելիս տղաներն անգամ Տիգրանի կողմը չնայեցին, հրեցին ու արագ իրենց գցեցին ներս:

Հյուրասենյակում չտեսնելով տոնական սեղան՝ մի տեսակ զարմացած, նստեցին ճռճռան բազմոցին:

-Ապեր, էս Նոր տարի չեք անու՞մ,- անբռնազբոս սկսեց Գևորիկը:

-Անում ենք, դեռ սեղանը չի գցել մաման,- իրեն չկորցրեց Տիգրանը: Ուսերը թոթվելով նայեց մորն ու նստեց բազմոցի մյուս ծայրին:

Արուսը, չհասկանալով հետագա անելիքը, գնաց խոհանոց:

-Լա՜վ, մենք կսպասենք,- հորանջելով ծոր տվեց Կարենը: Հետո հանկարծ նկատեց սեղանի վրայի սպիտակ սավանն ու հարթ, մեծ ափսեի վրա դրված խաշած հավը: Արմունկով հրեց Գևորիկին ու հայացքով հավը ցույց տվեց, հետո սկսեցին քչփչալ ու ծիծաղել:

Էդ պահին սենյակի դուռը բացվեց, ու ներս մտան Արուսի երկու հարևանուհիները: Ռուզանը կիսաձայն՝ իր թեժ, հեղինակային անեծքներից մեկ-երկուսը մի շնչում ձոնեց Ռուբոյին, Ժանետը հերթով գրկեց երեխաներին ու, աչքերը լցրած, նստեց սեղանի մոտ: Արուսը եկավ ներս՝ իր
հետ չբերելով սեղանին դնելու որևէ բան: Մի տասը րոպե բոլորը լուռ էին:

Անհարմար լռություն էր. ոչ մեկը չէր համարձակվում խախտել: Հանկարծ Գևորիկը կանգնեց ու հանդիսավոր, կենաց ասողի լուրջ դեմքով ու տոնով ասաց.

-Ես ոնց հասկացա, մենք տեղը-տեղին հարգեցինք էս հավի հիշատակը: Մեզ կներեք, էլի, մենք գնանք: Կներեք, որ թաղման արարողությանը ներկա չենք լինի:

Էս ամբողջն ասաց հատ-հատ, առանց ժպտալու, հետո շրջվեց ընկերոջ կողմն ու ասաց.

-Արա, վեր կաց, ի՞նչ ես նստել-մնացել:

Հետո արագ դուրս եկան ու միայն դարպասից դուրս լսվեց Գևորիկի անզուսպ հռհռոցը:

Արուսը լաց եղավ, Ռուզանն ու Ժանետը դուրս եկան ու քիչ հետո վերադարձան քաղցրավենիքներով ու տոնական ուտելիքներով: Նստեցին մի քիչ, զրուցեցին ու քիչ հետո կանայք վերադարձան իրենց տները, որտեղ տոնը դեռ պիտի շարունակվեր:

Արուսի ու երեխաների Նոր տարին ավարտվեց տան աղմուկի հետ, իսկ հավին, որ ափսեի մեջ երկար մնալուց սմքել ու ավելի էր նմանվել հանգուցյալի, Արամի խնդրանքով ու ցանկությամբ՝ թաղեցին դատարկ հավաբնի կողքին:

Please follow and like us: