Գյումրիի Genius loci-ին.  ինչպես է արվեստագետը ստեղծում տեղի ոգին/Վարդան Ջալոյան

Սկսած անցյալ դարի 70-ականերից genius loci հասկացությունը ակտիվորեն օգտագործվում է մշակույթի տարբեր ոլորտներում: Երևանի genius loci-ի մասին գրել է ռուս մշակութաբան Ա. Իվանովը: Բայց որքան էլ զարմանալի է՝ Գյումրի genius loci-ի մասին  չի գրվել: Ա. Իվանովը Երևանի genius loci-ի մասին գրել է ճարտարապետական ֆենոմենոլոգիայի տեսանկյունից: Գյումրիի համար մենք ընտրել ենք այլ մոտեցում՝ ինչպես է արվեստագետը ստեղծում տեղի ոգին՝ տեղի հանճարը:

Գյումրիի մեկ կամ մի քանի հարկանի ճարտարապետությունը, նրա կենտրոնական փողոցների ռուսական կայսերական «կովկասյան ամպիրը», իրենց մեջ կրում էին տեղանքի ոգին, մերձավոր և հարազատ էին մարդուն, և ազնվացնող ինչ-որ ոգի ունեին: Այդ շինությունների վրա բարձրանում էին հայկական՝ ինչպես առաքելական, այպես էլ կաթոլիկ, ռուս ուղղափառ, հունական եկեղեցիները, դառնալով կողմնորոշող խորհրդանիշեր: ХIХ դարավերջին Ալեքսանդրապոլ այցելողները ճամփորդական գրառումներում քաղաքը նկարագրում են իբրև նոր և բարեկարգ: Քաղաքը այնքան գեղեցիկ էր, որ XIX-րդ դարի վերջին թողարկվում են նրա տեսարաններով բացիկներ:

Գեղանկարիչ Հակոբ Հակոբյանը հիշում է. «Երբ որ հասանք Լենինական … չորս աչք դարձած` նայում էի, որ Լենինական քաղաքի մեջ որևէ նկարելու բան կա՞ր ինձ համար … և տեսա տուֆակերտ, հին, սև Լենինականը: Քարքարոտ այդ տուները, որ տեսա, ասի` ուրեմն ես այստեղ նկարելու բան ունեմ: Առաջին օրն իսկ, Լենինականում, գնացի նստեցի փողոցի վրա և սկսեցի նկարել»: Ինչո՞ւ Գյումրիում ցանկանում ես նկարել: Եվ կարևոր չէ, պեյզաժ, դիմանկար, ժանրային պատկեր, թե վերացական կտավ: Ինչպիսի՞ն է այն տեղը, որ ցանկանում ես նկարել:

Ալեքսանդրապոլը, տեղացիների խոսվածքով՝ Ալեքպոլը,  բնակեցված էր մանր առևտրականներով և արհեստավորներով, որոնց հիմնական մասը գաղթել էր Արևմտահայաստանից՝ Կարին-Էրզրումից:  Ինչպես բոլոր արևելյան արհեստավորները, Ալեքպոլի վարպետները ևս  դժվարին խառնվածք ունեին՝ ծածկամտությունը, գոռոզությունը, չափազանցնելը, փառասիրություն և այլն: Նրանք կրթությունը ստորադասում էին արհեստին, գիտությունը՝ կրոնին, արվեստը, թատրոնը, գրականությունը համարում ավելորդ: Նրանց կյանքը պարփակված էր կենցաղով՝ աննկատելի դրսի համար, լեցուն կրոնական ծեսերով և ձևական արարողություններով, բայց այն նաև լեցուն էր առեղծվածներով և գաղտնիքներով: Բայց հենց Գյումրիի վարպետներն էին, որ քաղաքին տվեցին նրա Genius loci-ն, ինքնությունը և կերպարը: Արհեստավորական բարդ խառնվածքը, նրանց ոգին, նրանց ստեղծած  մթնոլորտն էր, որ հետո պետք է դառնար արվեստի՝ գեղանկարչության, գրականության, թատրոնի, ապա նաև կինոյի «հումքը»:

Քաղաքը –տեղը՝ լանդշաֆտը, սոցիակական և մշակութային միջավայրը, ստեղծում են մարդուն, բայց նաև՝ մարդն էլ է փոխում տեղը՝ հատկապես եթե նշանային անձնավորություն է: Այս դեպքում նա «տեղի հանճարն է»: Այլ է Լոնդոնը՝ Դիկենսից, Պետերբուրգը՝ Դոստոևսկուց, Կարսը՝ Չարենցից հետո: Մենք այլևս այլ կերպ ենք տեսնում այդ քաղաքները:  Հանճարը  նոր լույս է սփռում այն տեղի վրա, որտեղից ծագում է կամ ստեղծագործում է. նա տեղին ոգի է տալիս:

Միխայիլ Էպշտեյնը օգտագործում է սինտոպիա եզրը. «Սինտոպիան հոգևոր կապ զգալու միջոց է բոլորի հետ, ովքեր այստեղ եղել են և անցել, ով դիպել է այն ամենին, ինչ քեզ շրջապատում է: Այն յուրատեսակ շփման կախարդություն է, որը հատում է ժամանակները: <…> Տեղն ինչ-որ կերպ պահպանում է այնտեղ ապրածների հետքերը, ներքնապես դարձնում ավելի կենդանի և վավերական»։ 

Ավետիք Իսահակյանի կապը Գյումրիի և Շիրակի հետ կարելի է տեսնել ոչ միայն նրա պեյզաժային կամ սոցիալական բանաստեղծությունների շնորհիվ, այլև հատկապես «Ուստա Կարո» վեպում: Գլխավոր հերոսներ Ուստա Կարոն և Օրթե Հարութը փիլիսոփաներ են, և մյուս կողմից՝ Գյումրեցի արհեստավորներ: Մեկը օպտիմիստ է, ապրող պատրանքների և ինքնախաբեբայության մեջ, մյուսը՝ պեսիմիստ, Ա. Իսահակյանի բնորոշմամբ ՝ «իրականությունը տեսնում է առանց շպարի, … և դրա պատճառով էլ նա դառն է, վշտագնող, հուսահատեցնող»:

Էզոթերիկ փիլիսոփա Գեորգի Գուրջիևի համար ևս մարդիկ ապրում են ինքնախաբեության և պատրանքների մեջ, և նա առաջարկում է իր «չորրորդ ուղին»՝ խորամանկի կամ խաբեբայի ուղին, որը պետք է արթնացնի անհատականության զորեղությունը: Գեորգի Գուրջիևի ազդեցությունը համաշխարհային երաժշտության և թատրոնի վրա հսկայական է և ռեժիսորներ Եժի Գրատովսկու և Փիթեր Բրուքի անունները դրա վկայությունն են: Գ. Գուրջիևի մտածողությունը սնվում էր Գյումրիի արհեստավորների պրագմատիզմից և արտիստականությունից, բայց և նրանց էզոթերիկ գիտելիքից:

Սերգեյ Մերկուրովը խորհրդային մեծագույն քանդակագործներից է՝ Լենինի, Ստալինի, այլ առաջնորդների քանդակների և հետմահու դիմակների հանրահայտ հեղինակը: Նա փառքի, անմահության, և մահվան նեոկլասիցիստ պոետ էր, որ իր մասին ասում էր. «Ես օխտը պորտով Գյումրեցի եմ. ու մեջս ինչ հունար կա, Գյումրվա հող ու ջրեն է: Ախր մեր էդ օրհնված քաղաքը խուդոժնիկ քաղաք է, ինտեղ առանց հունարի մարդ չես գտնի»:

Նրանք երեքն էլ սնվել են  Գյումրիի մթնոլորտից, հենվել նրա մշակութային ավանդության վրա, որ գնում է մինչև միջնադար և ավելի խորը: Ալեքպոլի աշուղները մի քանի հազարամյակների հնություն ունեցող գնոստիկ գիտելիքի կրողներ էին, ինչպես վկայել են անգլիական կրոնագետ Ֆրեդերիկ Կորնիբերը և Գեորգի Գուրջիևը:

Պատահական չէ, որ 20-ականների Լենինական-Գյումրին կարևոր ներդրում ուներ հայաստանյան ավանգարդ շարժման մեջ, իսկ անցյալ դարի 60-ականների Հայաստանում մոդեռնիստական շրջադարձի մեջ հիմնական դերը պատկանում էր Մինասին և Գյումրիում որպես արվեստագետ ձևավորված գեղանկարիչներին:

Ողջ Գյումրին է եղել դպրոց արվեստագետների ձևավորման համար, և ոչ միայն նրա արվեստի միջավայրը, այլ նաև՝ քաղաքի ճարտարապետությունը, նրա բնակիչները, նրա ավանդույթները, նրա genius loci-ն: Եվ փոխադարձաբար արվեստագետների  շնորհիվ քաղաքը սկսում է տեսնել իրեն, ձեռք է բերում վիզուալ ինքնություն, կերպար, ոգի: Կարելի է հիշել Գևորգ Բրուտյանի, Հակոբ Անանիկյանի, Հակոբ Հակոբյանի, Զավեն Կոշտոյանի, Սարգիս Համալբաշյանի, Համբարձում Ղուկասյանի, Գարիկ Մանուկյանի և այլ գեղանկարիչների ու քանդակագործների ստեղծագործությունները, որոնք արտահայտել են քաղաքի և նրա բնակիչների անկրկնելի ինքնատիպությունը:

2016 թ. համագործակցել եմ ծագումով Գյումրեցի արվեստագետ Արարատ Սարգսյանի հետ «Լենդուտա» նախագծի շրջանակներում: «Լենդուտա»-ն գեղանկարչական շարք է, որը սակայն նվիրված ոչ թե ժամանակակից Գյումրիին, այլ նրա մանկության «Լեննագանին»: Կատալոգում իմ հոդվածն է, բայց կուզենայի ևս մեկ մեկնաբանություն տալ:

Արարատ Սարգսյանի՝ իր ծննդավայր Գյումրիին նվիրված շարքը շնչում է այդ՝ հոգին գերող, խաղաղություն և երջանկություն պարգևող ոգով: Ամեն մի քաղաք չէ, որ ունի իր genius loci–ն. «տեղի հանճարով» օժտված են հին քաղաքները՝ Վենետիկը, Հռոմը, Վիեննան, Փարիզը …: Արարատը գտել է իր ծննդավայր Գյումրի- «Լեննագանի» genius loci –ին: 

«Տեղի հանճարը» բնակվում է տարերքների սահմանին, ծոցի և ցամաքի, բայց հատկապես գետերի և քաղաքի խաչմերուկում՝ Դանուբը Վիեննայի, Սենան՝ Փարիզի, Թեմզան՝ Լոնդոնի …, genius loci –ն բնակվում է ձեռակերտ և բնական գեղեցկության համադրության մեջ: «Տեղի հանճարով» օժտված են միայն այն քաղաքները, որոնք գեղարվեստական ստեղծագործություն են, եզակի իրենց տեսակի մեջ. genius loci-ն քաղաքի աուրան է:

Գյումրիում ոչ ծոց կա, ոչ գեղեցիկ գետ, բայց կա զարմանալի գեղեցիկ երկինք. Արարատ Սարգսյանի կտավներում Գյումրիի  genius loci –ն երկնքի և ճարտարապետության, ամպերի և փողոցների սալահատակի համադրությունն է: Գյումրին և գյումրեցիները, տեղը և մարդիկ, օժտված են «բնավորությամբ», որը քաղաքին հաղորդում է նրա եզակին, անկրկնելին:

Genius loci-ի՝ «տեղի հանճարի» կամ «տեղի ոգու» զգացումը գալիս է մանկությունից, քաղաքային լանդշաֆտը կենդանի տեսնելու ունակությունից: Արարատը հիշում է, որ մանկության տարիներին շենքերը իր համար անհատականություններ են, որոնց նա մտովի անուններ էր տալիս:  

Genius loci-իի զգացումի մյուս աղբյուրը ճանապարհորդությունն է: Հարկավոր է տեսնել տարբեր քաղաքներ, տարբեր տեղեր, որպեսզի համադրես և զգաս այն տեղը, որ քեզ ամենահարազատն է: Արարատը Գյումրիի genius loci –ին հանդիպեց հենց Վենետիկում, Վենետիկի ոգին նրա համար բացահայտեց իր մանկության քաղաքի հանճարը:

Գյումրին մարում է. վերջին երեք տասնամյակների ընթացքում նրա բնակչությունը կրճատվել է երեք անգամ, և բնակիչների հետ քաղաքը լքում են նաև արվեստագետները: Ողջ աշխարհում վտանգի տակ է մշակութային քաղաքների ոգին. 2008 թվականին Կանադան (Քվեբեկ) հյուրընկալեց Միջազգային գիտական ​​կոմիտեի գիտական ​​սիմպոզիումը՝ «Տեղի ոգու որոնում. նյութականի և ոչ նյութականի միջև» անվանումով, իսկ 2014 թ. Վենետիկի 14-րդ ճարտարապետական բիենալի ցուցադրություններից մեկը կոչվում էր Genius Loci (Տեղի ոգին) և նվիրված էր այդ խնդիրներին: Ինչպես ամենուր ժամանակակից աշխարհում, այնպես էլ Հայաստանում, մարդը կորցնում է բնության և շրջապատող իրերի հետ միասնության զգացումը: Ժամանակակից ճարտարապետությունը, ժամանակակից կյանքը ընդհանրապես վիրտուալ է, կարծես գոյություն ունի «վակուումի» մեջ, կապված չեն տեղի, այդ՝ թվում քաղաքի կերպարի հետ: 

 Հայտնի է, որ քաղաքները մարում են ոչ թե պատերազմների կամ բնական աղետների պատճառով, այլ երբ այն շրջանցում են առևտրականները, ճանապարհորդները և ուխտավորները, երբ անտեսում են գիտնականները, պոետները և արվեստագետները, երբ բնակիչները լքում են քաղաքը, այսինքն՝ երբ նրան մոռանում են:

Please follow and like us: