Էկա Քեւանիշվիլի/Այդ սերը նման էր տոնածառը հավաքելուն

Այն ծննդյան օրը 

Անմոռանալի ծննդյան օր էր՝ ամենասարսափելին։ 
Դատարկ էր նրա տեղը սեղանի մոտ։ 
Սեղանի կենտրոնում չկար մեծ ծաղկեփունջը՝
հիմնական տեսարանը,
իսկ ուշանալը չդարձավ տոն օրվա հրավառություն։ 
Ձմեռային այդ ցուրտ, 
անձյուն օրն էլ նրա խոսքերով չսկսվեց։ 
Նա եկավ միայն կեսգիշերին, 
երբ ամեն ինչ ավարտված էր։ 
Ես արդեն գոգնոց էի կապել։ 
Արցունքներս խառնում էի եռման ջրի շիթին, 
որ լցվում էր սպասքի կույտի վրա։ 
Նա եկավ։ Կանգնեց։ 
Ձեռքը անհարմար խոթեց տաբատի գրպանը։ 
Նա ինձ մի կապոց փող տվեց և ասաց.
«Գնա ու գնիր` ինչ ուզում ես»։ 
Հաջորդ օրը ես տոմս գնեցի 
ու հեռացա նրա կյանքից։

***

Այդ սերը նման էր տոնածառը հավաքելուն։
Ճիշտ է՝ ձանձրանալու չափ երկար էր կանգնած, 
բայց մեկ է՝ չէր կարողանում հրաժարվել նրանից։
Երբ բոլոր խաղալիքները հանեց,
ձեռքերում ցցված ճյուղերը մնացին։
Էլի երկար նայեց, իսկ հետո դրեց տուփի մեջ։
Հատակին փայլուն փոշի էր։
Դա էլ ավլեց և լցրեց զուգարանակոնքի մեջ։

Ինչո՞ւ ինձ չէր սիրում

Երբեմն մտածում եմ՝
ինչ-որ մեկին ինչ-որ բան եմ խոստացել ու չեմ արել։
Մտնում եմ անձնական նամակների մեջ ու վերջից սկսում եմ։
Կարդում եմ զգույշ, համառորեն:
Գուցե ինչ-որ մեկի հարցն անպատասխա՞ն  եմ թողել։
Գուցե ինչ-որ մեկին ռա՞դ եմ արել:
Կարծես ինչ-որ ամայի գյուղում
ինչ-որ մեկին մենակ եմ թողել  հորդ անձրևի տակ։
Իսկ ես՝ հանգիստ շարունակել  ճանապարհս։
Կարծես ինչ-որ մեկին անշնորհք ձևով լքել եմ։
Երբեմն նույնիսկ գործնական նամակներում  եմ 
փորձում գտնել պատասխանը՝ 
ինչո՞ւ ինձ չէր սիրում։

Նոր տարի

Ի՞նչ է լինելու Նոր տարուն. 
սա նրա գլխավոր հարցն է դեկտեմբեր ամսվա:
Արդյո՞ք մենք պետք է  նստենք լուռ տանը։
Իսկ 12-ին վեր թռնենք ու կանգնենք պատուհանների մոտ, 
դիտենք ուրիշների հրավառությո՞ւնը։
Սեղանին դրված լինի «Ռաֆայելլո»՝  
մի տեսակ ոչինչ չասող տեսքով-
եփած դդմի կողքին։
Եվ լռության մեջ թարթեն ամանորյա լույսերը։
Ընդհամենը այսքա՞նը՝  հարցնում է աղջիկս ինձ։
Իսկ ես մտածում եմ, թե ինչ պետք է անեմ այս Նոր տարուն։
Ինչպե՞ս ուրախանամ նրա ուրախությամբ:
Ինչպե՞ս  վերադարձնեմ նաև իմ ուրախությունը:
Գուցե մի տուփ խտացրած կաթ լցնեմ եռման ջրի մեջ…
Մայրիկիս պես երեք ժամ եփեմ, մինչև շագանակագույն դառնա։
Եվ ես նորից կանգնեմ կրակի մոտ, ինչպես այն ժամանակ
հին Նոր տարվա ձմեռներին՝ սպասելով կաթի եռալուն:
Գուցե ընկույզ  լցնեմ  փեշիս մեջ և կոտրեմ՝
Դառնամ մորս ձեռքերը՝ պոպոքկոտրիչով։
Ինչպես այն ժամանակ, լամպի լույսի ներքո:
Երբ  հասնում էինք վերջին, լույսը տալիս էին,
Նոր տարուն գթասիրտ էին։
Սովորաբար մութ էր։
Ի՞նչ պետք է անենք այլ կերպ Նոր տարուն՝ ես մտածում եմ.
Միգուցե պատրաստի ուտելիքներ ու քաղցրավենիք չգնե՞մ
ու միասին կանգնենք եռացող մեղրի մոտ, աղջիկս։
Ինչպես ես էի  կանգնում մորս կողքին գոգնոցով 
ու մատներս թաթախում սերուցքային կրեմի մեջ։
Իսկ նա հոգնած նստում էր  թխվածների ու ուտեստների, 
եփելու ու թխելու արանքում և մտածում էր ոչնչի մասին:
Մա՛մ, թխվածքի եզրերը ինձ տուր՝ գլուխը տանում էի։
Դատարկ տուփը դեն չգցես, ինչ կա մեջը՝ դա էլ է ինձ հերիք։
Երևի դա պետք է անեմ Նոր տարուն՝ դառնամ մարդկային։
Եվ նվերներ չպատվիրեմ:
Մենք Ամանորին իրար նվերներ չէինք անում.
փաթեթավորված տուփերը բացվում էին միայն ֆիլմերում։
Եվ ես մտածում էի՝ ինչու են 
մեր տոնածառի շուրջը միայն բամբակներ:
Երևի այդ տոնածառն էր նվերը՝
իրական, խիտ անտառից,
որ լուսաբացին բերում էր  հայրս դեռ ձյունոտ
և դնում էր փայտե խաչի  վրա։
Ես դեռ չէի հասկանում, որ սպանեցինք տոնածառը.
դա իմ ամանորյա նվերն էր՝ անտառից բերված ցուրտը։
Գուցե ես պետք է նման  մի բան անեմ, 
Շպրտեմ պլաստիկ տոնածառը:
Հետո վեր կենամ և գնամ տուն՝
այնտեղ, որտեղ դեռ կան խիտ անտառներ։
Եվ այն, ինչ ես արդեն մոռացել եմ։

Մոխրի վերածվելու

Երբեմն մտածում եմ՝ եթե կարողանայի այնպես սիրել,
ինչպես տասը տարի առաջ, 
ինձնից օրվա վերջում մոխիր կմնար:
Այն տղան, ում ես սիրում էի, պետք է կանգներ ունելիով, 
և ինձ նորից հավաքեր մնացած շեղջերից:
Գիտեմ՝ կհոգներ այդքան փչելուց, ինձ կլքեր։
Այսպիսի սերն ավելի լավ է՝ շոգ է, շոգ է,
Մեկ էլ ինչպես օգոստոսի  մի լուսաբացի՝
հանկարծ զով քամի կփչի։

Վրացերենից թարգմանեց Ասյա Դարբինյանը

Please follow and like us: