Ռոմիկ Սարդարյան/Եղեգնի պես

FATUM

Տիկին Էլիզի Հիշատակին

Մութ ճանապարհին դեգերում է դեռ
Հազարաչքանի Գաղտիքը Անմեղ,

Խարխափելո՞ւ է-Մեծ բախտին հլու,
Գուշակվա՞ծ է, որ Տեղ չի հասնելու,

Վիճակվա՞ծ է, որ ով ելնի իր դեմ,
էլ չի հասնելու Դժոխք կամ Եդեմ․․․

Եվ ով որ նայի նրա աչքերին,
Դառնալու է Կույր Հավերժի գերին։

Մութ ճանապարհին դեգերում է դեռ
Հազարաչքանի Գաղտնիքը Անմեռ։

ԵՐԱԶՍ

Գնում եմ ես երազում
Ճանապարհով Վերին․
– Ասա, ի՞նչ ես ուզում
Հիմա ինձնից, Տեր իմ։

Խոստովանիր, Տեր Աստված,
Որ սիրում ես Դու ինձ․․․
Չլինի թե համրացած
Մեռնեմ հիացումից։

Որքան գույներ ունես Տեր,
Պահած աչքից հեռու,
Ինչ կրքեր ու նյութեր են
Քո էս Վերում․․․ եռում։

․․․ Ահագնանում են, ահա,
Իմ աչքերը լույսից․․․
Արդեն հեռու եմ մահվան
Հույս ու պատուհասից։

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ

Ո՞վ խնդություն տվեց մարդուն
Ու ետ կանգնեց Մարդազունից,
Աստղ է ընկնւմ, աստղ է թարթում․․․
․․․Ո՞վ երեւաց մեզ Անհունից․․․

Մարդը հավերժ կրում բեռներ,
Մարդն է բեռն իր նետում հանկարծ,
Վերերկրային պատգամից դեռ
Ետ չի կանգնել ոչ մի աստված։

Մարդն իր Աստծուն չի ճանաչում,
Միամիտ է Տերը ընդմիշտ,
Պոետ է նա․․․ եւ մեր մահճում
Շուշաններ է սփռում ու Վիշտ։

ԵՐԿՎՈՒԹՅՈՒՆ

Այսպես քայլում ենք Մեծ խավարի մեջ․․․
Քո խավարի մեջ մշտնջենական,
Ու չի երկատվում Խավարդ անվերջ,
Չի մտապահվում քո Կանուչկան։

Մենք երկուսին էլ արժանի ենք, Տեր։
Քոնն են՝ երկինքդ ու երկիրդ պերճ։
Բայց կերկփեղկվի՞ Խավարդ ըստերջ,
Կապրե՞նք մենք նորից,
Կերգե՞նք երգեր․․․

***
Ինձ ո՞ւր տարար,
Իմ խեղճ,
Իմ ամլացած ՈԳԻ,
Սա ոչ մահ է, ոչ՝ ՎԵՐՋ․
Հոգեւարք է․․․
Փոքրիկ։

Ինձ ո՜ւր տարար, իմ խեղճ,
Իմ համարացած ՀՈԳԻ․․․
Սա
Եվ մահ է․․․ Ու ՎԵՐՋ։-
Վարք է․․․
Փոքրի։

ԵՂԵԳՆԻ ՊԵՍ

Եղեգնի պես նկուն- եղեգան պես անկոր,-
Այդպե՞ս ես միշտ ապրել- հիմա ո՞ւր ես գնում,
Ի՞նչ ճամփա է քո դեմ, ուղիղ գի՞ծ է, թե՞ կոր,
Ճահճացե՞լ արդյոք քո արյունը հնում։

Հազարավոր դարեր ապրել ես դու, որպես
Ուրիշների դայակ ու ստնտու,
Զարդարվել ես մահի մորմոքներով պես-պես,
Բայց օրորդ երգել- միջիդ բոցհեր մարդուն։

Եկան հազար, հազար, հազար խոզեր ագահ,
Հոտոտեցին հոգիդ՝ մաքուր, մաքուր,
Պակասեցի՞ր քեզնից՝ երբ ոչ մի պահ
Օտարն եղբայր չեղավ, չեղավ եւ քույր։

Եղեգնի պես նկուն- եղեգան պես անկոր,-
Այդպես ես միշտ ապրել- հիմա զուր ես ճկվում,
Անցիր ճամփադ- եւ դա միակ ուղին է քո,-
Երբ կածաններդ են մուժում չքվում։

Please follow and like us: