Մենք վերադառնում էինք Գրաց ծանր մտքերով։ Ճանաչած Եվրոպան ու հոգեբանորեն պատրաստ հրաժեշտ տալու նրան։ Ճանապարհին մեր առջեւ բացվում էին ավստրիական անշուք բնապատկերները, եւ մենք առանց բառ իսկ փոխանակելու ծիծաղում էինք՝ հայազգի բժշկի ասածները հիշելով։ Ի՞նչն էր նրան այդքան գեղեցիկ թվում այս սովորական լանդշաֆտի մեջ, որ երբեմն ընդհատվում էր միջնադարյան ու ավելի ուշ շրջանի ամրոցների վերսլաց միջնաբերդերով։ Սակայն բնավ ոչ ավերակ, ինչպես Հայաստանում է, որն այդքան հարուստ է հին ճարտարապետական կոթողների ավերակներով։ Երեւի սա է մեր ու եվրոպացիների տարբերությունը՝ պատմությունը մեզ մոտ անցյալ է, պատմությունը մեր ականջին մեր սեփական կյանքի ու տիեզերքում ամեն ինչի անցողիկության մասին շշնջալու համար է՝ «Էսպես չի մնա»․․․ Իսկ այստեղ՝ Եվրոպայում պատմությունը այսօր ապրող մարդկանց կյանքի մասն է, կենդանի հավաստիքը, որ «գործն անմահ է»։
Ցրտաշունչ, քամոտ, մոխրագույն ու խիստ Վիեննայից հետո արեւոտ, Վերածննդի թեթեւությամբ շնչող-արտաշնչող, խանութների ու ատելյեների ցուցափեղկերից ազգային տարազի վառ գույներով ծիկրակող Գրացը մեզ հայրենիքի պես մի բան թվաց։ Թվաց մեզ, թե օտար-ամայի ճամփեքով երկար դեգերելուց հետո վերջապես վերադարձել ենք տուն։ Տարօրինակ թվաց մեզ այդ զգացումը, որովհետեւ մինչ այս պահը մեզ թվում էր, թե տան զգացողություն կարող ենք ունենալ միայն Հայաստանում։ Պարզվում է՝ չէ․ երբ վրա-վրա նոր բաներ ես տեսնում, յուրաքանչյուր նորի նախորդը հավակնում է ձեռք բերել հարազատություն, թվալ հուսալի, թվալ քոնը։ Այդպես հավանաբար սիրածները, որոնց հանդեպ կիրքն ու սերը մարում են, վեր են ածվում բարեկամների, ընկերների, հարազատների։ Այսօր, երբ գրում եմ այս տողերը ու նորից վերադարձ եմ կատարել այս հիշողությանը, ես ու Համբարձւմն իրար հետ ենք արդեն տասը տարի։ Մեղամսից, իհարկե, շատ ավելի քիչ ժամանակ է անցել, բայց մենք հասցրել ենք ճաշակել հիասթափության, օտարացման դառնությունը։ Ինձ թվում է՝ մենք հասել ենք այն հանգրվանին, երբ երկուսս էլ հասունացել ենք բաժանության համար։ Ոչ, մենք չենք զղջում, որ իրար հետ ենք կապել մեր կյանքը, որ միասին ստեղծել ենք գրական կայք եւ նոր ու հետաքրքիր մարդ։ Բայց երկուսս էլ շվարած ենք ապագայի առաջ․ մի՞թե այսպես էլ շարունակվելու է մեր կյանքը, մի՞թե ոչ մի նորություն մեր կյանքում այլեւս չի լինելու, մի՞թե էլ չենք սիրահարվելու, մի՞թե ցմահ լռվելու ենք ընտանեկան այս գաղջի մեջ, որ ասես հայաստանյան գաղջի ճշգրիտ արտացոլանքը լինի։ Ոչ մի ուրախոթյուն ոչ մեր կյանքոմ, ոչ Հայաստանի։ Պարզապես գոյություն ենք քարշ տալիս՝ հաշվելով ամեն մի կոպեկը, աշխատելով քսանհինգ ժամ եւ չունենալով ապահովության ոչ մի զգացում։ Քսանհինգ ժամը չափազանցությոն չէր վասն պատկերավորության, ես իսկապես աշխատել եմ քսանհինգ ժամ՝ առավոտյան տասից մինչեւ հաջորդ օրվա առավոտյան տասնմեկը չհեռանալով համակարգչից։ Մի չորս-հինգ ժամ քնելուց հետո նորից շարունակել եմ աշխատել։ Ապա հաջորդ օրը՝ էլի քսանհինգ ժամ։ Ո՞ր մի եվրոպացին կհամաձայնվեր նման ստրկական ռեժիմի։ Որեէ գումարի դիմաց, առավել եւս մի երկու-երեք հարյուր եվրոյի։ Եվ եթե աստված չանի քո մարմնին ինչ-որ վիրահատություն պետք լինի, ստիպված ես լինելու մի քանի ամսվա աշխատավարձդ տալ բժշկին։ Սպանո՞ւմ է արդյոք աղատությունը սերը։ Միգուցե ոչ այնքան բուն աղքատությունը, որքան աղքատությունը հաղթահարելու հուսահատ ջանքերը։
Մենք չենք հանձնվում աղքատությանը, մենք չենք հանձնվում նաեւ գաղջին․ հեռացել ենք Երեւանից, հաստատվել Ստեփանավանի իմ հայրական տանը, աշխատում ենք հեռավար, աշխատոմ ենք իրար համար շատ հոգսեր չստեղծել, օգնում ենք իրար, բայց մի բան՝ մեր մեղրամիսը, թվում է մեզնից անհուսորեն հեռու։ Եվ ինչքան էլ մենք փորձենք հեռացնել մեզ Հայաստանում տեղի ունեցող սարսափելի դեպքերից, մեր փախուստը միեւնույնն է՝ երեւակայական է։ Մենք ապրում ենք այդ ամենի մեջ, ապրում ենք գարնանը տեղի ունեցած չորսօրյա պատերազմի մեջ՝ երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, եւ մենք հարյուրից ավելի զոհեր ունեցանք եւ մեր տարածքից ութ հարյուր հեկտար հող կորցրինք։ Ապրում ենք Հայաստանի մենակության ու աշխարհից մեկուսացվածության մեջ, ապրում ենք անընկեր ու անբարեկամ էս հեռավոր պուճախում, ինչպես Հայաստանը՝ այս մեծ ու լավագույն դեպքում անտարբեր աշխարհում։ Ապրում ենք՝ երազելով, որ մեկնումեկը զենք կվերցնի ու կհեռացնի մեզ քայքայող այս չարորակ ուռուցքը։ Եվ, իհարկե, մենք մարմին կտանք մեր երազանքին, մեր երազանքից ծնվել են ահա մեր փրկիչները՝ Սասնա Ծռերը․․․ Նրանք մեր երազանքի մարմինն են։
Ես օր ու գիշեր հետեում եմ դեպքերի զարգացմանը, գրեթե չեմ քնում, փորձում եմ քննարկել ամուսնուս հետ։
– Մի խոսիր ինձ հետ էդ թեմայով,- ասում է Համբարձումը,- մի խոսիր, ես չեմ ուզում լսել նրաց մասին։
Առաջին անգամը չէ, որ իմ ու Համբոյի տեսակետները տարբերվում են․ ես պաշտպանում եմ Սասնա Ծռերի հուսահատ ու խելագար քայլը, Համբարձումը՝ ոչ։ Նա դեմ է տեռորին, հակապետական քայլերին, մարդասպանությանը։ Փոփոխության համար կան ընտրություններ՝ կարծում է նա։ Նա չի ստորագրում ի պաշտպանություն Սասնա Ծռերի արված հայտարարությունը։ Ես ստորագրում եմ։ Մենք իրարից ավելի ենք հեռանում։
– Դու մտածիր, որ էսա քո հետեւից գալու են,- ասում է ամուսինս,- ԱԱԾ-ն նրանց բոլոր կոնտակտները ունի, նրանք հատոկենտ համակիրներ ունեին, եւ դրանցից մեկը դու ես։
Ես առանձնապես չեմ համակրել Սասնա Ծռերի հիմքը հանդիսացած Հիմնադիր խորհրդարանին, մի օր տեսա նրանց հայտարարությոնը ֆեյսբուքում, որ եթե կարծում ես՝ կարող ես ինչ-որ բանով աջակցել մեզ, միացիր, եւ ուղարկեցի նրանց իմ պատրաստակամությունը հավաստող գրություն։ Մտածում էի՝ կարող եմ աջակցել տեքստերի ստեղծմամբ, խմբագրական աշխատանքով։ Երկու օր անց զանգեցին ինձ, ցանկանում էին ինձ տեսնել։ Ասացի, որ Ստեփանավանում եմ ապրում ներկայումս, եւ նրանք արագ եկան մեր տուն։ Դա մի կես ժամ տեւեց։ Համբարձումի համար շոկային անակնկալ էր, ես նրան չէի զգուշացրել, որ այդ քաղաքական խմբին աջակցում եմ, նա կարծում էր, որ ես ամբողջովին ու անդավաճան նիկոլական եմ։ Ինձ համար շատ տարօրինակ էր, որ մեր տուն այցելած մարդիկ մեզ չէին ճանաչում որպես գրողների։ Մեզ հետ վերջին շրջանում առնչված մարդկանց մեջ այդպիսիք չկային։ Նրանք ինձ պարզապես նյութեր էին բերել՝ տեսասկավառակներ եւ բուկլետներ, որ ցրեմ Ստեփանավանում։ «Հարյուրամյակն առանց ռեժիմի»՝ այդ էր նրանց կարգախոսը, որով պատրաստվում էին 1915 թվականի ցեղասպանության հարյուրամյա տարելիցին։
– Վայ, Արփի, վայ,- ասեց Համբարձումը նրանց գնալուց հետո՝ զարմանքով նայելով ինձ, ասես նոր էր հայտնաբերում։ Իսկ հետագայոմ, երբ Հիմնադիր խորհրդարանի անդամներն ինչ-որ ակցիա էին անում, ասում էր,- ձերոնք էսօր երթ են արել, ո՞նց, տեղյակ չե՞ս,-կատակում էր, գիտեր, որ ինձ նրանցից մեկը չեմ համարում, որ նրանց մերոնք չեն համարում, որ «Հարյուրամյակն առանց ռեժիմի» տասնհինգ հոգանոց երթից հետո նույնիսկ չեմ հետեւում, եւ թեպետ նրանց կողմից փորձեր եղան դրանից հետո էլ ինձ իրենց շարքերը ներգրավելու, ես հստակ հեռավորոթյուն եմ սահմանել իմ ու նրանց միջեւ։ Ոչ էն պատճառով, որ նրանք էքստրեմիստական էին ու ռադիկալ, դա չէր ինձ վախեցնում, այլ անդամների արժեքային համակարգը, հեռավորությունը գրքից։ ԵՍ նրանց աջակցել էի միայն հարուրամյակի նախաշեմին, ինչպես աջակցում էի ցանկացած փորձի, որ ուղղված էր իխանափոխությանը։ Եվ ահա, մեր տուն այցելածներից երկուսը ՊՊԾ գունդը գրոհածների թվում էին։
Ես չէի քնում, գրեթե չէի քնում, անդադար հետեւում էի ուղիղ եթերին։ Ի՞նչ է լինելու հետո՝ ինձ պարզ չէր, բայց հույս ունեի, որ իրենք՝ ծռերը, գիտեն։ Սակայն կասկածները, որ իրենք էլ չգիտեն, քիչ-քիչ արմատ էին գցում մեջս։ Պարզ էր միայն՝ նրանք գիտեն, որ պիտի հարթակից հեռու պահեն Նիկոլին։ Նիկոլը Քաղաքացիական պայմանագիր իր կոսակցւթյամբ հայտնվել էր իրադարձությունների կենտրոնում, փորձոմ էր վերահսկողությոն սահմանել իրավիճակի նկատմամբ, կանխել արյունահեղությունը, զսպել քաղաքացինարի ներսում զարթնող հրեշին։ Նա հայտարարել էր, որ սկսված է հեղափոխությունը, եւ հեղափոխության անունը դրել էր Բաց ձեռքերի հեղափոխություն։ Նա հորդորում էր բոլորին բարձրացնել ձեռքերը՝ ի նշան այն բանի, որ ձեռքում քար կամ այլ զենք չկա։ Դա պատասխանն էր այն քարի, որ նախորդ օրը քաղաքացին նետել էր ոստիկանի ուղղությամբ, եւ որը կպել էր իրեն։ Նիկոլը արագ իրենով էր անում այդ հրապարակում հավաքվածներին։ Դա էր պատճառը, որ ՊՊԾ գնդում, շրջափակման մեջ մնացած ու սովի մատնված Սասնա Ծռերը հորդորեցին Նիկոլին հեռացնել հարթակից։ Ոչ միայն սա, ոչ միայն սպանված երկու ոստիկանը, մի դրվագ էլ ինձ վերջնականապես հեռացրեց նրանցից․ Սասնա ծռեր խմբի անդամներից մեկը էկրանի մոտ, համայն հայությանը պատմում էր, թե ինչեր են գտել գնդի սպանված հրամանատարի սենյակից։ Մի ժամացույց էր նրան ուշադրության արժանի թվացել, որի վրա թվերի փոխարեն տարբեր դիրքերով կենակցող սխեմատիկ ֆիգուրներ էին պատկերված։ Հումորի զգացմամբ ստեղծված այդ ժամացույցը այդ բրուտալ տղամարդը ներկայացնում էր հանրւթյանը որպես գնդի հրամանատարի այլասերվածության ապացույց։ Այնքան հետամնաց չտեսություն կար էդ ամենի մեջ։ Եվ ի՞նչ, եթե այդ պահպանողական ու անհումոր մարդիկ գան իշխանության, երկրում երգիծանքը պիտի արգելվի՞։
ՊՊԾ գնդի գրավման յոթերորդ օրը իմ աչքը չքնելուց բորբոքվեց։ Ստեփանավանում բժիշկ չկար, իսկ տանը միայն մի հացի փող էր։ Ստիպված էի առավոտ շուտ պարտք անել բանջարեղենի խանութից, նստել երթուղային ու գնալ Երեւան՝ բժշկի։ Եվ խնդրել մեր տանն ապրող մեր ընկերոջը, որ վարձը այս անգամ մի քիչ շուտ տա։ Փողը վերցրած, բժշկի մոտից դուրս գալոց հետո անմիջապես վերադարձա Ստեփանավան, որ տնեցիներին ուտելիք հասցնեմ։ Ճանապարհից հոգնած, ուտելիքով բեռնված՝ կանգնեցի մեր տան փակ դարպասի առջեւ։ Համբարձումի հեռախոսն անջատված է, գոռում եմ, արձագանք չկա։ Սովորաբար Համբարձումը երբեք չի փակում դարպասը, նույնիսկ գիշերները։ Նույնիսկ Պերմյակովի՝ ռուս զինվորի դեպքից հետո, որը Գյումրիում մեզ պես բացսիտ ու բացդուռ մի տուն էր մտել ու գնդակահարել մի ամբողջ ընտանիքի՝ քնած վիճակում։ Ես խնդրում եմ հարեւանի տղային, որ ցատկի մեր ցանկապատի վրայով ու ներսից բացի դուռը։ Հարեւանի տղան անում է դա, բայց պարզվոմ է՝ փակ է նաեւ տան դուռը։ Ես գոռում եմ մեր բոլոր պատուհանների տակ, բայց իզուր չէ, որ դրանք եվրոպատուհան են կոչվել՝ անհուսորեն փակ տառապանքի առաջ։ Ի վերջո որոշում եմ, որ երեւի Համբարձումը վերցրել է Մուշին ու տարել այգի։ Իրերով ու կարմրած աչքով գնոմ եմ այգի, իսկ նրանք այնտեղ չեն։ Միգուցե տանը փող են գտել՝ մի քանի հազար դրամ ու որոշել են գնալ սրճարան։ Նայում եմ Ստեփանավանի միակ սրճարանոմ, այնտեղ էլ չեն։ Վերադառնում եմ տուն եւ ճանապարհին իմ արյուն լցված, կարմիր աչքերից արցունքներ են թափվոմ, երեւի էլի կարմիր․․․ Ի վերջո գլուխս աշխատում է, զանգում եմ ընկերուհուս ու խնդրում տեսնել՝ արդյո՞ք ես սկայպում եմ։ Որովհետեւ եթե «Սկայպի» իմ կոճակը ակտիվ է, նշանակում է՝ Մուշը իմ համակարգչով մուլտֆիլմ է նայում։ Այո, իմ կոճակը ակտիվ է, ընկերւհիս զանգում է Մուշին, զանգի ձայնից արթնանում է նաեւ Համբոն։ Պարզվում է, որ քնած էր։ Ես բեռներս դնում եմ խոհանոցում ու զգում, որ ես ու Համբոն տիեզերքի տարբեր ծայրերում ենք, մենք այլեւս իրար չենք պատկանւմ, մենք այլեւս իրար ապավեն չենք։ Վերջացել է ամեն ինչ։ Ու նույնիսկ Սասնա ծռերն այստեղ անզոր են, նույնիսկ նրանք չեն կարող այս մեռնող երկիրն ուշքի բերել։ Ամեն ինչ միայն ավելի վատ է լինելու։ Որովհետեւ մեղրամիսն արդեն անցյալում է։ Ու հիշում եմ Իվանայի խոսքերը՝ նորապսակներ են, է․․․ Այլես ոչ, այլեւս հնապսակներ ենք։ Ու նույնիսկ լվերի դեմ հուսահատ ու դժոխային պայքարն է հիմա երանելի մի բան թվում, որովհետե ինչքան էլ անտանելի լիներ այդ ամենը, մենք միասին էին, ու ինչպես ասում էր Հիմոգենան՝ մենք ունեինք իրար․․․
Իդեպ, միջատները Գրացում մեր անցկացրած ամբողջ ժամանակը չկարողացան հարամել։ Երբ մենք վերադարձանք Գրացից, տանը միջատների դիեր չկային։ Վիեննա մեկնելուց առաջ մենք ինչպես միշտ տնից դուրս գալիս տարբեր թույներ էինք ցանել ամենուր, եւ չորս օր այդ թույները մնացել էին այդտեղ, ներծծվել պատերի մեջ, ու եթե կենդանի օրգանիզմ էլ եղած լիներ այդտեղ, պիտի որ քայքայված լիներ։ Մենք, իհարկե, սպասում էինք, որ լվերը հառնելու են փյունիկի պես, մենք վաղուց նկատել էինք, որ նրանք չեն ենթարկվում ֆիզիկական օրենքներին ու կատարելապես իռացիոնալ են, գրեթե մետաֆիզիկական։ Այնուհանդերձ, հետագա օրերին մենք այլեւս չնկատեցինք նրանց ներկայության հետքեր։ Մենք հաղթել էինք բնական տարերքին։ Կամ եթե նրանք մեր բնազդային ինքնաօրիենտալացման դրսեւորումներն էին, եթե մեր նորգաղութացված միտքն էր հնարել դրանք, ուրեմն մենք ինչ-որ հաղթանակ էինք տարել նաեւ այդ ռազմադաշտում։ Թեպետ միգուցե մեզ համար պարզապես պարզ էր դարձել, որ մենք մեզ ինչքան էլ ինքնաբավ համարենք, ինչքան էլ հնագույն մշակույթներից մեկի կրողը մեզ զգանք, նրանց աչքում մենք լվոտ ենք։ Եվ եթե նույնիսկ կանչում են մեզ, մենք պիտի հասկանանք, որ մեզ ճանաչելու համար չեն կանչում, այլ կանչում են, որ մենք ավելի լավ ճանաչենք իրենց։
Ինչեւէ, մենք ուրախ էինք, որ մեր մարմինն այլեւս քոր չի գալիս, որ մեր աչքերի առաջ անտեսանելի միջատները չեն թափահարում իրենց անտեսանելի թեւերը՝ թեթեւ քամիկներ առաջացնելով։ Մենք վերջապես շունչ էինք քաշում ու պատրաստվում վայելել Գրացը, անհոգ թափառել նրա փողոցներով, սրճարաններով ու թանգարաններով, վերջապես մեր սենյակ հրավիրել բանգլադեշցուն ու գերմանացուն, կանչել մեր բոլոր նոր ընկերներին, հայկական ուտեստներ պատրաստել, բայց․․․ Լվերից հետո մեզ պատուհասեց վիրուսային գրիպը եւ մեր հրավերքի քառասուն օրերից մնացած մեկ շաբաթը մենք անցկացրինք անկողնում։ Կազդուրվելուց հետո մեկ անգամ էլ հանդիպեցինք Անուշին ու Գայանեին, որպեսզի վերցնենք Գայանեից ինչ-որ թղթեր, որ խնդրել էր հասցնել Հայաստան ու որոնք կապված էին այն երաժշտական դպրոցի նյութական ձեռքբերումների հետ, որին Գայանեն պատրոնություն էր անում։ Մի անգամ էլ նամակ ստացանք մեր գրացաբնակ ընկեր արվեստագետներից, որոնք հրավիրում էին մեզ բողոքի ակցիայի․ Գրացի քաղաքապետարանը ինչ-որ օրենքի կարգավորմամբ փորձում էր արգելել մուրացկանությունը Գրացի փողոցներում, ինչին դեմ էին արտահայտվում արվեստագետները՝ համարելով դա մարդու իրավունքների խախտում։ Ամենաշատը դրա համար էինք ափսոսում, որ չկարողացանք միանալ։ Անկողնում պառկած՝ Համբարձումը մի հոդված գրեց «Հրապարակ» օրաթերթի համար, որտեղ պատմեց այս դրվագի մասին։ Հոդվածն ակտուալ էր, ոովհետեւ նույն այդ ժամանակ Երեւանում հերթական անգամ փորձում էին արգելել փողոցային առեւտուրը։