Արփի Ոսկանյան/Հայերն ու «վեշերը»

Ուրիշ տուն, որտեղ ես երբեք չեմ ապրի, բայց որն իմ իսկական տունն է, այլ կյանք, որը ես չեմ ապրել, թեպետ կարծել եմ, թե ապրում եմ, ուրիշ լեզու, որով ես գրել եմ վանկ առ վանկ, բայց այդես էլ չեմ կարողացել դրանով իսկապես խոսել․․․ Դրանք բոլորն այնքան են իմը, որ ես երբեք չեմ ունենա դրանք։

Ջորջիո Ագամբեն «Երբ տունդ վառվում է»

 Քառասունչորսօրյա պատերազմին հետեւած գաղթի ժամանակ ես առաջին անգամ հիշեցի Վիեննայի օդանավակայանում, հետդարձի ճանապարհին տեսածս, ինչը զարմանալիորեն չէի նկատել գալիս։ Դրանք հայերն էին իրենց իրերով։ Մեր առջեւ մի տխուր ու փնթի տեսարան էր բացվել, որ գաղթ էր հիշեցնում։ Ասես մարդկանց վռնդել էին Ավստրիայից ու նրանք փորձում էին հայրենիք բերել անգամ իրենց անկողինը։ Միգուցե այդպես էլ կար, բայց իմ հիշողության մեջ հառնեց իմ ու իմ ծանոթների ընտանիքների ճամփորդական մշակույթը․ մենք՝ հայրերս, ասես չենք կարողանում թեթեւ ճամփորդել, մի փոքրիկ պայուսակով, ուր էլ որ գնանք, գնում ենք այնպես, ասես գնում ենք ընդմիշտ։ Մեն չենք կարողանում թողնել մեր ստեղծածը, մենք տանում ենք մեզ հետ, ինչ կարող ենք, ինչպես Ցեղասպանության օրերին մեր նախնիները վերցնում էին իրենց հետ գրքերը։ Իսկ քառասունչորսօրյա պատերազմից հետո մենք վերցնում էինք մեզ հետ հարազատների գերեզմանները, նրանց տապանաքարերը․․․   Մեր ցանկացած ճամփորդություն գաղթ է։

Երկրորդ անգամ ես հիշեցի Ավստրիայի օդանավակայանում տեսածս՝ հայերին ու նրանց «վեշերը» 2023 թվականի զարհուրելի սեպտեմբերին։ Ադրբեջանը Արցախի փնակչությանը ինը ամիս շրջափակման մեջ պահելուց ու սովի մատնելուց հետո հարձակվեց նրա վրա իր ողջ ռազմական ուժով։ Սա այն գինն էր, որ մենք վճարեցինք ռուս-ուկրաինական պատերազմի համար։ Շատերը Հայաստանում կարծում են, թե Պուտինը մեր երկիրը մաս-մաս մանրելով պատժոմ է Նիկոլին եւ հայ ժողովրդին, որ իր նշանակած իշխանություններին հանել ու հանդգնել է իրեն սուվերեն կարծել, իր համար ինքնուրույն իշխանություն ընտրել։ Բայց դա այդպես չէ։ Մենք պարզապես ապրում ենք պարտված աշխարհի շարունակական պարտության մեջ։ Պուտինը պարզապես մանրում է Արցախը եւ Հայաստանը որպես Ադրբեջանի ու Թուրքիայի հետ իր բարեկամության վճար։ Աշխարհում, որը մերժում է նրան ու նրա նավթը, նրան պետք են այս երկու հենարանները։ Նրան պետք է Ադրբեջանը Եվրոպայի վրա իր նավթը վաճառելու համար։ Եվ բոլորը գիտեն դա։ Եվրոպան պայմանագիր է կնքում Ադրբեջանի հետ՝ իմանալով նրա նավթային պաշարների քանակը, որ անբավարար է իր կարիքները հոգալու համար։ Բայց նա հույս ունի ստանալ եւ կստանա այնքան նավթ, որքան իրեն պետք է։ Եվրոպան գիտի, որ այդ նավթը Ռուսաստանինն է, բայց նա Ռուսաստանից չի առնում այն, որովհետեւ Ռուսաստանին պատժում է։ Երկերեսանի, ինքն իրեն խաբող Արեւմուտքը, որն այն լրագրող-իրավապաշտպանի պես ուզում է հավատալ իր հորինած ստերին։ Անագորույն Արեւմուտ, որ Թուրքիային փող է տալիս, որպեսզի նա զսպի սիրիացի փախստականները շարժը դեպի Եվրոպա։ 

Եվ ո՞վ հիմա կկանգնի մարդկանց կողքին, որ զոհվում են իրենց պապերի տներում՝ այն հողի վրա, որտեղ երբեէ ոչ մի թուրք ոտք չի դրել։ Ո՞վ կկանգնի սովից մեռնող, սովից հյուծված եւ հիմա էլ արկերից փրկվել փորձող մարդկանց թիկունքին։ Ոչ ոք։ Անգամ ոչ Հայաստանը։ Հաաստանը չի կարող թույլ տալ նոր պատերազմ, Հայաստանը պիտի փորձի փրկվել եւ թույլ չտալ Ադրբեջանն ու Թուրքիան կապող ճանապարհ իր մարմնի միջով։  

Հարձակումից հինգ օր առաջ ԱՄՆ պետդեպարտամենտը զգուշացրել էր Ադրբեջանին, որ թույլ չի տա էթնիկ զտումներ Լեռնային Ղարաբաղում, բայց անօրինական շրջափակման ինն ամիսների ընթացքում Ալիեւը հաշվել էր բոլոր կեղծ ժողովրդավարների, բոլոր սուտի արդարամիտների բոլոր փտած ատամները։ Նա գիտեր, որ եթե ինչ-որ մեկը ինչ-որ բան անելու լիներ, ինն ամիս հարյուր քսան հազար մարդու սովի մատնելու համար իր նկատմամբ գոնե պատժամիջոցներ կկիրառվեին։ Իր հաշվարկներում նա չէր սխալվել։

Այն, ինչ կատաղեցնում է, մարդկանց միամտւթյունն է ու անվերապահ հավատը Եվրոպայի ու այսպես կոչված եվրոպական արժեքների նկատմամբ։ Այն հեշտությունը, որով մարդիկ թույլ են տալիս կառավարել իրենց այս արժեքների հիշատակմամբ։ Զրո դիմադրողականությունը եւ մտածողության սեփական գործիքների հանձնումը, լիակատար վստահությունը։ Ռուսաստանը՝ մեր վերջին գաղութարարը չէ քանդել մեր տունը, այլ մեր միամտությունը։ Վաղը Արեւմոտքը չի լինելու մեր դժբախտության մեղավորը, այլ մեր միամիտ հավատը, թե աշխարհում որեւղ մեկը կկանգնի արդարության թիկունքին, թե նրանք երբեւէ կընդունեն մեզ որպես հավասարի իրենց ընտանիքում։ Ուկրաինացիների մասին, որ զոհվում էին ռուս-ուկրաինական պատերազմում լեհ լրագրողն ասաց՝ միշտ էլ պատերազմներ եղել են, բայց սա վախեցնող է նրանով, որ զոհվում են մեզ պես մարդիկ՝ նրանք սպիտակ են ու ապրում են Եվրոպայում։ 

Մի այլ ախարհ, որը բավարար սպիտակ չէր Եվրոպայի համար, այրվում էր հեռուներում՝ հեռու աշխարհի աչքից։  Վառվում էր փոխաբերական ու ուղիղ իմաստով։ Զանգվածային գաղթի օրեր տեւած ճանապարհին, երբ սոված էին ոչ միայն մարդիկ, այլեւ ավտոները, պայթյուն եղավ։ Մարդիկ մոտեցել էին վառելիքի պաշարին  իրենց տարաներով վառելիք վեցնելու եւ մեքենաները կերակրելու, որպեսզի նրանք ուժ ունենան իրենց քաղցած եւ հոգնատանջ մարմինները հասցնելու մայր հայրենիք՝ Հայաստան։ Նրանց մեջ կային վիրավորներ, կային մարդիկ, որ մի կերպ ողջ էին մնացել ադրբեջանական հարձակումից, կային տարեցներ ու երեխաներ․․․ Երբ վառելիքի պահեստը պայթեց՝ օդ թռցնելով նրանց։ Եվ արդեն մարդու տունը չէր բռնկված իրական կամ թվային հրդեհով, արդեն մարդու հոգու տունը՝ նրա մարմինն էր բռնկված վազում դեսուդեն՝ փրկության հույսով, եւ որքան բարձր էր այդ կակը, այնքան քիչ էր հույսը պահպանելու այն, ինչ տվել էր Աստված՝ մերկ մարմինը․․․

Ի՞նչ էր մեր ուզածը՝ ազատություն գաղութարարից, մեր հայրենիքում մեր ուզածի պես ապրելու հնարավորություն։ Եվ ահա, վերջապես ստանում ենք այդ ազատությունը։ Ազատ լինել չի նշանակում լինել բարեկեցիկ, ապահով ու երջանիկ։ Ազատ լինել նշանակում է անցնել դժվարություններով լի ճանապարհ, լինել մենակ, եւ չունենալ ոչ մի, ոչ մի հեղինակություն։ Հասկանալ, որ բոլորը մահկանացու են, որ բոլորի մարմինն էլ մի օր այրելու է կրակը, ու եթե կա մի բան, որ քեզ կարող է բարձրացնել այդ բոլորից, դա ոչ մի դեպքում քո մարդկային դեմքը չկորցնելն է։ Որքան էլ դժվար լինի՝ չցանկանալը մյուսներին այն արհավիրքը, որ կատարվեց քեզ հետ։ Չհրճվելը ուրիշի դժբախտությամբ, թեկուզ այն ուրիշի, որ զենք էր մատակարարում քո թշնամուն, ինչպես Իսրայելը, որի անպարտելիության առասպելը մեր աչքի առջեւ պիտի վիճարկեր ՀԱՄԱՍ-ը։ Ինչպես Ռուսաստանը, որը պատրաստվում էր մի քան օրում գրավել Ուկրաինան, բայց արդեն երրորդ տարին է պտտում արյունահեղ պատերազմի։ Ինչպես Ուկրաինան, որ ամեն հարցում սատարում էր Ադրբեջանին․․․ Ինչպես  Վինի փուհը եւ բոլոր-բոլորը․․․ Չկորցնել մարդկային դեմքը եւ հիշել, հիշել ու կրկնել՝ դեն նետելով պաթոսը, հասկանալով ամեն բառը՝ «Բաբելոնն է եղել մեր ախոյանը, տես/ Անհետ կորել, անցել է չար մշուշի պես,/ Ասորիքն է եղել մեր թշնամին, ահա,/Դաշտ է տեղը, եւ չկա քար քարի վրա»։ Եվ՝ «Եգիպտական բուրգերը փոշի կդառնան,/Արեւի պես, երկիր իմ, կվառվես վառման»․․․

Արցախի վերջին նախագահը ստորագրել է փաստաթուղթ, որով  հունվարի մեկից դադարելու է գոյություն ունենալ Արցախի հանրապետությունը։ Մի ամբողջ պետական միավոր, որ ստեղծվել էր միայն մի բանի համար, որովհետեւ այնտեղ՝ իր նախնիների հողի վրա ապրող ժողովուրդը չէր ուզում Խորհրդային Միության գծած սահմաններով լինել այլ երկրի մաս, որովհետեւ միջազգային իրավոնքը թույլ չէր տալիս նրան միանալ իր հայրենիքին, դրա համար նա գոնե անկախություն էր պահանջում, դրա համար նա զոհել էր իր որդիներին ու հայրերին, իր քույրերին ու աղջիկներին։ Նա դուրս էր եկել իր թշնամու դեմ ու հաղթել, բայց հնարավոր չէ կռվել ամբողջ աշխարհի դեմ։ Ահա միջազգային հանրությունը, որ տապալել է Խորհրդային բռնապետությոնը, բայց բուծում է այլ բռնապետություններ, սատարում Թուրքիայի ու Ադրբեջանի հակամարդկային պետությունները։ 

Եվ հիմա, երբ ես հիշում եմ Գրաց կատարած մեր այցելությունը, իմ սիրտն այլեւս չի լցվում ջերմությամբ։ Ինձ միշտ թվում էր, որ երբ ավարտեմ «Մեղրամիսը», ես ու Համբարձումը կբաժանվենք։ Ես այս բլոգասերիալը գրւմ էի որպես մեր համատեղ կեցության, մեր ընտանիքի պատմություն՝ ցույց տալու համար, թե ինչպես են փոխվում մարդկանց հարաբերությունները, երբ նրանք ապրում են մի տանիքի տակ բավականաչափ երկար։ Ես սա գրում էի որպես երկար նախապատրաստություն մեր բաժանությանը։ Ոչ այն պատճառով, որ մեր միջեւ սերը ավարտվել է։ Այլ որովհետեւ մենք՝ մեր իսկ ստեղծած գրողների միության երկու անդամներս, միշտ ձգտոմ ենք պատմություն քաղել կյանքից, միշտ ձգտում են մեր ապրածը վերածել պատմության, մեր կյանքը կառուցել իբրեւ պատմություն։ Բայց հնարավոր չէ քո պատմությունը տեսնել կենդանության օրոք։

Մեր տղան՝ իմ ու Համբոյի այն հեռավոր մեղրամսի արգասիքը, միշտ ճշգրտությամբ կռահում է ֆիլմերի եւ վեպերի ընթացքը։ Երբեմն հարցնում եմ նրան՝ ի՞նչ ես կարծում, էս տղան կամ աղջիկը կմեռնի՞։ Իհարկե ոչ, ասում է տղաս, իհարկե, չի մեռնի, որովհետեւ նա գլխավոր հերոսն է։ Համաշխարհային այս պատմության մեջ ինչի մասին էլ գրենք, ինչի մասին էլ երգենք, ինչ էլ երազենք, գլխավոր հերոսը Հայաստանն է՝ մեր փոքրիկ ու սիրելի երկիրը՝ աշխարհի կենտրոնը, որ դեռ հառնելու է մոխիրներից․․․ Հայաստանը, որը  հավերժ է։

Please follow and like us: