Արփի Ոսկանյան/Մեղրամիս/Գրացի հայկական եկեղեցին

Սակայն, տարօրինակ էին մեր լվերը՝ անտեսանելի ու անզուսպ, երաժշտասեր ու նացիստ։ Թող ներեն ինձ մեզ հյուրընկալած ավստրիացիները, բայց ինչպես խոսքի մեջ ասաց Գայանեն՝ չմոռանանք, թե Հիտլերը որտեղ է ծնվել։ Ավստրիացների մեջ մինչ այժմ նացիզմի պստլիկ դսեւորումներ էինք նկատել, որ միգուցե արձագանքն էր այն մեծ, պատմական ֆաշիզմի, միգուցեւ ոչ։ Ընդհանրապես, միգուցե ազգայնականւթյունն այնքան էլ վատ բան չէ, միգուցե այն ազգի անհրաժեշտ իմունային հարվածն է  տարրալուծման վտանգին։ Միգուցե օրինական իրավունք ունի ավստրիացի տարեց կինը ֆշշալով նայելու Համբարձումին, որը նրա՝ անզգուշաբար վայր գցած մանրադրամը գետնից բարձրացնում ու վազեցնում է հետեւից, հանձնում նրան։ Միգուցե ճիշտ է մտածում, որ ներգաղթյալները իր ու իր նախնիների հացն են ուտում։  Միգուցե նաեւ լավ է անում մեր ու մեզ նման պետությունների հանդեպ, թող մեր քաղաքացիները վեր ընկնեն իրենց հայրենիքում, պայքարեն ու իրենց երկրները դարձնեն Ավստրիայից էլ գեղեցիկ, ծաղկուն ու բարգավաճող։ Եվ լվերն էլ ասես հակամիգրացիոն ծառայության աշխատակիցներ լինեն։ Նրանք անսխալորեն գտնում են օտարականին, հատկապես երրորդ երկրից եկածին, թիրախավորում ու կծոտում այնքան, որ նրան իր վտանգաշատ ու նվաստացած կյանքը հեռու հայրենիքում դրախտ թվա։ Մեր հաշվով, սակայն, լվերը սխալվել էին։ Մենք ինչան էլ դժգոհ լինեին մեր հայրենիքից, հեռանալու միտք բոլորովին չունեինք։ Հեռացումը մեզ համար մահվանը համարժեք բան էր։ Մենք միայն ցանկանում էինք ծանոթանալ Եվրոպային ու լավ տպավորություններով վերադառնալ Հայաստան, բայց մեզ լավ տպավորություններ ստանալ խանգարում էին այս զարհուրելի եւ անտեսանելի արարածները, որ ասես ապրում էին մեր մտքում։ Միգուցե այս տարօրինակ միջատներից պաշտպանվելու համար մեզ պետ էր վերածվել միջատի։ Գոնե ինչ-որ իմաստով։ առնալ այնպիսին, ինչպես այստեղ ապրողներն են։ Միգուցե լվերը կծում էին մեզ մեր մեծամտության պատճառով։ Միգուցե եթե մենք տեսնեինք այն, հանուն ինչի արժեր մնալ ու ապրել այստեղ, միգուցե եթե մենք տեսնեինք այս մարդկանց առավելությունը մեզնից, նրանց մշակութային բարձրությունը մեր՝ մշակութային առումով ավելի ցածր մակարդակի վրա գտնվողներիս հանդեպ՝ այն, ինչ նրանք կուզենային, որ մեն տեսնենք, միգուցե եթե մենք խոնարհվեինք նրանց առջեւ մտովի, ճանաչեինք մեր տեղը ու մանավանդ չափը, լվերը դադարեին մեզ կծոտել։ Եվ միգուցե օպերայում լվերի վրա ոչ թե Վերդին էր այդպես բարեբեր ազդել, այլ մեր ընկալումը, որ աշխարհում կա մի երաժշտական ժանր, որ եվրոպացիների սրտին ավելի մոտ է, որ նրանց համար նույնքան ընկալելի է, որքան մայրական օրորոցայինը, մի բան, որ հասու չէ մեզ։ Միգուցե մեր նվաստության ընդունումն էր խաղաղեցրել այդ լվերին։ Դժվար էր ասել ի վերջո մենք ինչի հետ գործ ունեինք, բայց երկուսս էլ զգացում ունեինք, որ լվերը սովորական լվեր չեն, այլ մետաֆիզիկական ինչ-որ երեւույթ։ Ու թեպետ ֆիզիկական միջոցներով էինք փորձում նրանց հարցը լուծել, բայց երկուսս էլ աղոտ զգացում ունեինք, որ նրանց առաքելությունը մեզ ինչ-որ բան ասելն ու հուշելն է։ Լվերի ձեռքից մենք ընդհուպ մոտեցել էինք Աստծուն։

Երբ Գայանեն մեզ կանչեց Հայ առաքելական եկեղեցու պատարագին, մենք սա միանգամայն օրինաչափ ու տրամաբանորեն պատճառաբանված համարեցինք։ Մեր վերջին հանդիպումից հետո երկու-երեք օր տեւած կատաղի պայքարից հետո ինչ-որ բան սկսել էր շեղվել մեր մտքի մեջ, միգուցե այդքան մեծ քանակությամբ թույներ շնչելու պատճառով։

– Ահա, փաստորեն այսպիսին էր դեպի Աստված տանող ճանապարհը,-  ասացի ես,- այդ ճանապարհին մարդու ուղեկիցը լվերն են։

Մեր այստեղ գտնվելու օրերին բոլոր ավստրիացիների եւ օտարերկրացիների համար այդքան գովաբանած Հայ Առաքելական Եկեղեցին վերջապես մեր կյանքում էլ դեր ունեցավ, այն սթափեցրեց մեզ եւ հետ պահեց հավատի ճանապարհից։

Վիեննայի հայկական եկեղեցու քահանա տեր Անդրեասը ընտիր մարդ էր՝ հումոով, գործնական, կյանքի տղա։ Ժամանակ առ ժամանակ նա գալիս էր Գրաց՝ տեղի հայերի համար պատարագ մատուցելու, միաժամանակ Վիեննա էր տանում ու Վիեննայից բերում այն թղթերը, որոնց մասին խոսում էին հայկական պիցայանոցում։ Ենթադրվում է, որ այդ թղթեը տանում էր «գրողի»՝ նոտարի կամ թագմանչի մոտ։ Տեղի հայկական համայնքը իր հերթին շնորհակալություն էր հայտնում պատարագը ունկնդրելով ու հանգանակություն անելով։ Պատարագը տեղի էր ունենում կաթոլիկ եկեղեցիներից մեկում, որը կարծես վարձակուլում էր տեր Անդրեասը մի քանի ժամով։ Առաջին շարքերում նստած էին մարդիկ, որոնք առանձնանում էին ընդհանուրից։ Նրանք չէին խոսում ու չէին հասկանում հայերեն։

– Բայց հա՞յ են,- տարակուսած հարցրի Գայանեին։

Պարզվեց՝ Թուրքիայից գաղթած հայեր են, որոնց ընտանիքներում հայերենն արգելված է եղել, նրանց թուրքական կառավարությունը փորձել է ուծացնել այդպիսով, բայց նրանք զարմանալիորեն հայ են մնացել։ Հետաքրքիր էր, որ մինչ այժմ ինձ համար հայկականության առանցքը լեզուն էր, բայց փաստորեն անգամ լեզուն չէր կարող վճռորոշ դեր խաղալ ազգային ինքնության հարցում։

 Գայանեն, Անուշը եւ Մարինան երգում էին եկեղեցու երգչախմբում՝ անվարձահատույց եւ ոգեւորված, որ կարող են օգուտ տալ եկեղեցուն։ Նրանք նաե բերման էին ենթարկել Լեւոնին, որը բոլորովին ոգեւորված չէր հայկական համայնքին, հայոց եկեղեցուն եւ ընդհանրապես Հայաստանին օգտակար լինելու հնաավորությամբ։ Նա շարունակ խոսում էր վիրավորանքից, որ ուներ Հայաստանի հանդեպ։

– Ապեր, դեռ ջահել ես, չրա համար ես տենց, ոչինչ, կմեծանաս,- մտերմիկ ասաց նրան Տեր Անդրեասը, եւ մենք միաժամանակ համ զարմացանք նրա այդ աշխարհիկ տոնից, համ ինչ-որ սիտ նվաճող մի բան կար նրա այդ մտերմիկ, աշխարհիկ վարքի մեջ։

Հավաքվածները քահանային փոխանցեցին իրենց մահացած բարեկամների անունները, որոնց համար կուզեին, որ աղոթք կարդացվի։ Պատարագի վերջում այդ անունների երկար շարքի ընթերցանությունից հետո Տեր Անդրեասը գործնական պատվիրեց հավաքել փողերը, եւ նույնիսկ մենք մեր կյանքում երեւի առաջին անգամ մասնակցեցինք եկեղեցու համար արվող հանգանակությանը։ Ինչու եմ ասում՝ նույնիսկ, որովհետեւ մենք մեր փողերը աշխատում էինք չծախսել, այլ հավաքել, եւ միակ բանը, ինչի վրա ծախսում էինք, լվերի դեմ պայքարի համար գնվող տարբեր կենցաղային թույներն էին։ Եվ այս տեսանկյունից բավականին շռայլ նվիրատվություն արեցինք եկեղեցուն՝ կարծեմ քսան եվրոյի կարգի։

Տեր Անդրեասը իր գործնական աշխարհիկությամբ մեզ հետ պահեց հավատի վիհը նետվելուց, ինչին մեզ իրամադրում էր լվերի հետ կապված մղձավանջը, կարելի է ասել նույնիսկ՝ թույլ չտվեց, որ շեղվենք մեր՝ ճշմարիտ ուղուց, քանզի ճշմարիտ ուղին, եթե այդպիսի բան ընդհանրապես կա, միայն մարդու՝ ինքն իր համար ընտրած ուղին է։ Բայց մենք ադեն ոչ առաջին անգամ համակրանք ու սիրուն հարող ապրում զգացինք Հայ Առաքելական Եկեղեցու եւ նրա սպասավորների հանդեպ, որ իրականում ոչ թե ցնդած ու դոգմատիկ հավատացյալներ են, այլ կյանքի մարդիկ։

Please follow and like us: