Արփինե Վարդանյան/Մեր դրոշի կարմիրը

Նուռը մի տեսակ թթվաշ համ ունի, չէ՞,  ինչքան էլ քաղցր տեսակից է։ Եվ հենց  դա էլ դուրեկան է։  Դրա համար էլ սիրում եմ   նուռը։ Ամեն անգամ, երբ ուտում եմ,  կարծես, արարողակարգի նման մի բան լինի ինձ համար։ Ամբողջ ուշադրությունս կենտրոնացնում եմ նռան վրա ու ամեն հատիկի հետ վայելում եմ պահը։ Դրա համար չեմ սիրում, երբ նուռ ուտելիս կողքս մարդ է լինում։ Կարծես, արարողակարգս խառնում են, փչացնում․․․

    Ձեռքերիս կարմիրն ու միաժամանակ այդ կարմրից անհարմարության զգացողությունն էլ  տարօրինակ հույզեր էին առաջացնում ներսումս։ Եվ եթե ուղղակի չոր անձեռոցիկով էի փորձում մաքրել, կարմիրն անցնում էր, բայց, այսպես ասած, «շիրան» չէր անցնում, մնում էր, ու ձեռքերս դրանից կպչուն էին դառնում․ «Արարողակարգը շարունակվում է»,- նման պահերին մտածում էի ես ու շտապում էի ձեռքերս լվանալ։ Իսկ ջուրը մաքրում էր․․․ մարքում ու տանում էր կարմիրի հետքերն ու «շիրան»։ 

                                                                   ***

      Ինքնաթիռն Ամստերդամ վայրէջք կատարեց բավականին ուշ։ Ես ու Սուսանը չափազանց հոգնած էինք ու, կարելի էր ասել, որ իրերը հազիվ էինք քարշ տալիս։ Այն ոգևորությունը, որով թռել էինք, մարել էր․ հոգնածությունը, ըստ էության, հաղթել էր և խանգարում էր վայելել պահը։Բայց նախատեսվածից ավելի հեշտ ստացվեց և մեզ ուղեկցեցին հանրակացարան, որտեղ պետք է ապրեինք մինչև դասընթացի ավարտը։

   Հանրակացարանը նեղլիկ էր։ Բայց դա չէր միակ խնդիրը։   Եվս երկու աղջիկներ  էլ կային։ Մեկը Չինաստանից էր, մյուսը Գվինեայից։ 

   Եվ մինչ ես ներս ու դուրս էի անում, Սուսանը հասցրել էր հետները ծանոթանալ։

– Կներեք, չհասկացա, ո՞ր երկրից եք,- հարցնում էր սևամորթ աղջիկը անգլերեն։

 Իսկ չինացի աղջիկը այնպիսի դեմքի արտահայտություն էր ընդունել, որ կարծես փորձում էր ինչ-որ բան հիշել։

   Հարցական նայեցի Սուսանին։

  – Փորձում եմ բացատրել, թե որ երկրից ենք։

  – Ե՞վ․․․

  Ու մինչ ես կհասցնեի ինչ-որ բան հասկանալ ու բացատրել, Սուսանս, ըստ էության, շարունակեց․

 -Գենոցիդ․․․․ Արմենիա․․․ Թուրքիա․․․

  Ինձ թվաց, թե սառը ջուր լցրին գլխիս։ Մոտ եկա։

  -Սպորտ սիրու՞մ եք,- հարցրեցի։

  Բոլորը միանգամից տարօրինակ ու զարմացած հայացքով նայեցին ինձ։ 

  –Yes,- կարելի է ասել, միաժամանակ ասացին։

  -Այս տարի՝ Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է  Հայաստանում։ Մեդալներով առաջատարներից ենք,- վրա բերեցի ես։

  Աղջիկները միաժամանակ իրար նայեցին ու սկսեցին խոսել, քննարկել, թե ինչ հայերի գիտեն այս կամ այն ասպարեզից։ 

  Սուսանը մռայլ նստել էր։ Թարս նայեցի նրան։ 

 – Ժպտա՛,- հայերեն նետեցի։

Դեռ ծանր գիշեր էր սպասվում, որովհետև տեղը անհարմար էր ու տոթ։ «Ոչինչ, կդիմանաք»,- ու հանկարծ հիշեցի մորս դրած նռերը։ Այդ մտքից միանգամից թեթևություն զգացի։ «Վաղը բոլորին կհյուրասիրեմ»,- մտածեցի ես ու վերջապես քնեցի։

                                                               ***

    Սրբուկին չէի տեսել, բայց տատս շատ էր պատմել Սրբուկի մասին։ Եվ մի տեսակ սիրում էի Սրբուկին։ Եվ նույնիսկ աչքիս առաջն էր գալիս, երբ անունն էի լսում՝ լաչակը գլխին, բարձրահասակ ու բարակ մեջքով, երկար փեշերով, մեծ ու խոշոր աչքերով ու թշի վրա արտահայտիչ խալով։ «Աղվոր կին մըն էր»,- շրջապատը այս բնորոշումն էր տվել Սրբուկին։ Եվ, իսկապես, որ աղվոր կին էր։ Բայց միայն դա չէր, որ Սրբուկին առանձնացնում էր մյուսներից։ Նա մեծ գերդաստանի ամենասիրելի հարսն էր, հարս, որի դերը այնքան մեծ էր, որ նրա կարծիքի հետ միշտ հաշվի էին նստում․ «Սանոն՝ կեսրարը, որից բոլորը քար էին կտրում ու պապանձվում, Սրբուկի հետ էր միշտ խորհրդակցում»։ Իսկ Սանոն ազդեցիկ մարդ էր։ Եվ դա միայն իր դիրքից չէր։ Ամբողջ գյուղի ու շրջապատի գյուղերին ինքն էր նռան բերքով ապահովում։ Իսկ դաշտերը նրա , ինչ խոսք, հարուստ էին։ Եվ միայն նռան բերքը չէր, բայց հենց նուռն էր զարդը համարվում։ Հա՛, նուռը Աբաջյանների գերդաստանի զարդն էր, կարելի էր ասել՝ խորհրդանիշը։ «Սրբուկն էլ է նռան նման»,- շատերն անգամ այս բնորոշումն էին տալիս Սրբուկին, երբ գնալով ընդգծվում էր ազդեցիկ այն դիրքը, որը Սրբուկը ուներ, ի տարբերություն մյուս հարսների։ Եվ մյուս  հարսները նախանձում էին Սրբուկին․ «Հարսն էլ կեսրարի հետ խոսա» կամ «Բերածը միայն աղջիկնե՞ր չեն»։ Ճիշտ էին։  Սրբուկը տղա չէր ունենում։ Իրենը  միայն աղջիկներ էին, այն էլ՝ արդեն  չորս աղջիկ, այնինչ տան մյուս հարսները  տղաների մայրեր էին։ Բայց մեկ է՝ սիրելի հարսը էլի Սրբուկն էր մնում։ «Աղջիկ բերողը տղա էլ կբերի։ Կարևորը արգանդը չոր չի, ոչ էլ սիրտն է չոր»,- նման խոսակցությունները միշտ սաստում էր Սանոն։ Իսկ Սրբուկը դրանից ավելի էր իրեն վատ զգում։ Ի՞նչ աներ, որ միայն աղջիկներ էին ծնվում․ «Աղջիկ բերողը տղա էլ կբերի»,- նման պահերի հիշում էր սկեսրայրի խոսքերը ու մի քիչ թեթևանում։

    Լուր ընկավ, որ Սրբուկը հինգերորդով էր «պատճառավոր»։ «Հերթական աղջիկն է ունենալու»,- ասաց Վարդիթերը ու շոյեց իր երեք տղաներից մեկի գլուխը, ում անունը Սարիկ էր՝ ի պատիվ Սանո պապի։  Իսկ Սրբուկը անհանգիստ էր ու մռայլ։ Վախենու՞մ էր, որ էլի աղջիկ կունենա։ Բայց նման պահերի, երբ նայում էր իր չորս աղջիկներին, մայրական սերն այնքան շատ էր, որ ոչ մի տղայի իր աղջիկներից ոչ մեկի հետ չէր փոխի․ «Թող լինի Աստծո կամքը»։ Իսկ ամիսներն անցնում էին, մոտենում էին Սրբուկի «պառկելու օրերը»։ Տատմերին զգուշացրել էին, որ պատրաստ լինի, հենց․․․ «Աբաջյան Սարիկի գեները մեր տղաներն են շարունակելու․․․ Աբաջյանների արյունը իրենցով է սերունդներ տալու և նռան այգիները շատացնելու»,- իր հերթին էլ Փառոն՝ Սրբուկի սկեսուրն էր ասում, ով ի տարբերություն ամուսնու, Սրբուկի աղջիկ բերելու վրա աչք չէր կարող փակել։ «Քոնոնք աղջիկ են, Սրբո՛ւկ, մեր տոհմի պատին քար դնող չեն»,- շատ հաճախ ասում էր Սրբուկին։ Սրբուկը նման պահերի ձայն չէր հանում, համ էլ արդեն սովորել էր․ «Գարնան ծաղկունքի հետ բալես ծնվելու է, թող Աստծո կամքը լինի»,- մտածում էր Սրբուկը։

   Գարունն էլ նոր-նոր էր սկսվել, երբ գյուղում վախեցնող լուրեր սկսեցին պտտվել։ Լարված ու վախի մթնոլորտ էր օդում տարածվել։ Շատերը ուղղակի փակեցին դռներն ու սկսեցին տնից դուրս չգալ։ Բայց ամեն ինչ ավելի լարվեց, երբ լուրեր եկան, որ շատ տեղերում արդեն ջարդը սկսվել էր․․․

                                                                                ***

    Սրբուկը քայլում էր բոբիկ։ Ոտքերը լրիվ արյունոտվել էին։ 

   -Արի՛, Սարիկ, արի՛,- համարյա քաշելով` տանում էր երեխային։ Սարիկը լաց էր լինում։

  -Սրբուկ բաջի, էլ չեմ կարող,- հեկեկում էր Սարիկը։

   Սրբուկը կարծես չէր լսում։ Մի ձեռքով փորն էր բռնել, մյուս ձեռքով Սարիկի ձեռքը։ Թվում էր՝  տենդի մեջ էր։ Իսկ հագուստն ամբողջովին արյուն էր։ Փրկվել էր զուտ, որ հարձակման ժամանակ ուշաթափվել էր․․․ Աչքերի դիմաց դիակներն էին՝ չորս աղջիկներն էլ արյան մեջ․․․․ Սրբուկը մեկ մյուսին էր գրկում, մեկ՝ մյուսին․․․․ հեռվից ճիչեր ու կրակոցներ էին լսվում․․․ Իսկ հետո էլ չէր հիշում։ Երբ աչքերը բացեց՝ տարօրինակ լռություն էր, ավելի ճիշտ, մահացու լռություն էր տիրում։ Ծխացող տների կրակը հանգել էր, իսկ շուրջը՝ միայն դիակներ։ Գերդաստանից շատերը տան հետ վառվել էին, իսկ մնացածը․․․․ Դիակների մեջ գտավ Սարիկին, վախից կուչ էր եկել ու գրկել էր մեռած մորն ու ձայն չէր հանում։ Սրբուկն ինքը դողում էր ու ոտքերը հազիվ էր քաշ տալիս։ Սարիկին հազիվ պոկեց մոր դիակից։ Հետո՞․․․ Հետո գաղթականների հետ ճամփա․․․ «Մի՞թե մոտ է արդեն»,- տենդով մտածում էր  Սրբուկը։ Բայց դեռ պետք էր անցնել նաև գետը։ Գետից այն կողմ էր փրկությունը։ Ճար չկար։ Սրբուկը մի կերպ գրկեց Սարիկին։ Լավ էր՝ լաց էլ չէր լինում։ Բայց մեծ փորը, հոգնածությունը․․․ Ջուրը ինչպե՞ս կուլ տվեց՝ չհասկացավ․․․ հետո ձեռքերում ահավոր թեթևություն զգաց, Սրբուկը բնազդով գլուխը բարձրացրեց ջրից վեր․

  -Սարի՜կ, Սարի՜կ,- բայց ջուրը , որի հոսքը բավականին ուժեղ էր, նորից կուլ տվեց Սրբուկին։ Թվում էր , որ վե՛րջ, գետը իրեն էլ կտանի։ Իսկ այդ պահին Սրբուկն ունա՞կ էր էլ բան զգալու։ Բայց հանկարծ ինչ-որ ուժեղ ձեռքեր զգաց, որ քաշում էին վերև․․․․

   Ուժեղ ու անտանելի ցավերից Սրբուկը բացեց աչքրեը։ Ինչ-որ տանն էր։ Բայց ցավերն այնքան  ուժեղ էին, որ մտածելու ժամանակը չէր։ Աչքը ընկավ կանանց, ովքեր շրջապատել էին նրան․ մեկը բռնել էր ձեռքերը, մյուսը ջուր էր բերում․․․ այն մեկը՝ տաք ծածկոցով ծածկում էր․․․  Թվաց, որ հիմա նորից գիտակցությունը կկորցնի, բայց իր մեջ շարժվող կյանքը կարծես ահազանգ լիներ, որ իրավունք չուներ հանձնվելու․ Աբաջյան տոհմը պետք է շարունակվեր։

   Երեխայի ճիչը, մութ գիշերվա մեջ, զանգի նման հնչեց։ Սրբուկը գրկել էր ու կաթ էր տալիս, երբ  արցունքների միջից, առաջին անգամ ժպտաց։ 

                                                                   ***

 -Սրբո՛ւկ տատի,- ուրախությունս չկարողացա թաքցնել, երբ օդանավակայանի ամբոխի մեջ տեսա տատիս դեմքը։

 -Բալե՜ս, -գրկեց։

 -Բարև ձեզ,-թթված դեմքով ասաց Սուսանը։ Էլի թարս նայեցի։ Վերջերս հետը ծանր խոսակցություն էի ունեցել․ «Հանիր միջիցդ ՝ ինձ/մեզ խղճան-ը։ Դա հիշելու ու հարգելու հետ կապ չունի»,- վերջում ասել էի։ Դրանից հետո չէինք խոսել։ 

   – Լավ անցա՞վ,- հերս էր։

 – Հա՛, պապ ջան, –  ու թևանցուկ անելով տատիս՝ մեխանիկորեն առաջ անցանք։       Հայրս շտապեց իրերս վերցնել։

 -Այսօր ապրիլի 24-ն է, Ծիծեռնակաբերդ չե՞ք գնալու,- մեքենայի մեջ էինք արդեն, երբ  Սուսանը սա հիշեց։

 -Մենք այսօրը ուրիշ տեղ ենք գնում,- վրա բերեցի ես։

 Սուսանը մի տեսակ քմծիծաղով՝ էն, որ «պարզ է ամեն ինչ» հայացքով ինձ նայեց ու դեմքը շրջեց։

 -Մորս ու տատիս՝ Սրբուկի գերեզմանին ենք այսօրը գնում, Սուսան ջան,- սկսեց տատս,- երբ տատս գաղթել ու հասել է Հայաստան, մորովս հղի է եղել ու արդեն Հայաստանում էլ մերս ծնվել է։ Հետո, երբ մերս ծանոթանում է հորս հետ,  գաղթից հետո որբ մնացածներից մեկն էր, որ ազգանուն էլ չի ունեցել, վերցրել է մորս ազգանունը՝ Աբաջյան։ Իսկ տատս՝ Սրբուկը, մինչև կյանքի վերջ ապրել է մեր հետ ու սիրված տատիկ  է եղել։

  Սուսանը, որ չգիտեր այս պատմությունը, զարմացած նայեց ինձ։ Ձայն չհանեցի։ Իսկ տատս շարունակեց լուռ պատմել Աբաջյանների ու Սրբուկի պատմությունը, որը, ըստ էության, հինգերորդ աղջիկն էր էլի ունեցել, բայց հենց այդ աղջիկն էր Սարոյի գենը հասցրել  21-րդ դար։

   Գերզմանում ցուրտ էր։ Սրբուկ տատս մոտեցավ մոր ու տատի շիրմաքարին։ Իրար մոտ էին թաղած։ Լուռ խոնհարվեց ու համբուրեց քարը։ Հերս շտապեց խունկը վառել, բայց քամին խանգարում էր, կրակը չէր կպնում։ 

   Ձեռքերիս նայեցի։ Կարմիր էին։ Այնուամենայնիվ, տուն էինք գնացել, իրերը թողել ու նոր եկել էինք գերեզմաններ։ Արդեն հասցրել էի նուռ ուտել։ Իսկ չոր անձեռոցիկը լավ չէր մաքրել հետքերը։ Մեխանիկորեն ձեռքս տարա բերանս։ Նռան թթվաշ համը զգացի։ «Արյան համ է»,- ասացի ինքնս ինձ ու մտքիս մեջ․․․ Խունկը վառվեց ու խնկի հոտը բարձրացավ, գրկեց օդը։ Միշտ սիրել եմ խնկի հոտը։ Հերթով մոտեցանք, որ խունկը կրակի մեջ նետենք։ Տատս առաջինն էր։ Դողացող ձեռքերով բացեց ձեռքի անձեռոցիկը։ Գիտեինք, թե ինչ էր։ Ամեն տարի նույնն էր։ Սա արարողակարգ էր, ու դա քննարկման ենթակա չէր։ Հանեց նռան հատիկներն ու կրակի մեջ նետեց, բայց այնպես, որ կրակը չհանգեր։ Իսկ հետո նոր՝ խունկը։

   Մեր տանը միշտ նուռը շատ էր։ «Նուռ սիրելը մեր մոտ գեներով է»,- ասում էր տատս։ Եվ դա, իրոք, այդպես էր։ Նուռը չի կարելի խորը կտրել։ Շատ քիչ՝ գլխի ծայրից, իսկ հետո զգուշությամբ պետք էր  փորձել բաժանել այն։ Շատ սիրուն էր այդ պահը, «նույնիսկ էսթետիկ»,- ասում էր մերս։ Հետո հատիկները կողքից սկսում էին թափվել։ Դրա համար միշտ մեծ ափսեի մեջ էի դնում, որ հատիկները սեղանին կամ գետնին չթափվեին։ Չէր կարելի թողնել, որ հանկարծ կեղտոտվեին։ Դա նույն էր, եթե հացի փշրանքները թափեինք։ 

   Սկսեցի ուտել։ Հատիկների թթվաշության ու միաժամանակ քաղցրության հաճելի համադրությունից ներսումս բավականություն զգացի։ Ինչ խոսք՝ վայելում էի պահը։ 

   Հանկարծ  աչքս ընկավ հեռախոսիս։ Լուրերի էջն էր․ Եվրոպայի ծանրամարտի ավարտից հետո, երբ  մեդալների քանակով էին հաշվում,  մեր դրոշը՝  առաջատարներից էր։ Մենք չեմպիոներ ենք։ 

   Մեր դրոշի կարմիրը, ինչքան էլ մեր արյան գույնն է, նույնքան էլ  մեր նռան գույնն է։

Please follow and like us: