Անւանս շուրջ ու մասին ամենահին յիշողութիւններս կապւած են պապիկիս հետ, նա ինձ Ժաքեթ էր կանչում։ Անունս Շաքէ էր, է՛։ Պապիկս բողոքում էր, թէ ինչու էք աղջկաս անունը Ժաքեթ դրել։ Ծեր էր ու բնականաբար ականջն այլևս լաւ չէր լսում։
Իսկ թէ ինչպէս էր իմ անունը դարձել Շաքէ, պատմել են ինձ մայրս ու մեծ քոյրս՝ Սաթենիկը։ Հօրս կամքով ինձ կնքել են Եւգինէ, Մալխասի «Զարթօնք» վէպի յեղափոխական հայուհու պատւին։ Ասում էին, որ թուլակազմ եմ ծնւել և վախեցել են, որ անկնունք ու անմեռօն կը մեռնեմ, շտապ ուղարկել են քաւորի ետևից։ եղեռնից մազապուրծ պարոն Աղաջանն էր մեր ընտանիքի քաւորը, բայց վարորդ պարոն Աղաջանը քաղաքում չի եղել․ մեծ տղան՝ Սիամանթօն էլ բացակայ էր։ Քաւոր է դարձել փոքր տղան՝ Վարուժանը, և ինձ առանց ոսկեայ փոքրիկ խաչի, կնքել են Եւգինէ։
Ամիսներ անց, երբ արդէն հայրս, ինչպէս միշտ, գործի բերումով Իրանի ճանապարհներին էր, հեռակայ, կարգադրում է գործակատարին գնալ և անձնագիր հանել իր եօթերորդ աղջկայ՝ ինձ համար, մկրտութեանս անունով։ Մայրս կանչում է պարոն Մկրտիչին ու ասում՝ անունը Շաքէ գրել կը տաս, այլապէս տուն չվերադառնաս։ Սաթենիկն էլ ասում է՝ անունը Սօսէ գրել տուր։ Սօսէ մայրիկը մեր դաշնակցական ընտանիքի համար սրբութիւն էր, իսկ զէյթունցի հերոսուհի Շաքէն մօրս համար էր սիրելի։ Պարոն Մկրտիչը, մօրս ու աշխատանքը կորցնելու վախից, անձնագիր է վերցնում Շաքէ անւամբ։ Ես երախտապարտ եմ մօրս ու Մկրտիչին։
Անւանս հետ կապւած պատմութիւնները սրանով չվերջացան։ Երկու տարի մանկապարտէզ գնալուց յետոյ հայոց դպրոցի երջանիկ աշակերտ եմ։ Բայց այդ երջանկութիւնը երկար չտևեց։ Մեր վեցամեայ դպրոցը երկսեռ էր։ Երկրորդ թէ երրորդ դասարանում էի, երբ սկսւեց մղձաւանջս։ Աշոտը՝ Աստւած հոգին լուսաւորի, կապուտաչեայ, սիրունիկ տղայ էր, որին տարիներ անց հանդիպեցի աշխատանքիս վայրում․ նոյն կապոյտ, խոշոր ու ծիծղուն աչքերն էին նրա արդէն լեցուն դէմքի վրայ։ Ասացի՝ յիշու՞մ ես, Աշոտ, թէ ոնց էիր կեանքս սևացնում դպրոցում։ Չէր յիշում, իսկ ես յիսուն հինգ տարի անց էլ չէի մոռացել։
Ինձ դասամիջոցին դպրոցի բակում բռնացնելիս Աշոտն ու ընկերները ուս ուսի տւած երգում էին՝ Շա՛քէ, քա՛քէ, ու կրկնում մի քանի անգամ ու թուլանում էին ծիծաղից, իսկ ես հազիւ էի զսպում լացս։
Պետական միջնակարգ դպրոցում էլ անունս ինձ հանգիստ չէր տալիս։ Ուսուցիչներից մէկը ամեն անգամ մատեանը բացելիս առաջին հերթին իմ անունն էր կարդում սխալ արտասանութեամբ և ծիծաղելով հարցնում էր թէ ինչից եմ բողոքաւոր։ Նա Շաքէն դարձնում էր Շաքի, որը արաբերէն-պարսկերէնում նշանակում է բողոքաւոր կամ կասկածող։ Ես էլ ամեն անգամ պատասխանում էի՝ ձեզնից եմ բողոքաւոր, որովհետև անունս սխալ էք կարդում։ Հիմա, երբ լսում եմ Շաքէ ջրվէժը կոչում են Շաքի, կատաղում եմ։
Արամ Ղանալանեանը իր «Աւանդապատում» գրքում Շաքէի մասին մի գեղեցիկ աւանդութիւն է պատմում։ Ըստ այդ զրոյցի, Իրանի շահը ասպատակում է Հայաստան և գերիներ է քշում դէպի իր երկիրը։ Մի խումբ սիրուն աղջիկների էլ ասկեարներին են յանձնում արմաղան տանելու Արաքսի ափին բանակած Շահին։ Հայուհիները երբ հասնում են Որոտան գետին, համոզում են ասկեարներին թոյլ տալ լողանալ ու մաքրւել ճամբի փոշուց, նախքան շահին ներկայանալը։ Որոտանի ջրերում աղջիկները իրենց յանձնում են կատաղի ալիքներին ու խեղդւում։ Մնում է Շաքէն՝ ամենագեղեցիկն ու խիզախը, որ փորձում է փախչել, բայց ասկեարները մօտիկ են և ուր որ է կը բռնեն։ Շաքէն փարւում է ջրերում վեր խոյացած ժայռին ու ջրվէժ դառնում։ Սիրուն է։
Ամերիկայից ինձ գումար էին ուղարկել։ Անձնագիրս ձեռքիս դիմում եմ «Էչ Էյ Բի Սի» բանկ, Հանրապետութեան հրապարակին կից։ 2002 թւականն է։ Երկու անգամ ասացին՝ ձեր անունով գումար չի ստացւել։ Կապւեցի ուղարկողին։ Ասաց, որ զանգել ու ոնց որ պէտք է մասնաճիւղի տնօրէնի պորտը տեղն է դրել։ Գումարը չէին փոխանցում, որովհետև Ամերիկայի քաղաքացին իրաւունք չունէր Իրանի քաղաքացուն փող ուղարկել։ Ես իրանահայ էի, իսկ գումարն ստանում էի Հայաստանում։ Վերջապէս բանկը յայտնեց, որ ինչ-որ մէկի անունով, որ ձեր անւան հետ ինչ -որ նմանութիւն ունի, գումար է ստացւել, միւս տւեալները՝ անձնագրի համարը, ազգանունը և այլն համընկնում են, բացի անւան մէջ մի տառ․․․ այ քեզ բան․․․ ըստ ուղարկողի՝ «սրիկա, ջհուդ բանկիրը» ոչ աւել, ոչ պակաս, ստացած քֆուրների ինադու անունս գրել էր Fakeh…կարելի է արտասանել ֆէյք կամ ֆաքէ․․․ Բառը գրելիս խոր շունչ եմ քաշում և ասում՝ էս ե՞ս գրեցի․․․Ամօթ․․․
Գրադարակումս մի շարք մատենագիրներ կան․ համարեա բոլորն էլ կամ կարդացել եմ, կամ աչքի անց կացրել։ Ամեն անգամ գրքերի փոշին առնելիս ինքս ինձ խոստանում եմ՝ սա էլ պիտի կարդամ։ Ու մի օր էլ ձեռքս եմ առնում ութերորդ դարի պատմիչ Ղևոնդ երեցի «Պատմութիւնը», կարդում ու սովորութեանս համաձայն ընթացքում գտնում եմ համապատասխան ծանօթագրութիւնը կամ անձնանունների ցանկը՝ իմանալու, թէ ինչ է, ասենք՝ Նկանը․ դէմը գրւած է՝ ամրոց։ Տակի տողում կարդում եմ՝ Շաքէ (գաւառ) — 108։ Վա՜յ։ Ութ էջ այն կողմ կարդում եմ՝ ․․․«Կուր կոչւած հզօր գետի հիւսիսային կողմերում, (արաբները) առան բազում գաւառներ՝ Հեջար, Քաղա, Ոստան Մարզպանեան, Հաբանդ, Գեղաւու, ՇԱՔԷ․․․։ Այս գաւառները Աղւանից աշխարհում են»։ Շնորհակալ եմ Ղևոնդ երեց, երիցս շնորհակալ եմ։
Այդ պահից սկսած ում հասնում եմ՝ պատմում եմ՝ սէնց ու սէնց, որ Շաքի մի ասէք, Շաքէ է՛, վկայւած է Ղևոնդի կողմից, ութերո՜րդ դար։ Էդ թուրքերն են Շաքի դարձրել։
Հայաստանի լիիրաւ քաղաքացի չէինք կարող դառնալ։ Ամէն անգամ Հայաստան գալուց պիտի վիզա ստանայինք։ Յետոյ արդէն ժամանակաւոր կացութեան անձնագրեր պիտի տային սփիւռքահայերին․ տասը տարւայ անվճար վիզայի թոյլտւութիւն էր։ Ստանալու համար այդ յատուկ կացութեան անձնագիրը պիտի թարգմանէինք մեր ինքնութիւնը հաստատող արտասահմանեան անձնագիրը։ Իմ դէպքում՝ իրանական, պարսկերէնով անւանս դիմաց էլ՝ անգլերէնը։ Պարսկերէնում որպէսզի բառի վերջում է հնչւի, դրւում է մեր անձայն յ տառի պէս մի տառ, որ որոշ այլ դէպքերում նաև հ-է հնչւում։ Օվիրում թարգմանում են իմ անունը անգլերենից, ուր ես անգլերէն shake` շէյք չկոչւելու համար անունս գրում եմ այսպէս՝ Shakeh: Վիզաների վարչութիւնում, իմ բացատրութիւններից նադայել եղած Օվիրի աշխատակիցը ասում է՝ ինչ տառ տեսնում ենք՝ գրում ենք․ բախտս բանեց որ շ տառը չունեցող անգլերէնի s և h տառերը առանձին առանձին չէին կարդացել, այլապէս ես կը դառնայի ՍՀաքեհ։ Եւ այսպէս, ես իմ հայրենիքում դարձայ Շաքեհ։ Խեղճ հայոց քերականներ, հազար ասացին․- Բառասկզբում և բառավերջում լսում ենք է, գրում ենք Է։ Պարզ կանոն։ Չէ՜, մեր հները չէին հասկանում։ Մասաններին գրաճանաչ դարձնելու ամենակարճ ճանապարհը գտել էր ընկեր Ստալինը, իսկ Պօղոս Մակինցեանը և մեծանուն հայագէտ Աբեղեանը ուղղագրութիւնը բարեփոխելու պետական պատւէր էին ստացել։ Նրանք պարտաւոր էին փոխել հին ուղղագրութիւնը, իսկ Մակինցեանը յոյսով էր նաև որ այդ փուլից յետոյ կանցնէին կիրիլատառ կամ լատինատառ հայերէնի։
«Ինչտառտեսնումենքգրումենք»-ի փիլիսափայութիւնը Օվիրում փոխւեց սփիւռքահայերի գրաւոր ու բանաւոր բողոքներից յետոյ, երբ կարգադրւեց հայկական անունները գրել ըստ ՀՀ -ում գործող ուղղագրական կանոնների, և Հայաստանի հանրապետութեան քաղաքացի դառնալու իմ ուրախութիւնը մասամբ նաև անւանս վերջից այդ չարաբաստիկ հ-ի բացակայութիւնն էր։ Ես հիմա Շաքե եմ։
Հայաստանցի ընկերներս էլ, ոչ աւել ոչ պակաս, իմ սիրուն, կարճ ու բարեհունչ անունը դարձրին Շաք/shock/։ Շոկի մէջ էի։
Հ․ Աճառեանը, իր հինգհատորեայ «Հայոց անձնանունների բառարան»-ում, անւանս համար յստակ բացատրութիւն չունի և ենթադրում է, որ այն ծագել է պարսկերէն շաքար կամ շիրին՝ քաղցր բառից, որը բառացի կը նշանակի կաթնահամ։ Միակ դէպքն է, որ սրտանց ցանկանում եմ իմ շատ սիրելի ու բոլոր ժամանակների մեծանուն լեզւաբան հայագէտը սխալւած լինի։
Քա՞ղցր ու կաթնահա՞մ։
Չէ հա՛։
Ես ոչ քաղցր եմ, ոչ էլ կաթնահամ։ «Ես ոչ անտուն եմ, ոչ էլ տարագիր»-ի հանգոյն ստացւեց։
Ապրում եմ այն երկրում, որն ինձ գիր ու լեզու է տւել, անուն է տւել, և՛ ինքնութիւն և՛ հայ լինելու գիտակցութիւն։
Ուրախ եմ, որ չնայած Մեծն Աճառեանն էլ չգիտէր՝ ինչ է նշանակում անունս, բայց ես գիտեմ, որ ոչ մի այլ լեզւում Շաքէ անուն չկայ, և որ միայն հայ ծնողն է իր աղջկան կոչում Շաքէ։