Սյուզան Սոնթագ/Ուրիշների ցավին հայելիս

Դժոխքը բնորոշելը, անշուշտ, չի նշանակում մեզ ասել, թե ինչպես մարդկանց հանել այդ դժոխքից, ինչպես զսպել դժոխքի հուրերը: Եվ այնուամենայնիվ, թերևս լավ է ընդունել, ընդլայնել այն գիտակցումը, թե որքան տառապանք է բերում մարդկային չարությունն այս աշխարհում, որը մենք կիսում ենք ուրիշների հետ: Մեկը բարոյապես կամ հոգեբանորեն հասուն չէ, եթե մշտապես զարմանում է, որ կա անբարոյականություն, եթե շարունակում է հիասթափվել (անգամ թերահավատորեն վերաբերվել)՝ առճակատվելով այնպիսի վկայությունների, որոնք ցույց են տալիս, թե ինչպիսի զազրագործությունների են ունակ մարդիկ՝ այլ մարդկանց նկատմամբ սոսկալի, ուղղակի դաժանություններ անելու առումով:

Ոչ ոք որոշակի տարիքից հետո իրավունք չունի նման անմեղության կամ մակերեսայնության, այս աստիճան տգիտության կամ ամնեզիայի:

Պատկերների ընդարձակ շտեմարանը, որ այժմ գոյություն ունի, ավելի դժվար է դարձնում նման բարոյական արատավորության դրսևորումը: Թող ոճրի պատկերները հետապնդեն մեզ: Թեև դրանք զուտ խորհրդանշական են, և չեն կարող ընդգրկել այն ամբողջ իրականությունը, որին այդ պատկերները հղում են անում, դրանք միևնույն է կենսական նշանակության գործառույթ ունեն: Պատկերներն ասում են. ահա թե ինչի է ընդունակ մարդ արարածը—ինչ կարող է անել նա կամավոր, խանդավառությամբ, ինքնիրավորեն: Մի մոռացեք:

Սա ամենևին նույնը չէ, ինչ խնդրել, որ մարդիկ հիշեն չարիքի մի հատկապես հրեշավոր դրսևորում: («Երբեք չմոռանաք»): Գուցե հիշողությունը չափից ավելի է արժևորվում, իսկ մտածողությունը՝ ոչ այնքան: Հիշելը բարոյական գործողություն է. ինքն իրենով բարոյական արժեք է ներկայացնում: Հիշողությունը, ցավալիորեն, միակ հարաբերությունն է, որ մենք կարող ենք ունենալ մահացածների հետ: Եվ ուրեմն, մենք՝ որպես մարդկային էակներ, որոնք գիտակցում են, որ մի օր մահանալու են, և սգում են իրենց մեծ մայրերին և հայրերին, ծնողներին, ուսուցիչներին և տարեց ընկերներին՝ մարդկանց, որոնք կյանքի սովորական ընթացքով են մահանում, հոգու խորքում ունենք այն համոզմունքը, որ հիշելը բարոյական գործողություն է: Անսրտությունն ու ամնեզիան կարծես կապակցված լինեն: Սակայն պատմությունը մեզ հակասական ազդանշաններ է տալիս հավաքական պատմության ավելի երկար ժամանակահատվածում հիշելու արժեքի մասին: Աշխարհում պարզապես չափից շատ է անարդարությունը: Իսկ չափից շատ հիշելն էլ (հին կորուստները՝ սերբերի, իռլանդացիների) դառնություն է պատճառում: Խաղաղություն հաստատել՝ նշանակում է մոռանալ: Հաշտվելու համար անհրաժեշտ է, որ հիշողությունը լինի թերի ու սահմանափակ:

Եթե նպատակը անձնական կյանքն ապրելու համար որոշ տարածք ունենալն է, ապա ցանկալի է, որ կոնկրետ անարդարությունների պատումը տարրալուծվի ավելի ընդհանուր հասկացության մեջ, որ մարդ արարածներն ամենուր սարսափելի բաներ են անում միմյանց նկատմամբ:

*

Փոքր էկրանների (հեռուստացույցի, համակարգչի, փալմթոփի) առջև կայանած՝ մենք կարող ենք նավարկել աշխարհում տեղի ունեցող աղետների պատկերների ու կարճ հաղորդումների միջով: Թվում է, թե հիմա այդպիսի նորություններն ավելի շատ են, քան նախկինում: Սա հավանաբար պատրանք է: Պարզապես նորությունների տարածումն «ամենուրեք է»: Իսկ որոշ մարդկանց տառապանքն ավելի մեծ ներքին հետաքրքրություն է առաջացնում հանդիսատեսի մոտ, քան ուրիշներինը (եթե հաշվի առնենք, որ տառապանքը պետք է ընդունվի որպես հանդիսատես ունեցող): Այն, որ այժմ պատերազմի մասին լուրերը տարածվում են աշխարհով մեկ, ամենևին չի նշանակում, որ հեռավոր երկրներում ապրող մարդկանց տառապանքի մասին խորհելու ունակությունն էականորեն ավելի է մեծանում: Արդիական կյանքում՝ լցված ավելորդ բաներով, որոնք իրենց վրա են հրավիրում մեր ուշադրությունը, կարծես թե նորմալ է շրջվելը այն պատկերներից, որոնք պարզապես մեզ ստիպում են վատ զգալ: Շատ շատերը կփոխեին հեռուստացույցի ալիքները, եթե լրատվամիջոցներն ավելի շատ ժամանակ տրամադրեին պատերազմի և այլ անարգությունների պատճառած մարդկային տառապանքի մանրամասները լուսաբանելուն: Բայց հավանաբար ճիշտ չէ ասել, որ մարդիկ ավելի քիչ են արձագանքում:

Այն, որ մենք ամբողջովին չենք փոխակերպվում, որ կարող ենք շրջվել, շրջել էջը կամ փոխել ալիքը, ամենևին կասկածի տակ չի դնում պատկերների գրոհի բարոյական արժեքը: Այն, որ մենք չենք խոցվում, բավականաչափ չենք տառապում, երբ տեսնում ենք այդ պատկերները, թերություն չէ: Եվ ոչ էլ պարտավոր է լուսանկարը ապաքինել իր ընտրած և շրջանակած պատմության ու տառապանքի պատճառների վերաբերյալ մեր տգիտությունը: Նման պատկերները չեն կարող լինել ավելին, քան կոչ՝ ուշադրություն դարձնելու, անդրադառնալու, սովորելու, ուսումնասիրելու հզոր և հաստատված իշխանությունների պատճառած զանգվածային տառապանքների ռացիոնալացումը: Ո՞վ է պատճառել այն, ինչ ցուցադրում է նկարը: Ո՞վ է պատասխանատու: Արդյոք դա ներելի՞ է: Արդյոք դա անխուսափելի՞ էր: Կա՞ արդյոք մի իրավիճակ, որը մեզ համար ընդունելի է եղել մինչ օրս, և որին պետք է մարտահրավեր նետել: Այս ամենը պետք է հասկանալ՝ միաժամանակ ընդունելով, որ բարոյական վրդովմունքը, ինչպես կարեկցանքը, չի կարող թելադրել գործողությունների որևէ ընթացք:

Հուսահատության զայրույթը, որ մենք չենք կարող որևէ բան անել մեղմելու այն, ինչ ցուցադրում են պատկերները, կարող է վերածվել մեղադրանքի՝ նման պատկերներին հայելու անպարկեշտության կամ նման պատկերների տարածման ձևի անպարկեշտության—այնպես, ինչպես որ դրանք ներկայացվում են՝ ուղեկցված փափկեցնող քսուքների, ցավազրկողների և ամենագնացների գովազդներով: Եթե մենք կարողանայինք որևէ բան անել, վերացնելու այն, ինչ ցուցադրում են պատկերները, այս հարցերը մեզ այդչափ չէին հուզի:

*

Պատկերները քննադատվել են որպես տառապանքը հեռավորությունից դիտելու միջոց, կարծես դիտելու այլ միջոց էլ կա: Բայց մոտիկից դիտելը—առանց որևէ պատկերի միջամտության—միևնույն է, պարզապես դիտել է:

Ոճրագործության պատկերների քննադատություններից ոմանք չեն տարբերվում հենց տեսողության բնորոշումներից: Տեսողությունն անջանք է. տեսողությունը պահանջում է տարածական հեռավորություն. տեսողությունը կարելի է անջատել (մենք ունենք կոպեր մեր աչքերին, սակայն չունենք դռներ մեր ականջներին): Այն որակները, որոնց շնորհիվ հին հույն փիլիսոփաները տեսողությունը համարել են զգայարաններից ամենագերազանցը, ազնվագույնը, այժմ ասոցացվում են անբավարարության հետ:

Այնպիսի զգացում է, որ լուսանկարչության կողմից տրվող իրականության քաղվածքում բարոյական խնդիր կա, որ մեկն իրավունք չունի հեռավորությունից փորձառելու ուրիշների տառապանքը՝ առանց զգալու դրա հում ուժը, որ մենք շատ բարձր մարդկային (կամ բարոյական) գին ենք վճարում մինչ այժմ հիացնող տեսողության որակների համար—աշխարհի ագրեսիվությունից հեռու մնալը, ինչը մեզ տալիս է ազատություն՝ դիտորդության և կամընտրական ուշադրության համար: Բայց սա ընդամենը նկարագրում է ինքնին մտքի գործառույթը:

Ետ կանգնելու և մտածելու մեջ որևէ վատ բան չկա: Վերաշարադրելով մի քանի իմաստունների խոսքը՝ «Որևէ մեկը չի կարող մտածել և միաժամանակ հարվածել»:



Սա Սյուզան Սոնթագի «Ուրիշների ցավին հայելիս» (Regarding the Pain of Others, 2003) գրքի նախավերջին՝ ութերորդ գլուխն է: Անգլերենից թարգմանեց Գայանե Թևոսյանը, բնագրի հետ համեմատեց և խմբագրեց Շուշան Ավագյանը: 2022 թվականի մայիսին Հայաստանի ամերիկյան համալսարանի հրատարակչությունը լույս կընծայի գրքի հայերեն տարբերակը:

Please follow and like us: