(|«Մեղրամիս» բլոգասերիալից)
– Սիրուն քաղաք է, չէ՞, Գրացը,- հարցրեց Հերբերտը հեռախոսով։
– Շատ,- ասի,- բայց մեր անգլերենն է տգեղ։
– Բան չկա,- ծիծաղեց,- կգամ, կթարգմանեմ։ Եթե վաղը չէ, մյուս օրն այնպայման կգամ։
Լուիսն զգուշացրել էր. «Քաղաքում մոլորվելու դեպքում ասում եք՝ Շլոսբերգ։ Շլոս նշանակում է բանալի, բերգ՝ սար»։ Դա սարի ու ամրոցի անունն էր, որտեղ գտնվում էր մեր տունը։ Նաև ավելացրել էր՝ վայելեք մեղարամիսը մինչև երկուշաբթի։ Երկուշաբթի ներկայանալու էինք գրասենյակ՝ տնօրենի հետ ծանոթանալու։ Երկու ազատ օր ունեինք ու դուրս եկանք թափառելու։
Գրացը Ավստրիայի երկրորդ քաղաքն է, Շտիրիա մարզի մայրաքաղաքը, որ ունի երկու հարյուր հիսուն հազար բնակիչ, բայց շնորհիվ իր չորս հեղինակավոր համալսարանների, նրա բնակչությունը ուսանողների հաշվին դառնում է երեք հարյուր հազար։ Այն եղել է Հաբսբուրգների նստավայրը՝ մի դինաստիայի, որը վեց դար շարունակ որոշում էր եվրոպական բազմաթիվ ժողովուրդների ճակատագիրը։ Գրացն ասես ճարտարապետական ոճերի պատկերասրահ լինի՝ գոթիկա, Վերածնունդ, բարոկկո, կլասիցիզմ… Եվ բոլոր այդ շինությունների կողքին ուլտրաժամանակակից ճարտարապետության նմուշներ, որոնք Լուիսի տված քատեզի վրա հատուկ էին նշված՝ ինչպես մեր քարտեզների վրա նշվում են պատմամշակութային հուշարձանները։ Այստեղ ամբողջը պատմամշակութային էր, և ժամանակակիցն էր, որ նշման կարիք ուներ։ Գրացի բնակիչները հպարտությամբ պատմում էին, որ իրենց քաղաքը մի քանի տարի առաջ հռչակվել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք։ Նկատի ունեցեք՝ Գրացը և ոչ Վիեննան։
Գրացը հեքիաթային էր, բայց ամենահեքիաթայինը մեր տունն էր և դրա գլխավերևում վեր խոյացող Ուհրտուրմը՝ ժամացույց-աշտարակը՝ կառուցված 1712 թվականին։ Սարի գագաթ տանող երեք ճանապարհ կար՝ մեկը սարն ի վեր բարձրացող ճոպանուղին էր, մյուսը՝ սարի երկայնքով ձգվող աստիճանները, երրորդը՝ սարի միջով բարձրացող վերելակը, որից օգտվելու համար «մշտական» ունեինք։ Գրաց այցելած բոլոր զբոսաշջիկները ի վերջո հայտնվում էին մեր տան դարպասի մոտ։ Այստեղից երևում էր ողջ քաղաքը՝ իր կամիր, կղմինդրե կտուրներով, քաղաքապետարանի շենքով…
– Էս շենքում նստող քաղաքապետը չի կարա կաշառակեր ու անօրեն լինի,- ասաց Համբոն։
Մենք նայում էինք շենքերին, լսում բազմաթիվ կաթոլիկ եկեղեցիների զանգերի համերգը և զգում՝ ոնց է մեր ներսը փոխվում։ Գրացը մեզ տեղ էր տվել իր սրտում՝ բառի թե բուն, թե փոխաբերական իմաստով։ Մենք մեզ չտեսնված լավ էինք զգում։
Շուտով պարզեցինք, որ բոլորովին իզուր էինք կոմպլեքսավորվում մեր անգլերենից։
Գրացի բնակիչները անգլերեն մեզնից վատ գիտեին, ու եթե հասկանում էլ էին, հիմնականում չէին կարողանում խոսել։ Մեր հարցերին պատասխանում էին գերմաներեն, ու մենք շուտով պարզեցինք, որ անգլերենի նույնիսկ մեր իմացությամբ գերմաներենից գլուխ հանելը ամենևին բարդ չէ։ Զարմանալի էր, որ այդ մարդիկ իրենցից պահանջվող նվազագույն ջանքը չէին գործադրել օտար լեզու սովորելու համար։
– Արևմտահայերենն ու արևելահայերենը երևի ավելի տարբեր են,- ասում էինք իրար։
Մի կողմից ուրախալի էր իհարկե, որ մեր սխալները միայն քչերը կարող էին տեսնել, մյուս կողմից դա նոր բարդություն էր ստեղծում, որովհետև պարզվեց՝ մենք չունենք շփման լեզու։ Բոլոր ցուցանակները, խանութներում բոլոր ապրանքների պիտակները, ապրանքների վրա գրված բոլոր գրությունները գերմաներեն էին։ Ու չնայած ուշադիր կարդալու դեպքում հնարավոր էր գլուխ հանել ինչն ինչոց է, բայց օրինակ մեր գնած կաթը պարզվեց մածնի տեսակ է։
Չնայած բոլոր այս կենցաղային անհարմարություններին՝ Գրացն այնքան մարդամոտ էր, որ մենք բնավ չէինք զգում, թե օտարության մեջ ենք։ Չունենալով փաստորեն շփման լեզու՝ մենք հանգիստ շփվում էինք մարդկանց հետ՝ թե փողոցում, թե խանութում, թե զբոսավայրերում։ Ակամայից համեմատեցի Մոսկվայի հետ, ուր չնայած լեզվական ոչ մի խոչընդոտ չկա, և հայերն էլ են շատ, և երկու հարյուր տարվա պատմական ընդհանուր անցյալ էլ ունենք, բայց օտարության սուր զգացումը ոչ մի պահ չի լքում քեզ։ Դա մեզ ստիպում էր մտորել օտարության հարցի շուրջ և գալ մի եզրակացության, որ օտարության զգացումը մշակութային տարբերության արդյունքում չի առաջանում։
Առաջին երկու օրը դուրս գալիս Համբոն հա զգուշացնում էր, որ անձնագրերը վերցնեմ, բայց շուտով համոզվեցինք, իսկ հետո Լուիսն էլ հավաստեց, որ դրա անհրաժեշտությունն ամենևին չկա։ Ոչ միայն Գրացում, Ավստրիայում առհասարակ անձնագրային ռեժիմ գոյություն չունի։ Այստեղ ոստիկանը իրավասու չէ կանգնացնել քեզ և անձնագիր պահանջել։ Այստեղ փողոցում ոստիկան չես էլ տեսնի։ Դա չի նշանակում, թե ոստիկան չկա։ Ոստիկաններն այս երկրում քաղաքացիական հագուստով են։ Ու եթե դու հանցագործ չես, անհանգստանալու ոչինչ չունես, ու օրենքի պաշտպանը իր զգաստացնող տեսքով քո առօրյայում լարվածություն չի մտցնում։ Էլի չեմ կարող չհիշել Մոսկվան, որի մետրոյի կայարանների շեմին կանգնած են լինում շինելներով ու գերմանական հովվաշներով ոստիկանական գնդեր, որոնց տեսքը քեզ ակամայից տեղափոխում է ֆաշիզմի ու Մեծ հայրենականի թեմայով նկարահանված սովետական ֆիլմերի աշխարհը։ Մոսկվայում, եթե դու նույնիսկ հրեշտակ ես և ապրում ես այդ քաղաքում բոլոովին օինական կերպով, քեզ չի լքում հանցավոր լինելու զգացումը։ Ինձ այնուամենայնիվ շատ հետաքրքիր էր, թե ոնց են հայտնաբերում ու դեպորտ անում անօրինական էմիգրանտներին, եթե փողոցում մարդկանց չեն կանգնեցնում ու անձնագիր չեն ստուգում։ Իմ հարցից թե Հերբերտը, թե Լուիսը շատ զարմացան, ասես մի շատ վայրենի բան էի ասում։ «Որ ի՞նչ պիտի կանգնեցնեն փողոցում»,- չէին հասկանում նրանք։ Հետո պարզվեց, որ աչալուրջ հարևանության մատնություների շնորհիվ ոստիկանությունը հրաշալի գիտի, թե որտեղ ինչ էմիգրանտ է բնակվում, և երբ որոշում է նան դեպորտ անել, քաղաքակիրթ կերպով հյուր է գնում։ Այսինքն եթե դու անօրինակ ես ապրում Ավստրիայում, փողոցը քեզ համար փրկություն է, քանի դեռ փողոցում ես, լիովին ազատված ես բռնվելու վտանգից։
Քանի որ խոսք գնաց ուժային կառույցներից, պիտի խոսեմ նաև բանակից։ Դեռևս Ապրեսովի մեքենայում իմացանք, որ Ավստրիան բանակ չունի։ «Երեք զինվորով կարելի է գրավել մեր երկիրը»,- ծիծաղելով ասաց Հիմոգենան։ Գրավված լինելու հավանականությունը նրան չէր տխրեցնում։ «Խելացի մարդիկ,- մտածում էինք մենք,- բանակի վրա փող չեն ծախսում»։ «Դե, եթե ագրեսիա ես ցուցաբերել,- ասաց Հերբերտը,- պիտի պատրաստ լինես զիջումների գնալ»։ Ավստրիան բանակ չունի երկորդ համաշխարհայինից հետո։ Տասը տարի այն օկուպացիայի մեջ են պահել դաշնակիցների զորքերը՝ բաժանելով Ավստրիան իրար մեջ՝ չորս մասի։ Մի մասը գտնվել է խորհրդային զորքերի տիրապետության տակ, և Ավստրիայում իր զինվորական ծառայությունն է անցել հորեղբայրս։ Այդ չորս տարին եղել է նրա կյանքի ամենալուսավոր հատվածը։ Երբ իմացավ, որ Ավստրիա ենք գնալու, դեմքին տարօրինակ ժպիտ հայտնվեց։ Պատմեց, որ իրեն հանձնարարված էր մի գյուղ հսկել։ Մի զինվոր՝ մի գյուղի վրա։ Գարնանային վարուցանքի շրջանն է եղել։ Հեռվից կանգնած նայել է, թե ոնց է գյուղացին իր հողը վարում, ու իր գյուղն է կարոտել։ Մեկ-երկու օր հեռվից նայելուց հետո չի դիմացել, մոտեցել, խնդրել է, որ իրեն թույլ տան՝ վարի։ Գյուղացու համար սովետական զինվորի խնդրանքը հրամանի ուժ է ունեցել, նա չէր կարող թույլ չտալ։ Իր հողը օկուպացրած զինվորը ցանկանում է այդ հողը վարել։ Պատկերացնում եմ ավստրիացի այդ գյուղացու զարմանքը։ Կամ միգուցե զարմանք չի եղել, միգուցե գյուղացու համար հասկանալի է եղել գյուղի կարոտը։ Հորեղբայրս պատմում էր, որ գյուղացին կանչել է իրեն հացի, բայց ինքը չի գնացել, զինվորներին արգելված էր գյուղացիների հետ շփվել ու մտերմանալ։ Բայց հաջորդ օրը հորեղբայրս էլի է խնդրել, որ թույլ տան իրեն աշխատել։ Ու գրավված հողի տեր գյուղացին էլի է ստիպված եղել հեռվից նայել, թե ոնց է օկուպանտը մշակում իր հողը։ Այդպես ամիսներ են տևել, հորեղբայրս նույնիսկ բերքահավաքին է օգնել գյուղացուն։ Պատմում էր, որ գյուղացին ստիպել է իրեն մթերքներ վերցնել՝ խոզապուխտ, գինի, հաց։ Հորեղբայրս հորդորեց մեզ անպայման փորձել ավստրիական խոզապուխտը։ Ասեց՝ այլևս երբեք էդքան համով խոզապուխտ չկերա։ Պատմում էր նաև, որ գյուղացին ցանկացել է իրեն ամուսնացնել սեփական դստեր հետ ու դարձնել իր փեսան։ Ասում էր՝ սիրուն էլ աղջիկ էր։ Բայց հորեղբայրս ծառայության ավարտից հետո վերադարձել է իր գյուղը՝ իր հողը մշակելու։
Ավստրիայի բարեկեցության ու գեղեցկության մեջ փաստորեն հորեղբայրս ներդրում ուներ, ու ինձ անընդհատ չէր լքում զգացողությունը, որ միգուցե այդ պարզամիտ գյուղացի տղայի արտասովոր արարքի դիմաց էր Ավստրիան հիմա այդպես շռայլորեն վարձահատույց լինում մեզ։
Նախորդը՝ այստեղ
Հաջորդը՝ այստեղ