ԱԼԵՔՍԱՆԴՐ ՊՈՆՈՄԱՐՅՈՎ/ԽԱԼԸ

Ոտքն անտանելի ցավում էր։ Սկզբում բութ ցավ էր, բայց ժամանակ առ ժամանակ ասես մախաթով ծակծկում էին բոլոր կողմերից, իսկ հետո հազարավոր չարքեր հանում էին երկբռնակ սղոցն ու անցնում էին գործի։ Անդրեյը խուլ հառաչեց։ Հաղթահարելով ցավը՝ նա հանեց հատուկ վիրակապի փաթեթը, ատամներով պատռեց թաղանթն ու սկսեց անփութորեն կապկպել վերքը։ Ոտքն ուռել ու կապտել էր։ Ծնկից վերև բեկորային վնասվածքից առաջացած փոքրիկ անցքը լերդացած արյունից սևացել էր։ Վերքը փակ էր, երկաթե բեկորը ազդրի փափուկ հյուսվածքներում էր մնացել։ Անդրեյը վիրակապում էր ոտքը այնպես, ինչպես սովորեցրել էին՝ վերևում ավելի ձիգ, ներքևը՝ թույլ։ Բժշկական վիրակապերը լրիվ թրջվեցին թարմ ու վառ արյունից։ Ցավը սկսեց մեղմանալ։ Նա հանեց գրպանից անալգինի հաբը, գցեց բերանը։ Հետո մյուս կողքի թեքվելով՝ ջրամանը գոտուց հանեց, բացեց կափարիչն ու ջրով կուլ տվեց դեղահաբը։ Դեղն այնքան ցավոտ կուլ գնաց,ասես ուղտափուշ էր։ Ինչ արած։ Հանուն այս գործի կարելի էր համբերել։ Անդրեյը թեթևակի հազաց ու հայացքով ուսումնասիրեց այն տեղը, ուր հիմա հայտնվել էր։ Լքված խրճիթ էր՝ մոխրագույն  հարդաշաղախ քարերից կառուցած, այստեղ նախկինում երևի անասուն են պահել։ Փայտե ձողանները, որ ինչ-որ ժամանակ որպես տանիք էին ծառայում, կոտրվել ու թափվել էին անձրևներից ու քամուց, և անցքերից երևում էր կապույտ, անհուն երկինքը։ Շուրջը խոտի խրձեր էին թափված, ոչխարների ու թարմ խոտի միախառնված  հոտը տարածվել էր օդում։
Անդրեյը քիչ առաջ էր արթնացել սուր ցավից։ Ինչքան էր ընկած մնացել և ինչպես էր հայտնվել այստեղ՝ նա չէր հասկանում։

Քունքերում ասես կտցահարում էին։ Նա կրկին խմեց ջրամանից։ Հիշողությունը կամաց-կամաց սկսեց վերականգնվել։ Այսօր տեղի ունեցած դեպքերի պատառիկները սկսեցին պտտվել գլխում։ Նա փորձեց բարձրանալ, բայց չկարողանալով հավասարակշռությունը պահել՝ փլվեց հողե հատակին։ Գլուխը պտտվում էր, ինչպես մանուկ օրերում, երբ գրազ գալով՝ կարուսելին նստեց ու պտտվեց երեք անգամ։

Այսօր առավոտյան հետախուզական վաշտում, ուր Անդրեյը պայմանագրային ծառայությունն էր անցնում, պետը, խարույկի մոտ նստած, մի ածխի կտորով վառում էր ճմրթված «բելոմորը»․

– Ուրեմն այսպես, Տրոֆիմով,- ասաց նա և, ձեռքն այրելով, գցեց ածխի կտորն ու բռնեց ականջի բլթակից,-այսպես է հաջորդականությունը, ասում եմ՝ երկուսով Նայրուլլինի հետ առաջ եք շարժվում կածանով, տեսեք՝ ինչն ինչոց է։ Երեկոյան մի հովիվ ասում էր, որ արահետում անծանոթների է տեսել։

– Պարոն կապիտան, իսկ այդ խաշնարածին կարելի՞ է հավատալ,- Անդրեյը հանեց տուփից մի ծխախոտ, մատների ճարպիկ շարժումով փափկեցրեց և հրամանատարի ներկայությամբ վառեց։

– Ո՞վ է հասկանում՝ կարելի՞ է հավատալ նրանց, թե՞ ոչ։ Ամեն դեպքում, տեղեկությունը պետք է ստուգել։ Զորաբանակի օպերացիա է նախատեսված, չի՛ կարելի ռիսկի դիմել։ Այսպես ուրեմն, ասում եմ՝ գնացեք երկուսով և զննեք։ Դուք հմուտ մարտիկներ եք, առաջին տարին չէ։ Կմոտենաք լուռ և անաղմուկ։ Եթե ինչ-որ մանր–մունր  ճողոպրածներ են թափառում, սատանան նրանց հետ, ասում եմ՝ խոշոր ավազակախմբին մեր թիկունքում վրիպելու իրավունք չունենք։ Հասկանալի՞ է։

– Բացահայտելու դեպքում ինչպե՞ս գործենք։

– Ըստ իրադրության․ եթե ինչ-որ լուրջ բան լինի, միանգամից ծլկեք։

– Ճիշտ այդպես, պարոն կապիտան, կծլկենք,- ծիծաղեց Անդրեյը։

– Միայն հակառակորդի խոշոր ուժերի հայտնաբերման դեպքում ծլկել, ասում եմ․․․,- նրանց հետևից ծիծաղով պատասխանեց հրամանատարը։

Այրատ Նայրուլլինը լռակյաց տղա էր, կարելի է ասել՝ խոժոռ։ Ալկոհոլ չէր խմում, խոսակցություններին չէր խառնվում։ Շուրջը կատարվող ամեն ինչ Այրատը ընկալում էր անվրդով ու մի տեսակ անտարբեր սառնությամբ։ Միայն մարտական ընկերների զոհվելուն ոչ մի  կերպ չէր կարողանում համակերպվել։ Այն բանից հետո, երբ հերթական «երկուհարյուրերորդին» տեղավորում էին պլաստիկե պարկի մեջ, Այրատը հեռանում էր՝ ատամները կրճտացնելով, առանձնանում։ Հետախուզական վաշտ նա վերջերս էր եկել հոսպիտալից, մինչ այդ նա հաշվառված էր Կոդորյան լեռնանցքի մոտակայքի սահմանապահ վաշտում։ Բայց երբ ողջ ժամապահական խմբին վերացրին ավազակները, նա կտրուկ հրաժարվեց վերադառնալ։ Ավելին՝ խնդրեց տեղափոխվել ամենաթեժ կետը։ Կրակից՝ հրի մեջ․ այսպես էր ասում նրա մասին վաշտի հրամանատարը։

Անդրեյն արահետով գնում էր առջևից, Նայրուլլինը հետևում էր նրան։ Օրն արևոտ էր, քամի էլ չկար, շուրջը դայլայլում էին թռչունները, ծաղկող կանաչի բույրերն արբեցնում էին։

– Այրատ, իսկ դու եղե՞լ ես տափաստաններում,- և Անդրեյը կիսաձայն երգեց․

«Ուր պամպասներում վազվզում են բիզոնները,
Իսկ բաոբաբների վերևում մայրամուտներ են՝ հանց արյուն․․․»։

– Արյան մասին պետք չէ,-արձագանքեց Նայրուլլինը։

– Ի՞նչ է՝ այսպես լուռ էլ պիտի  քայլե՞նք․․․

– Այո, լուռ, այսպես լավ է։

– Ինչպես կասես,- և Անդրեյը նեղացած մրթմրթաց,- ի՞նչ ես կարծում, մեր կյանքում պատահականություններ լինու՞մ են, թե՞ միայն օրինաչափություններ են․․․

Բայց Այրատը ոչինչ չատասխանեց, Անդրեյն արագացրեց քայլերը։

Արահետից դուրս գալով՝ մարտիկները սանրում էին անտառը։ Անդրեյը չէր տեսնում Այրատին, բայց զգում էր նրա մոտիկ ներկայությունը։ Հանկարծ իրենից աջ երեք անգամ կկվի կանչ լսվեց։ Դա պայմանանշան էր։ Անդրեյը նստեց հողին, նայեց շուրջն ու սողաց դեպի ձայնը։ Այրատը պառկած էր բլրակին։ Անդրեյը հասավ նրան ու հրեց կողքից, վերջինս գլխով ցույց տվեց ձախ կողմը։ Անդրեյը ձգվեց ու նայեց․մի քառասուն մետրի վրա՝ լեռնալանջով շարժվում էր զինյալների շղթան։

Ուսերի վրա տանում էին ծանր ուսապարկեր,որոշները քարշ էին տալիս ծանր գնդացիրներ։
Համազգեստները տարբեր երանգների ու տիպի էին,գլխներին կանաչ գլխակապեր էին՝արաբական հյուսագրով։

Հանկարծ առաջինը կանգնեց ու բարձրացրեց ձեռքը։ Ամբողջ շղթան կանգ առավ։ Մարդը նայեց շուրջբոլորը, հոտոտեց, նայեց թաքնված մարտիկների ուղղությամբ։ Անդրեյը փութով թաքցրեց գլուխը, պառկեց մի քանի րոպե ու կրկին դուրս նայեց։ Շղթան կրկին շարունակում էր ընթացքը։

– Քանի՞սն են,- շշնջաց Անդրեյը։

– Մի հարյուր հիսուն,- կամաց պատասխանեց Նայրուլլինը։

– Հովիվը չէր խաբում։

– Ի՞նչ,-հարցրեց Այրատը։

-Երեկ երեկոյան սրանց հետախուզական խումբն այս կողմերում պրպտում էր, անցումներն էին նախանշում։ Վերջ, ծլկում ենք,- և Անդրեյը նորից հրեց թաթարին։

Մինչև հիմա չէր կարողանում Անդրեյը հասկանալ, թե ինչպես փորձառու և շատ բան տեսած մարտիկներ լինելով՝ ականը չէին նկատել։ Նռնակը լավ քողարկված էր, իսկ լարը հողի վրայով էր ձգած, խիտ կանաչի մեջ ուղղակի չէին նկատել։ Պայթյունն այնքան անսպասելի էր, որ Նայրուլլինը միանգամից փռվեց հողին։ Իսկ Անդրեյի ոտքն ասես ձիաբոռ խայթեց։ Նա էլ ընկավ, բայց գլուխը թափահարելով՝ արագ սթափվեց։ Ափերով մի քանի անգամ հարվածեց ականջներին, իսկ երբ մի քանի վայրկյան անց լսողությունը վերականգնվեց, Այրատին առավ ուսերին և հողի վրա  կռանալով՝ վազեց անտառով։

– Էյ, էդտեղ՝ վերևում, ո՞ղջ եք,- թափահարեց ընկերոջը, Անդրեյի պարանոցն ի վար հոսեց տաք ու  կպչուն արյունը․․․

Զգուշորեն իջեցրեց խոտերի վրա։ Նայրուլլինը դեմքի լուրջ արտահայտությամբ նայում էր կապույտ երկնքին՝ լայն բացված աչքերով։ Բեկորն անցել էր պարանոցի միջով, խոր վերք էր բացվել։

Աջ ու ձախ կողմերից՝ իր թիկունքում մի քանի մետր հեռավորության վրա Անդրեյը լսեց անծանոթ ձայներ․ հետապնդում էին կրնկակոխ։

– Ների՛ր, ախպերի՛կ,- Անդրեյը Այրատին դրեց փոսի մեջ և արագորեն ծածկեց ճյուղերով։ Շրջվեց ու ինքնաձիգից մի քանի անգամ կրակ բացեց ձայների ուղղությամբ։

Երկար  տևեց փոխհրաձգությունը, ասես մի ողջ հավերժություն, նրան այդպես թվաց։ Իր ուղղությամբ կրակում էին։ Ո՞ր կողմից էր՝ չհասկացավ։ Երևի բոլոր կողմերից։ Երբ փամփուշտները վերջացան, ատամներով քաշեց ձգանն  ու նետեց նռնակը, ապա երկրորդը, երրորդը․․․ Հետո հանեց դանակն ու ողջ ուժով սկսեց վազել։

***
Շատ-շատ վաղուց, երբ Անդրեյն ավարտել էր ինստիտուտի երկրորդ կուրսը, իր ընկեր-համակուրսեցինեի հետ խմբով աշխատում էր շինբրիգադում։ Ամառային արձակուրդներին հնարավորություն էր ստեղծվել գումար վաստակել։ Տղաները գոմ էին կառուցում կոլտնտեսությունում։ Իրենց տեղավորել էին միհարկանի հին հյուրանոցում, ուր կոլտնտեսության քարտուղարը բնակեցնում էր ողջ սեզոնային աշխատուժը։ Աշխատում էին առավոտից մինչ ուշ գիշեր։ Այդ՝ հյուրանոց համարվող շինությունում լոգարան չկար, ուստի ուսանողները լողանում էին աշխատանքից հետո՝ կեղտոտ, ճահճացած լճակում։

Անդրեյը հանվեց ափին, մի կողմ դրեց հագուստն ու մտավ ջուրը։ Օճառվելուց հետո սկսեց ջանասիրաբար տրորել մաշկը։ Մարմինը,որ սովոր չէր երկարատև ֆիզիկական աշխատանքի,հաճելիորեն նվվում էր։

– Ընկեր, օճառ ունե՞ս։

Անդրեյը շրջվեց․ լճափին մի տղա էր կանգնած՝ շապիկով, փոխանով ու բոբիկ ոտքերին հագած սանդալներով։

– Բռնի՜ր,- և Անդրեյը նետեց  տնտեսական օճառի լպրծուն կտորը։

Պատանին ճարպկորեն բռնեց օճառը,արագ հանվեց ու դանդաղ մտավ ջուրը։

– Շնորհակալություն,- Անդրեյին էին նայում զույգ սևորակ, խնդուն աչքերը,- ինձ Ռոմկա են ասում, իսկ քե՞զ։

– Անդրեյ։

Ռոմկան կատարյալ կազմվածք ուներ։ Բարձրահասակ էր, թիկնեղ,մազերը ագռավի թևի գույն ունեին, հստակ գծագրած դեմք, արծվային դիմագծեր, և միայն հոնքերի արանքում դարչնագույն կետի պես մի խալ էր նշմարվում։

– Օսե՞թ ես։

– Չեչեն,- և Ռոմկան սկսեց օճառել ինքն իրեն,- ավագ եղբորս հետ այգիներում խնձոր ենք հավաքում։

– Լա՞վ են վարձատրում։

– Մենք մթերքով ենք վերցնում,- ծիծաղեց Ռոմկան,- հինգ արկղ հավաքում ենք,վեցերորդը մերն է։

– Իսկ մենք այստեղ գոմ ենք կառուցում կաթի ֆերմայի հետևում, տեսե՞լ ես։

Այս ծանոթությունից հետո Ռոմկան ուսանողների  հաճախակի ու սպասված հյուրը դարձավ։ Տղաների հետ նա էլ խաղում էր նարդի ու ֆուտբոլ, գնդակով հարվածը դիպուկ էր ու ճիշտ։

– «Թերեկի»(Գրոզնիի պրոֆեսիոնալ ֆուտբոլի ակումբը)  կազմում էի խաղում մի ժամանակ,-հպարտ ասում էր նա։

Ռոմկան միայն ավագ եղբորից էր վախենում ու հնազանդվում էր նրան՝ առանց հակաճառելու։
Երաժշտությունը բարձր էր։ Կոլտնտեսության վարչության մոտակա մարգագետնին պարում էին տեղացի տղաներն ու աղջիկները։ Ամենուր ուրախությունն էր թևածում։ Ազատ օր էր․ կարելի էր  լիցքաթափվել, պարել։

Ուսանողներն առանձին խմբով էին հավաքվել։ Ռոմկան նստած էր Անդրեյի կողքին։

-Է՜յ, դու, հլը արի էստեղ,- Ռոմկային մատով կանչեց ու չարացած նայեց մի պատանի՝ կանաչ լայն տաբատով։

Այս տղային Անդրեյը նախկինում չէր տեսել։

– Գործ չունեք դրա հետ,- Անդրեյի ականջին շշնջաց տեղացի աղջիկներից մեկը,- դա Գենկա Կրիվովն է, նոր է բանտից դուրս եկել։ Վա՜յ, ի՜նչ է հիմա լինելու․․․

Ռոմկան ժպտալով ելավ տեղից։ Նա համարձակորեն նայում էր այդ տղայի աչքերին։ Անդրեյն էլ փորձեց վեր կենալ, բայց տղան  հրեց, ու նա ընկավ նստարանին։

– Քեզ հետ հետո կխոսեմ, իսկ հիմա տեսնեմ՝ ինչ գույնի է այս գայլի ձագուկի արյունը,- քմծիծաղեց նա։

Անդրեյը կտրուկ վեր ցատկեց ու կանգնեց ընկերոջ կողքին՝ հպվելով նրա ուսին։ Ռոմկան նայեց նրան, ամեն ինչ հասկացած՝ ժպտաց, հետո խոժոռված հայացքը գցեց Գենկայի վրա։

– Իսկ մենք միասին ենք,- և Անդրեյն իր համառ հայացքը սևեռեց կլոր, չարախինդ աչքերին։

***
Անդրեյը կոկորդային ձայն լսեց։ Ավազակները սանրում էին անտառը։ «Այստեղ հաստատ կմտնեն,- անցավ մտքով,- չեն կարող չմտնել։ Դե ինչ, եթե մեռնել, ապա երաժշտության ներքո»։
Անդրեյը շոշափեց հատակն ու սառեց։ Դանակը չկար։ Նա փնտրեց ծանրոցում, ապա գրպաններում, չկար․․․

Հանկարծ զգաց,որ մեկն իրեն է նայում, և բարձրացրեց աչքերը։ Դռան մոտ կանգնած էր մի հաղթանդամ մարդ՝ ձեռքին ինքնաձիգ։ Նա ուշադիր զննում էր Անդրեյին։ Մի ձեռքով արդեն պատյանից հանել էր ոսկրե բռնակով դաշույնը՝ կախելով ինքնաձիգն ուսին։ Շեկ մորուքը ցցվել էր, արաբերեն գրությունը երկու խաչված սրերով ճերմակին էր տալիս մթան մեջ։ Անդրեյի մարմնով  սարսուռ անցավ, հասկացավ, որ հիմա կոկորդը կկտրեն։

Ավազակը մոտեցավ, կռացավ վրան, հետո բռնեց դունչն ու գլուխը բարձրացրեց։Անդրեյը կոպերը բացեց։Նրան էին նայում սևորակ աչքերը։ Հոնքերի մեջտեղում խոշոր, դարչնագույն խալն էր։ Մի քանի վայրկյան ուշադիր զննում էին միմյանց։

-*Էյ՛, ա Վահիտ, հասկի վու՞,- հարցրին դրսից, լսվեցին մոտեցող ոտնաձայներ։

Ավազակը բաց թողեց դունչը, փութկոտ ելավ տեղից, Անդրեյի գլուխը խոնարհվեց կրծքին։ Նա պատրաստվեց մեռնելուն։ Ցավն ընկրկեց։

– **Էյ, ա, դոթթագա՞,- նորից գոչեցին դրսից։

– ***Վա՛ց,- չեչենը շրջվեց՝ պատրաստվելով դուրս գալ խրճիթից։

– Շնորհակա՜լ եմ, Ռոմկա,- շշնջաց Անդրեյը,բայց տղամարդը միայն ուսը թոթվեց ու անհետացավ դռան բացվածքում։


Ծանոթագրություններ

*Էյ, Վահիտ, ռուսներ կա՞ն (այստեղ և հաջորդիվ՝ չեչեներեն)
** Էյ,ընկեր․․․
*** Ոչ։


Թարգմանությունը ռուսերենից՝ Մարինա Գևորգյանի

Please follow and like us: