Իմ ու Հովհաննես Գրիգորյանի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 90 թվականին, աշնանային մի օր, Ստեփանավանի զբոսայգում, երբ յոթերորդ դասարանի աշակերտ էի։ Դասից փախել էի, ազատության շունչը վայելելու համար մի թերթ էի առել կրպակից ու նստել էի այգում։ «Անդրադարձ» թերթն էր, պատահական էի ընտրել։ Մենք, ինչպես և շատ ընտանիքներ, «Գարուն» ստանում էինք, բայց ես չէի կարդում, որովհետև մեր տանը «Գարուն»-ի ու «Գրական թերթ»-ի պաշտամունք կար, ու այդ պարբերականների մերժումը մտնում էր իմ պատանեկան ըմբոստության ծիսակարգի մեջ։ Էսօրվա պես հիշում եմ՝ ամպամած էր, ու շատ թեթև անձրև էր մաղում։ Այգում մարդ չկար, միայն ինչ-որ անցորդներ էին հեռվում։ Նստել ու բացել էի «Անդրադարձ»-ը, մեջը՝ Հովհաննես Գրիգորյանից մի քանի բանաստեղծություն։ Անձրևը կաթում էր թերթի էջերին։ Կարդում էի, ու իմ մանկության զբոսայգին աչքիս առաջ փոխվում էր։
Հետո գնացի տուն, հարցրի մերոնց, որ «Գարուն» ու «Գրական թերթ» էին կարդում ու բազմաթիվ ժամանակակից պոետների ոչ միայն անունները, այլև բանաստեղծություններն անգիր գիտեին։ Հովհաննես Գրիգորյանին չէին ճանաչում։ Դա շատ տարօրինակ էր, ու միայն 96 թվին, երբ ընդունվում էի թատերական, ու ապագա դասախոսս ասաց՝ ինչու ես Հովհաննես Գրիգորյան ընտրել ասմունքելու համար, չէ՞ որ ավելի լավ բանաստեղծներ կան՝ Հրաչ Սարուխան, Արմեն Մարտիրոսյան և այլն, նոր հասկացա, որ Հովհաննես Գրիգորյանի ժամանակը դեռ չի եկել, նոր է գալու։
Նույն այդ աշնանային օրը սեփական գրողին հայտնաբերածի ոգևորությամբ տակնուվրա արեցի մեր տան ահռելի գրադարանը ու գտա Հովհաննես Գրիգորյանից մի բարալիկ գրքույկ՝ «Բոլորովին ուրիշ աշուն»-ը։ Մինչև չափահաս դառնալս այդ գիրքը վերցնում էի հետս, ուր էլ գնալիս լինեի՝ ճամբար, ճամփորդության թե արշավ… Երկու գիրք էի վերցնում՝ Տերյանի հաստափոր հատընտիրը և բարալիկ «Բոլորովին ուրիշ աշուն»-ը։ Հետո Հովհաննեսից իմացա, որ իր սիրած հայ պոետը Տերյանն է, ու պատահական չէր, որ ինֆորմացիայով չծանրաբեռնված իմ պայծառ, պատանեկան ուղեղն ու դեռևս չափազանց զգայունակ հոգիս իրարից այդքան տարբեր պոետների ստեղծագործության մեջ տեսել էին այն ամուր կապն ու հոգեհարազատությունը, որը մեկին դարձնում էր մյուսի շարունակողը։ Հովհաննես Գրիգորյանն ասում էր դրան «արյան նույն խումբ»։ Պոետական արյան։ Այսօր վստահաբար կարող եմ ասել, որ հայ պոեզիայի մեջ ինձ համար այդ երկու հիմնասյունն են եղել՝ Վահան Տերյանն ու Հովհաննես Գրիգորյանը։ Ու թե պիտի ձևակերպեմ նրանց տարբերությունը մնացած հայ պոետներից, ապա կձևակերպեմ այսպես. այդ երկու հայ պոետն են, որ խոսում են սիրո լեզվով՝ անկախ նրանից, թե ինչի մասին են խոսում՝ ազատության, հեղափոխության, հայրենիքի, սահմանադրության, թե աշնան ու սիրո… Ուրիշ ոչ մեկը սիրո լեզվով չի խոսում, հայ գրականության հայերենն ընդհանրապես հեռու է սիրո լեզու լինելուց, ու դա է, որ նրանց լեզուն հայ գրականության նկատմամբ դարձնում է օտար լեզու։
Դպրոցական տարիքում մի քանի նամակ եմ գրել Հովհաննես Գրիգորյանին, բայց դրանցից ոչ մեկը չէր սկսվում «Բարև, սիրելի Հովհաննես Գրիգորյան» կամ «բարև, իմ ամենասիրելի պոետՙ»ու այդ կարգի նախադասություններով։ Այդ նամակներն ընդհանրապես նամակի տեսք չունեին, բայց դրանք այլ բան չէին, եթե ոչ նամակ՝ հասցեագրված իմ սիրելի պոետին։ Դրանք նամակներ էին, որ երբեք չէին հասնելու հասցեատիրոջը։
95-ին, երբ ինքնաբերաբար հայտնվեցի գրական միջավայրում ու «Գրական թերթ»-ի խմբագրությունում, դռան մոտ հուզմունքից դողում էի ու չէի կարողանում ներս մտնել, որովհետև խմբագիրը Հովհաննես Գրիգորյանն էր։ Հիմա հասկանում եմ, որ ով էլ լիներ դռան հետևում, իմ հիասթափությունն անխուսափելի էր. ես այնքան էի սիրում նրա գրած տողերը ու այնքան էի գնահատում նրան որպես բանաստեղծի, որ նա պիտի առնվազն ողջ չլիներ։
Որքան որ երջանիկ էի աշնանային այն օրը իմ մանկության այգում նստած, նույնքան այդ օրը ինձ դժբախտ ու խաբված զգացի. Հովհաննեսի պրագմատիկ ու գործնական կերպարը չէր համապատասխանում պոետի մասին ունեցած իմ պատկերացմանը և նրա գրած տողերին, ինչպես ինձ թվաց այն ժամանակ։ Նայում էի Հովհաննեսին ու մտածում՝ ո՞նց է այս մարդը գրել էն բանաստեղծությունները։ Պատմվածքս արագ աչքի անցկացնելով ու մի երկու խրախուսող խոսք ասելով՝ Հովհաննեսն ասեց, որ վերցնում է, այսինքն՝ կտպվի «Գրական թերթ»-ում, ու մի բան էլ ասեց, որ մինչև հիմա հիշում եմ. գրական շնորհքն, ասեց, նման է նրան, որ ինչ-որ մի պապ ունենաս Ամերիկայում, որի մասին սկի չիմանաս էլ, ու էդ պապդ մեռնի՝ քեզ թողնելով մեկ միլիոն դոլար, հիմա դու համարիր, որ ստացել ես էդ ժառանգությունը և այդ մեկ միլիոն դոլարը կարող ես երկու օրում ծախսել, ինչպես անում են մեր տաղանդավոր պոետներից շատերը, բայց կարող ես նաև գործի մեջ դնել, մեծացնել, զարգացնել, սարքել երկու, երեք, չորս միլիոն… Համեմատությունն էլ մերկանտիլ ու գռեհիկ թվաց, բայց արի ու տես, որ մեխվեց հիշողությանս մեջ, հետագայում մի անգամ չի, որ հիշել եմ այն ու նաև առաջնորդվել եմ դրանով։ Այդ օրը էնքան մեծ էր հիասթափությունս, որ այն չմեղմեց անգամ իմ սիրելի պոետից իր մակագրությամբ գիրք նվեր ստանալը։ «Հրեշտակներ մանկության երկնքից» գիրքն էր, որ վերջերս էր լույս տեսել, բայց ոնց նվեր էի ստացել, այդպես էլ մնաց, չբացեցի անգամ, որ մի երկու բան կարդամ. այլևս չէի հավատում Հովհաննես Գրիգորյանին։ Հարկ եղավ, որ մի քիչ էլ մեծանամ, շատ չէ՝ մեկ-երկու տարով, որ հասկանամ՝ նրա կերպարը չէր հակասում իր պոեզիային, այլ հակառակը, լրացնում էր այն։ Հետագայում չհարգեցի, չհավատացի ու ըներություն չարեցի այն պոետների հետ, որոնք պոետի դերը հաջողությամբ էին կատարում՝ ընդհանրապես պոետի, ինչպես կասեր Ստանիսլավսկին, ովքեր ձգտում էին դառնալ իրենց պոեզիայի հավելվածը, համապատասխանել իրենց գրածին, ու ինչքան բոհեմիկ, կենցաղային հաշվարկներով չծանրաբեռնված, ինքնաոչնչացմամբ բռնկված, ինքնազոհ պոետի կերպար էին կերտում, այդքան ավելի հաճախակի էր դուրս սպրդում նրանց հոգու փնթի կենցաղը, մանր հաշվարկը, նեղմտությունը, կաղապարվածությունը… Մինչդեռ դասական պոետի կաղապարը շպրտած և այն անչար կերպով ծաղրող, կյանքի, մարդկանց ու ինքն իր հանդեպ հայացքի սթափությունը երբեք չկորցնող, կենդանի մարդ Հովհաննես Գրիգորյանի հետ իսկական ընկերություն ու բարեկամություն սկսվեց։ Կենդանի մարդ՝ իր թերություններով, որոնք այլոց առավելություններից ավելի տանելի էին ու սիրելի։ Կենդանի մարդ, որի հետ կարելի էր վիճել, կռվել, նեղանալ ու նեղացնել…
Երբ սկսեցի բանաստեղծություններ գրել, առաջինն իրեն եմ ցույց տվել։ Չէի ուզում հրապարակել, ասում էի՝ Ձեր ազդեցությունը շատ զգալի է։ Ու Հովհաննես Գրիգորյանն ասում էր՝ չէ, իմ ու քո նմանությունը վերլիբրն է միայն, մեկ էլ դե արյան խումբը… Այդպիսով խրախուսում էր պոետական քայլերս։ Բանաստեղծություններս թողնում էի իր սեղանին, խմբագիր չէր, տպելու համար չէի թողնում, թողնում էի այնպես, ինչպես հիմա կուզենայի երեխայիս հարազատ մեկի մոտ թողնել։ Էդպես կուտակվել էին բանաստեղծություններս իր դարակում, մի անգամ էլ ասեց, որ որպես գիրք ներկայացրել է մշակույթի նախարարությանը՝ պետ-պատվերով տպելու համար։ Եթե չլիներ Հովհաննես Գրիգորյանի առողջ գործնականությունը, որն ինձ ժամանակին այդքան տհաճ էր թվացել, այսօր «Անտերուդուս»-ը ամենայն հավանականությամբ դեռ տպված չէր լինի։
Վերջին տարիներին Հովհաննես Գրիգորյանին ներկայացրածս հիմնական մեղադրանքն այն էր, որ ՀԳՄ քարտուղարի պաշտոնում իր կազմակերչական գործունեությունը, ինչպես ինձ էր թվում, արհեստականորեն ազդում է հայ պոեզիայի ընթացքի վրա։ Ինձ զայրացնում էր, որ հանգավոր չափածոն դարձել է հնոտիքի հոմանիշ և զայրացնում էր այն ձևային ու բովանդակային միօրինակությունը, որ սկսել է տիրել ժամանակակից հայ պոեզիայում։ Ասում էի, որ իր բանաստեղծություններից սերած էպիգոնական, անորակ տեքստերի առատությունը վնաս է առաջին հերթին հենց իր պոեզիային, հենց իր պոեզիան է արժեզրկում։ Բայց նրա մտահոգությունը այլ էր՝ չի կարելի անխնամ թողնել նկատված բանաստեղծական շնորհքը, կանաչ ծիլը պետք է խնամել ու ջրել, թող որ ազդեցություն լինի, եթե իր մեջ կայանալու, ծաղկելու ուժ ու կարողություն կա, ազդեցությունը ժամանակի ընթացքում կհաղթահարվի, կարևորը՝ քեզնից հետոն ապահովելն է, որ քեզնից հետո էլ պոետներ լինեն…
Հովհաննես Գրիգորյանը սիրով ու հոգատարությամբ էր վերաբերվում առաջին բանաստեղծությունը գրած պատանիներին՝ նրանց մեջ տեսնելով գրականության վաղվա օրը և այդպիսով իր լինելիությունը ժամանակի մեջ։ Նրա համար կարևորը գրականության անընդհատությունն էր։ Ի վերջո, իմ կողմից միամտություն էր կարծելը, թե էպիգոնությունը կարող է պայմանավորված լինել կազմակերպչական գործունեությամբ։ Ինչ խոսք, դա էլ որոշակի ազդեցություն ունի, բայց ոչ էական։ Պարզապես եկավ Հովհաննես Գրիգորյանի ժամանակը։
Ժամանակն եկավ, ու ինքը գնաց։ Դժվար է ինձ համար խոսել նրա մասին անցյալ ժամանակով։ Ոչ միայն այն պատճառով, որ Հովհաննես Գրիգորյանն իմ սիրելի երկու հայ պոետներից մեկն է, ոչ միայն այն պատճառով, որ նրա խորհուրդներն ինձ համար շատ արժեքավոր են եղել թե գրականությունն ընկալելու առումով, թե ապրելու ու մարդկանց հետ հարաբերվելու, այլև այն, որ նա ինձ համար երբևէ չի կարող մեռնել։ Նրա բանաստեղծությունները կախված են իմ մանկության զբոսայգու ծառերից և զարդարում են իմ պատանեկության ու երիտասարդության երկինքը։
2013թ․, փետրվարի 8, «Գրողուցավ» կայքի արխիվից։