Գրիգոր Գրիգորյան/Մեռո՞ն, թե՞ Ռուլիետ

Ես արդեն պատրաստվում էի դուրս գալ թատրոնից, երբ սենյակի դռան հետևից լսվեցին ինչ-որ տարօրինակ մռնչոցներ։ Դուռը ճռռալով բացվեց և 2 առյուծամռութ «բույվըլ» ներս մտան։ Մի քանի քայլ առաջ եկան, փոքր-ինչ հեռացան միմյանցից և ուղիղ գծով կանգնեցին դիմացս։ Նրանցից ձախ կողմինի ձեռքին երկաթյա շքեղ կախիչ էր․ նա այդ երկար կախիչը ցուցադրաբար դրեց հատակին և մյուս «բույվըլի» հետ միաժամանակ, ձեռքերը կրծքին խաչելով, իրենց սարսափազդու հայացքներն ուղղեցին հետևիս ոչնչով աչքի չընկնող դատարկ պատին։ Ես զարմացած մեկ պատին էի նայում, մեկ այս 2 տարօրինակների քարե դեմքերին։ Այդ անօգուտ գործողությունը դեռ երկար կտևեր, եթե նույն պահին ներս չմտներ Ինքը։ Նա բեմական քայլվածքով անցավ «բույվըլների» արանքով և, կանգնելով դիմացս՝ տիրական կեցվածք ընդունեց։ Նրա տձև ու գեր մարմինը ծածկում էր երկար բրդյա մոխրակապտագույն մուշտակը։ Տեսարանն այնքան անսպասելի էր ու առեղծվածային, որ ես վախվորած հետ ընկա աթոռի վրա։

— Մի վախեցիր, մաեստրո՛, էդ ե՜ս եմ․ ճանաչեցիր ինձ, չէ՞, — անկոչ հյուրը «բույվըլներից» մի փոքր էլ կտրվեց և, աջ ձեռքը վեր պարզելով, քարացավ առջևս։

— Իհարկե ճանաչեցի։ Դուք Ծ․․․ Ծ․․․ Ծ․․․

— Մի կմկմա, մաեստրո՛, դե, ավելի համարձակ, ավելի դուխով։

— Ծ․․․ Ծ․․․ Ծաղիկ Գառուկյանն եք, — մի կերպ կարողացա արտաբերել նրա խրթին անուն-ազգանունը։

— Աբրի՛ս։ Տենում ես, որ ուզում ես՝ կարում ես, — հանեց մուշտակը, կախեց ձախում դրված երկաթյա կախիչից ու ծանր մարմնով դմփաց իր դիմաց դրված աթոռին։

— Այ հիմա կարող ենք սկսել թատրոնը, — վիզը փոքր-ինչ աջ թեքեց և սկսեց քահ-քահ ծիծաղել,-Մաեստրո՛, երևի արդեն իմ որոշման մասին գուշակում ես։

— Չէ՛, տիկին Գառուկյան։ Ի՞նչ որոշում, որտեղի՞ց պիտի գուշակեի,- գրողի տարած «որոշում» բառը մեջս անհանգիստ դող ծնեց, ինչը հաստատ լավ բան չէր խոստանում։

— Դե, առավոտյան՝ Պիղատոսի արձանի բացումից հետո, որոշեցի ինձ թատրոնում փորձել։ Դեռ մարդու չեմ ասել, մենակ ինքս ինձ հետ եմ համաձայնեցրել, բայց մտածում էի՝ դու լավ մասնագետ ես, անմիջապես կհասկանաս։

— Չէ․․․

— Քեզ շատ չեմ տանջի, միանգամից կասեմ․ որոշել եմ «Ջոմեո և Ռուլիետ» խաղալ՝ Ռուլիետի դերը։

— Ի՞նչ։

— Ասում եմ՝ որոշել եմ Ռուլիետ խաղալ և հե՛նց ձեր թատրոնում․ մի լարվի, մաեստրո՛, դա շատ շուտ չի լինելու՝ էս ամսվա վերջ։

— Ինչ-որ լավ չեմ հասկանում։ Ի՞նչ։

«Բույվըլները» սկսեցին քթների տակ գռմռալ։ Տիկին Գառուկյանն աջ ձեռքը փոքր-ինչ վեր պարզեց, և գռմռոցը ակնթարթորեն վերացավ։

— Մաեստրո՛, պարզ չեմ բացատրո՞ւմ։ Հլը դու մենակ պատկերացրու․ սիրուն դեկորացիաներ ենք անում՝ ծառը, քարը, բալկոնը, գունավոր շորերը, պարիկները, երկար կոշիկները․․․ Երաժշտությունը, «առանժիռովկեն», երգերը ամենալավ երաժիշտներն ու երգիչներն են ապահովում, նույնիսկ դրսերից կարանք բերենք, ամեն բան մեր ձեռներում ա․․․ Դե դերասանական կազմի մասին խոսք չկա՝ «բոմբ» ա լինելու․ Ռուլիետին՝ Ձեր խոնարհ ծառան ա համապատասխան մարմնավորում, Ջոմեոի համար մի շատ լավ թեկնածու ունեմ՝ մեր «ախռաննիկ» տղերքից ա։ Բայց դա չեմ պնդում, տե՛ս՝ էդ թողնում եմ քեզ, հանկարծ չասես` բռնանում եմ բեմադրիչի կամքին․․․ Դե, մնացած մանր-մունր բաներն էլ դու գիտես, էլի, ես քեզ լրիվ, «դասկանալի» վստահում եմ․ փողը կտանք՝ դու ամեն բան կկազմակերպես, — տիկին Գառուկյանը ձեռքը տարավ դեպի գունավոր զգեստը, վերևից ներս մտցրեց՝ 2 խոշորագույն կրծքերի արանքն ու ջանասիրաբար սկսեց ինչ-որ բան որոնել։ Երկար փնտրտուքներից հետո վերջապես հանեց ձեռքն ու մի հաստ տրցակ դրեց դիմացս։ — Էս փողը սկզբի համար, մաեստրո՛։ Չմտածե՛ս, ֆանտաստիկ շոու ա լինելու, ես արդեն ինքս իմ հետ դա քննարկել ու որոշել եմ։

— Բայց, տիկի՛ն Գառուկյան, լիքը հարցեր կան դեռ, ներկայացումը էսպես արագ չի լինում, պետք ա շատ բան քննարկվի, սենց չենք կարա միանգամից որոշենք․․․ Ու հետո, Դուք դերասանական փորձ չունեք․․․

Բույվըլագռմռոցը կրկին սկսվեց։

— Ունեմ, ա՛յ բալամ, ունեմ, մաեստրո՛ ջան, դու մի մտածի։ Ես մեծագույն, մեծագո՜ւյն արտիստ եմ, հավատա ինձ։

— Ախր Ձեր ասած Ռուլիետը 13 տարեկան աղջիկ ա, իսկ Դուք, Դուք, Դուք․․․ Իհարկե, կներեք այս համարձակ, գուցե, ճակատագրական դիտարկմանս համար, բայց Դուք արդեն վաղոււ՜ւց 13 չեք,- նայում էի նրա շատ հաստ ու ծերացած մարմնին և վախենում իմ իսկ բարձրաձայնած մտքից։

Ծաղիկ Գառուկյանը փոքրիկ դադար վերցրեց, սառը հայացքով չափչփեց ինձ և խիստ տոնով պատասխանեց․

— Ամո՛թ քեզ, հազա՛ր ամոթ, Գրիգոր Գրիգորյան (այս անուն-ազգանունի պարագայում որքան էլ փորձենք տառերը փոխել՝ ոչինչ չի փոփոխվում), դու միլիոն տարի թատրոնում ես ու հլը նման սիրողական մտածելակերպ ու, ոնց պարզվում ա, սահմանափակ երևակայություն ունես․ ուրեմն՝ է՛ս գտածո կազմվածքով աղջիկը,- նա 2 ձեռքով ցույց տվեց իր այլանդակ ու շատ գեր մարմինը,- չի՞ կարա Ռուլիետ խաղա, ինչի 68 տարեկանը չի՞ կարա 13 տարեկանի դեր կատարի։ Ումից, ումից, բայց քեզնից սենց բան չէի սպասում։ Վե՛րջ, էլ չենք շարունակում, ե՛ս որոշել եմ։

— Բայց ես պետք ա դեռ խորհրդակցեմ թատրոնի գեղարվեստական ղեկավարի հետ,- վերջին փորձ էի ուզում անել՝ այլևս չիմանալով ինչ հորինել։

— Գարինե Նրիգորյանի հե՞տ։ Էդ հարցն էլ ենք լուծել, մաեստրո՛, հանգիստ կաց։ Ինքն իր համաձայնությունը արդեն տվել ա։

— Բայց ինձ բան չի ասել, գոնե կզանգեր։

— Ուզում էր քեզ զանգել, ուղղակի տեղն էդքան էլ հարմար չէր․ ձեռքերը կապած էին։ Վերջում գլխով վերև-ներքև արեց, ինչը «անվերապահ համաձայնության» նշան ա, ցա՛վդ տանեմ։ Նենց որ մնացել ես մենակ դու, մաեստրո՛ ջան, համաձայնվում ես ու վաղվանից անցնում ենք գործի։

— Իսկ եթե չհամաձայնվե՞մ,- ցածրաձայն արտաբերեցի ես։

— Էդ ժամանակ ես ուղղակի կդառնամ Մեռոնը․ կվառեմ սաղ քաղաքը ու, հեռվից նայելով վառվող շենքերին, կսկսեմ բանաստեղծություններ գրել։ Տե՛ս՝ դու ունես ընտրության հնարավորություն, մաեստրո՛, չասես՝ բռնանում եմ կամքիդ, քո որոշումից ա կախված՝ ես կդառնամ մե՜ծ դերասան, թե մե՜ծ պոետ,- տիկին Գառուկյանը ժպտաց, ոտքի կանգնեց, աջ ձեռքը բեմական շարժումով դրեց կլորիկ փորին և ավելացրեց,- ուղղակի սիրտս, սիրտս ա ցավում մեր թատրոնի համար, մաեստրո՛ ջան․ հուսամ՝ ճիշտ որոշում կկայացնես։

Երկար ժամանակ նստած եմ միայնության մեջ, ուշադիր նայում եմ ձեռքերիս մեջ սեղմված փողի տրցակին և ինքս ինձ հարցնում՝ Մեռո՞ն, թե՞ Ռուլիետ, այս է խնդիրը․․․

Please follow and like us: