«Կորեական դելիկատեսը»՝ «Ոսկե ծիրանի» կերակրացանկում. զրույց Համբարձում Համբարձումյանի հետ

Գրող, «Գրողուցավ» կայքի հիմնադիր Համբարձում Համբարձումյանի անդրանիկ կինոնկարը՝ համանուն պատմվածքի հիման վրա նկարված «Կորեական դելիկատեսը», ներառվել է «Ոսկե ծիրանի» մրցութային «Կորիզ» ծագրում։ Այն կցուցադրվի հուլիսի 13-ին(ժամը 18.00) եւ 14-ին (ժամը 11.00) Կինոյի տանը։ Կինոյի ու գրականության մասին զրուցեցինք Համբարձումի հետ։

– Համբարձում, քո «Կորեական դելիկատեսը» ընդգրկվել է «Ոսկե ծիրանի» մրցութային «Կորիզ» ծրագրի մեջ, որում ներառված են ֆիլմեր զարգացած կինոարտադրություն ունեցող երկրներից, փորձառու կինաբեմադրիչների ֆիլմեր։ Այս շեմը հաղթահարելն, իհարկե, արդեն հաջողություն  է, «Կորեական դելիկատեը» դուրս եկավ բաց ծով։ Կուզենայի մի կողմ դնեիր բնական համեստությունդ ու ասեիր՝ ինչպե՞ս ես գնահատում «Կորեական դելիկատեսի» հաջողության շանսերը «Ոսկե ծիրանում» եւ ընդհանրապես։

– Միանշանակ ամենաարժանի ֆիլմն է, թեև մյուսները չեմ տեսել։ Իսկ եթե լուրջ, ապա առաջին տպավորությամբ ուժեղ ծրագիր է, ընդգրկված են ֆիլմեր, որոնք արդեն իսկ մասնակցել են մի շարք միջազգային փառատոնների։ Սա էն դեպքն է, երբ ընդգրկվելն արդեն հաջողություն է։ Թեև ֆիլմը մեծ էկրանին ցուցադրելու առիթ եղել է, բայց ինձ հետաքրքիր է ևս մեկ անգամ հետևել հանդիսատեսի արձագանքին, տեսնել, թե արդյո՞ք հաջողվել է փոխանցել այն, ինչ մտադրվել էի փոխանցել։ Նախկին ցուցադրումներից հետո ծավալված խոսակցությունից երկակի զգացողություն է առաջացել, որովհետև հանդիսատեսի մի մասին հասնում են այդ հույզերը, իսկ մյուսներին՝ ոչ։ Իհարկե, իմ նպատակը չի արհեստական միջոցներով առաջացնել այդ հույզերը, ինչպես հոլիվուդյան պրոֆեսիոնալ ֆիլմերում են անում, ավելին՝ ձգտել եմ հնարավորինս խուսափել դրանից, չօգտագործել երաժշտություն կամ «արցունքաբեր» այլ միջոցներ։ Ֆիլմի վրա աշխատելիս ավելի հավակնոտ ծրագիր ունեի, ավելի նուրբ ու բարդ շերտի դիպչելու, ու հետաքրքիր է հասկանալ, թե ինչքանով եմ դա հաջողել։ 

– Հայտնի գրողներից շատերն են զբաղվել եւ զբաղվում են կինոյով, ինչպես, օրինակ, Ուելբեքը։ Կան այնպիսիք, որ գրականությունից են եկել կինո, եւ աշխարհը նրանց չի ճանաչում որպես գրողի, ու այսպիսիք քիչ չեն։ Հայ հայտնի գրողներից կինոյով զբաղվում էր Աղասի Այվազյանը։ Դու հայ ժամանակակից գրականության մեջ թույլ տուր ասել, կշիռ ունեցող դեմք ես, նույնիսկ ոմանք քեզ կենդանի դասական են համարում, ինչո՞ւ գնացիր դեպի կինոն, ի՞նչ է սա՝ արդյո՞ք խոսում է այն մասին, որ գրական միջոցները չեն բավարարում գրողին, թե՞ ավելի մեծ ճանաչման, փառքի ձգտումն է, ավելի մեծ քանակով մարդկանց քո խոսքն ու պատկերացումները հասցնելու ցանկությունը։ Թե՞ սերը հենց կինոյի, կինոյի արտահայտչամիջոցների հանդեպ։

– Հիմնական պատճառն այն է, որ «կենդանի դասականին»  ոչ սցենարների պատվեր էին տալիս, ոչ էլ էկրանավորում էին իմ պատմվածքները։ Կինոդրամատուրգիան իմ մասնագիտությունն է, բայց մանագիտությամբ աշխատելու հնարավորությունը շատ սահմանափակ էր։ Իհարկե, աշխատել եմ որոշ հայկական սերիալների արտադրության վրա, սակայն ավելին անելու ձգտում կար։ Ընդհանրապես հայ կինոյի ու գրականության կապը նախկինի պես սերտ չի։ Եթե նայենք խորհրդային շրջանում արտադրված ֆիլմերին, ապա կտեսնենք, որ ամենահաջողված ֆիլմերը գրական հիմք ունեն, գրական ստեղծագործությունների ադապտացիա են՝ սկսած «Տժվժիկից», ավարտած «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմով։ Անկախության շրջանում այդ կապը կտրվեց կամ, եթե կատեգորիկ չլինենք, առնվազն թուլացավ։ Հեղինակային կինո նկարելու ձգտում ունեցող ռեժիսորները, որոնք հակասյուժեներով ֆիլմեր էին նկարում, ավելի քիչ անդրադարձան գրականությանը և հիմնականում իրենք էին գրում սցենարը կամ առնվազն համասցենարիստ էին։ Այսօր էլ այդ միտումը շարունակվում է։ Տեսնելով վրացական կինոյի հաջողությունը՝ հաճախ հարց է առաջանում, թե ինչու է նրանց հաջողվում, իսկ մեզ՝ ոչ այդքան լավ։ Իհարկե, հաջողությունը պայմանավորված է արտադրության մեխանիզմների ներդրմամբ և այլ հանգամանքներով, բայց կարծում եմ՝ պակաս կարևոր չէ այն, որ վրացի ռեժիսորները ավելի քիչ են տրվում հակասյուժեներով ֆիլմեր նկարելու գայթակղությանը, մարդկային պատմություններ են պատմում, որոնց մեջ արտացոլվում են Վրաստանի հասարակական, քաղաքական խնդիրներն ու հարցերը։ Հաճախ նրանց ֆիլմերը  գրական հիմք ունեն, տպավորություն ունեմ, որ գրականության ու կինոյի կապը չի կտրվել։ Վերադառնալով հարցին՝ կեսկատակ-կեսլուրջ պատասխանեմ, որ ռեժիսորները կտրեցին մեր հացը՝  ուզուրպացնելով կինոդրամատուրգիայի դաշտը, ես էլ ստիպված մտնում եմ իրենց դաշտ՝  իրենց հացը կտրելու։ 

– Կա կարծիք, որ լավ գրական գործերը կինոյի լեզվի փոխադրելիս մեծ կորուստներ են կրում, եւ գրական հաջող գործի հիման վրա նկարահանված կինոն այնքան էլ հաջող չի լինում։ Նկատեցի նման արձագանքներ նաեւ քո ֆիլմի կապակցությամբ՝ հիմնականում այն մարդկանցից, որոնք քո գրականությունը բարձր են գնահատում։ Ի՞նչ ես կարծում՝ այս տեսանկյունից լավ գրողի՝ լավագույն ռեժիսորների ցուցակը մտնելու շանսերը ավելի սահմանափակ չե՞ն, քան նրանը, ով կինոյի աշխարհ մտնում է որպես ռեժիսոր, գուցե շատ ավելի թույլ տվյալներով։ Եթե նկատի ունենանք, որ արվեստի աշխարհում հեղինակություններին ստեղծում են միջավայրը, մարդիկ։ Ավելի կոնկրետ՝ արդյո՞ք հաջողությունը գրականության մեջ արդեն իսկ մի տեսակ խոչընդոտ չէ հնարավոր  հաջողության համար կինոյում։

– Ֆիլմը նկարելուց առաջ ասում էի, որ շատ վատ չի կարող ստացվել։ Որովհետև, եթե կա հաջողված պատմություն, ինչքան էլ որ տեխնիկական խնդիրներ ունենա ֆիլմը, միևնույնն է, վատ չի ստացվի։  Ուրիշ բան, որ ռեժիսուրայում առաջին քայլը անող մարդուն պակասում է փորձը, կրթությունը, հմտությունները։ Սակայն կարճ ֆիլմեր նկարելու հնարավորությունը նաև դրա համար է, որ ռեժիսորը հմտանա իր մասնագիտության մեջ, փորձ ձեռք բերի։ Վերադառնալով հարցին՝ պետք է ասեմ, որ համաձայն եմ այն դիտարկման հետ, որ ֆիլմը նույնական չէ պատմվածքին։ Դժվար էր 15 րոպեի սահմանում տեղավորել պատմվածքի բոլոր շերտերը, այնինչ խնդիր էր դրված հենց 15 րոպեանոց ֆիլմ նկարել, որովհետև կարճամետրաժ ֆիլմերի շատ փառատոններ նման սահմանափակում են դնում։ Գուցե էդ որոշումը  սխալ էր և ավելի ճիշտ կլիներ բովանդակության կրճատման հաշվին չսահմանափակել տևողությունը։ 

– Մյուս կողմից, հավանաբար բոլորովին, միգուցե առավել ամբողջական գործի տպավորություն ստանան մարդիկ, որոնք ֆիլմը դիտելու են առանց պատմվածքը կարդալու, հավանաբար կլինեն այդպիսիք, եւ դրսի փառատոնների հանդիսատեսը հիմնականում այդպիսին էլ լինելու է։ Ինձ հետաքրքիր է՝ փորձը, որ ձեռք բերեցիր այս ֆիլմի նկարահանման ընթացքում, քեզ հետագայում պետք գալո՞ւ է։ Այլ կերպ եթե ձեւակերպեմ՝ շարունակելո՞ւ ես կինբեմադրիչի ուղին, թե՞ սա կմնա որպես եզակի փորձ։

– Ոչ միայն շարունակելու եմ, նաեւ  չեմ պատրաստվում նույն ճամփեքով գնալ և սևեռվել միայն իմ գրականության կամ օրիգինալ  սցենարների  վրա, այլ ուզում եմ ադապտացնել հայ դասականների ստեղծագործությունները, որոնք էսօր էլ արդիական են։ Հիմա աշխատում եմ իմ սիրելի գրողներից մեկի՝ Ստեփան Զորյանի պատմվածքները էկրանավորելու վրա։ Զորյանը  էկրանավորելու համար ամենահարմար հեղինակներից է, որի պատմվածքները թեև 20-րդ դարի սկզբին են գրվել, բայց 100 տարի անց էլ չափազանց արդիական խնդիրներ են շոշափում։ Հույս ունեմ, որ մինչև աշուն կամբողջակացնեմ նախագիծը, համապրոդյուսեր կգտնեմ և կկարողանամ Ազգային կինոկենրոնին ու Հանրային Հեռուստաընկերությանը ցույց տալ այս նախագծի իրականացման անհարժեշտությունը։

Զրուցեց Արփի Ոսկանյանը

Please follow and like us: